Գլխավոր » ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
23:25
«Նոր էջի» հոկտեմբերի 14-ի համարում կարդալով հայրենանվեր ու սրտացավ մարդու՝ Աշոտ Սարգսյանի «Ազգային դպրո՞ց, թե՞...» վերնագրով հոդվածը, որոշեցի անմիջապես արձագանքել։ 

Միանգամայն իրավացի է հեղինակը, երբ գրում է. «Հայկական կրթական համակարգն ունի համազգային նշանակություն։ Այն կախված չպետք է լինի այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն նախարարի կամային որոշումներից և քաղաքական հայացքներից։ Քանի դեռ Հայաստանը չունի ազգային գաղափարախոսություն, հնարավոր է որպես ելքից դուրս գալու միջոց ստեղծել ազգային կրթական հայեցակարգ»։

Սոցիալիստական տոտալիտար ռեժիմի պայմաններում անգամ, չնայած հալածանքներին և մարդկային կորուստներին, հայերը հաջողությամբ զարգացնում էին իրենց գիտությունը, մշակույթը, արվեստն ու գրականությունը։ Դպրոցական, կրթական գործն էլ իր բարձրության վրա էր գտնվում։ Այդ տարիներին են ապրել ու ստեղծագործել գիտնականներ Օրբելի և Ալիխանյան եղբայրները, Ա. Իոսիֆյանը, Վ. Համբարձումյանը, ավիոկոնստրուկտոր Ա. Միկոյանը, Մերգելյանը, գրողներ Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ե. Չարենցը, Ա. Բակունցը, Հ. Շիրազը, Պ. Սևակը, Հ. Սահյանը, Հ. Մաթևոսյանը, Գ. Էմինը, Վ. Դավթյանը, Ս. Կապուտիկյանը, կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանը, Ա. Բաբաջանյանը և ուրիշներ։ Նրանք կարողացան աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալ հայի ստեղծագործական ոգու հզոր ուժը, մտքի անսանձ թռիչքն ու արարումի մեծ թափը։

Եկավ 1988 թվականը։ Հայաստանն ու Արցախը դարձան ազատ ու անկախ։ Թվում է ամենանպաստավոր պայմաններն են ստեղծվել էլ ավելի զարգացնելու մեր մշակույթը, գիտությունը, կրթությունն ու մյուս ոլորտները։ Սակայն, ցավոք, այդպես չեղավ։
Խորհրդային կարգերի ժամանակ Արցախում ապրել և ստեղծագործել են մեծատաղանդ գրողներ Գ. Ներսեսյանը, Ս. Աբրահամյանը, Բ. Ուլուբաբյանը և Վ. Օվյանը։ Անկախություն ձեռք բերելուց հետո մեզ մոտ գրողների միության անդամ դարձան շատ մարդիկ։ Սրանցից այսօր ո՞վ կարող է փոխարինել վերոհիշյալ վառ անհատականություններին, ազնիվ մարդկանց, որոնք օժտված էին մեծ կամքով և աչքի էին ընկնում քաղաքացիական խիզախությամբ։ Մեր մեծատաղանդ գրողները երբեք չեն մտել բարձրաստիճան պաշտոնյաների թևի տակ, չեն եղել նրանց կամակատարները, բնավորությամբ շիտակ ու ազնիվ արվեստագետներ էին։ Նրանք իրենց գիտակցական ամբողջ կյանքի ընթացքում եղել են մեր ժողովրդի շահերի համար մշտապես պայքարող ասպետներ։

Ըստ իս, ցանկալի է ԼՂՀ դպրոցներում և բուհերում մտնել հատուկ դասընթաց, որի մեջ ընդգրկված լինեն մեր մեծերի՝ Գ. Ներսիսյանի, Ս. Աբրահամյանի, Բ. Ուլուբաբյանի, Վ. Օվյանի և մյուս նշանավոր ու հայտնի գրողների կյանքն ու գործունեությունը, նրանց գլխավոր ստեղծագործությունները լուսաբանող հետաքրքիր նյութեր։ 

Ես կիսում եմ հոդվածագիր Ա. Սարգսյանի այն կարծիքը, ըստ որի ԽՍՀՄ-ում «կրթական համակարգի կենսունակությունը և արդյունավետությունն ակնհայտ էր»։ Ընդամենը երկու տասնամյակ առաջ Արցախում կրթությունը գտնվում էր իր բարձրության վրա։ Մարզի դպրոցներում աշխատում էին իրենց գործը, մասնագիտությունը լավ իմացող բազմաթիվ տաղանդավոր ուսուցիչներ (Ս. Արամյան, Ա. Մարտիրոսյան, Ա. Աղաբեկյան, Հ. Եգանյան, Ա. Շահիջանյան, Ա. Հարությունյան, Խ. Հարությունյան, Լ. Թումանյան, Գ. Ավետիսյան, Խ. Դանիելյան և այլք)։ Նրանց ժրաջան ու եռանդուն աշխատանքի շնորհիվ աշակերտները ձեռք էին բերում կայուն, հաստատուն գիտելիքներ։ Միջնակարգն ավարտած տասնյակ ու հարյուրավոր շրջանավարտներ իրենց ուսումը շարունակում էին ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ հեղինակավոր բուհերում։ Հաջողությամբ ավարտելով՝ նրանք աշխատանքի էին անցնում իրենց ընտրած մասնագիտությամբ։

Խորհրդային կարգերի ժամանակ ուսումը ձրի էր, ուսանողները պետական թոշակ էին ստանում։ Ամռան ամիսներին համարյա բոլոր աշակերտներն ընդգրկված էին ճամբարներում։ Դպրոցում տարրական դասարանների աշակերտները ձրի նախաճաշ էին ստանում։ Շատ աշակերտներ խորացված ձևով արտադասարանական պարապմունքների՝ ֆակուլտատիվի ժամանակ յուրացնում էին իրենց համար հոգեհարազատ առարկաները, նախապատրաստվում բուհի ընդունելության քննություններին։
Խորհրդային տարիներին Ղարաբաղում գործում էին երկարօրյա, գիշերային և գիշերօթիկ դպրոցներ։ Ղարմետաքսկոմբինատում բանվորների համար դպրոց էր բացված։ Անխտիր բոլոր երեխաները հաճախում էին դպրոց։ Իսկ ներկայո՞ւմս։ Այսօր շատ երեխաներ սոցիալապես անապահով ընտանիքներից են, ոմանք էլ պարզապես հնարավորություն չունեն դպրոց հաճախելու։ 

Դպրոցներում քիչ են տղամարդ ուսուցիչները։ Նրանց մի մասը ինչ-ինչ պատճառներով հեռացել է հանրապետությունից, երկրորդները զբաղված են ավելի բարձր վարձատրվող աշխատանքով, երրորդներն էլ գործազուրկ են։ Ներկայումս, երկրի համար ծանր պայմաններում, երբ դժվար կառավարելի երեխաները շատ են, պետք է բավական քանակությամբ տղամարդ ուսուցիչներ ընդգրկվեն կրթության համակարգում։ Չպետք է մոռանալ, որ այսօր երկրի զարգացման ամենակարևոր ճակատներից մեկը հենց դպրոցն է։
Ինչ-որ մեկի կամ ոմանց գլխին քամի փչեց «եվրոպականացնել» մեր կրթական համակարգը, որի արդյունքը եղավ ավագ դպրոցների ստեղծումը, որտեղ սովորում են նաև ոչնչով աչքի չընկնող շատ աշակերտներ։ 

Դպրոցների տարբերակումն անհարիր է հայի հոգեբանությանը։ Պատմական երկար ճանապարհ անցած, կոլեկտիվ կյանքով ու պայմաններում ապրած հայ մարդուն միշտ էլ խորթ են եղել մարդկանց արհեստական բաժանումները, մեկը մյուսից վեր դասելը։ Հայը միշտ էլ ընդվզել է անարդարությունների դեմ։ Դարեր ի վեր մեր ժողովրդի լավագույն զավակներն ամեն ինչ անում էին, որպեսզի հասարակությունը դաստիարակի կիրթ, լիարժեք, անվախ, հպարտ, հայրենիքին և սեփական ժողովրդին նվիրված երիտասարդներ։ 
Իսկ այսօր ինչպե՞ս ենք վարվում. ճիշտ հակառակ ձևով։ Միասնական դպրոցի բաժանումը ավագի և հիմնականի, նմանվում է նեգրերի նկատմամբ ժամանակին այլ երկրներում տարված ծայրահեղ խտրականությանը, երբ սևամորթ աշակերտն իրավունք չուներ սպիտակամորթի հետ միասին նույն դպրոցում սովորելու։

Միասնական դպրոցը տրոհվեց բևեռների՝ ավագ (հատուկ) և հիմնական (սովորական) դպրոցների։ Դպրոցի երկատվելը վաղ թե ուշ ներհակություն առաջ կբերի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվների, հասարակության մեջ, որն ի վերջո կհանգեցնի ճեղքվածքի, որից էլ ներս կթափանցի անհանդուրժողականության, անմիասնության ախտը, բացիլը։
ՀՀ և ԼՂՀ կրթության բարձրաստիճան չինովնիկները, «ռեֆորմատորները» արդյո՞ք գիտեն թե ինչպես են իրենց նվաստացած, անլիարժեք զգում հիմնական դպրոցի աշակերտները։ Իսկ այդպիսինները ժամանակի ընթացքում կարող են դառնալ վրիժառու, մարդատյաց, տառապել թերարժեքության բարդույթով...

Հանուն ճշմարտության նշեմ, որ այսօր ավագ դպրոցների աշակերտների մի զգալի մասը մտավոր ընդունակություններով, զարգացմամբ, ուսման նկատմամբ ունեցած վերաբերմունքով ոչ մի գերազանցություն չունի հիմնականի սովորողներից։ Ուսուցիչներն էլ նույնպես՝ իրենց պատրաստվածությամբ, մակարդակով և տարաբնույթ հատկություններով ու որակներով ոչ մի առավելություն չունեն հիմնականի դասատուներից։
Հեռուստատեսությամբ ելույթ են ունենում և թերթերում հանդես են գալիս կրթության մերօրյա ռեֆորմի ջատագովները և շեշտում, որ ամեն ինչ մոտ ապագայում լավ, դեռ ավելին՝ փայլուն է լինելու, որովհետև նոր բազա է ստեղծվում կրթության որակական ծավալման համար։ Սակայն նրանք այն փորձառու այգեպանները չեն, որոնք նախօրոք գիտեն, թե ինչպիսի պտուղներ են տալու իրենց տնկիները, հատկապես երբ փաստերն այսօր հակառակն են վկայում։

Երկու տեսակի դպրոցներում դեռևս աշխատող բարձր որակավորում ունեցող սակավաթիվ տաղանդավոր ուսուցիչների դասաժամերին անգամ բարձր դասարանների աշակերտները ակտիվ չեն պահում իրենց, ինչպես հարկն է ուշադիր չեն լսում հաղորդվող նյութը։ Ինչո՞ւ. որովհետև ունեն թույլ մակարդակ, մտավոր կարողությունները ցածր են, ուսման նկատմամբ սեր, նվիրվածություն չունեն, ինքնակրթությամբ չեն զբաղվում… և այլն։ Այսպիսի թերությունները, բացերը շտկելու, վերացնելու փոխարեն կրթության մեր «երևելիները» զբաղված են հարազատ դպրոցականներին երևակայական «թռիչքների» նախապատրաստմամբ...

Ավագ դպրոցների ուսուցիչները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան հիմնականինը։ Եթե առաջնորդվելու լինենք առողջ տրամաբանությամբ, ապա բարձր աշխատավարձ պետք է ստանան հիմնական դպրոցների ուսուցիչները. չէ՞ որ համեմատաբար թույլ աշակերտների հետ ավելի լարված ու դժվար է աշխատելը։ Իսկ եթե առաջնորդվենք արդարության սկզբունքով, ապա երկու դպրոցների ուսուցիչները պետք է ստանան հավասար աշխատավարձ։ 

Մի քանի խոսք էլ Հայաստանում և Արցախում բացված, գոյություն ունեցող մասնավոր բուհերի մասին։ Ղազախստանը թե՛ տարածքով և թե՛ բնակչությամբ մի քանի անգամ գերազանցում է հայկական երկու հանրապետություներին, սակայն այնտեղ վերացված են մասնավոր համալսարանները, արգելված է նրանց գործունեությունը։ Երկրում գործում է միայն պետական համալսարան, որի գործունեությունը վերահսկվում է պետության կողմից։ Համալսարանը երկրի պահանջներին համապատասխան պատրաստում է քանակապես անհրաժեշտ որակյալ մասնագետներ։ Մենք պետք է ընդօրինակենք Ղազախստանի հանրապետության դրական փորձը՝ վերջակետ դնելով դիպլոմի վաճառքով զբաղված մասնավոր բուհերի գործունեությանը։

Խորհրդային տարիներին մարզում հաջողությամբ էր գործում պետական մանկավարժական ինստիտուտը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները թողարկում էին բուժքույրեր, երաժիշտներ, գրադարանավարներ, գյուղատնտեսական ոլորտի աշխատողներ։ Կրթության բնագավառում հաջողություներն էլ ավելի շոշափելի կլինեին, եթե Ղարաբաղը լիներ անկախ ինքնիշխան հանրապետություն կամ մայր Հայաստանի անբաժան մասը։ 
Ճապոնացիներն այսօր էլ առանց թաքցնելու խոստովանում են, որ աշխարհին զարմացրած ճապոնական արտադրության հրաշք թռիչքը հիմնականում խարսխված էր խորհրդային կրթության և գիտության ձեռքբերումների, նվաճումների, գյուտերի և հայտնագործությունների վրա։

Հոդվածագիր Ա. Սարգսյանի նման ես էլ ազգային դպրոցը կորցնելու մտավախություն ունեմ։ Ճիշտ է հեղինակի այն կարծիքը, որ իրականացվող «բարեփոխումների» և «բարենորոգումների» նպատակն է վերջնականապես մեզ հեռացնել ազգային դպրոցի գաղափարից։ Օտարների լծի տակ, նվաճողների ավերիչ ասպատակությունների ժամանակ երեխաները թաքնված լինելով անտառներում, անմատչելի լեռնածերպերում և անձավներում, ուսուցիչների ղեկավարությամբ մայրենի լեզվով ուսանում էին հայ ժողովրդի գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունը և այլ առարկաներ, փաստորեն պահպանում էին հին ազգային դպրոցը։ Սփյուռքի գաղթօջախներում հայ ժողովրդի հրաշքով փրկված բեկորներն ազգային դիմագիծը չկորցնելու համար սեփական սուղ միջոցներով հայկական դպրոցներ էին հիմնադրում և պահում։ 

Իսկ ա՞յժմ։ Անկախություն և ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանում պետության հաշվին բացելով ու պահելով օտար լեզուներով ուսուցանվող ոչ հայկական դպրոցներ, մեր ժողովրդի ներկան ու ապագան դնում ենք վտանգի տակ, սեփական ձեռքերով իրականացնում սպիտակ ջարդ։ Օտարալեզու ուսուցման վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում վավերացված օրենքը ապազգային խայտառակություն է։ Տուրք տալով այսպիսի ցնցող օտարամոլությանը, մենք աստիճանաբար սեփական ձեռքերով թաղում ենք Հայաստանի և հայ ժողովդի ներկան ու ապագան, որովհետև մեզ հեռացնում ենք մեր ժողովրդին դարեր ի վեր սնուցող պատմական մշտադալար արմատներից։ 

Որևէ օտար, անգամ հարուստ քաղաքակիրթ պետություն սեփական միջոցների հաշվին հայկական դպրոց պահո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ինչո՞ւ փոքրիկ ու աղքատ հայկական պետությունը պետք է մեր ժողովրդի և նրա ազգային դիմագծի կորստի հաշվին օտարալեզու դպրոցներ հիմնադրի ու պահի։ Օտարամոլության հանդեպ այսպիսի շռայլությունը նպաստում է ներկա և ապագա սերունդներին զրկել յուրացնելու մշակույթի, կրթության և տնտեսության բնագավառներում բազմադարյան մեր նվաճումները, ձեռքբերումները, փորձը։ Դրա կործանարար հետևանքներն արդեն երևում են։ Որքանո՞վ է բնական, նպատակահարմար և ընդունելի, երբ տասներկու տարի օտարալեզու դպրոցներում ապագա քաղաքացիներ է պատրաստվելու ոչ թե սեփական երկրի, այլ ուրիշների համար։ Այդ դպրոցների շրջանավարտները վաղ թե ուշ հեռանալու են մայր հայրենիքից, դառնալու են էմիգրանտներ, համալրելով անգլիացիների, գերմանացիների, ֆրանսիացիների և այլոց շարքերը։

Ցանկացած երկրի կրթության և դպրոցի միակ գլխավոր նպատակն է պատրաստել հայրենասեր քաղաքացիներ, կադրեր, մասնագետներ, որոնք պետք է հավատարմորեն ծառայեն իրենց պետությանն ու ժողովրդին։ 
«Ազգային դպրո՞ց, թե՞…» հոդվածի հեղինակը նշում է. «Դարեր շարունակ պետականությունը կորցրած հայության համար պետականության գաղափարը կրողը եղել է ազգային դպրոցը, որը պահպանել է մեր ազգային ոգին ու արժեքները։ Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, իսկ այսօր հայկական անկախ պետականության պայմաններում հայ ուսուցիչն արհամարհված ու անտեսված է»։ Ես համամիտ եմ նրա հետ։ Դարեր ի վեր ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում ազգային ոգին, անանց արժեքները, լավագույն որակները, հատկությունները, նվաճումները կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը եղել են դպրոցն ու ուսուցիչը։

Այնուամենայնիվ, ես մնում եմ լավատես։ Մեր երկրի ապագան այսօրվա և վաղվա սերունդն է։ Ուզում եմ հավատալ, որ մեզանում մի օր վերջապես կհասկանան, որ նոր հզոր սերունդ կարող է դաստիարակել, պատրաստել ազգային ավանդույթներով առաջնորդվող և մշտապես ուրիշ երկրների դրական փորձի, նվաճումների հետ հաշվի նստող, զարգացած կրթական համակարգ և դպրոց ունեցող պետությունը։

 ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ