Գլխավոր » Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում
Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում
20:28


Վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած չորեքշաբթի խորհրդարանում լրագողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե «Նաիրիտ»-ի գործն ուսումնասիրելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա: «Որովհետև կառավարության որոշումները, որոնք ես թվարկեցի, տեղադրված են մեր կայքում, և եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն, կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ»,- ասել էր վարչապետը: Որոշումներ ասելով՝ նա նկատի ուներ «Նաիրիտ»-ի հոսքագծերից մեկը Չինաստան առաքելու հետ կապված բանակցություններ սկսելու, պայմանագիր կնքելու շրջանակում կառավարության ընդունած համապատասխան որոշումները:


Հիշեցնենք, որ վարչապետն ստիպված եղավ անդրադառնալու հարցին այն բանից հետո, երբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ մեղադրանքներ հնչեցին «Նաիրիտ»-ի հետ կապված մմութ գործարքներում վարչապետի և նրա եղբայրների ունեցած դերակատարության, մասնավորապես` գործարանը կանխամտածված սնանկացման տանելու և թանկարժեք հոսքագիծը Չինաստանում որպես մետաղի ջարդոն փոշիացնելու վերաբերյալ: Փորձելով իր և եղբայրների անունը վերջնականապես մաքրել «Նաիրիտ»-ի կործանման պատմությունից` վարչապետը դիմեց փորձված մի հնարքի` ժամանակագրական մանիպուլյացիաներին: «Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ պատգամավորների ելույթներում և որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Չինաստանի պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել 2000-ին, բանակցությունները սկսել են 1999-ին, պայմանագիրը ստորագրվել է 2002-ին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005-ին»,- ասաց նա՝ հավելելով, թե իր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով այսօր ՀՀ դեսպանն է Չինաստանում, այդ ընթացքում աշխատում էր Միացյալ Նահագներում` որպես ռազմական կցորդ, իսկ Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին: Հետևաբար, ըստ նրա, այդ գործարքը որևէ առնչություն չէր կարող ունենալ ո'չ իր և ո'չ էլ իր եղբոր հետ:


Վարչապետի «ալիբին» թվում է անխոցելի: Իսկապես՝ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ում ռազմական կցորդ աշխատող դիվանագետը կապ ունենալ չինաստանյան ինչ-որ մախինացիաների հետ: Սակայն պարզվում է՝ այդ «ալիբին» այնքան էլ անխոցելի չէ, քանի որ նա ասել է ճշմարտության միայն մի մասը՝ համեստորեն թաքցնելով մյուս մասը: Իսկ ճշմարտության այդ թաքցված մասն այն է, որ վարչապետի նույն եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նախքան 2002թ. ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային եւ ռազմաօդային կցորդ նշանակվելը, դեռևս 1999-ից եղել է Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդը: Դա հանգիստ կարելի է պարզել Չինաստանում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջից` (http://china.mfa.am/hy/ambassador/): Իսկ այդ ընթացքում ինքը՝ ներկայիս վարչապետը, ինչպես հայտնի է, ՀՀ Կենտրնական բանկի նախագահն էր: Միայն այսքանը բավարար է` պնդելու համար, որ վարչապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ոչ միայն կարող էր չինական կողմի հետ հիմնական բանակցողների թվում լինել, այլև կոորդինացնել այդ գործընթացը: Եվ այդ առումով որևէ նշանակություն չի ունենում, թե դրանից հետո այդ գործարքից ստացվող դիվիդենդները նա ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոզամբիկում` որպես Հայաստանի դեսպանատան կցորդ աշխատելու ընթացքում կարող էր ստանալ:


Մի հետաքրքրական մանրամասն ևս՝ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության՝ չինական կողմի, իսկ ավելի կոնկրետ «Շանսի» ընկերության հետ 2000թ. հայ-չինական համատեղ ձեռնարկության մասին պայմանագիրը, որի ներքո «Նաիրիտ»-ից հանվել են թանկարժեք սարքավորումներ ու ուղարկվել Չինաստան, կնքվել է 17 տարով: 2007թ. հետո մնացած տասը տարիների ընթացքում Հայաստանն այդ գործարքից պետք է ստանար 40 մլն դոլարի շահույթ: Իսկ Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2008-ից: Նույն թվականին նրա եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Հայաստանի դեսպան է նշանակվում հենց Չինաստանում:


Այս խորապատկերին վարչապետի բացատրությունները` ժամանակային անհամապատասխանությունների հետ կապված, անմիջապես հիշեցնում են նրա անվան հետ կապված մեկ այլ աղմկահարույց ու խայտառակ պատմություն: Խոսքը կիպրոսյան օֆշորային հայտնի սկանդալի մասին է, որից դուրս պրծնելու համար Տիգրան Սարգսյանը կրկին հղում էր կատարել ժամանակային անհամապատասխանություններին: Իբր այն ընթացքում, երբ Կիպրոսում ստեղծվում էր ընկերությունը, որի երեք փայատերերից մեկն է, ինքը գտնվում էր Չեխիայում՝ մասնակցում էր ԵԺԿ բյուրոյի նիստին: Իրականությունն այն է, սակայն, որ նա ոչ թե այդ օրը գտնվել էր Չեխիայում, այլ մեկնել էր Չեխիա: Իսկ դա չէր բացառում Կիպրոսում «ինքնաթիռի լիցքավորման» համար աննկատ կանգ առնելու հնարավորությունը, ինչն առ այսօր դեռ հիմնավորված չի հերքվել:


Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ 

Մանրամասները` yerkir.am կայքում


Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Արխիվ