Գլխավոր » ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «FREEDOM HOUSE»-Ը ԵՎ ՄԵՆՔ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «FREEDOM HOUSE»-Ը ԵՎ ՄԵՆՔ
10:40

Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպության վերջին զեկույցը որոշակի դժգոհություններ է առաջ բերել նաև Արցախի քաղաքական շրջանակներում, քանզի այնտեղ Արցախը նշված է որպես ոչ ազատ երկիր: Մինչ այդ Freedom House-ի զեկույցներում Հայաստանն ու Արցախը դասվում էին մասամբ ազատ երկրների շարքում, այն դեպքում, երբ Ադրբեջանը համարվում էր ոչ ազատ երկիր: Հերթական այս զեկույցում Հայաստանն ու Ադրբեջանը մնացել են իրենց նախկին «դիրքերում», իսկ Ղարաբաղը «մասամբ ազատից» հայտնվել է «ոչ ազատ» Ադրբեջանի կողքին։

Միանգամայն իրավացի է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, երբ ասում է, թե այդ զեկույցը վկայում է աշխարհում ոչ կառավարական սեկտորի քաղաքականացվածության մասին, և բերում է Ուկրաինայի օրինակը, որը մի տարի առաջ համարվում էր ազատ երկիր, իսկ Յանուկովիչի իշխանության գալով՝ դարձել է «մասամբ ազատ»։

Մեզանում հիմնականում այն կարծիքն է շրջանառվում, որ այդ ամենն արվել է քաղաքական նկատառումներով։ Թերևս դրանում որոշ ճշմարտություն կա։ Արցախում կան նաև գործիչներ, ովքեր գտնում են, որ երկրում ընդդիմության բացակայությունը լրջորեն ազդել է ԼՂՀ-ի հեղինակության վրա։ Դրանում ևս ճշմարտության մաս կա։ Սակայն խոստովանեմ, որ վերջին առնվազն 10 տարում, ցավոք, մեզ մոտ ընդդիմություն կամ ընդդիմադիր քաղաքական ուժ երբեք չի եղել։
Այսօր երբեմն «Նոր էջ»-ը անվանում են ընդդիմադիր թերթ, որը միանգամայն սխալ է, որովհետև այն երբեք չի կարող ընդդիմադիր կոչվել, քանի որ ինչպես ասվեց՝ մեր երկրում ընդդիմություն, ընդդիմադիր քաղաքական ուժ չկա։ «Նոր էջ»-ը անկախ պարբերական է։ Ես երբեք ընդդիմադիր չեմ եղել և, օգտվելով խոսքի ազատության իմ իրավունքից, քննադատել եմ թե՛ իշխանություններին, թե՛ այն «ընդդիմությանը», որ ոչ միայն թույլ, այլև ողորմելի էր, և իր գործելակերպում մշտապես աչքի առաջ վախ ուներ, որ կարող է զրկվել սեփական բիզնեսից...

Ընդունելով, որ վերոհիշյալ զեկույցը պատրաստվել է առավելապես քաղաքական նկատառումներով և Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներում հայ դիվանագիտության անողնաշար ու պարտվողական կեցվածքի հաշվառումով, ցավով նշեմ նաև, որ մենք ևս նպաստել ենք, որպեսզի մեր երկիրն անվանվի անազատ։ Երբ երկրում ընդդիմություն չկա, ապա դա ամենևին չի նշանակում, թե այդ «հատապտուղը» մեր լեռնային պայմաններում չի կարող աճել։ Ընդդիմություն չկա, որովհետեւ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական միջավայրում դրա կայացման համար նպաստավոր մթնոլորտ չկա, մեզանում հայ ղեկավարի խանական տիպարը տառապում է սեփական անձի անսխալականության մոլուցքով եւ ընդհանրապես չի հանդուրժում այլախոհություն, քննադատական խոսք ու պատրաստ է դրանք խեղդել սաղմի մեջ։ Իսկ մերօրյա քաղաքական դաշտում ոչ ոք չի ուզում լինել խեղդվողի կարգավիճակում, հատկապես երբ մեջտեղ ընտանիքի «հացի խնդիր» էլ կա։

Մի այլ ավելի թարմ օրինակ բերեմ։ Արցախը նմանակելով Հայաստանին, նույնպես ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության, այսպես ասած, օպերացիա է իրականացնում։ Բայց մի՞թե ազատ կոչվող երկրի քաղաքացուն կամք պարտադրելը որեւէ առնչություն ունի ազատության ու ժողովրդավարության հետ։
Մեզ մոտ պարբերաբար բարձրացվում են էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ սակագներ։ Ջրի գինը կրկնակի են բարձրացրել, որովհետեւ հստակ գիտեն, որ դրա համար շարքային արցախցին չի համարձակվելու, ինչպես եվրոպաներում է ընդունված, փողոց դուրս գալ եւ ցույցով, հանրահավաքով իր բողոքը հայտնել։
Ի դեպ, մեզ մոտ որոշ «շատ խելոք» պաշտոնյաներ իրենց «հպատակներին» արգելում են «Նոր էջ» կարդալ։ Ճիշտ է, դրանով նրանք ավելի են մեծացնում հետաքրքրությունը մեր թերթի հանդեպ, և դա մեր օգտին է։ Բայց, որ ազատ խոսքը ճնշելու այդ քայլով նման հիմարները ջուր են լցնում Freedom House-ների ջրաղացին, դա արդեն ի վնաս մեր երկրի է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ