Գլխավոր » ԼՂՀ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ
ԼՂՀ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ
23:59
Լեռնային Ղարաբաղի անկախությունը վաղուց դաժան ու շարունակական հարձակումների տակ է գտնվում մի շարք ավանդական հիմքերի վրա գտնվող առաջատար գլոբալ խաղացողների կողմից: Դրանց կանոնավոր անհաջող փորձերը վկայում են, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հավասար չափանիշներով չեն կիրառվում միջազգային իրավահարաբերություններում: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, իրենց հերթին, Ղարաբաղի ժողովրդին պաշտպանվելու ուժ և աջակցություն են նախատեսում:

Անվիճելի է, որ միջազգային իրավունքի սկզբունքները իրավաբանորեն պարտավորեցնող սկզբունքներ են բոլոր սուբյեկտների համար։ Այն, ոչ միայն թույլ է տալիս մեզ, Արցախի անկախության խնդիրներն իրականացնել, այլև գտնել անհրաժեշտ և բավարար թվով իրավաբանական փաստարկներ ու անառարկելի ապացույցներ։ Միջազգային իրավունքի շրջանակներում որոշ դիվանագետներ իրենց կերպարանափոխված և մակերեսորեն քննադատությունները ոչ միայն ուղղում են ԼՂՀ-ի, այլ նաև համաշխարհային կարգի և միջազգային իրավունքի սկզբնական սուբյեկտների ու ինքնորոշվող ժողովուրդների և ազգերի դեմ։

Կախված կոնկրետ տարածաշրջանային իրավիճակից և սեփական շահերից, առաջատար խաղացողները պատրաստ են կիրառել միջազգային իրավունքի սկզբունքները միանգամայն այլ կերպ։ Այստեղ մենք կարող ենք լսել «Միջազգային իրավունքի սկզբունքների ներդաշնակ միասնություն», «հակամարտության կարգավորման սկզբունքներ», «փոխզիջում» և այլ ոգևորված թեզիսներ։ Այս թեզիսներից ոմանք որպես հնացած, անհրաժեշտաբար ձախողվում են։ Արագ փոփոխվող իրականության պայմաններում բազմաթիվ պետություններ, ցավոք, ըստ սովորության հարմարվում և ընդունում են վեկտորների ձևափոխումը։ Ավելին, ոչ միշտ են այդ փոփոխություններն ընդգծում ժողովրդավարական չափանիշների զարգացման, միջազգային հավասարության և արդարության պարամետրերի իրավունքները։

ՄԱԿ-ը կարծես թե հստակ և միանշանակ ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդներն ու ազգերը, անկախ տարածքի չափից, բնակչության թվաքանակից կամ նրա զբաղվածության մակարդակից, գտնվում են հավասար դիրքերի վրա։ Բայց արդյո՞ք այդպես է։ Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Սերբիան և այլ երկրներ ինչպե՞ս կարող են կանգնել այնպիսի հսկա պետությունների կողքին, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը։ Իհարկե թվարկված պետություններից զատ կան նաև չճանաչված պետություններ, որոնք իրենց միջազգային իրավահարաբերություներում մասնակցության չափանիշներով գտնվում են նույն բարձրահարթակի վրա։ Նույնիսկ նման համարժեք պայմաններում միջազգային գլոբալ խաղացողները, ինչպես չեն տա իրենց ինքնորոշման իրավունքը, այնպես էլ կխոչնդոտեն վերականգնել կորցրած տարածքի ինքնիշխանությունը։ Հետևաբար՝ մենք դիտում ենք չճանաչված երկրների նկատմամբ տարօրինակ մոտեցումներ:

Այնտեղ, որտեղ չկան միջազգային իրավունքի իրավական նորմերի հիմնարար սկզբունքներ, անմիջապես գործողության մեջ են դրվում միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետությունների մարտավարական և ռազմավարական նկրտումները և, ըստ տարածաշրջանային բնույթի, ցինիկաբար ոտնահարվում են առանց այն էլ չհամակարգված միջազգային իրավական չափանիշները։ Վերջին հաշվով այս իրավիճակում պատանդ ու զոհ են դառնում ժողովրդավարական ճանապարհով ծնված պետությունների ժողովուրդները։
Համոզված եմ, որ ԼՂՀ-ն կարող է լինել միջազգային իրավունքի սկզբունքների արտահայտությունը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Միջազգային իրավունքի սկզբունքները, 1970 թ. հոկտեմբերի 24-ի Ասամբլեայի հռչակագիրը, որոնք վերաբերում են բարեկամությանն և համագործակցությանը, ժողովուրդների և ազգերի ինքնորոշմանը, վեճերի խաղաղ լուծմանը, մարդու իրավունքների հարգմանը, ուժ կամ սպառնալիք չգործադրելուն, տարածքային աբողջականությանը, ինքնիշխան հավասարությանը, շատ հաճախ հակսում են առաջատար գլոբալ խաղացողների շահերին։ Մինչդեռ դրանք նշանակում են, որ միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ ինքնորոշվող պետությունները, պետք է խստորեն պահպանեն այդ սկզբունքներն ու հռչակագրի դրույթները, քանի որ, ցանկացած խախտում ազդում է միջազգային հարաբերությունների առումով այլ մասնակիցների օրինական շահերին։
Սոցիալական զարգացման օրենքները ոչ թե տարբեր մասնակիցների սուբյեկտիվ պատկերացումներն են, այլ դրանք օբյեկտիվ նորմատիվային կարգ են, որոնք պարտադիր պետք է արդարացիորեն ծառայեն միջազգային հանրությանը։
17-րդ դարի առաջին կեսում երեսնամյա (1618-1648) պատերազմից հետո կնքված Վեստֆալյան հաշտության պայմանագրի համաձայն «Հռոմեական Սրբազան կայսրությունը» Շվեդիային 5 մլն թալեր ռազմական տուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ արևմտյան Պոմերանիան և արևելյան Պոմերանիայի մի մասը՝ Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ Էլզասը:

Վեստֆալյան հաշտությունը կրոնական առումով կալվինականների իրավունքները, հավասարեցրեց կաթոլիկների ու լյութերականների իրավունքներին, օրինականացրեց եկեղեցական հողերի աշխարհականացումը և այլն։ Վեստֆալյան հաշտությունը, ամրապնդելով հակահաբսբուրգյան խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ խոշոր միջազգային նշանակություն։ Ձախողվեցին իսպանական և ավստրիական Հաբսբուրգների գլխավորությամբ համաշխարհային «քրիստոնեական» կայսրություն ստեղծելու փորձերը և Արևմտյան Եվրոպայում ռեֆորմացիոն շարժումները ճնշելու ինչպես նաև բուրժուական Հոլանդիաի հանրապետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Վեստֆալյան օրենքներն առիթ տվեցին փոխելու Եվրոպայի դեմքը, քանի որ համընդհանուր սկզբունքներով պետական իշխանության իրավունքը դրվեց միջազգային իրավունքի հիմքում։

1945 թ. Յալթայում ամրագրվեց և կոորդինացվեց Վեստֆալյան սկզբունքները, համաձայն որի պետական ինքնիշխանության սկզբունքը, պետությունների իրավահավասարություն է։ Վերոնշյալ դրույթների ամրագրմամբ փոխադարձաբար ճանաչվեց պետությունների ինքնիշխանությունը և ինքնուրույն դիվանագիտություն վարելու իրավունքը։ Արդյունքը հանդիսացավ այն, որ ծնունդ առան հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ Այստեղ պետք է նշել, որ Ազգերի Լիգան և ՄԱԿ-ը գոյություն ունեն նրա համար, որ, դրանք առաջացել են ինքնիշխան պետությունների կամքով և վերջինս հենց 2-րդ համաշխարհային պատերազմի ու Վեստֆալյան քաղաքական կառուցվածքի ժառանգն է: Ինքնիշխանությունը հանդիսանում է պետության տիպաբանությունը և միջազգային հարաբերություններում հիմնական գործոնն է:

1933 թ. Մոնտեվիդեոյում պետությունների իրավունքների պարտականությունների մասին կոնվենցիան բնութագրել է ինքնիշխան պետությանը բնորոշ հատկանիշները։ Դրանք են.
1. մշտական բնակչություն:
2. որոշակի տարածքի առկայություն:
3. սեփական կառավարության առկայություն:
4. այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու հնարավորություն:

Ակնհայտ է, որ ԼՂՀ ունի թվարկված բոլոր հատկանիշները։ Եվ եթե դեռևս ԼՂՀ-ն սահմանափակված է այլ պետությունների հետ հարաբերություններ մտնելու հնարավորությունից, ապա դա չի նշանակում, որ ներկայիս միջազգային իրավունքի չափանիշներով համարժեք չէ միջազգային իրավունքի սուբյեկտներին։ Որոշակի տարածք և սեփական կառավարություն ասելով, պետք է հասկանալ՝ որպես այդ իշխանության գործողության սահման։ Իրենց փոխկապվածության մեջ այս հատկանիշները կազմում են պետության հասկացությունը՝ որպես որոշակի տարածքի սահմաններում մեկ իշխանության ներքո մարդկանց ամբողջություն։
Անհրաժեշտ է նշել, որ այս հատկանիշների մբողջությունը բավարար է ինքնիշխան պետություն ճանաչելու միայն այն դեպքում, երբ բացառված է այլ պետության, տվյալ տարածքի նկատմամբ վերադարձականության (endentizm) իրավունքը։
Այստեղ տեղին է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի իռենդենտիզմի դրույթներին համաձայն պատմական տարածքները ինքնիշխանության տակ առնելու անվիճելի իրավազորություն ունի։

Միջազգային դատարանը (էրիթրեա-Եմեն, 1996 թ.) գտել է, որ պետության իրավասության գործառույթները իրականացնելիս կարևոր գործոն է տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ ԼՂՀ անկախության հռչակումից ի վեր անցած 19 տարիների ընթացքում, մենք ականատեսն ենք բացարձակ ինքնիշխանության միտումներին։ Հատկանշական է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) կանոնադրության 12-րդ հոդվածի համաձայն «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետության ճանաչումից։ Նույնիսկ մինչև իրեն ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանել իր անկախությունն ու ամբողջականությունը»։ Դա նշանակում է, որ տվյալ պետությանը արգելված չէ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների մեջ մտնել։ Այս իրավունքը բնորոշ է միջազգային իրավունքի սուբյեկտներ ճանաչված պետություններին:

Այս ամենը զուգադրելով, 1918 թ. մայիսի 27-ի Անդրկովկասի սեյմի մուսուլմանական համայնքների ներկայացուցիչների կողմից անկախ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետություն հռչակելու մասին (ընդ որում, սկզբնական շրջանում հրաժարվել են անկախ հանրապետություն հռչակելուց, միայն վրացիների կողմից այդպիսի հայտարարությունից և Թուրքիայի կառավարության ճնշումից հետո հայտարարվեց անկախ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետություն) և ԼՂՀ համաժողովրդական քվեարկության ճանապարհով անկախություն հռչակելու մասին հայտարարությունները, խորհում ես, թե ինչու հռչակման մեջ չի նշվում ինքնիշխանության սահմանները, և եզրահանգում, թե արդյո՞ք դա մտավոր պատկերացման բացակայության արդյունք չԷր։ Իմ համոզմամբ պետության հատկանիշների բացակայությունն էր պատճառը, որ Ազգերի լիգան չճանաչեց Ադրբեջանի անկախությունը:

Այսպիսով, մենք ունենք ԼՂՀ ինքնիշխանության բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են միջազգային իրավունքում: Այսօր, Ադրբեջանը պարտավոր է խոնարհվել բոլշևիզմի կարմիր դրոշի առջև, քանի որ իրեն նա ծնեց միայն այն պարզ պատճառով, որ փորձում էր կարմիր դրոշը ծածանել Թուրքիայում և Իրանում։

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մ. Մաշտոց համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի ավագ դասախոս

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ