Գլխավոր » Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը. քրդական ծագումով լրագրողի անդրադարձը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը. քրդական ծագումով լրագրողի անդրադարձը
15:03

Քրդական արմատներով թուրք լրագրող Մուջգան Հալիսն իր հերթական հոդվածը նվիրել է Հայոց ցեղասպանության հետևանքով կրկնակի տուժած հայ կանանց՝ նրանց բռնաբարությունների, բռնի իսլամացման, ստրկացման դեպքերին։ Demokrat Haber կայքում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք գրեթե առանց կրճատումների։

«Հայոց ցեղասպանության մինչ այժմ անտեսված հուշերից մեկը սեռական կողմն է, այսինքն՝ Ցեղասպանության կանացի դեմքը։ Այո՛, Ցեղասպանությունը հայ կանանց համար կրկնակի ցավ էր, քանի որ նրանց համար դա միաժամանակ բռնաբարություններ, բռնի ամուսնություններ, ստրկացում էր նշանակում։

Բռնաբարություններ

1915թ.-ին հայ կանայք թե՛ իրենց հայրենիքից արտաքսվեցին, թե՛ ամուսիններին, եղբայրներին ու երեխաներին կորցրին, թե՛ պարբերական բռնաբարությունների զոհ դարձան...

Մինչ այժմ այդ թեմայով ուսումնասիրությունների թիվը շատ քիչ է։ Մինչ մեր օրերը ողջ մնացածներն իրենց բանավոր պատմություններում բռնաբարությունները կամ մեղմացնում են, կամ շրջանցում։ Դա ցույց է տալիս, որ կանայք չեն ցանկանում խոսել այդ բռնության մասին։ Նույն աղբյուրները նշում են, որ տղամարդիկ էլ այդ թեմայի շուրջ խոսել չեն ցանկանում կամ էլ նշում են, որ դա պատմելը շատ դժվար է։

Առևանգված, իսլամացած կանայք

Հայ կանայք ցեղասպանության հետևանքով վերապրեցին նաև բռնի իսլամացումը։ Ենթադրություններ կան, որ 200 հազար հայ կին ցեղասպանության ընթացքում և դրանից հետո իսլամացվեց, ձուլվեց, քրդական, թուրքական կամ արաբական «ծագում» ձեռք բերեց...

Հայ կանանց հանդեպ իրագործված բռնաբարություններին հաջորդում էին բռնի ամուսնությունները։

Իսլամացած կանայք ժամանակի ընթացքում մոռանում էին իրենց ինքնությունն ու մայրենին։ Նրանցից շատերն իրենց և իրենց հարազատներին փրկելու համար բացի իսլամանալուց այլ ելք չէին ունենում։

Տատիկների դաջվածքները

Իսլամացած կանայք ավելի ուշ մուսուլման տղամարդկանց հետ էին ամուսնանում, և համաձայն ավանդույթի՝ հինա էին քսում։ Այդ հինաները կամ դաջվածքները մեկ այլ նշանակություն էլ ունեին։ Ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը հենց դրան է նվիրված։  Ֆիլմը Հայոց ցեղասպանոթյունը վերապրած, ստիպված «մարմինը վաճառած» հազարավոր մոռացված կանանց մասին է։ Նրանց մարմիններին այլ մարդկանցից տարբերելու համար դաջվածքներ կային։

Խարդալյանը նշում է, որ իր ֆիլմն ընտանիքի գաղտնիքը բացահայտող մի ճանապարհորդություն է։

«Խանում նենեն (տատիկ) բոլորի նման չէր։ Ես նրան որպես չար սիրտ ունեցող մի կին եմ հիշում։ Ֆիզիկական շփումն ատում էր։ Երբեք չէր գրկախառնվում, համբուրում, ձեռքի դաջվածքները թաքցնում էր։ Այժմ գիտեմ, թե ինչու էր տատիկս շատ լավ քրդերեն խոսում։ 12 տարեկանում Եփրատի ափին բռնաբարության էր ենթարկվել, նրա՝ օգնություն հայցող աղաղակներին արձագանքած քուրդը փախցրել էր նրան։ Այդ տղամարդու հետ ստիպված ապրել է 7 տարի, ապա մի անգլիացի միսիոների օգնությամբ փախել է։ Տատիկս տարիներ շարունակ գերու կյանքով է ապրել։ Նրան կենդանիներին խարելու նման խարել են։ Թուրքերը տատիկիս ոչ միայն ձեռքերը չէ, նաև ճակատագիրն են խարանել, նրա հիշողության մեջ բռնություն, ամոթ և վախ են դաջել»,-ասում է ռեժիսորը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայկական միություններն ու միսիոներական կազմակերպությունները փորձեցին ազատել առևանգված կանանց։ Հատկապես դանիացի միսիոներ Կարեն Եփփեն, արաբ աշիրությունների ղեկավարների հետ համաձայնության գալով, 2000 կանանց ազատ արձակեց։

Գերիների շուկաները

Հայ կանանց վերապրած մեկ այլ դաժանություն էին գերիների շուկաները։ Այդ մասին հնարավոր է կարդալ Իվ Տերնոնի՝ Մարդինի ցեղասպանության մասին պատմող գրքում։

Հեղինակը պատմում է, որ հայ կանանց աշխատացնում էին որպես սեքս-ստրուկներ։

Տերնոնի համոզմամբ՝ Օսմանյան կայսրությունում, չնայած 1909թ.-ից ստրուկների շուկաների պաշտոնապես վերացմանը, մինչև պատերազմի ավարտը հայ կանանց և երեխաների համար այդ շուկաները բացվում էին։

Վաճառողներն իրենց «ապրանքից» կարճ ժամանակում ազատվել էին ցանկանում, այդ պատճառով՝ հայերի գինը շատ ցածր էր։ 5-7 տարեկան երեխաները կարող էին վաճառվել 5-20 քուրուշով, ինչը հավասար էր մեկ գառնուկի գնին։ Երիտասարդ աղջիկը կամ 14-15 տարեկան երիտասարդը 2-3 մեջիդիեյով (արծաթե դրամ) գնորդ էր գտնում։ Գները փոփոխվում էին հայի ընտանիքի ունեցած դիրքով պայմանավորված։ Այդ կանանց կամ աղջիկներին տիրացողներն ապագայում կարող էին օրինական ճանապարհով ձեռք բերել նրանց ունեցվածքը»։


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ