Գլխավոր » ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՌՆԱՓՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԱՊԱՂՈՒԹՅՈՒՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՌՆԱՓՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԱՊԱՂՈՒԹՅՈՒՆ
15:42
Նոր շենքի երևան գալը, անշուշտ, կարևոր իրադարձություն է: Սակայն այն կարող է նաև չարիք դառնալ, եթե կառուցողը հետամուտ է սոսկ իր անձնական շահին: Վերջին տարիներին որքա՜ն բարձրահարկեր վեր խոյացան Երևանում, բայց դրանք ոչ թե ուրախացրին, այլ առաջ բերին համընդհանուր դժգոհություն: Պատճառը մեկն էր՝ Երևանի կենտրոնում այլևս ազատ տարածք չկար շինարարության համար, և նոր շենքերը խցկվում էին հների բակերը, մարդկանց զրկելով նույնիսկ արևի լույսից:

Եվ միայն երկրի նախագահի միջամտությամբ դադարեցվեց անօրեն շինարարությունը, որը, նրա խոսքերով, արդեն բավական խաթարել է մայրաքաղաքի կենտրոնի տեսքը: Շատ չանցած, մամլո ասուլիսում այլ մեկնաբանությամբ հանդես եկավ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը՝ Երևանը ուժեղ սեյսմիկ գոտում է գտնվում, միայն չորս-հինգ հարկանի շենքեր կարելի է կառուցել:

Արտառոց է: Չես ժխտի: Բայց ինչպե՞ս է, որ այդ երկու իրավասու պաշտոնյաները հենց սկզբից չեն կանխել անօրինությունը:
Միակ բնագավառը, որ հետխորհրդային շրջանում մեզ մոտ՝ Արցախում էլ աշխուժություն է տիրում, շինարարությունն է: Գործում է շուկայականի գլխավոր օրենքներից մեկը՝ մասնավոր կապիտալը անցքեր, սողանցքներ է որոնում այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է: Աշխատուժը 15-20 անգամ էժան է, քան, ասենք, Եվրոպայում: Շինանյութերը ևս կարելի է հայթայթել բավական էժան գներով: Գումարած՝ մեզ մոտ ուր ուզում ես մատդ դիր, մի քիչ գործիր հնարամտորեն, և քո ուզած տարածքը քոնը կլինի: Հերն էլ անիծած այլ կերպ մտածողին, բակլան իմն է՝ խաշած եմ ցանում:

Երևի թե աշխարի ոչ մի երկրում չես հանդիպի նրան, ինչին այսօր ականատես կարող ես լինել մեր մայրաքաղաքի ամենաբանուկ զարկերակում՝ Վազգեն Սարգսյան պողոտայում: Եվ խոսքս ոչ այնքան նրա մայթերի տարածքների զգալի մասի գրավմանն է վերաբերվում: Այլ նրան, որ հանուրի կողմից «ռոզովոյե» անվանվող շենքը, որ զբաղեցնում է պողոտայի ձախ կեսը և, թեկուզ կառուցված լինելով անցյալ դարի 30-ականներին, իր հմայիչ տեսքով, ճարտարապետական ճիշտ լուծումներով կերտված ճակատամասով հիացմունք էր պատճառում անց ու դարձողին:

Հիմա անցիր այդ շենքի մոտով և առաջինը, անկասկած, այն կլինի, որ կզարմանաս, թե այդ ինչ խելքի տեր են այս քաղաքի մեծամեծերը, որ թույլ են տվել փակել հիշյալ շենքի մեծ մասի շքեղությունը՝ նրան կիպ կպած նոր կառուցվող շինությամբ:
Խոշոր օբյեկտներ են կառուցվում Ստեփանակերտում, դրանց շինարարության ավարտը նշվում է պաշտոնապես, բայց ոչ մեկից չես կարող իմանալ, թե ինչ է կառուցվում:

Ութ հարկանի մի շենք է բարձրանում նույն այդ պողոտայի աջակողմյան վերնամասում: Ճարտարապետական մտքի և ոչ մի հետք չկա նրա ճակատամասին: Համանման մի շենք էլ մոտ հեռավորության վրա բարձրանում է Սասունցի Դավիթ փողոցի վրա՝ նույնպես համարյա լերկ ճակատամասով: Եվ արդեն երկուսին էլ անցնող-գնացողները բնորոշիչ անուն են տվել՝ «կորոբկա»:
Պետք չէ ճարտարապետ լինել հասկանալու համար, որ երկու շենքերն էլ ճարտարապետական համադրելության մեջ չեն շրջապատի երկհարկանի շենքերի հետ և իրենցով փակել են քաղաքի թիկունքի լեռնալանջերի անտառային համայնապատկերի ողջ հմայքը: Հետագայում էլ չափազանց դժվար կլինի դրանց հարևանությամբ ճարտարապետական անսամբլ կազմող շենքեր կառուցել:

Ահա թե ինչի են հասցնում ճարտարապետական նորմերի ոտնահարումը, մայրաքաղաքի կենտրոնում շահավետ օջախ ունենալու ավերիչ մոլուցքը:
Սակայն այս ամենը լրիվ այն օյինների պատկերը չէ, որ վիճակվել է իր վրա կրելու Վազգեն Սարգսյանի պողոտան: Նրան շուք, գեղեցկություն տվողը, բոլորն էլ գիտեն, որ «ռոզովոյե» անվամբ շենքն էր: Հիմա մնում է հայկական ճարտարապետությանը համահունչ, դեռ անցյալ դարի երեսունական թվականներին հիմնադրված այդ շենքին ասել՝ ներիր այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ, մեր՝ շարքային քաղաքացիներիս մեղքը չէ, այլ մեր իշխանավորների, որոնց համար իրենց գրպանը տռզեցնելու մարմաջով տարվածների շահերն ավելի գերադասելի են, քան մեր ողջ հանրությանը:

Ի՞նչ է կառուցվում և ինչպե՞ս: Ռեստորան է կառուցվում, ընթերցող, ո՞վ գիտե արդեն որերորդը մայրաքաղաքում: Եվ ոչ այնպես, ինչպես, օրինակ, ընդունված է, այլ շենքերին կիպ կպած:
Բայց, ցավոք, բացակայում է մեր բոլորի ընդհանուր ձայնը: Վիենայում որևէ շենք կառուցելու համար հարցում են անում շրջապատի, իսկ պետք եղած դեպքում՝ ամբողջ քաղաքի բնակչությանը, իսկ մեզ մոտ գրասենյակում է որոշվում ամեն ինչ: Եվ ոչ մի վճիռ էլ հանրությանը չի հասցվում և ոչ էլ «ներքևիններից» որևէ մեկը գիտե, թե ում է պատկանում քաղաքում վեր խոյացած և արդեն գործարկված այս կամ այն խոշոր, հաճախ մեծ քաղաքներին սազական օբյեկտը:
Եվ սա է պատճառը, որ Ստեփանակերտն այսօր վերածվել է շինարարական հարթակ-փորձադաշտի: Տեսնված բա՞ն է շենքերի միջև եղած ազատ տարածքներն էլ, դրանց կիպ կպած՝ զբաղեցվեն շենքերով: Ուրիշներն այդ տարածքների վրա ծառ, ծաղիկներ են աճեցնում, ժամանցի վայր դարձնում, իսկ մերոնք ամբողջական պարսպի են վերածում ամբողջական փողոցներ: Այսպես, Կարո Դավթյանի փողոցի ամբողջ ձախ մասի վրա մի անցք էլ չես գտնի քո բարեկամի, մտերիմի տունն անցնելու համար:

Վերջերս լուրջ վերակառուցման ենթարկվեց մայրաքաղաքի «պյատաչոկ» անվանվող պուրակը: Բայց կա՞ր դրա կարիքը: Ամեն ինչ իր տեղում էր, վերակառուցված, վերաձևավորված մի չորս տասնամյակ առաջ: Միակ պակասը շատրվանն էր, որն, իհարկե, կարելի էր տեղադրել:
Բայց ի՞նչ ստացվեց: Ժամանակակից շինտեխնիկայով մի այնպիսի հախուռն հարձակում սկսվեց պուրակի վրա, որ միայն ապշել կարելի է: Ինչո՞վ էր ամենից շատ հաճելի այս պուրակը ստեփանակերտցիների համար: Նրա ողջ շրջապատով և անցուղիների կողերին աճեցված գազոններով, Ազատամարտիկների պողոտայի ուղղությամբ գտնվող, արբունքի տարիքին հասած և ամռան տապից իր փարթամ տերևների ճյուղերի տակ պատսպարող ծառերով:

Ես մեկն էի նրանցից, որ Երևանից հրավիրված նախագծող ինժեներին խնդրեցի ձեռք չտալ ոչ այդ գազոններին, և ոչ էլ ծառերին: Բայց ո՞ւմ ես ասում: Ոչ թե արարողի, այլ կործանիչների ձեռքը հասավ թե՛ մեկին և թե՛ մյուսին: Հիմա Ազատամարտիկների պողոտայի դիմահայաց ծառերից և ոչ մեկը չկա: 16 ծառ է արմատահան արվել, ծառաշղթայում առաջացել է մի վիհ, որ տհաճության զգացմունք է միայն առաջացնում:

Նշենք ուստի, թե ինչ մտադրությամբ է պուրակի վերակառուցման նախագիծը վստահվել դրսից եկածի, երբ մենք դրա համար տեղում բարձրակարգ մասնագետներ քիչ չունենք: Մանավանդ՝ որ նախագծողը, ինչպես զգացնել է տալիս նրա կատարած աշխատանքը, ի վիճակի չի եղել գլուխ բերելու իրեն հանձնարարված գործը: Այսպես, օրինակ, պուրակի հատակը պետք է ոչ թե զգալիորեն բարձրացվեր, այլ իջեցվեր: Դա հնարավորություն կտար ամենից առաջ զերծ մնալու ճարտարապետական տարրական անգրագիտությունից՝ չփակել պուրակի անվանակիր Ստեփան Շահումյանի հուշարձանի թիկունքային մեծ մասը: Բացի այդ, չէին փակվի պուրակի ծառերի բները, հնարավոր կլիներ Ազատամարտիկների պողոտայից պուրակ մտնել առանց աստիճանների:
Եվ դա դեռ բոլորը չէ: Որտե՞ղ է տեսնված, որ զբոսայգին սկզբից մինչև վերջ լինի քարակերտ: Քարը ոչ միայն քարեղեն ճնշում է գործադրում մարդու վրա, այլև, մշակված լինելով՝ չափազանց թանկ է: Զբոսայգին ոչ թագավորական պալատ է, ոչ էլ հանդիսությունների սրահ, որ թանկարժեք քարերով պատվի նրա հատակը: Արցախցիներս հաճախ ենք լինում Հյուսիսային Կովկասում, և տեսած կլինենք նրանց անծայրածիր զբոսայգինեը, որոնք այցելուների քանակով բազմիցս գերազանցում են մերին, բայց մեկնումեկը տեսած կա՞, որ այդ զբոսավայրերի հատակները պատված լինեն թանկարժեք քարերի սալիկներով: Երբե՛ք: Ավազով են փռված և միայն թեք տեղերում՝ ասֆալտով: Էժան է և հարմարավետ:

Ցավալի է, բայց մեզանում օրենքի ուժ ստացած՝ շատ շենքեր մենք ներկայումս կառուցում ենք քանդվողների տարածքներում: Աղքատ ենք (այդ մասին մեզանում վիճակագրական տվյալներ չկան, բայց հայտնի է, որ ՀՀ-ում աղքատների թվաքանակը 470 հազար է, ծայր աղքատներինը՝ 170 հազար), բայց մեր ոտները մեկնում ենք ոչ մեր վերմակի չափին համապատասխան: Արդեն այսօրվա վրա Ստեփանակերտում 52 արտադրական և բնակելի շենք է քանդված: Եվ ոչնչով չարդարացված: Հարցրե՞լ են մեր իշխանավորները, թե ինչպես են դրան վերաբերվում բնակարան, գլխավերևը տանիք չունեցող ընտանիքները: Սովորել ենք նզովել խորհրդային կարգերը, բայց այն ժամանակ Ստեփանակերտում տարեկան 600-700 ընտանիք ձրի բնակարան էր ստանում: Իսկ հիմա՞: Մեծահարուստներին չհաշվենք, նրանք դղյակներ էլ ունեն, իմանանք միայն, թե վերջին 15-16 տարում բանվորի, շարքային ծառայողի քանի ընտանիք է ապահովվել բնակարանով: Կարո՞ղ է պատասխանել այս հարցերին մեր քաղաքապետարանը:

Մինչդեռ մենք երկյուղում ենք ասելու, որ մեզանում սոցիալական արդարությունը հետին պլան է մղված, որ հանրության շերտավորվածությունը հասցված է ծայր աստիճանի: Կարո՞ղ է մեր գերաճած ծառայողական համակարգի որևէ աշխատակից հաստատել, որ զբաղվել է նրանով, թե ինչպես Ստեփանակերտի բիզնեսային աշխատավայրերում մարդիկ չնչին, երբեմն սահմանված միջինից ցածր աշխատավարձ են ստանում, սակայն աշխատում են օրական 12 ժամ և ոչ շաբաթական ազատ օր են ունենում, ոչ էլ նրանց տարեկան արձակուրդ է տրվում: Քամահրանքը, անօրեն վերաբերմունքն աշխատանքի մարդու նկատմամբ բացառված էր: Աշխատավորին առանց արհմիութենական տեղական մարմնի համաձայնության աշխատանքից ազատելու իրավունք չկար: Ոչ էլ պաշտոնական աթոռներում հարուստներն էին նստած:

Պատահեց այնպես, որ հումք չլինելու պատճառով չորս ամսով առանց որևէ վարձատրության պարապուրդի մեջ էր Ստեփանակերտի նախկին կոշկի ֆաբրիկայում տեղակայված զինվորական հանդերձանքի արտադրամասի կոլեկտիվը: Իմ միջամտությունը ոչ մի օգուտ չբերեց, և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված աշխատավարձի երկու երրորդը ոչ ոք չստացավ: Չնայած իմ տեղեկատվությանը, բարձրադիր ոչ մի ատյան, այդ թվում՝ հանրապետական դատախազությունը, գերադասեց չմիջամտել գործին:
Թեմային չշաղկապված թվացող այս մեջբերումը ես կատարեցի՝ մտադրություն ունենալով հաստատել իշխանության և հանրության մյուս մասի սերտ շաղկապվածության կարևորությունը: Շատ վրիպումներից, բիզնեսային շահութամոլություններից կարելի է խուսափել, եթե հաշվի նստվի հանրային կարծիքի հետ, և եթե մենք ընդունենք այն ամեն լավը, ինչ մենք չունենք, բայց ուրիշներն ունեն: Արդարացվա՞ծ է, որ մեր Ազգային ժողովում չի եղել և հիմա էլ չկա ոչ մի բանվոր ու հողվոր: Բայց չէ՞ որ մեր պետությունը եթե իրավամբ ժողովրդավարական է, մեր ԱԺ-ում բանվորի և գյուղացու ներկայությունը, ուզած թե չուզած, անհրաժեշտություն է:

Գիտեմ, կլինեն, որ կասեն՝ քո նշած անձիք իրենց թեկնածությունը չեն էլ առաջադրում: Չեն դիմում դրան, քանի որ մեզ մոտ դրա համար չի ստեղծված քաղաքական անհրաժեշտ մթնոլորտ: Մեր Ազգային Ժողովի անցած ընտրություններում փորձեց իր թեկնածությունն առաջադրել մեր նշանավոր կանանցից մեկը: Ընդառաջող չեղավ, ոչ կեսդարյա բանվորական ստաժը հաշվի առնվեց, և ոչ էլ այն, որ նա աչքի է ընկնում կյանքի խոր ճանաչողությամբ, գրագետ է, այսօր էլ հասարակական ակտիվ գործունեություն է վարում: Ընդառաջեցին ուրիշների, իսկ առանձին թեկնածուների համար արտոնյալ պայմաններ ստեղծեցին:
Փոքրիկ երկիր ենք, եվրոպական քաղաքի մի թաղամասի բնակչության թվաքանակ էլ չունենք, բայց տեսեք, թե ինչպիսի հնարավորություններ ունենք, ինչպիսի ծառայություններ, որքան խորհրդականներ ու օգնականներ: Փայլուն, շիկ, թանկարժեք են ծառայողական մեքենաները: Ծառայողական մեքենաների թվաքանակը վերջին երկու տարում ավելացել է հինգ անգամ,- վկայում է երևանյան «Նովոյե վրեմյա» թերթը: Մենք էլ նման մեքենաներ պակաս քանակությամբ չենք ներկրում:

Առաջին անգամ չէ, որ ես քննադատական խոսքով հանդես եմ գալիս մամուլում: Բայց ո՞վ է արձագանքողը: Խոսքի ազատություն է սահմանված մեր երկրում, բայց հազվագյուտ խոսողին, մամուլում հանդես եկողին այլևս լսող չկա: Գոռա որքան ուզում ես, մեկ է՝ խոսքդ գին չի ունենա: Ամեն ինչ խաղաղ է, մամուլում երկնչում են նույնիսկ կծու խոսք ասել գյուղական համայնքի վատ աշխատանքի մասին:
Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, երբ լռելը, հարմարվողականությունը գլուխ են բարձրացրել, դարձել վարվեցողության գերադաս ատրիբուտ: Քեզ հանդիպելիս գերադասում են խոսքի չբռնվել, միայն գլխի աննշան շարժումով ավարտել քեզ հետ հանդիպումն ու շարունակել իրենց ճանապարհը: Այսպիսիներին մեզ մոտ ճիշտ անուն են տվել՝ գլուխ պահողներ...
 
Մեկ տարի առաջ կյանքից հեռացած ընկերս պատմում էր, որ մի խումբ վետերաններ հավաքվել էին Ստեփանակերտի քաղաքապետի հետ հանդիպման գնալու համար: Խորհրդի նախագահ Ս. Բարսեղյանը ներկաներին խորհուրդ տվեց ուշադիր լսել քաղաքապետին, բայց հարցեր չտալ նրան: Եվ այսպիսիները քիչ չեն մեր շարքերում: Այսպիսիներն են, որ կոծկել են ուզում այն խոցերը, որոնք կան մեր միջավայրում և որոնց բուժումը հույժ անհրաժեշտություն է:
Եթե ինձ հարցնելու լինեն, թե որն է մեր այսօրվա առավել կարևոր խնդիրը, ես կասեի՝ արտահոսքի կասեցումը: Շա՜տ, շա՛տ ենք կորցրել, այժմ էլ կորցնում ենք: Միայն մի ապացույց՝ 1989 թ. մարդահամարի տվյալներով ՌԴ-ում 380 հազար հայ էր ապրում, ներկայումս՝ 2,5 միլիոն: Այլ մոլորակներից չեն իջել, մեծամասամբ Հայաստանից, Արցախից են տեղափոխվել: Ճար չունեն, ճարահատյալ են թողնում իրենց պապենական օջախները: Աշխատատեղ չկա հերիք չէ, կարգ ու կանոնն էլ չի պահպանվում: Բիզնեսական կամայականությունն է գերիշխում՝ մեծամասամբ անօրեն վաստակած միլիարդավոր դոլարի հասնող կարողությամբ: Կհասնե՞նք նրան, որ աշխատող ցանկացողը դռնեդուռ չընկնի՝ իրեն մինչև իսկ արատավորող գործով զբաղվելու համար, այլ հրավիրվի աշխատանքի՝ իր ունակություններին համեմատ:

Վերջերս Երևանում էին Եվրոմիության առևտրի գծով մի խումբ ներկայացուցիչներ: Պարզվում է ողջ աշխարհում Հայաստանը միակն է, որ առանց մաքսատուրքի կարող է Եվրոպա արտահանել ծիրան ու այլ մրգեր, այդ թվում՝ խաղող, ինչպես նաև պահածոներ: Ձեր ողջ ծիրանը,- ասացին նրանք,- ամենաբարձր գներով իրացնել կարելի է միայն Փարիզում:
Մեր օղին պակա՞ս պահանջարկ ունի արտերկրում: Հնարամիտ ղեկավար ունենայինք, մենք այսօր ոչ թե կիսով չափ արմատահանված, այլ առնվազն կրկնակի չափով ընդլայնված թթայգիներ կունենայինք: Հաշվումները վկայում են, որ միայն թթաբուծությամբ կարգին զբաղվելու դեպքում կարելի է բարվոք վիճակում պահել Արցախը: Իսկ եթե այնքան խաղող ստանանք, որքան մի երկու տասնամյակ առաջ (200 հազար տոննա), ապա մեր բերքատվությունը կլիներ ամենաբարձր մակարդակի վրա: Այսքանն իմիջիայլոց:

Մի լուրջ մտահոգության մասին ևս: Ստեփանակերտն այսօր զբոսայգի չունի: «Պյատաչոկն» ընդամենը պուրակ է, և այն էլ՝ մեքենաների աղմուկի և ծխի վայր: Բնությունն արարել և մեզ է պարգևել մի ձորակ կարծես թե հատուկ այդ նպատակով: Հիմա այն, որ մեկ կմ երկարությամբ ձգվում էր «պյատաչոկ»-ից մինչև Սասունցի Դավիթ փողոցը, չունի մի մետր իսկ ազատ տարածք: Ձորակի մեծ մասը զբաղեցված է մեր բարձրաստիճան չինովնիկների, մեծահարուստների առանձնատներով, իսկ մյուս մասը՝ անհատական խանութներով, սրճարան-թեյարաններով, ռեստորաններով, մինչև իսկ՝ պահեստներով:
Սրան ի՞նչ անուն տալ: Այսպե՞ս է հոգում ժողովրդավարական պետությունն իր քաղաքացիների հանգստի և առողջության մասին:

Հախուռն հարձակում է սկսված նաև Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտի վրա: Աջից ու ձախից համարյա մի քանի մետր հեռավորությամբ շենքեր են ելել և ելնում են, ստվերի տակ թողնելով ողջ խաղադաշտը: Հիմա ալևս մեր հյուրերին չես կարող հիացնել վերջերս կապիտալ նորոգված, հիանալի անցուղի ունեցող մեր մարզադաշտով:
Օգտվելով առիթից, կուզենայի դիմել մեր նախագահին: Խոսքը հանրությունում ծայր առած այն լուրերի մասին է, թե ահա ուր որ է պետք է քանդվեն «Պյատաչոկ» պուրակի ձախ կողմը երիզող երկու շենքերը: Հավատալ էլ կարելի է, Ստեփանակերտում արդեն 57 տարբեր բնույթի շենք է քարուքանդ արվել: Այդ շենքերը 20-ական թվականների վերջերին կառուցված կոթողներ են: Կոթող, քանի որ ճարտարապետական հմուտ ձեռքերով են նախագծված և կառուցված են վարպետությամբ մշակված մեր արցախյան ամենակարծր քարից:

Ավարտեմ հոդվածս: Ի՞նչ կցանկանայի ես որպես արցախցի: Այն, ինչ բոլորն են կամենում` Արցախը տեսնել բարգավաճ, այնպիսին, որից ոչ թե հեռանում, այլ գալիս են այն ծաղկեցնելու, զորացնելու համար: Մեկ միլիոն հայրենակիցներ ունենք արտերկրում: Թող Աստված մեզ զորավիգ լինի այնքան, որ ականատեսը լինենք տուն դարձող գոնե առաջին քարավանների վերադարձին: Լցվենք այս վեհ գործին բոլորս՝ շարքայինից մինչև բարձր իշխանավորը: Բարի իրականացում:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեծ Հայրենականի վետերան, լրագրող

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ