Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
16:50
Սրտագին-մտերմական էին հարաբերությունները հայ և թուրք երկու կուսակցությունների մեջ

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Չէին տեսնում կամ չտեսնելու էին դնում, որ Սալոնիկի զորաբանակի սվինների վրա հաստատված նոր ռեժիմը ծայրահեղորեն նացիոնալիստական ռեժիմ է, և որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ-Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նրա մեջ ապրողը, գործողը հին միդհատյան իդեալն է՝ բոլոր ազգությունների ձուլումը մի ընդհանուր անվան՝ օսմանացիության մեջ։

...Իսկ հայերը, ինչպես վերևում ասացի, ազատվելով թուրքական հին ռեժիմից, չուզեցին ազատվել նաև իրենց հին ռեժիմից. էլի հայդուկային պաշտամունքը հրապարակ նետեցին, զինվել սկսեցին՝ անկախ կամ գեթ ինքնավար Հայաստան՝ որքան կարելի է շուտ ստեղծելու համար։ Կիլիկիան Հնչակյան կուսակցության գործողությունների վայրն էր։ Հնչակյաններն ամենագրգռիչ դիրք էին բռնում։ Նրանք հրատարակում էին «Ինքնավար Հայաստան» անունով թերթ, դաշնակցում էին ապակենտրոնացում ընդունող թուրք կուսակցության, ասել է՝ երիտթուրքերի կատաղի թշնամիների հետ, զինում էին կիլիկիացիներին, իսկ Ադանայի պոռոտախոս առաջնորդ Մուշեղ եպիսկոպոսը իր քարոզների մեջ խրատում էր, որ ամեն մեկը զենք գնի, պատրաստվի։ Թուրքերն էլ իրենց կողմից էին զինվում։ Եվ մի օր, իհարկե, պիտի գար, երբ այդ զենքերն իրենք իրենց պիտի պայթեին։ Այդպես էլ եղավ Աբդուլ-Համիդի սկսած պետական հեղաշրջման հետևանքով և նրա հետ կապված։ Եվ երիտթուրքերը չպիտի լինեին գլուխ պատռողները, որ թուրքական հին ռեժիմը չջարդի հայկական հին ռեժիմը։ Ընդհակառակը, նրանք իրենք էլ ընդունում էին նույն այդ մեթոդը՝ նոր ռեժիմի միատարր օսմանցիության ռեժիմի հաղթանակի համար։

Այս տեսակ վերաբերմունքը դեպի Ադանայի ջարդը, այնուամենայնիվ, մազի չափ չվնասեց այն մոտիկ բարեկամական հարաբերություններին, որոնք գոյություն ունեին Դաշնակցության և երիտթուրքերի միջև։ Ամենից առաջ հիշատակելի է այն փաստը, որ Ադանայի արյունն այլևս դաշնակցականների ձեռքը չտվեց դիվանագիտական մուրացկանի ցուպը և չուղարկեց նրանց Լոնդոնի, Փարիզի կառավարիչների դռները ծեծելու։ Գարշելի եվրոպապաշտությունից Դաշնակցությունը թվում էր բուժված։ Եթե այս ընդմիշտ էլ չէր, այլ գեթ երկար ժամանակով, չէր կարելի սա չհամարել ինքնադաստիարակության գնահատելի նվաճում։ Ոչ միայն այս։ Օսմանյան պառլամենտում նստած հայ պատգամավորները, մեծագույն մասամբ դաշնակցական, գրեթե լուռ մնացին Ադանայի դեպքերի հանդեպ, չանհանգստացրին երիտթուրքերի կառավարությանը հարցապնդումներով, բողոքներով, պահանջներով։ Եվ երբ «Բյուզանդիոն» լրագրի խմբագիր [Բյուզանդ] Քեչյանն այդ առիթով գրեց, թե հայ պատգամավորները շատ լավ գիտեին, որ եթե խոսելն արծաթ է, լռելը հո ոսկի է, որ ամեն ամիս տրվում է նրանց պետական գանձարանից իբրև ռոճիկ, դաշնակցական խուժանը հարձակվեց նրա վրա և ծեծեց։
 
Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ Դաշնակցությունը չէր ուզում։ Ավելի արտոնված, ավելի տիրապետող դիրք գրավելու համար՝ նա նույնիսկ պաշտոնապես, գրավոր կերպով դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ և առ ու ծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը։ Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի… Մնում էր, որ հին ավանդական սովորությանը հետևելով՝ Կ.Պոլսի հայոց պատրիարքը բողոք բարձրացնի Ադանայի վերաբերմամբ գործադրված անարդարությունների դեմ։ Ինչպես սովորություն էր, Դուրյան պատրիարքն այդ բողոքի հետ ներկայացրեց և իր հրաժարականը։ Այն ժամանակ նրա դեմ խիստ և երկարատև արշավանք սկսեց Դաշնակցությունը՝ պահանջելով, որ նա ետ վերցնի իր հրաժարականը և, առհասարակ, չխառնվի այնպիսի գործերի մեջ, որոնք զուտ կրոնական հանգամանք չունեն։ Մի պահանջ, որ երիտթուրքերն էլ էին առաջ քաշել։

Այսպես սրտագին-մտերմական էին հարաբերությունները հայ և թուրք երկու կուսակցությունների մեջ։ Երիտասարդ թուրքերը դեռ պատճառ չունեին իրենցից խրտնեցնելու դաշնակցականներին։ 1909-ի պետական հեղաշրջումից հետո խախուտ մի կայունություն էր ստեղծվել նրանց համար։ Հարկավոր էր մրցություն հակառակորդ պահպանողական կուսակցության դեմ, և այդ մրցության մեջ դաշնակցականների աջակցությունը կարևոր էր։ Մերձակցությունը երկու դաշնակից կուսակցությունների շեֆերի մեջ ընդունում էր անձնական-մտերմական կերպարանք։ Այսպես, Մալումյան-Ակնունիի և շատ ազդեցիկ երիտթուրք Թալեաթ-բեյի հարաբերությունները սերտ ընկերական էին։ Ապագան ցույց տվեց, թե ինչ սոսկալի կեղծիք կա այդ բարեկամության մեջ։

Եվ այսպես, Դաշնակցությունը ցույց էր տալիս, որ իր համար այժմ ամեն ինչ է կուսակցական եսամոլությունը։ Թուրքիայում այդպիսի մի արտոնված դիրք ստեղծելը նրա համար շատ կարևոր էր՝ նախևառաջ նկատի առնելով այն տագնապն ու տեռորը, որոնց ենթարկված էր կուսակցությունը Ռուսաստանում։ Հենվելով երիտթուրքերի համակրության վրա՝ Դաշնակցությունը մի ամբողջ արշավանք էր կազմակերպում ցարական բյուրոկրատիայի դեմ՝ դրանով իհարկե մեծ հաճույք պատճառելով ամբողջ օսմանցիությանը, որ շատ լավ գիտեր, թե ցարիզմն է Թուրքիայի դարավոր անհաշտ և ահարկու թշնամին։
Հատված մի թռուցիկից, որ բաց թողեց Դաշնակցությունը կովկասյան բանտարկությունների առիթով։

«Հայրենակիցնե՛ր.
Տասնյակ տարիներ շարունակ հայ հեղափոխության օրրանը հանդիսացող Կովկասն այսօր ցավագնորեն կտնքա բռնապետական բիրտ ուժի տակ... Սահմանի այս կողմը՝ Օսմանյան հողի վրա ազատություն կա այսօր, բայց սահմանի մյուս կողմը ցարիզմի խելացնոր կառավարությունն է իշխողը…»։
Միաժամանակ դաշնակցականները, երիտթուրքերի հետ ձեռք ձեռքի տված, բողոքի և ցասման միտինգներ էին կազմում Կ.Պոլսի հայոց եկեղեցիներում, ուր որոտալից ճառեր էին արտասանում ցարական բռնակալության դեմ…
Մտերմությունն, այո՛, մեծ էր և սքանչելի։ Եվ ո՞վ կարող էր մտքով անգամ անցկացնել, թե ամենաշատը մի տարուց հետո քամին ուրիշ տեղից պիտի փչի և մեր դաշնակցականներին քշի տանի բոլորովին հակառակ ուղղությամբ…

1909-ի հալածանքներն այնքան նեղ կացություն էին ստեղծել դաշնակցականների համար, որ նրանք հնարավորություն չունեին իրենց թերթի խմբագրությունը վարելու։ Խուզարկություններն ու ձերբակալություններն անպակաս էին լինում նույնիսկ խմբագրատան մեջ. այդ պատճառով աշխատակիցները վախենում էին գնալ այնտեղ։ Ամռանը փակված թերթի փոխարեն սկսեց հրատարակվել «Հորիզոն» անունով թերթը...

Աշնան վերջերում իմ դաշնակցական ծանոթներից մի քանիսը սկսեցին երթևեկել ինձ մոտ և առաջարկեցին ինձ հանձն առնել «Հորիզոնի» խմբագրի պաշտոնը։ Ես բացեիբաց մերժեցի՝ ասելով, որ երբեք կուսակցության մարդ չեմ եղել և չեմ կարող կուսակցության թերթ խմբագրել։ Սակայն ինձ հետ բանակցողներն, ինչպես ասվում է մեզանում, ձեռք չվերցրին ինձանից։ Նրանք փոխակերպեցին հարցն այսպես. «Հորիզոնը» կուսակցական թերթ չէ, կազմում է իրենց՝ այդ երեք հոգու սեփականությունը, հրատարակվում է նրանց միջոցներով. նրանք ղեկավարվում են այն ցանկությամբ, որ հրապարակում լինի մի մաքուր և ազնիվ թերթ՝ առաջադիմական ուղղությամբ։ Ինձ տրվում է կատարյալ ազատություն։ Կարող եմ նույնիսկ Դաշնակցության դեմ գրել, քննադատել նրա գործողությունները։ Բացի իմ հիշած երեք անձնավորություններից՝ երկար ժամանակ ինձ համոզում էր նաև դաշնակցական հայտնի շեֆ Խաժակը։ Նա ինձ հավատացնում էր ամենայն անկեղծությամբ, իբրև ազնիվ մարդ, որ ձեռնարկությունը ոչինչ կուսակցական հանգամանք չունի, որ նա զուտ կուլտուրական-գրական մի գործ է։ Այսպես էլ մենք խոսեցինք և պայմանավորվեցինք բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մոտ, նրա նշանադրության գիշերը, և ես վերջապես համաձայնությունս տվեցի։ Պիտի ասեմ, որ այս բանակցությունների ժամանակ ես միշտ խորհրդակցում էի իմ երկու մտերիմների՝ Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի հետ։ Միասին որոշեցինք դարձնել «Հորիզոնը» հայ գրողների օրգան, մանր-մունր հրապարակախոսական առօրեություններից ավել մշակել գրականության հարցերը, բարձրացնել նրա նշանակությունը։ Միայն երկուսի համաձայնությունը ստանալուց հետո էր, թե կաշխատակցեն ինձ, ես վերջնական խոսք տվի, և դեկտեմբերի սկզբին լույս տեսավ «Հորիզոնի» համարը՝ իմ ստորագրությունը կրող մի առաջնորդողով, որի մեջ ես հայտարարում էի, թե «Հորիզոնը» ոչ մի կուսակցության չի պատկանում...

Միայն շատ ուշ, 1917-ի հեղափոխության օրերին, դաշնակցական շեֆ Կարճիկյանը մի վիճաբանության մեջ ինձ ասաց, թե Դաշնակցությունն իր օրգանն է համարել «Հորիզոնը» նաև իմ խմբագրության օրով, երբ նա անկուսակցական էր հայտարարված և հարձակվում էր Դաշնակցության վրա։ Բանից դուրս էր գալիս, որ դաշնակցական կոմիտեն է եղել ինձ մոտ իմ հիշած երեք անձնավորություններին և Խաժակին ուղարկողը, ինձ առաջարկություններ անողը։ Ես ուրիշ բան չգտա անելու այդ հանկարծական հայտնագործման դեմ, բայց միայն դիմեցի միևնույն սեղանի շուրջը նստած երեք անձնավորություններին և ասացի. «Դուք, ուրեմն, խաբեբաներ եք եղել»։ Պատմում եմ այս իբրև Դաշնակցությանը բնորոշող մի փաստ։ Ինքս իմ խղճի և համոզմունքի առջև խաբված չեմ համարում և վկա եմ կանչում իմ բոլոր գրությունները «Հորիզոնի» մեջ։ Սկզբից ևեթ ես քննադատողի դիրք բռնեցի Դաշնակցության դեմ։ Ես էի, որ դատապարտեցի դաշնակցականների համաձայնությունը երիտթուրքերի հետ և Ադանայի աղետը ծախու հանելը լոկ կուսակցական եսամոլության շահերի համար։ Ես էի, որ բողոքեցի Բյուզանդ Քեչյանին ծեծի ենթարկելու դեմ...

Դաշնակցականները համբերում էին, բայց ոչ երկար։ Համբերության բաժակը լցրեց Հովհաննես Թումանյանը, որ մի ուժեղ պատասխան տպեց Կ.Պոլսի այն դաշնակցականների դեմ, որոնք, ինչպես պատմեցի վերևում, բողոքի և զայրույթի միտինգ էին կազմել երիտթուրքերի հետ միասին Ռուսաստանի դեմ՝ դաշնակցականների կալանավորումների առիթով։ Տպավորությունն ուժեղ էր մանավանդ այն պատճառով, որ ինքը՝ նշանավոր բանաստեղծն էլ մեկն էր այդ կալանավորներից. արձակվել էր գրավականով և, իբրև այդպիսին, հիշեցնում էր Կ.Պոլսի դաշնակցականներին, թե նրանք ապրում են մի «ազատ» երկրում, ուր երեկ-անցյալ օրը խողխողվեցին 30 հազար հայեր։ Թիֆլիսի կոմիտեն կատաղությունից գիշերը տպարանից փախցրեց «Հորիզոնի» կլիշեն և հրատարակեց իմ դեմ մի թռուցիկ, որի մեջ ինձ անվանում էր դավաճան։ Ես հարկ եղած պատասխանը տվի «Հորիզոնի» մեջ՝ ասելով, թե չեմ ուզում գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնց համար մարդ սպանելը մի բաժակ ջուր խմելուց էլ հեշտ է։ Եվ վեց ամիս դրամական սոսկալի տագնապի մեջ խմբագրի պաշտոնը վարելուց հետո, ես թողեցի ամեն ինչ և հեռացա։ Աշնան վերջերին, վերադառնալով Թիֆլիս՝ տեսա, որ «Հորիզոնի» խմբագրի պաշտոնի մեջ է Հովհաննես Թումանյանը։ Երեք հոգով՝ նա, Ղազարոս Աղայանը և ես, լծվեցինք խմբագրական գործին։
Հրապարակում երևացել էր մի նոր տիպի մարդ՝ կապիտալիստ Համբարձում Մելիքյանը, որ ուզում էր գնել «Հորիզոնը»։

Դուք տեսաք Դաշնակցության «բանաստեղծությունն» իմ վերաբերմամբ. ես… դավաճան։ Հարցրե՛ք հիմա, թե ինչպես էին վերաբերվում Դաշնակցությանը նրա սիրելիներն ու հարազատները, նրա հացով մեծացողները։ Խաժակը դուրս եկավ բանտից երաշխավորությամբ, և ես հարցրի նրան, թե ինչպես անցավ քննությունը, նա պատասխանեց ամենայն հանգստությամբ. «Ոչինչ։ Ես ասացի, որ դաշնակցական չեմ և ոչ մի Դաշնակցություն չեմ ճանաչում, այլ պարզապես ձախ ուղղության պատկանող մի գրող եմ»... Ոչ ոք, բացի մի երկուսից, քաջություն չունեցավ խոստովանելու, թե ինքն, այո՛, Դաշնակցությանն է պատկանում։ Եվ այս խայտառակ իրողությունը մեծ շփոթություն էր պատճառել Պետերբուրգի այն փաստաբաններին, որոնք հանձն էին առել դուրս գալ Դաշնակցության գործում իբրև պաշտպաններ։ Այնպես որ, նրանցից երկուսը եկել էին Կովկաս՝ հայ հեղափոխական անվանվածներին փոքր-ինչ խրատելու համար։

Ես շատ լավ հիշում եմ այն երեկոն Տիգրան Հովհաննիսյանի մոտ, ուր մենք՝ մի խումբ հայ ինտելիգենտներ, հրավիրված էինք լսելու այդ երկու փաստաբանների (եթե չեմ սխալվում՝ Սոկոլով և Զարուդնի) զեկուցումը։ Լսեցինք։ Նրանք ասում էին, թե դաշնակցականների գործի մեջ պաշտպանների դրությունը շատ դժվարացնում է այն հանգամանքը, որ բոլոր մեղադրվողները միաբերան ժխտում են իրենց պատկանելությունը Դաշնակցություն կուսակցությանը։ Խոսքն այնպիսինների մասին չէ, որոնց պատկանելությունը ապացուցված չէ։ Ցավն այն է, որ Դաշնակցությունից հրաժարվելով հրաժարվում են և այնպիսինները, որոնց դաշնակցական լինելու մասին պարզ և անհերքելի ապացույցներ կան գործի մեջ...

Եվ սակայն, դաշնակցական ինտելիգենցիան ցույց էր տալիս, թե առանց հեղափոխության ինքն ապրել չի կարող, թե նրան հարկավոր է հեղափոխությունը, ուր և ինչպես ուզում է լինի։ Ահա Պարսկաստանի հեղափոխությունը, որ հաջորդել է թուրքականին և երիտթուրքերի կողմից ամեն կերպ աջակցություն գտել։
Պարսկաստանում մի բուռ հայություն կա, որի գոյությունը միշտ նկատվել է իբրև մի շնորհ, որ անում են նրան շահերը, կալվածատերերը և հոգևոր պետերը։ Եվ հանկարծ, այդ փոքրիկ ու խղճուկ ժողովուրդը դառնում է աշխարհ դղրդացնող մի հեղափոխական ուժ, որ ջարդում է շահի զորքերը, շահին փախցնում է։ Ինչպե՞ս է բանն այսպես դառնում։ Կովկասյան հալածանքներից փախած դաշնակցականներ, որոնցից հռչակվում է մանավանդ մեկը՝ Եփրեմ[244] անունով, գնում են Պարսկաստան, միացնում են իրենց հետ զանազան եկվոր տարրերի և սկսում ֆիդայական պատերազմ, որ Պարսկաստանի նման խեղճ և անկազմակերպ մի երկրում, իհարկե, անհամեմատ ավելի մեծ հաջողություն պիտի գտներ, քան Թուրքիայում։ Եվ ահա, ոգևորությունն ու ինքնագովությունը դարձյալ մեծամտության ցույցեր են հանդես բերում Ժնևից մինչև Թավրիզ։ Պարսկաստան է շտապում և գլխավոր շեֆերից մեկը՝ Ռոստոմը։ Ռուսաց կառավարությունն իր շահերին հակառակ է գտնում պարսկական հողափոխությունը, զորքեր է մտցնում Թավրիզ և Սալմաստ ու ամեն տեղ իր առջև ցցված տեսնում Դաշնակցությանը՝ իբրև հակառակորդ։ Դաշնակցականների մի մասը քաշվեց Ռոստոմի հետ դեպի հարավ և անցավ Թուրքիա։ Եփրեմը («Գարիբալդի» հորջորջված դաշնակցական գաղափարախոսներից) սպանվեց, ինչպես և պետք էր սպասել, պարսիկների ձեռքով։ Եվ վերջիվերջո դուրս եկավ, որ այս պարսկական ձեռնարկումը մի արկածախնդրություն էր՝ առանց որոշ նպատակի, հենց այնպես, հեղափոխություն կատարած լինելու համար։

Այս առիթով ես մի բանավեճ ունեցա դաշնակցական գործիչ Արշակ Ղազարյանի հետ «Հորիզոնի» մեջ։ Ես աշխատում էի ապացուցել, որ դաշնակցականներն իրենց ֆիդայական կռիվներով վտանգում են մի բուռ թշվառ ու անպաշտպան պարսակահայ ժողովրդին՝ տալով նրան՝ մահմեդական ծովի մեջ ընկած այդ մի կաթիլին վտանգավոր, քայքայիչ մի տարրի համբավ...
Այս կողմից Հովհաննես Քաջազնունին ինձանից ավելի բախտավոր էր։ Ես նոր կարդացի նրա նշանավոր գրքույկի մեջ («Հ.Յ. Դաշնակցությունն անելիք այլևս չունի»), թե նա ինքն էլ չէր հասկանում այն ժամանակ պարսկական արկածախնդրության բուն միտքը և երբ այս մասին հարցրեց Ռոստոմից, նա ասաց ժպտալով՝ Ռուսաստանից հալածված ենք, երիտթուրքերի հետ հաշտ ենք, ապա ի՞նչ անենք…

Այս, այո՛, բացատրություն է։ Այս, ճիշտ որ՝ պատճառ է… մարդիկ չեն կարող ձեռքերը ծալած նստել։ Մարդիկ չեն կարող գործազրկություն տանել։ Ի՞նչ անենք, որ նրանց գործն էլ հեղափոխությունն է։ Եվ նրանք որոնում էին այդ գործը, ստեղծում էին այն։
Եվ շուտով շատ ու շատ գործեր գտան նրանք իրենց համար։

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ