Գլխավոր » ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ
ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ
14:43
ԱՄՆ ՀՅԴ արևմտյան թևի և Արցախի ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ հուլիսի ամսում Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N 2 միջն. դպրոցում կազմակերպվեց ճամբար։ Նրանց նպատակն էր սփյուռքի երիտասարդների շփումը Արցախի երեխաների հետ, տեղեկանալ միմյանց մտահոգություններին ու խնդիրներին։ Մասնակցում էին 9-16 տարեկան շուրջ 130 պատանի։ Ճամբարականների առօրյան բավականին հագեցած էր։ Մի քանի ժամվա ընթացքում նրանք հասցնում էին ուսումնասիրել ազգային երգեր, օտար լեզուներ, կատարել խմբակային աշխաանքներ և կազմակերպել ինտելեկտուալ խաղեր։

Արևմտյան թևի երիտասարդական խմբի և ճամբարի պատասխանատու ընկեր Վրեժի հետ ջերմ խոսակցությունից պարզ դարձավ, որ նրանք հասել են իրենց նպատակին, և որ նրանք տեսան երիտասարդների մեջ հայրենասիրություն, ջերմություն, սեր ու հարգանք միմյանց նկատմամաբ։ Վրեժը մասնագիտությամբ ճարտարապետ է, նրա նախնիները Սասունից են, սակայն նա ծնվել ու մեծացել է Սիրիայում։ Նա պատմեց, որ Արցախից առնում է Սասունի կարոտը։ Ասաց նաև, որ Արցախից մեկնելու է մեծ բավականություն ստացած և կրկին վերադառնալու ակնկալիքով։

Այնուհետև ավելի մանրամասն զրուցեցի Արցախի ՀՅԴ երիտասարդական միության վարիչ մարմնի անդամ, մասնագիտությամբ պատմաբան ընկեր Ալյոնայի հետ։ Նա պատմեց, որ արտասահմանցիների խումբը կազմված էր 12 հոգուց։ Այս ամենը լրիվությամբ ֆինանսավորում էր ՀՅԴ Արևմտյան թևը։ ԼՂՀ կառավարությունը և ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեն նույնպես աջակցել են ճամբարականներին։ Խումբը անընդհատ գտնվել է տեղամասային տեսուչի հսկողության տակ։ Ալյոնան խոստովանեց, որ երիտասարդներով շատ են կապվել իրար հետ և չէին ցանկանա բաժանվել։

Արցախցի փոքրիկները նույնպես գոհ էին ճամբարից։ Նրանք կարողացան գոնե մի քանի օր կտրվել առօրյա կյանքից ու հոգսերից, կարողացան նոր ընկերներ ձեռք բերել և դառնալ ավելի համերրաշխ ու հայրենասեր։ Ճամբարին մասնակցում էին ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի երեխաները։ Երեխաներ կային նաև Ասկերանից, Բերքաձորից, Մարտունուց, պատանի կար նաև Ղազախստանից։

Բերքաձորի երեխաները գյուղի ակումբի տնօրեն ընկեր Գեղամի գլխավորությամբ ամեն առավոտ հավաքվում էին գյուղի կենտրոնում և ուղևորվում ճամբար՝ միանալու իրենց ընկերներին։ Այնքա՜ն մեծ էր նրանց ոգևորությունը, մի քանի օրում նրանք այնքա՜ն բան սովորեցին։ Բոլորի շուրթերից անընդհատ հնչում էին հայրենասիրական երգեր։ Նրանք շատ էին տպավորված։ Հաստատ նրանք դեռ երկար կհիշեն ճամբարն ու ճամբարական ընկերներին։ Նման միջոցառումներ պետք է կազմակերպվեն ոչ միայն Ստեփանակերտ, այլև Արցախի շրջաններում, գյուղերում՝ շրջվարչակազմի և տվյալ համայնքի ղեկավարության օժանդակությամբ։

ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրագրության բաժին, 2-րդ կուրս

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ