Գլխավոր » Երեւանը խիստ մտահոգել է Թեհրանին
Երեւանը խիստ մտահոգել է Թեհրանին
14:31
ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին: Այս հանդիպումը հատկանշական է նրանով, որ վերջին օրերին Իրանի պաշտոնյաները կարծես թե ընդգծված հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանի հանդեպ:

Ինչո՞վ է պայմանավորված Իրանի հետաքրքրության ակտիվ դրսեւորումը: Արդյոք Արցախի հարցում իրադարձությունների ընթացքի որոշակի ակտիվացմամբ կամ նոր տարրերի ի հայտ գալով: Համենայն դեպս, Իրանը մշտապես շատ զգայուն է եղել Արցախի հարցում: Այդ երկիրը բնականորեն հանդիսանում է իրադարձությունների ներկա վիճակով եւ ընթացքով հետաքրքրված կողմ, քանի որ անմիջապես սահմանակից է արցախյան գոտուն, նաեւ կա այսպես ասած ադրբեջանաբնակ տարածքների խնդիրն Իրանում, որոնք գտնվում են հենց սահմանակից հատվածներում:

Այդ տեսանկյունից, Իրանի համար շահեկան է սահմանին հայկական ներկայությունը, որը Թեհրանի համար իրավիճակը դարձնում է կայուն ու անվտանգ: Բայց, վերջին շրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք հիմք են տալիս կասկածել այդ տարածքներում «հյուրերի» այցելության մասին: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Հայաստանից ու Արցախից՝ ի դեմս Զորի Բալայանի եւ նրան լուռ կամ բարձրաձայն սատարողների, սկսել են ակտիվորեն կանչել Ռուսաստանին, պատրաստ լինելով Արցախի խնդիրը նրան հանձնելուն:

Իրանի համար այդ ընթացքը չի կարող մտահոգություն չառաջացնել եւ Թեհրանն առնվազն կցանկանա հնարավորինս լիարժեք տեղեկացված լինել առկա տրամադրություններից, դրանց լրջությունից: Բանն այն է, որ Թեհրանի համար սահմանակից գոտում ձեռնտու է միայն հայկական ուժերի վերահսկողությունը: Բանն այն է, որ հայկական կողմը իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասով մեղմ ասած անհամեմատելի է Ռուսաստանի հետ: Իսկ եթե ռուսական հավակնություններին գումարվի նաեւ Ռուսաստանի ավանդական մահակային ոճը, ապա կարելի է պատկերացնել, որ այդօրինակ ուժի սահմանակցությունը Իրանի համար մեղմ ասած հաճելի չի լինի եւ կբերի մշտական նյարդայնություն:

Արցախում ոտքի տեղն ապահովելուց հետո, Ռուսաստանն անկասկած կմտածի այսպես կոչված հյուսիսային Ադրբեջանի ուղղությամբ, որտեղ կբացվի մանեւրի մեծ դաշտ թե Բաքվի, թե Անկարայի, եւ թե Թեհրանի դեմ:
Այդ իմաստով, հայկական զինուժը Իրանի համար ամենանախընտրելի հարեւանն է եւ պաշտոնական Թեհրանը կհետաքրքրվի, թե «ում է տունը ծախում» պաշտոնական Երեւանը: Այլ կերպ ասած, բալայանական «ալտրուիզմը» կարող է լուրջ վտանգի տակ դնել հայ-իրանական հարաբերությունը, որովհետեւ այդ դեպքում հայկական կողմը կատարած կլինի մի քայլ, որը չի բխում Թեհրանի շահից: Այդպիսով, արցախյան գոտում ռուսական «սապոգի» տեղն ապահովելով, Հայաստանը վերջնականապես կգժտվի նաեւ իր չորս հարեւաններից այն երկուսի հետ, որոնց հետ բնականոն հարաբերության մեջ է, իսկ նրանցից մեկի՝ Իրանի հետ հարաբերությունների առումով կարող է ունենալ լրջագույն պոտենցիալ թե աշխարհաքաղաքական, թե տնտեսական հեռանկարի իմաստով:

Արցախն իր «վրայից գցելու» հայկական նախաձեռնությունը վտանգի տակ է դնում այդ ամենը եւ փաստացի հանդիսանում է հերթական կտրուկ շրջադարձը: Սեպտեմբերի 3-ին այդ շրջադարձով հարված հասցվեց Եվրոպայում Հայաստանի գործընկերների թիկունքին, այժմ էլ փաստորեն հարված է պատրաստվում գործընկեր Իրանի թիկունքին:
Սա կլինի հայկական քաղաքականության վերջին մեղմ ասած անխոհեմությունը՝ տարածաշրջանային բալանսի լիակատար խախտումը, որից հետո ուշքի գալու ռեսուրս բոլորն ունեն, բացի Հայաստանից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ