Գլխավոր » Ի՞ՆՉ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ
Ի՞ՆՉ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ
14:54
...Բանն այն է, որ Խաչատուրովի ասածները նորություն չեն. Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դասը, բարձրագույն իշխանության գլխավորությամբ, հակված է հանձնել մեր հայրենիքի մի մասը։ Խաչատուրովը, որպես զինվորական, ընդամենը կրկնել է այդ ամենը։

Հայաստանի քաղաքական-բիզնես-ռազմական վերնախավը երկու ճանապարհ ունի, ինչպես ցանկացած վերնախավ. կամ անմնացորդ նվիրումով ծառայել պետության հզորացմանը, կամ տրվել անձնական խնդիրների լուծմանը։ Մերոնք գնացել են երկրորդ ճանապարհով։ Սրանում համոզվելու համար ինչ որ խոր ուսումնասիրություններ պետք չեն. բավական է նայել շուրջը՝ քաղաքների մայթերի, ճանապարհների որակից մինչև հայ զինվորի օրվա ռացիոնը։

Որպեսզի իրենց համար այս երանելի իրավիճակը պահպանվի՝ նրանք համաձայն են ամեն ինչի։ Իսկ սեփական անկարողությունը քողարկելու համար ընդունել դեմքի լուրջ արտահայտություն և կապիտուլյացիան «հիմնավորել» մեր թուլությամբ, թշնամու ուժեղությամբ, աշխարհի այս ու այն կարգով, փողի ու ռեսուրսի բացակայությամբ, և այլն։ Սակայն, չգիտես ինչու, իրենց անձնական բարեկեցության վրա դա չի ազդում։

Փող կա, շատ կա, դատելով Խաչատուրովի ու մյուս գեներալների, ընդհանրապես իշխանության ապրելակերպից։ Կամք էլ կա, դատելով նրանից, որ նույն այս գեներալի ելույթի ժամանակ սպայական անձնակազմը ըմբոստացել է։ Այդ ըմբոստությունը մի օր իր ձեռքը կառնի երկրի ռեսուրսը և կուղղի ուր որ պետք է։

...Այս հայտարարություններն, ըստ մամուլի, Խաչատուրովն արել է հուլիսի 11-ին։ Դրանց նախորդել էր Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած աղմկահարույց ելույթը և հարցուպատասխանը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կունենա։

Ի՞նչ պետք է աներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որը փաստացի զինված ուժերի ղեկավարն է։ Նա պետք է ենթարկվի ու կրկնի իր գերագույն գլխավոր հրամանատարին։ Ով ով, բայց Խաչատուրովը թերևս լավ գիտի բանակի ներկայիս վիճակը։ Չէ որ նրա իրավասության տակ են մատակարարումները, սպառազինությունը, մարտական պատրաստականությունը։ Չէ որ նա բոլորից լավ գիտի, որ բանակն այսօր դարձել է գեներալների անձնական «բոստանը», որտեղ զինվորը փաստացի չի ստանում անհրաժեշտ կալորիաները և զինվորական հմտություններ, որտեղ կանոնադրական հարաբերությունների փոխարեն իշխում է գողական օրենքը, տեղի են ունենում «ինքնասպանություններ», որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, փոխարենը բանակի վերնախավն անզուսպ հարստանում է «բանակային» ու հարակից բիզնեսների հաշվին։

Մեկ այլ ճանապարհ էլ ունի Խաչատուրովը՝ հրաժարական։ Հրաժարական ներկայիս վիճակի համար, որը հանգեցրել է հայրենիքը հանձնելու համոզման։ Պատկերացնո՞ւմ եք՝ արժանապատիվ սպայի արժանապատիվ քայլ։ Սակայն, ոչ միայն բանակի, այլև պետության ողջ վերնախավին տրված չէ արժանապատիվ ճանապարհը։
Lragir.am
---------------------------------------------
Էջի նյութերը տպագրվում են կրճատումներով

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ