Գլխավոր » ՄԻ «ԵՐԵՎՈՒՅԹԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԻ «ԵՐԵՎՈՒՅԹԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
18:48
Հարգելի «Նոր էջ», Ձեր դեկտեմբերի 21-ի համարում փոքրիկ նյութ կար այն մասին, որ Ստեփանակերտի «ամենամեծ այգու հաշվին, ստեփանակերտցիներին քաջ հայտնի «Պարկում», Վերածննդի հրապարակի հարևանությամբ կառուցվում է Valex Grand հյուրանոցային համալիրը»։
 
Հրապարակման հեղինակը իրավացիորեն գրել է, որ հյուրանոցի ներսում գտնվող լողավազանը, ամենայն հավանականությամբ, ջեռուցվում է գազով (կամ գուցե ամբողջ համալիրն է նման եղանակով ջեռուցվում), որի պատճառով շրջակա տարածքը մշտապես գազահոտ է։ Եվ դա զգում են այդ տարածքով անցնող շատ-շատերը։ «Ստացվում է, որ մենք էլ մեր «Սեկտոր գազա»-ն ունենք»,- կատակով եզրակացնում է հոդվածի հեղինակ Ռուբեն Վերդյանը։ 

Հետաքրքիրն այն է, որ շուրջ մեկ ամիս հետո նույն հյուրանոցային համալիրի վերաբերյալ հարցազրույց է տպագրվել «Ազատ Արցախ» թերթում այսպիսի վերնագրով՝ Vallex Garden hotel-ը՝ նոր երևույթ Արցախի հյուրանոցային ինդուստրիայում»։ Վերնագիրն ամեն ինչ ասում է՝ «նոր երևույթ»։ Այսինքն՝ այն, որ Արցախի մայրաքաղաքի կենտրոնում, այն էլ քաղաքի զբոսայգու տարածքում՝ երեխաների, ծերերի ու առհասարակ բոլոր ստեփանակերտցիների հանգստի ու զբոսանքի միակ գոտում հունահռոմեական ճարտարապետության ոճով պարսպապատ հյուրանոցային համալիր է կառուցվում, դա մեզ համար, ոչ ավել, ոչ պակաս «երևույթ է»...

Կենտրոնական հրապարակից նայեք մարզադաշտի ուղղությամբ։ Երբեմնի գեղատեսիլ համայնապատկերից ոչինչ չի մնացել։ «Երևույթն» իր պարիսպներով խաթարել է այդ վայրի ճարտարապետական տեսքը։ 

Ամբողջ թափով շինարարություն է ընթանում «երևույթի» ներսում և շուրջ։ Մշտապես աղմուկ է։ Մարմարե սալիկներ են կտրում, տաշում-տաշտշում ու զարդարում համալիրը, շուրջբոլոր մարմարե գեղեցիկ աստիճաններ են։ Իսկ ահա նույն այդ համալիրի դիմաց Ստեփանակերտի N1 դպրոցն է։ Դեպի մարզադաշտ տանող աստիճաններից իջնում ու, ցեխի միջով մաքառելով, դպրոցականները բարձրանում են դպրոց։ Ավելի քան 2 ամիս է այդտեղ աստիճաններ են կառուցում, որը երևի իր նպատակին կծառայի հետձմեռային շրջանում միայն։ Եթե համալիրի տերերը գոնե մի անգամ նկատեին ցեխի միջով արշավող երեխաներին ու կարգի գցեին ճանապարհի այդ հատվածը, դա իրոք կլիներ երևույթ. մարդիկ կտեսնեն, որ մեր մեծահարուստները երբեմն հիշում են երեխաներին՝ ոչ միայն նրանց հանգստի գոտին յուրացնելով...

ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ստեփանակերտ

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ