Գլխավոր » ՄԵՐ ԹՎԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐ ԹՎԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
21:49
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրերս ելույթ ունենալով ԵՊՀ-ում Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովի բացմանը, ասաց հետեւյալը. «Մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը ՀՀ-ում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, եւ դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»:
 
Եթե վարչապետը տեղյակ լիներ պաշտոնական թվերից, կփաստեր, որ վաղուց այդ վտանգավոր ցուցանիշը հետեւում ենք թողել: Իսկ ԱՎԾ-ի հրապարակած թվերը 35,8 տոկոսի մասին են վկայում:
 
Վարչապետի հայտարարությունից երկու օր անց երկրիս գլխավոր սոցիոլոգը իր ուսումնասիրությունը հրապարակեց, ըստ որի` «Հայաստանում բնակչության 47 տոկոսն անցել է աղքատության շեմը: 20 տոկոսը կարողանում է հոգալ միայն սննդի հարցը, եւ միայն 3-5 տոկոսն է, որ ոչնչում իրեն չի սահմանափակում»: Ադիբեկյանը եւս իր հաշվարկներում մի փոքր սխալվեց` թերսնվածների քիչ տոկոս նշելով:
 
«Օքսֆամ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը օրերս հետազոտություն հրապարակեց, ըստ որի` Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ աղքատ է. մարդիկ թերսնվում են, շատերն ապրում են քաղցած: Հայաստանում գնաճը հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ գների աճի հետեւանքով հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից: Իսկ թերսնման հիմնական պատճառը չնչին եկամուտն է ու ահռելի գնաճը: Պատկերացնո՞ւմ եք` այս փոքրիկ պետությունում մեկ միլիոն մարդ ամեն օր քաղցած է մտնում անկողին:
 
Հիմա թող վարչապետը խոսի 2 տոկոս գնաճի եւ 8 տոկոս տնտեսական աճի մասին, միեւնույն է, դրանից չի պակասում ո'չ աղքատների, ո'չ սովածների թիվը, քանի որ միայն մեր երկրում է, որ տնտեսական աճն ազդում է իշխանության բարեհաճությունը վայելող մեծահարուստների վրա. հարուստն ավելի է հարստանում, աղքատը` աղքատանում:
 
Խորհրդարանական ընտրություններին նախորդած հասկանալի գնանկումից հետո, ամեն ինչ դարձյալ սկսել է թանկանալ: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ սպառողական ապրանքների գներն ամբողջությամբ եւ երկարաժամկետ չեն կարող զսպվել: Դա անհնար է: Ավելի շատ մեր մտահոգությունը ոչ թե գների աճն է, այլ այն, որ աշխատավարձերը եւ ընդհանրապես` եկամուտը չեն բարձրանում գնաճին համընթաց: Մոտենում են ընտրություններ, գնանկում կլինի, բայց անմիջապես հետո գները երկարաժամկետ կաճեն, աղքատների ու թերսնվածների թիվը եւս` ահավոր տեմպերով: Իսկ պաշտոնական հաշվետվություններում աղքատների պակաս թիվ կնկարեն, մանավանդ որ` 2500 դրամով բարձրացնելու են նվազագույն աշխատավարձը:
 
Ի դեպ, մեր երկրում աղքատության հաշվարկման ձեւերը եւս տարօրինակ են. աղքատ են համարվում այն մարդիկ, որոնց ամսական եկամուտը նվազագույն աշխատավարձի չափով է, այսինքն` 32 500 դրամ: Ինչպես հայտնի է` նվազագույն սպառողական զամբյուղը գերազանցում է 50 հազար դրամը: Այսինքն` պետությունը աշխատողին տալիս է ավելի քիչ աշխատավարձ, քան հենց պետության սահմանմամբ` անհրաժեշտ է, որ նա սովից չմեռնի: Ուրեմն աղքատ պետք է համարվեն անձինք, ովքեր ստանում են նվազագույն սոցիալական զամբյուղին հավասար եւ դրանից փոքր գումար:
 
Բացի այդ` պաշտոնական թվերն իրական թվերին չեն համապատասխանում մեկ պատճառով եւս. աղքատության տոկոսը հաշվվում է վիճծառայության` երկրում մշտական բնակչության տվյալներից ելնելով, ըստ որոնց` Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ բնակվում է 3 միլիոն 274 հազար 3 հարյուր մարդ: Սակայն թիվ հրապարակողներն էլ, կարծում եմ, համոզված են, որ Հայաստանում արդեն 20 տարի է` 3 միլիոն մարդ չի բնակվում:
 Հիշեցնենք, որ երբ Սերժ Սարգսյանը ընտվեց ՀՀ նախագահ, աղքատների թիվը Հայաստանում 26 տոկոս էր, 2008-ին` 27.6%, այսօր արդեն` 35,8%:
 
ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
yerkir.am

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ