Գլխավոր » Ի՞ՆՉ ԳԻՏԻ ԶԱՐԴՈՒՇՏ ԱԼԻԶԱԴԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ ԿԱՄ ՆԱՐԵԿԱՑՈՒՑ
Ի՞ՆՉ ԳԻՏԻ ԶԱՐԴՈՒՇՏ ԱԼԻԶԱԴԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ ԿԱՄ ՆԱՐԵԿԱՑՈՒՑ
21:43
Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձի օրերին ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «աշնանը Բաքվում կկազմակերպի հայկական ֆիլմերի փառատոն»: Ալիզադեն ասել էր, որ ծայրահեղ դեպքում դա կանի իր բնակարանում: Աշունը կիսվել է, և հարևան երկրի քարոզչությունը որոշել է թեման «թարմացնել»: Այդ առթիվ vesti.az-ին հարցազրույցում Զարդուշտ Ալիզադեն ասել է. «Ոչ, ես մտադրությունս չեմ փոխել: Պարզապես սպասում եմ, որպեսզի Վանյանը (Գեորգի Վանյանը - Վ. Ա.) ինձ տրամադրի հայկական ֆիլմեր»: Ուշացումը, ըստ Ալիզադեի, պայմանավորված է «Վանյանի չափազանց զբաղվածությամբ, բայց նա խոստացել է, որ մեր հաջորդ հանդիպմանը ինձ կտրամադրի այդ ֆիլմերը»:

Կտրամադրի՞ Գերոգի Վանյանը Զարդուշտ Ալիզադեին հայկական ֆիլմեր, Ալիզադեին կհաջողվի՞ դրանք  իր ուսանողների միջոցով կրկնօրինակել, ինչպես խոստանում է, Ռուստամ Իբրահիմբեկովը նրա առջև կբացի՞ «Իբրուս» թատրոնի դահլիճի դռները, որպես հույս է հայտնում «փառատոնի կազմակերպիչը», սրանք հարցեր են, որ կարող են պատասխան ընդհանրապես չունենալ: Այս դեպքում մատնողը Զարդուշտ Ալիզադեի միտքն է, որ «ադրբեջանական հանրությունը, ի տարբերություն հայկականի, ավելի տոլերանտ է», ինչի վրա էլ, կարելի է վստահաբար ասել, կառուցված է Բաքվում «հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը»:

Ընդ որում, Ալիզադեն մտադիր է ցուցադրել նաև «Ղարաբաղի մասին հայկական ֆիլմը»: Իր գաղափարը նա այսպես է մատուցել. «Հետաքրքիր կլինի ցույց տալ, թե որ դեպքերում է նրանց (հայերիս - Վ. Ա.) մոտեցումը անհամապատասխան համաշխարհային, հումանիստական օրենքներին (?- Վ. Ա.): Չէ՞ որ հայերը բավական հաճախ են հրաժարվում նույնիսկ քննարկել իրենց ներկա էթնո-նացիոնալիստական դիրքորոշման համապատասխանությունը հումանիստական այն արժեքներին, որ քարոզել են անցյալի հայ պոետները, գրողները և մտածողները: Օրինակ, ներկայիս հայկական դիրքորոշումը լիովին հակասում է այն գաղափարներին, որ քարոզել են Հովհաննես Թումանյանը կամ Գրիգոր Նարեկացին: Այսինքն, հայերը չեն էլ գիտակցում, որ դավաճանում են իրենց իսկ մեծ մտածողներին և պոետներին»:

Դժվար է իմանալ՝ ի՞նչ գիտի Զարդուշտ Ալիզադեն Թումանյանից կամ Նարեկացուց: Այս դեպքում վերջինիս կարելի է հանգիստ թողնել. նրա ժամանակ Ալիզադեի նախնիները դեռևս հայ իրականությանն անծանոթ էին: Իսկ Թումանյանի դեպքում կարելի է հիշեցնել միայն հետևյալ տողերը.

«Բերանն արնոտ մարդակերը էն անբան
Հազար տարում հազիվ դարձավ մարդասպան», և ավելացնել, որ դրանք գրվել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության զարհուրելի պատկերների տպավորությամբ, այն իրողության, որը համառորեն հերքվում է նաև Ալիզադեի կողմից: Այնպես որ, Թումանյանի մասին խոսելուց առաջ հարկ է, որպեսզի ադրբեջանցի քաղաքագետը հարգի նրա ազգային, մարդկային և բանաստեղծական տառապանքը:

Իսկ ինչ վերաբերում է հանդուրժողականությանը, քանի որ Ալիզադեն օգնության է կանչել հայ գրականության մեծերին՝ «ապացուցելու, որ ներկա հայ հասարակությունը դավաճանում է» նրանց, ապա կուզենայինք ադրբեջանցի քաղաքագետին հատուկ հիշեցնել Ադրբեջանում դասականի համարում ունեցող Չեմենզեմենլիի «Ալին և Նինո»-ն վեպի այն հատվածը, երբ Բաքվից Շուշի հանգստանալու եկած Ալիին տանտեր թուրքը մանրամասը պատմում է իրենց նախնիների «Ղարաբաղ գալու» մասին և ասում, որ հնում այդ «երկիրը կոչվել է Աղուանք, իսկ ավելի վաղ շրջանում՝ Արցախ»:

20 -րդ դարասկզբի, ընդ որում՝ ծնունդով շուշեցի, ադրբեջանցի գրողը գիտեր, որ Լեռնային Ղարաբաղը վաղնջական Արցախն է, և իր նախնիները՝ եկվոր: Նույն դարի վերջին ինչո՞ւ Ալիզադեի հայրենակիցները Սումգայիթ կազմակերպեցին, երբ Լեռնային Ղարաբաղի նախաբնիկ հայերն ընդամենը կրկնեցին ադրբեջանցի գրողին և ցանկություն հայտնեցին, որպեսզի վերացվի պատմական անարդարությունը: Եվ, ըստ այդմ, ո՞վ, ինչպե՞ս է դավաճանել անցյալի մտածողներին:

Այնպես որ, իմաստ չունի դիմելու գրականության օգնությանը: Հակառակ դեպքում մենք կվկայակոչենք ծագումով ադրբեջանցի ֆրանսագիր կին հեղինակի վեպը, որտեղ բառացիորեն ասված է, որ մանկության տարիներին նա Բաքվում խաղում էր «հայ սպանելու՝ շատ տարածված խաղը, իսկ ծնողները նայում և ոգևորում էին»: Գուցե առաջին օրինակը վրիպո՞ւմ է, և ադրբեջանական «հանդուրժողականությունը» հենց երկրո՞րդ է, որ արտացոլվել է գրականության մեջ: Այս դեպքում Ալիզադեն, ինչ խոսք, ճիշտ է. ադրբեջանական մենթալիտետը չի փոխվել, և այդ հասարակությունը որևէ «արժեքի» չի դավաճանել: Բայց արժե՞ այս մռայլ ֆոնի վրա տալ Թումանյանի նման լուսավոր մարդու անունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ