Գլխավոր » Ստիպված ենք ապրել՝ հրթիռներից դողացող խաղաղությամբ
Ստիպված ենք ապրել՝ հրթիռներից դողացող խաղաղությամբ
21:25
Զինվորականները չեն ստում՝ «Սմերչ»-ներն, իրոք, ռազմական հավասարակշռությունը չեն փոխում, իսկ քաղաքացիական պաշտպանությո՞ւնը...

Օրերս Արցախի անկախության 22-ամյակի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հեռուստատեսությամբ մեկ անգամ եւս անդրադարձավ Ադրբեջանի կողմից ռուսական նոր զինատեսակների ձեռքբերման փաստին ու այն խոսակցություններին, ըստ որոնց՝ հայկական կողմը ձեռք է բերել չինական արդիական զինատեսակներ:

«Այն զենքերը, որ նրանք ձեռք են բերել, որեւէ մեկը մեզ համար մտավախություն չէ, քանի որ մենք համապատասխան դիմակայման միջոցներ ունենք»,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը չինական հրթիռներ ձեռք է բերել նաեւ տասնամյակ առաջ. «Չինական նոր հրթիռների ձեռքբերմամբ մենք ոչ թե պատասխանում ենք սպառազինությունների մրցավազքին, մենք այդ ճանապարհով չենք գնալու, մենք ունենալու ենք այնպիսի զինատեսակներ ու այն քանակի, որը հնարավորություն է տալիս մեր երկրի պաշտպանությունն իրականացնել պատշաճ մակարդակով»,- նշեց Մովսես Հակոբյանը, թեեւ այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել, որ Հայաստանը Չինաստանից AR1A համակարգեր է ձեռք բերել:

Նախ՝ հայ հասարակության մեջ առավել մեծ խուճապ առաջացրեց Ադրբեջանի կողմից ձեռք բերված «Սմերչ» համակարգերի անունը: Դիտելով ռուսական գովազդային տեսահոլովակները՝ Հայաստանում սկսեցին խուճապային տրամադրություններ, թե «Սմերչ»-ները մասսայական ոչնչացման զենքեր են, որ դրանք ոչնչացնում են 67 հեկտարի վրա ամեն ինչ, որ դրանք իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույն համակարգերն են եւ այլն:

Եվ բնականաբար, հարց էր առաջանում, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկի հայկական կողմը՝ այդ «սարսափելի» «Սմերչ»-ների դեմն առնելու համար: Նշենք, որ «Սմերչ»-ները համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են՝ ՀԿՌՀ-ներ, եւ երբ այսօր ամբողջ աշխարհում ասում են, թե Ռուսաստանն առաջինն է այս համակարգերը ստեղծել, որ ռուսականը համար առաջինն է եւ այլն, այնքան էլ այդպես չէ: Ճիշտ է՝ «Կատյուշա»-ն առաջինը ԽՍՀՄ-ում են ստեղծել՝ Ռուսաստանում, բայց «Կատյուշա»-ն, որպես այդպիսին, հեռու էր ՀԿՌՀ-ի դասական պատկերացումներից:

...Ռուսական ՀԿՌՀ-ները ոչ միայն լավագույնն ու նորագույնը չեն, այլեւ գոնե բրազիլական ու չինական ՀԿՌՀ-ները իրենց մարտավարական-տեխնիկական տվյալներով ավելի լուրջ տպավորություն են թողնում ու կարող են մեզ հետաքրքրել՝ «Սմերչ»-ներին հակադրելու առումով: Բրազիլական տարբերակները թանկ են: Ինչ վերաբերում է չինական տարատեսակներին, ապա տեսնում ենք, որ ճիշտ է՝ ռուսական տարբերակներից են պատճենվել, բայց ավելի են արդիականացվել: Քանի որ Հայաստանում խոսակցություններն էլ սկսեցին շրջանառվել հենց չինական ՀԿՌՀ-ների, մասնավորապես՝ AR1A տեսակի համակարգերի ձեռքբերման մասին, նաեւ դրանք ավելի էժան են, դիտարկենք չինական տարբերակները:

«Չինական համակարգերն իրենց ռուսական նախահորը գերազանցում են իրենց հեռահարությամբ, լիցքավորման արագությամբ եւ, ըստ չինացիների, նաեւ ճշգրտությամբ»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Բացի տակտիկա-տեխնիկական հնարավորությունների տարբերությունից, չինական ՀԿՌՀ-ներ ձեռք բերելու հնարավորությունը քննարկելով՝ ժողովրդի շրջանում «Սմերչ»-ների առաջացրած անհանգստությունը փոքրիշատե կփարատվի: Բայց առավել կարեւոր է հասկանալ, թե ինչ զենքերի մասին ենք խոսում, որտեղ են դրանք կիրառվում, ինչ խնդիրներ կարող են առաջացնել:

Այսպիսով՝ «Սմերչ» ՀԿՌՀ-ները համարվում են հարձակողական նշանակության զենքեր: Իրականում, ինչպես նշեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը, դրանք հայկական դիրքերի դեմ կիրառելն անարդյունավետ է:

«Նշվող թերություններից առաջինն այն է, որ դրանք չեն հասցնում մեծ ծավալի վնասներ: Նույն շինությունների մասով, ի տարբերություն «Գիացինտի», ի տարբերություն «ՄՍՏԱ-Ս»-ի, որոնցից Ադրբեջանը նույնպես ձեռք է բերել, նրանց մեկ արկը շինության պատը կարող է քանդել, սակայն «Սմերչի» արկը երբեք չի քանդի: Եթե շինության պատի հաստությունը 0,5 մետր լինի, այդ արկերը նույնիսկ չեն էլ ծակի, իսկ «ՄՍՏԱ-Ս»-ը կծակի: Այդ առումով մենք ավելի շատ վախենալու բան ունենք հակառակորդի ինքնագնաց հրետանային համակարգերից, որոնք հիմնականում կիրառվելու են դիրքերի դեմ, քան «Սմերչից», որի մասին մենք անընդհատ խոսում ենք՝ մոռանալով մեր հիմնական խնդիրները»,- ներկայացրեց Հրաչյա Պետրոսյանցը:

Մյուս պատճառը, որ այս համակարգերն արդյունավետ չեն մեր դիրքերի դեմ կիրառելու համար այն է, որ մեքենաների ճոճը մեծ է, եւ այդ համակարգերը լեռնային տեղանքով տեղաշարժվելիս հրթիռների տանող գլխիկները շարքից դուրս են գալիս եւ պայթում հենց կրակելու պահին... Քանի որ ռուսները լեռնային տեղանքի խնդիր չունեն, այդ համակարգերը ստեղծել են հարթավայրային պայմանների համար: Երկրորդ թերությունը շեղման բարձր աստիճանն է՝ 0.21օ, որը, հատկապես լեռնային պայմաններում, ուր օդի հարաբերական խոնավությունը, մթնոլորտային ճնշումը եւ այլն ավելի կարող են մեծացնել:

Երրորդ՝ եթե անգամ «Սմերչ»-երը կարող են 67 հա մակերեսով տարածք խոցել, ապա դա հնարավոր չէ լեռնային վայրերում, ուր տեղանքը կտրտված է, եւ լեռները, բլուրներն ու ձորերը թույլ չեն տալիս, որ պայթյունի ալիքը ծավալվի: Այսինքն՝ նույնիսկ ռուսներն իրենք են գտնում, որ ՀԿՌՀ-ները լեռնային պայմանների համար արդյունավետ չեն: Դա նաեւ մեզ համար է խնդիր, որովհետեւ մենք էլ, ի վերջո, «Սմերչ» ունենք:

Այս առումով ամենաձեռնտու տարբերակը չինական նորագույն AR1A համակարգերն են: Դրանք ձեռնտու են նախեւառաջ գնով: Երկրորդ՝ չինականներն ավելի հեռահար են, օգտագործումն ավելի հեշտ է, սպասարկման ծախսերն ավելի քիչ են եւ մեծագույն առավելություններից մեկը՝ լիցքավորման արագությունն անհամեմատ ավելի մեծ է: Որովհետեւ, ի տարբերություն «Սմերչ»-ների, որի յուրաքանչյուր հրթիռն առանձին է տեղադրվում ուղղորդիչի մեջ, չինական տարբերակները վերալիցքավորվում են կոնտեյների միջոցով՝ միանգամից 5-ական հրթիռներով: Դրանով հանդերձ՝ չինական ՀԿՌՀ-ների համար վերալիցքավորման ժամանակը 15-20 րոպե է, իսկ ռուսականներն ավելի դժվար են վերալիցքավորվում:

«Այսինքն՝ եթե դրված է երկընտրանք՝ ձեռք բերել «Սմերչ» կամ չինական AR1A, ապա այդ դեպքում ձեռնտուն չինական տարբերակն է, առավել եւս՝ գնային առումով»,- համոզված է Հրաչյա Պետրոսյանցը:

Այժմ դիտարկենք հակառակորդի ունեցած ՀԿՌՀ-ների ստեղծած ոչ ռազմական վտանգները.
««Սմերչի» մեկ համազարկը ոչնչացնում է 67 հեկտար տարածք: Դա, ըստ էության, օգտագործվում է զորքերի մեծ կուտակումների դեմ, բայց եթե այդպիսի բան չկա, ապա կարող է օգտագործվել մեծ քաղաքների դեմ: Եթե կողմերը սկսում են «Սմերչ» ձեռք բերել, ապա հասկանալի է, որ դա բանակի դեմ կիրառելն անիմաստ է; Որովհետեւ ո՛չ մենք եւ ո՛չ էլ Ադրբեջանը փոքր տարածքի վրա չենք կենտրոնացնելու այնքան զորք, նախ՝ չունենք էլ այդ զորքը, որ մյուս կողմը համազարկներով ոչնչացնի: Մեր բանակները թելի բարակությամբ ձգված են սահմանի երկարությամբ»,- վերլուծեց Արա Պապյանը:

Այս առումով՝ մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ պետք է անել հակառակորդի ունեցած սպառազինությունների դեմ՝ առանց դրանք թերագնահատելու: Որովհետեւ մենք ապրում ենք մի երկրում, որի մայրաքաղաքը, զուտ տեսականորեն, Նախիջեւանի տարածքից կարող է ռմբակոծվել նույն «Սմերչ»ն-երով:

Դիվանագիտական ու քաղաքական գործունեության փորձ ունեցող Արա Պապյանը, «Սմերչ»-ների բերած ոչ ռազմական հետեւանքներն է դիտարկում, եւ ըստ այդմ՝ «Սմերչ»-ներն առաջացնում են քաղաքական երկու գերկարեւոր հարցեր. առաջին՝ եթե մենք հստակորեն զգում ենք վտանգի առկայությունը, օրինակ՝ տեղեկատվություն ենք ստանում, թե «Սմերչ»-ները մոտենում են Հայաստանի կամ Արցախի սահմաններին, այնպիսի տեղ, որտեղից կարող է հարվածել Ստեփանակերտին կամ Երեւանին, այդ դեպքում ո՞վ պետք է առաջինը հարված հասցնելու հրաման տա եւ իր վրա վերցնի հրաման տալու պատասխանատվությունը:

«Քանի որ միայն գերագույն գլխավոր հրամանատարը կարող է այդ հրամանը տալ, այսինքն՝ կանխարգելիչ հարվածով ոչնչացնել հակառակորդի հարվածի հնարավորությունը, ուրեմն՝ եթե չկա, մենք պետք է սահմանենք կարգ, որով օրինակ, գնդի հրամանատարի մակարդակով, ըստ որոշակի պայմանների առկայության, որոշակի ինքնուրույն գործողությունների պատրաստ լինենք»,- շեշտեց Արա Պապյանը:

Այստեղից ծնվում է երկրորդ կարեւորագույն հարցը՝ «Սմերչ»-ների ստեղծած ամենամեծ վտանգը որոշումներ կայացնելու ժամանակի կրճատումն է: Այսինքն՝ «Սմերչ»-ը բերեց նրան, որ եթե մենք ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտի ունեինք, որը չեզոքացնում էր հակառակորդի հրետանու հնարավորությունները, ապա Սմերչը չեզոքացրեց այդ անվտանգության գոտին: Այսինքն՝ նախկինում կար սովորական հրետանի, որը մինչեւ մոտ 35 կիլոմետր հարվածելու հնարավորություն ուներ, ու մեր անվտանգության գոտին թույլ էր տալիս, որ հրետանու հարվածները տեղ չհասնեին, իսկ հիմա կա «Սմերչ»-ը, որը փոխեց այդ չափանիշները եւ, ամենագլխավորը, որոշումը կայացնելու շատ կարճ ժամանակ տվեց:

Հարց է առաջանում՝ հայկական կողմը պետք է սպասի այնքան, մինչեւ հակառակորդի «Սմերչ»-ները կրակ արձակեն ու նո՞ր պատասխանելու հրաման տա, թե՞ պետք է սահմանված լինեն որոշակի չափանիշներ՝ հակառակորդի որ գործողության, ակնհայտ վտանգի սպառնալիքի դեպքում կարող ենք առաջինը կանխարգելիչ հարված հասցնել: Այդպիսով, օրինակ, կարելի է հայտարարել մի ինչ-որ իքս հեռավորություն, որից պակաս տարածությամբ եթե Ադրբեջանի «Սմերչ»-ները մոտենան հայկական պետությունների սահմաններին, մենք պետք է առանց հետաձգելու հարվածենք…

«Մեզ համար Սմերչի հարուցած գերխնդիրներից մեկն էլ սա է՝ լավ խրամատավորված զորքի դեմ դա այնքան էլ տպավորիչ չի լինի, որքան բաց թիրախների՝ խաղաղ ազգաբնակչության վրա: Որովհետեւ, Աստված չանի, մեկ համազարկ լինի Երեւանի ուղղությամբ, որը կարեւոր չէ՝ ուժեղ լինի, շատ ավելի վնաս կլինի խուճապից՝ մեքենաներով իրար վրաերթի կենթարկեն եւ այլն, քան զուտ զենքի հարվածից: Եթե մենք նայում ենք, ըստ էության, Երեւանից դուրս գնացող միայն մեկ ապահով ճանապարհ ունենք՝ Սեւանի ճանապարհն է: Այդ ճանապարհն էլ նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին, երբ հոսքը մեծ է, դառնում է դժվար երթեւեկելի, էլ ուր մնաց, Աստված մի արասցե, ռազմական հարվածի դեպքում…»,- ներկայացրեց Արա Պապյանը:

Մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ քաղաքացիական պաշտպանության, ճգնաժամային կառավարման հարցերում: Որովհետեւ եթե չասենք նկուղների 100 տոկոսը, ապա գոնե մեծ մասը սեփականաշնորհված են, իսկ ԽՍՀՄ-ի ժամանակ այդ նկուղները գազապաստարաններ էին կոչվում:

«Մենք խոսում ենք միայն զենքի տեսակետից, բայց քաղաքացիական պաշտպանության ու քաղաքական որոշումներ կայացնելու խնդիրներն ավելի կարեւոր են: Որովհետեւ մենք կարող է ստիպված լինենք կանգնել կանխարգելիչ պատերազմի առջեւ: Օրինակ՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ից հետո առաջարկեցին գունային լուծումներ: Այսինքն՝ մշակվեցին համակարգեր, որ պետությունն այլեւս չի ասում, թե ինչ անես, այլ միայն հայտարարում է, օրինակ՝ նարնջագույն, կարմիր, կապույտ եւ այլն: Մնացած ամեն ինչը պայմանավորված է դրանով: Այսինքն՝ ամեն մեկը գիտի, թե երբ պետությունն այսինչ գույնը հայտարարեց, իր գործողությունները որոնք են լինելու»,- ասաց Արա Պապյանը:

Իսկ Հայաստանում ո՞վ գիտի, թե, Աստված չանի, նման դեպքերում ով ինչ պետք է անի ու ինչով զբաղվի…

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ