Գլխավոր » ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍ Է
ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍ Է
13:41
Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ: Լուծման կոնկրետ քաղաքական պատճառաբանությունը, ձևակերպումը մի տեսակ հետին պլան էր մղված: ԽՍՀՄ-ը փլուզվեց, բայց հարցը մնաց չլուծված:

Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ հաղթական պատերազմից հետո էլ, hայաստանյան քաղաքական միտքը մնած քարացած, չհասկացավ փոփոխված իրադրությունը ու չթարմացրեց հարցադրումներ՝ ըստ միջազգային քաղաքական տրամաբանության ու պահանջների:

Աստիճանաբար նաև պարզվեց, որ մեր քաղաքական կշռի չնչինության հետ մեկտեղ, «կողմնակի դիտորդի» Հայաստանի քաղաքական կեցվածքը կոպիտ սխալ ուներ իր մեջ, որը հանգեցրեց մեծ զրկանքների, ներքին այլանդակությունների և ուր որ է, ավելի մեծ ողբերգության է տանելու մոտ ապագայում:

Ղարաբաղյան քաղաքական հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշման պատմությունը զարմանալի զիջողական է ու անտրամաբանական: Սկզբից մենք հրաժարվեցինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու գաղափարից...

Ցանկացած դիվանագետ, որը զբաղվել է Ղարաբաղի հարցով, հաստատ ծանոթ է նախապատմությանը և հասկանում է իրերի իրական դրվածը: Իհարկե գերտերությունների կամքով երբեմն հնարավոր են ինչ-ինչ կամայական գեոքաղաքական վերաձևումներ, ինչպիսին օրինակ Կոսովոյի նախադեպն էր, բայց որպես օրենք, հիմնականում հարցերը լուծվում են ըստ քաղաքական իրական ուժերի վեկտորների ու տրամաբանությունների:

Եթե մենք հույսներս դրել ենք դրսից հրամցվող և հետագայում էլ սպասարկվող միջնորդական լուծումների վրա, ապա պետք է ինքներս էլ միջնորդներին մատուցեինք մեզ ձեռնտու տրամաբանական, իրական համոզիչ սխեմաներ ու հիմնավորումներ: Որպեսզի նրանք հենց այդ արգումենտացիայի ուժով հայամետ լուծումների հանգեին ու այն պաշտոնապես ներկայացնեին կողմերին: Բայց նման քայլեր մենք չենք կատարել, ու չի էլ նշմարվում, թե ապագայում կանենք:

Սկզբում մենք ունեինք ռազմական հաջողության դրական արգումենտը, որը սակայն զուգորդված էր ԼՏՊ-ի տեսական, արհեստական, թույլ, անիրական, «անկախ» Ղարաբաղի սխեմայով: Քաղաքական-դիվանագիտական այդ տարօրինակ զուգորդումը՝ հաղթանակած Հայաստան-ինքնորոշվող, անկախ Ղարաբաղ մոդելը, Սովետի նոր-նոր վերացման պայմաններում, խաբուսիկ էր միջնորդների համար. ռազմական արգումենտը մեր օգտին էր աշխատում, բայց Ղարաբաղի անկախության մեր կամազուրկ պահանջը տետանուսի մեջ էր գցել միջնորդներին: Մենք պահանջում էինք, որպեսզի պուճուրիկ Հայաստանի տգետ քաղաքական կամքով աշխարհը փոխի պետության ու պատերազմի մասին իր հիմնարար պատկերացումներն ու միկրոսկոպիկ Հայաստանի կողքին մի հատ էլ սուպերմիկրոսկոպիկ անկախ Ղարաբաղ սարքի: Նրանք զարմացած էին և շարունակում են այդպիսին մնալ հիմա էլ՝ թե ինչպես կարող է անկախ ու ինքնուրույն համարվել մի տարածք, ուր ամեն ինչ հայկական է՝ ժողովուրդը, փողը, բանակը, լեզուն, բյուջեն: Եվ պետություն կոչվածն էլ Հայաստանին կպած ընդամենը մի բուռ տարածք է, որի անկախությունը նույնիսկ հենց ինքը՝ Հայաստանը չի ընդունել: Արդյունքում, դրսում լավ էլ հասկացան, որ գործ ունեն անբարտավան, անինքնասեր, ու վախկոտ մի երկրի ու ժողովրդի հետ, որը զլանում է մատը մատին խփել և ուղեղ բանեցնել՝ իր հարցերը լուծելու համար:

Քոչարյանը զուտ բնազդային կողմնորոշիչներով հասկացել էր մեր դիրքի թուլությունները, բայց քանի որ զբաղված էր միայն անձնական հարստացման հարցերով, ժամանակ, գիտելիք և օգնողներ չունեցավ հարցերը քաղաքականապես մշակելու և որպես հայկական մոտեցում ներկայացնելու: Նա ընդամենը թուլացրեց Ղարաբաղի դերը որպես առանձին կողմի, ներառավ այն Հայաստանի դիրքորոշումներում, բայց իր նպատակը ոչ թե հարցի վերջնական լուծումն էր, այլ ժամանակ շահելը:

Ներկա նախագահն էլ խիստ տառապելով լեգիտիմության պակասով, խաղի մեջ մտավ առանց որևէ մշակված ծրագրի: Ավելին, Ղարաբաղյան պարտվողականությանն ավելացրեց հայկական Գենոցիդի «քննարկելի լինելու հնարավորությունը ևս: Մտնելով ֆուտբոլային դաշտերը, նա չոր պարտություններով դուրս եկավ խաղերից ու հայկական բոլոր հիմնահարցերը մի փաթեթով շպրտեց միջազգային քաղաքականության աղբարկղը:

Ադրբեջանն ու Թուրքիան էլ, տեսնելով մեր այս խորը ապաշնորհությունը, տգիտությունն ու անճարակությունը, խստացրին իրենց դիրքերն ու արդեն նախապատրաստել են այնպիսի քաղաքական ելակետեր, ուր պատերազմի հրահրումը թե՛ Ղարաբաղի և թե՛ Հայաստանի հանդեպ, զուտ հարմար պահի հաշվարկի հարց է:

Ցավալին այն է, որ նույնիսկ այս պահին, թե՛ իշխանությունը, թե՛ ընդիմությունը և թե՛ ողջ հայությունը գալիք պարտությունների դեմն առնելու ալտերնատիվ առաջարկներ չունեն: Ընդիմությունը հիպնոսված է ԼՏՊ-ի զիջողական տեսակետներով, իշխանությունը մտահոգված է միայն իր լեգիտիմության հարցերով, մարդիկ էլ՝ իրենց ամենօրյա ապրուստի հոգսով: Իսկը Կռիլովյան հայտնի առակի նմանակով:

Բայց այնուհանդերձ, եկեք տեսնենք, թե հիմա, 20 տարի անց, արդյո՞ք կան դրական, օբյեկտիվ արգումնետներ մեր օգտին...

1. Մենք ունենք գենոցիդի արյամբ շաղաղված անցյալ՝ թուրքերի ու իրենց սատելիտ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Միջնորդները հաշտություն կնքելու նոր առաջարկներ անելիս, ուզած թե չուզած, պետք է հաշվի առնեն իրենց առաջարկների հետագա՝ գոնե ժամանակավոր կենսունակության խնդիրը: Այս առումով մենք ունենք հիմնավոր արգումենտներ ու պահանջներ, որոնք իրականում ուժեղ են ու դժվար մերժելի... Այս առումով կա Մեծ Եղեռնի փաստը, կա Նախիջևանում հայերի ի սպառ վերացման փաստը, կա 1918 թ. Ադրբեջանում հայերի գենոցիդի փաստը: Կա հայերի, ողջ Ադրբեջանից բռնի տեղահանման փաստը: Կա 1988-1994 թթ. հրահրած կոտորածների ու պարտադրված պատերազմի փաստը: Կա Բուդապեշտում հայ սպայի սպանության փաստը: Վերջապես առկա է ներկայիս ադրբեջանական ու արդեն թափ առնող թուրքական անհերքելի հայատյաց հռետորիկան:

Սրանք փաստեր են, որոնք իսկապես կարևոր են միջնորդների համար: Եվ հենց սրանց մասին հայկական կողմը պետք է մշտապես բարձրաձայներ և ոչ հայանպաստ բանաձևերը մերժեր, որպես նոր գենոցիդի ու ավերածությունների տանող անիրական լուծումներ:

Բայց դա ոչ միայն չի արվել, այլ՝ հակառակը, միչև այժմ նույնիսկ չի էլ դիտվում որպես հեռանկարային դիվանագիտական արգումենտացիա և հուսալի քաղաքական լծակ: Ձայներս կտրել, սուգը կապել ենք ու սպասում ենք թե մեր հեզիկությունը վերջ-շուտ կգնահատվի, ու մի օր Ադրբեջանը մեծահոգաբար մեզանից ձեռ կքաշի:

2. ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած և քաղաքական լուծում պահանջող ղարաբաղյան հարցը արդեն ոչ տարածքային ամբողջականության խնդիր է, և ոչ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի հարց: Այն երկու հարևան պետությունների մեջ էթնիկ զտմամբ տարված պատերազմի հետևանք է: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իր տարածքից կոտորածով ու ավերածություններով տեղահանելով հայությանը, հարձակվել է պաշտոնապես, միջազգայնորեն ձևակերպված Ղարաբաղի հայկական ինքնավար պետության վրա: Պատերազմը տարվել է միասնական հայկական ուժերով ու ռեսուրսներով, և այժմ էլ զինադադարը անցնում է ըստ մարտական արդյունքների գծի...

3. Բոլոր միջնորդներն էլ գիտեն, որ պատերազմել են Հայաստանն ու Ադրբեջանը, և որ հարցը կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքն է:

4. Հայաստանի՝ որպես կողմնակի դիտորդի դերը ինքնանվաստացուցիչ, ազգի և սեփական սուբյեկտի հանդեպ անպատասխանատու կեցվածք էր:
Հայաստանը երբևէ, որևէ հարցում նախաձեռնող չի եղել ու միշտ քարշ է եկել ադրբեջանական նախաձեռնությունների ետևից։ Բանակցային գործընթացում իրեն դրսևորել է որպես դիվանագիտորեն ապաշնորհ, դանդաղաշարժ, անօգնական ու տգետ մի պետություն, որի միակ նպատակն է եղել ժամանակ ձգելը, հույսը կապելով գերտերությունների շահերի զուգորդման վրա:

5. Մենք պետք է վաղուց հրաժարված լինեինք «Անկախ Ղարաբաղ» կոչված արհեստական, պարտվողական, անպատիվ դիրքից և բաց ճակատով ներկայացնեինք մեր դիրքորոշումն ու իրավունքներն աշխարհին: Սակայն դա չի արվել, և նույնիսկ հիմա, ակընհայտ անհաջողություններից հետո էլ, դեռ նման մոտեցման անհրաժեշտությունը գիտակցված չի:

6. Մեզ՝ որպես գոյության իրավունք մուրացողների, ոչ մեկը չի պաշտպանելու, հակառակը խուսափելու են մեզ հետ գործ ունենալուց... Դժվար է խեղճ ու հաշմանդամ ձևացող, իր քաղաքական ապագայի վրա խաչ քաշած, բայց ներսում իրար հոշոտող զանգվածին հարգելն ու տեր կանգնելը:

7. Պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից, բայց զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, հենց իր խնդրանքով: 

8. Այս կետերի շարքն ու խնդրի նախապատմությունը ցույց են տալիս, որ քննարկման առարկան ի սկզբանե ոչ թե ղարաբաղյան հարցը պետք է լիներ, այլ ձեռք բերված հրադադարի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: 
Իսկ ի՞նչ կունենանք, եթե այսօր, գոնե ուշացած, բաց և ոչ պարտվողական մոտեցումներն ու հարցադրումները ձևակերպենք որպես հայկական նոր դիրքորոշում: Կարող է լինել 3 արձագանք:

Ա. Ադրբեջանը ամբողջովին մերժում է մեր նոր դիրքորոշումը, չի ընդունում իրերի նման դրվածքը ու անցնում է ռազմական հակահարձակման:
Բ. Ադրբեջանը հաշվի է առնում մեր դիրքի փոփոխությունները և որոշ զիջումներով համաձայնվում է վերջնական պայմանագրի կնքմանը:
Գ. Ելնելով տարվող ակտիվ, իրենց համար խիստ շահեկան քաղաքական գործընթացների դրական արդյունքներից, Ադրբեջանը և Թուրքիան անտեսում են մեր նոր դիրքորոշումները, շարունակում են իրենց քաղաքական մանևրները, մինչև ՀՀ լիարժեք քաղաքական, հասարակական կապիտուլյացիան:

Իմ կարծիքով մեր կողմից այսքան ապաշնորհություն դրսևորելուց հետո, 2-րդ տարբերակի հավանականությունը բացարձակ զրո է: Որոշակի շանս ունի 1 տարբերակը, բայց 3-րդն այս պահին ամենահավանականն է թվում ու հենց դա էլ իրագործվում է:
Իմ համոզմամբ լռելով, պրոցեսների ետևից քարշ եկող ռեակտիվ անճարակությամբ, ու քաղաքական տգիտությամբ, հենց մենք ենք ոգևորել Ադրբեջանին և թուրքերին նման անզիջողականության:

Համադրելով եղած փաստերն ու տենդենցները, ես տեսնում եմ, որ հայկական կողմը փաստորեն օրակարգից հանել է պայքարելու, արժանավայել դիմադրելու հարցը և հույսը դրել է լրիվ հանձնվելու՝ կապիտուլիացիայի վրա: Չգիտեմ, թե ինչ անուն պետք է դրվի այս կեցվածքին, բայց գիտեմ, որ ոնց էլ դա կոչենք, առաջին հեթին այն ծայրահեղ ստորացուցիչ է ու ի վերջո՝ կործանարար պետության ու ազգային պետականության համար:

9. Հայկական մամուլում սակավաթիվ քննարկումներ են եղել այն մասին, որ առաջարկներ և լուծումներ պետք է գտնվեն հայ և ադրբեջանցի փոխադարձ փախստականների տարածքային իրավունքների բավարարման կոնտեքստում:
Կան անհերքելի փաստացի ապացույցներ որ նախապատերազմական ու պատերազմական գործողությունների հետևանքով 400.000 հայ անարգվելով, թալանվելով ու փախչելով արտաքսվել է Ադրբեջանից: 140.000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը:

Այսինքն Ղարաբաղից զատ, առկա է մեծ շեղում հայ-ադրբեջանական փախստականների ընդհանուր թվի առումով: Հետևաբար օրակարգի հարց է Ադրբեջանից արտաքսված՝ թվով 260.000-ով ավել հայ փախստականների հողային իրավունքների կոմպենսացման հարցը, որը պետք է բանակցություններում դառնա քննարկման հիմնական առարկա:

Այս արգումենտը հիմնովին փոխում է քննարկման առանցքը և հարցը շահեկան է դարձնում մեզ համար: Չգիտեմ, թե արդյոք երբևէ մեր բանակցողները քննարկման դրել են այս հարցը: Մի գուցե դա արվել է, բայց Ադրբեջանը բանի տեղ չի դրել այդ փաստարկը: Հակադարձել է իբր 1 միլիոն ադրբեջանական փախստականների միֆով և համառ աշխատանքով արժեզրկել, խեղաթյուրել է նախապես մեր օգտին գրանցված փաստարկը:

Իրականում հենց սա է բանակցություն կոչվածի էությունը՝ երբ մեկը համառորեն առաջ է տանում իրեն ձեռնտու փաստարկը՝ անկախ դիմացինի քամահրանքից, հոխորտանքից կամ այլոց խորհուրդներից: Ադրբեջանը իր բազմաթիվ կեղծիքները շարունակապես կրկնելով հասել է բանակցային մեր առանց այն էլ ի սկզբանե ծայրահեղ թույլ դիրքերի փլուզմանը: Իսկ մենք էլ չկարողանալով տարբերակել մեր ուժեղ և թույլ արգումենտները, կառչած ենք մնացել կործանարար հին դոգմաներին, ոչ մի խիստ պահանջ համառորեն չենք դրել, հետապնդել և արդյունքում հասել ենք կապիտուլյացիայի շեմին:

10. Իրականում վիճակը հիմա էլ ծանր չէ: Կա բավարար փաստաթղթային հիմնավորում փախստականների հաշվով: Եվ հենց փախստականների հարցում է, որ մենք ունենք ազդու առավելություններ:
Ըստ փախստականների հարաբերական թվերի, ստացվում է, որ Շահումյանից, Գետաշենից, պաշտոնապես հայկական տարածքներից ու ողջ Ադրբեջանից տեղահանված հայերին որպես փոխհատուցում հասնում է մոտ Քելբաջարին ու Լաչինին հավասար տարածք: Եվ հարցն էլ կոնկրետ մարդիկ չեն, որ պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը, այլ միջպետական վնասների փոխհատուցումը: Ադրբեջանի ներքին փախստականների հարցը պետք է քննարկվի փախստականների հայ-ադրբեջանական բալանսից զատ: Այն քննարկման առանձին նյութ է...

11. Որպես քննարկման հիմնական առարկա, անպայման պետք է սեղանին դրվի նաև Ադրբեջանի նախահարձակ լինելու հարցը, որպես պատերազմի հրձիգի, մեղավորի, որը պատասխան պետք է տա 17.000 փաստացի զոհերի, հարյուր հազարավոր խեղված կյանքերի ու ավերածությունների համար:

12. Քննարկման առարկա պետք է դառնա նաև Հայաստանի շրջափակման հարցը, որպես շարունակվող տնտեսական ավերածությունների ու արտագաղթի պատճառ և շարունակվող պատերազմ՝ Հայաստանի դեմ:
Փաստորեն ստացվում է, որ զինադադարի պայմանագիր կոչվածը նաև մեր դիվանագիտական անգործության շնորհիվ, դարձել է ընդամենը կեղծ ու խաբուսիկ մի թղթի կտոր, որով շղարշվում է շարունակվող լուռ, հյուծող և «անտեսանելի» պատերազմը Հայաստանի դեմ: Եվ որը հայաստանյան հասարակությունը և պետությունը այլասերելու, վերջնականապես ծնկի բերելու լծակի է վերածվել:

13. Ասվածից նաև բխում է, որ ներկայումս Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ թե Ղարաբաղի հարց պետք է քննարկի, այլ թուրք-ադրբեջանական բլոկադայի, գենոցիդի ու կեղծ զինադադարի հարցերը:
Հենց կեղծ զինադադարի էությունը բացահայտելով, հրապարակավ քննարկելով ու նրա ուժը կոտրելով է, որ մենք կկանխենք սպասվելիք ֆիզիկական պատերազմը:
Չնայած մեզ համար ակընհայտ շահեկան այս քաղաքական արգումենտների ու տրամաբանության գոյությանը, արդեն 17 տարի է, հայկական քաղաքական-դիվանագիտական միտքը չի տեսնում ելքեր, չի կարողանում գտնել ու մշակել իրեն ձեռնտու կոնցեպտուալ մոտեցումներ ու առհասարակ չի պատկերացնում Հայաստանի դերը ռեգիոնում...

Ո՞րն է պատճառը: Իհարկե, հետսովետական տնտեսական փլուզումից հետո, մասնագետների ջարդից ու արտաքսումից հետո, թալանի ու կոռուպցիայի ներկայիս կռապաշտ պայմաններում, նորմալ մասնագիտական խորաթափանց մտածելակերպը հալածելի է ու մերժելի մեզանում: Ժանտախտ համակած երկրին հատուկ մթնոլորտ է տիրում Հայաստանում: Բայց այժմ արդեն նաև մեծ ազգային աղետի շեմին ենք, վերջապես սթափվել է պետք, իրերի դրվածքը հասկանալ, ու վերակենդանանալու փորձ անել:

14. Ակընհայտ է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում: Մի կողմից փորձում է եվրոմիություն մտնել, մյուս կողմից իր ռեգիոնալ դերն ու ազդեցությունը մեծացնել: Հաջորդը դա անթաքույց պանթուրքիզմն է: Ներկայումս Ադրբեջանի հետ նրա «ախպերական» ալյանսը հենց այդ հեռահար քաղականության բաղադրիչն է, իսկ Հայաստանի հանդեպ դրսևորած անհամաչափ ագրեսիան՝ հետագա գործելաոճի նախանշանը:

15. Մենք պետք է վերջապես ազգովի հաշիվ տանք մեզ, որ իրականում ինքնաբավ պետական տարածք ենք ձեռք բերել: Տարածքը դա ցանկացած կայուն, վերարտադրվող պետականության հիմքն է: Եթե այն փոքր է, անռեսուրս ու շրջապատված թշնամիներով, ապա դա դեռ չի նշանակում, որ բացարձակ անպետք է ու պետք է մնա բառադիանոց...

16. Մենք չկարողացանք նորմալ իշխանություն ու ընդիմություն կերտել: Եվ դրա հիմնական պատճառը համարում եմ մեր քաղաքական մանկամտությունն ու ԼՏՊ-ի բազմամյա «այնթափցիական» քարոզը: Այս հարցը շատ ավելի խորը քննարկման է արժանի: ԼՏՊ-ն ձևավորել է հայկական քաղաքական մտածողություն և կոնկրետ դիրքորոշումներ, որոնք իմ կարծիքով կործանարար են եղել մեր պետականության համար և իներցիայի ուժով շարունակում են այդպիսին մնալ... Այդ մարդու քաղաքական մտածելակերպի գոհարը աննկատ մնացած, բայց արդեն վաղուց մեր ենթագիտակցականը թափանցած այն թեզն է, թե Հայաստանի գոյությունը ոչ իրենով, և ոչ էլ որևէ այլ մի ղեկավարով է պայմանավորված: Ինքը բառացի ասել էր, որ այսօր ինքն է, վաղը մի ուրիշը կլինի: Ղեկավարները կգան ու կգնան, բայց Հայաստանը կանգուն կմնա, անկախ ղեկավարից: Այս միտքը նա հայտնել էր դեռ 1993-94 թվերին։

Մինչև հիմա էլ մեր մտքով չի անցնում, որ հենց այս թեզը կործանարար եղավ Հայաստանի համար: Նույնիսկ այսօր էլ, այս հանգստացնող, հիպնոսացնող թեզն է առաջնորդում մեզ: Մենք մտածում ենք, որ այսօր չեղավ՝ վաղը կստացվի, վաղը չեղավ՝ մյուս օրը կլինի: Այս մեկը թալանեց, այլանդակեց, ավերեց՝ դա կարևոր չէ: Մյուսը նույնն արեց՝ ոչինչ: Չէ որ Հայաստանը հավերժ է, անհաղորդ դեմքերին, ժամանակին, թալանին ու ավերածություններին: Վերջը լավ կլինի, առանց մատը մատին խփելու հարցերը ինքնըստինքյան կլուծվեն:

Հենց այս մտածելակերպն էր, որ կամաց-կամաց դատարկեց Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք այն կանգուն համարելը: Այս թեզն է պատճառը, որ մինչև հիմա էլ մեր բռնած որևէ գործ մինչև վերջ չի հասնում, որևէ հարց սկզբունքային գնահատական չի ստանում, որևէ պետական ու ազգային հանցագործ չի պատժվում: Ցավալի է, բայց փաստ, որ մենք նույնիսկ անընդունակ եղանք այս կործանարար դոգման ըստ արժանվույն հասկանալու, գնահատելու և վերջապես հրապարակավ մերժելու:

17. Ստացվում է, որ հենց իր՝ ԼՏՊ-ի հիմնադրած ախոռը ոչ միայն դեմքերի, այլ նաև սխալ, կործանարար տեսությունների ու դոգմաների ախոռ է: Եվ որ խնդիրը ոչ թե այն մաքրելն է, այլ ամբողջովին քանդել-վերացնել-խորտակելը, մեր մտածելակերպից արտամղելը:
Թե՛ Ղարաբաղյան, թե՛ թուրքերի հադեպ եղած, և թե՛ ներքին հարցերում մենք պետք է անցնենք բացահայտ ճշմարիտ, իրական դիրքերի և մեր դիրքորոշումները ներկայացնենք դիվանագիտորեն ճիշտ շեշտադրված, բայց առանց կեղծ ու վախկոտ, հետին մտքերի:

18. ՀՀ-ն պետք է իր համաձայնությունը տա 1989 թ. Ղարաբաղի ԳԽ որոշմանը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրանքին:

19. Համաձայնության հիման վրա հռչակագիր պետք է ստորագրվի ՀՀ-ի և Ղարաբաղի միջև՝ միացյալ պետություն կազմելու մասին: Հռչակագրում պետք շեշտվի, որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

20. Հայաստանը պետք է ձևակերպի ռեգիոնում իր նպատակները, որպես խաղաղության կողմնակից և պահապան, ազատ տեղաշարժի և համագործակցության շահագռգիռ սուբյեկտ: Ներկայացնի հարևանների հետ փոխադարձաբար հարգվող սուվերենության իր պահանջները և դրանց ապահովման մեխանիզմները:

21. Թուրքերի կողմից գենոցիդի պաշտոնական խոստովանությունը պետք է համարվի հայկական արտաքին քաղաքական գերակայություններից մեկը:

22. Առանձին փաստաթղթով Հայաստանը նախապես պետք է հայտարարի նաև ներքին հումանիտար արտակարգ դրություն մտցնելու մասին, թուրքերի շարունակվող գենոցիդային քաղաքականությունից իր ազգային գոյությունը պաշտպանելու նպատակով:

Այս հոդվածը գրելիս մտածում եմ այն սարսափի մասին, որը կհայտնվի շատ ու շատ ընթերցողների դեմքին: Հասկանալի է, որ 22 տարվա, մինչև մեր ուղն ու ծուծը հասած դոգմա է կասկածի տակ առնվում: Հետևաբար բնական է, որ այս մոտեցումները կյանքի կոչելու հավանականությունը շատ փոքր կլինի: Դրանք խիստ մերժելի և անընդունելի կլինեն ԼՏՊ-ի և նրան կուրորեն հարողների համար, արտգործնախարարության հին, պարտվողական դրվածքները յուրացրած չինովնիկների համար: Մերժողները մի գուցե մարդկանց 90 %-ից էլ ավել լինեն, որովհետև դրանց շարքերում կլինեն նաև նրանք, ովքեր մտածում են, թե Ղարաբաղն էլ, ղարաբաղցիներին էլ ետ տանք, միայն պրծնենք ներհայաստանյան այս մղձավանջային իրականությունից: Ցավոք, այսօր մեզանից շատ մեծ զիջումներ կորզելու գայլային ախարժակ է կուտակված թուրքերի քաղաքական մտահորիզոններում, և հեշտ լուծումներ արդեն իսկապես չկան:

Ինչևէ, շարունակելով ասելիքս, նշեմ, որ այս մոտեցումները կյանքի կոչելու համար առաջին քայլով պետք է մեր ներսում իրար հետ լեզու գտնելու պայմաններ ստեղծվեն: Այսինքն՝

23. Ներքին արտակարգ հումանիտար դրություն հայտարարելու համար զուգահեռաբար պետք է թուլացվի ներքաղաքական լարվածությունը: Մի կողմից պետք է կալանավորվեն մարտի մեկի բոլոր մեղավորները, ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները, ոստիկանությունը և բանակը պետք է հեռացվեն քաղաքական ասպարեզից: Բայց զուգահեռաբար պետք է Հայաստանից արտաքսվի նաև ԼՏՊ-ն...

Ներկայիս հայկական թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական կյանքի համարյա բոլոր ստանդարտները դրվել են ԼՏՊ-ի կողմից: Այդ մարդը սխալ դուրս եկավ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարցերում: Չի կարելի շարունակել նրա կործանարար ուղենիշերի քարոզը: Ժողովուրդը թե՛ ներսում և թե՛ դրսում պետք է հասկանա, որ կանգնած ենք պետականություն կորցնելու ու ֆիզիկական մեծ կորուստների նախաշեմին և պահանջվում են կտրուկ քայլեր:

Ներկայումս ասպարեզում բավարար բազմակարծություն ու տեսակետներ կան մեր անելիքների շուրջը: Շատ բան մակերեսին է, ընդունելի թե՛ իշխանություններին և թե՛ հասարակությանը: Բայց ոստիկանական անիմաստ ծայրահեղությունների, մի քանի անպիտանների պնդաճակատության, ագահության, տգիտության, ինչպես նաև ԼՏՊ-ի արհեստամտության պատճառով, ազգովի դարձել ենք մտածելու, գործելու և համագործակցելու անընդունակ:

Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը ունակ է դեռ պաշտպանվելու արտաքին վտանգից: Բայց անկարող է որևէ քայլ նախաձեռնելու, քանի որ ներքին կապանքներն ու վախն են պատել մեզ: Սա բացահայտ անտրամաբանական իրավիճակ է: Անհնար է, որը ներսում ստրկացված, անարգված ժողովուրդը միավորվի ու հաղթի արտաքին թշնամուն: Այժմ մեր առաջին խնդիրը ներքին հասարակական, աշխարհայացքային ընդհանուր համաձայնության գալու հարցն է:

Ներկա պահին մեր կորուստների դեմն առնելու հնարավություն ունեցող միակ մարդը դա պետական լծակներին տիրապետող երկրի նախագահն է: Ինքը վերջապես պետք է վեր կանգնի իր լեգիտիմության վերականգման սին հույսերից ու գործով զբաղվի՝ աշխարհին հրամցնի, պարտադրի մեր հայկական կողմի ճշմարտությունը...

Հայաստանն այժմ մեկ մարդու ցուցամատով շարժվող երկիր է, և անիմաստ է մեր ներքին ուժային դաշտերում այլ գործոններ ու բարդություններ փնտրելը: Եթե գործող նախագահը ունակ չէ հասկանալու նախագահական պաշտոնի ոչ միայն փառասիրական, այլև պատասխանատվության կողմերը, քաջություն չունի իր դիրքով պարտադրված անհրաժեշտ ներքին ու արտաքին քայլերն անելու, ապա պետք է անհապաղ հրաժարական տա:

25. Պետք է փաստվի նաև, որ պարտվողական, զիջողական մտածելակերպը, դա 95 տարի առաջվա թուրք ենիչերուց կյանք մուրացող և թուրքի խորամանկությամբ իր քսակը կամաց-կամաց դատարկող ապագա զոհի մտածելակերպն է: Պայքարելու, դիմադրելու փոխարեն մասնատվելով, փախչելով, եկեղեցում խմբով այրվող, նահատակվող զոհի մտածելակերպն է: Այն թշվառի մտածելակեպն է, որը ունակ չէ ընկալելու կյանքի իրավունքը հաղթելով ու ստիպելով նվաճելու փիլիսոփայությունը:

26. Եվ այսօր էլ, ի հեճուկս առողջ տրամաբանության ու նախորդ արյունալի փորձի, երեկվա նահատակվող, փրկություն մուրացող անհատ հային փախարինելու է եկել արդեն պետական, ազգային, հասարակական մակարդակով, թուրքից գոյության իրավունք մուրացող մի քանի միլիոնի հասնող հայությունը՝ ի դեմս Հայաստան պետության: Սրան ի՞նչ ասենք, ի՞նչ որակում տանք: Ի՞նչ չլսված, նոր, անհայտ պաթոլոգիա է սա...

27. Պետական և ազգային վերակողմնորոշման հարցում իրենց անելիքն ունեն նաև փողատեր դարձած ու ակամա քաղաքականություն մտած օլիգարխ կոչված մեր անգրագետ ու հոռի տղերքը: Սրանք էլ պարտավոր են իրենց հաշիվ տալու, կենսաբանականից գոնե մի քայլ դեպի մարդկայինը բարձրանալու, համակերպվելու հասարակական օրենքներին և կարգ ու կանոնին:

28. Իրենց հեռատես համարող շատ ու շատ հայտնի դեմքեր, հաճախ կրկնում են այն թեզը, թե իբր եթե Ադրբեջանը հնարավորություն ունենար ու համոզված լիներ իր հաղթանակի մեջ, ապա վաղուց պատերազմի գնացած կլիներ:
Սա մեր քաղաքական տկարամտության հերթական ցայտուն ապացույցն է: Քաղաքականության մեջ գոնե տարրական գիտելիքների տիրապետող պետությունը գիտի, որ տգիտություն է բացահայտ պատերազմի դուրս գալ արագորեն դատարկվող երկրի ու ինքնահոշոտվող ազգի դեմ: Շատ ավելի ռացիոնալ է հոգեբանական պատերազմը՝ մինչև ինքնահոշոտման պրոցեսն ավարտվի ու տարածքը նվաճվի առանց դիմադրության, բնակիչների ու միջազգային գլխացավանքների:

Վերջացնելով ասելիքս, կարծում եմ, որ՝
29. Ժամանակն է, որ Հայաստանում դիվանագիտությունը և մնացած բոլոր մասնագիտական ասպարեզներն էլ դիտվեն որպես համապատասխան գիտելիքների, ունակությունների, և իրավասությունների դաշտեր և դրանցով զբաղվեն իրոք մասնագետները:

30. Ժամանակն է, որ իշխանության վերին դիրքերին հասած մարդիկ իրենց դիրքին հարիր փոքր ինչ փիլիսոփայական խորություն մտցնեն իրենց աշխարհայացքի, պարտականությունների ու գործելաոճի տրամաբանության մեջ և հասկանան, որ քանդելու համեմատ շատ ավելի մեծ է արարման բերկրանքը, հոշոտելու համեմատ շատ ավելի հոգեզմայլ է օգնության վեհությունը, անիծվելու համեմատ առավել հարգալից է օրհնվելու և դրանով փառավորվելու հեռանկարը:

31. Եվ առհասարակ, ժամանակն է բոլորիս հասկանալու, որ ներկայիս ներհայկական ոհմակային վերաբերմունքը մեկս - մեկու հանդեպ անիմաստ վայրենություն է, որևէ կերպ չարդարացված և արդյունքի չբերող դաժանություն:
Շատերը կհարցնեն, իսկ ի՞նչ ենք անելու, եթե ի պատասխան մեր դիրքի կոշտացման, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին գնա հարձակման, գրավի Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ, և գենոցիդի մի նոր գեհենի մեջ բոլորիս էլ ոչնչացնի:

Տեսականորեն սա էլ հնարավոր ելք է: Բայց իրականում շատ ավելի քիչ հավանական, քան մեր դիվանագիտական հաղթանակը կարող է լինել դիրքորոշումների փոփոխության դեպքում: Քաղաքականությունը, դիվանագիտությունը, պատերազմը միշտ էլ ռիսկային անորոշության էլեմենտ ունեն իրենց մեջ: Հարցը ոչ թե ամեն զիջմամբ պատերազմից, կործանարար ելքերից խուսափելն է, այլ նաև ճակատագրին ձեռնոց նետելը և հաղթելու շանսը օգտագործելը: Պատմությունը դա ազգերի պայքարի դաշտ է: Անհնար է այդ դաշտում գոյատևել առանց ստեղծագործելու, կռվելու, պայքարելու, դիմադրելու, հաղթելու և պարտվելու:

Հաղթանակը ապահովվում է իմաստությամբ, խելքով, կամքով, ամենակարևորը՝ հարձակմամբ: Պարտությունը դա տգիտության, անճարակության, ապաշնորհության և միայն վերջին հերթին, նաև ֆիզիկական թուլության հետևանք է:

Ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը չենք կարող հաշվարկել կամ գուշակել որևէ տեսական հարցի կամ սցենարի ճշգրիտ պատասխանը: Հենց այդ պատճառով էլ, ես հարցերը քննարկել եմ արդեն գրանցված արդյունքների հիման վրա: Եղած փաստերն ու արդեն գծագրված հետագա տենդենցները ցույց են տալիս, որ մենք գնում ենք դեպի կապիտուլյացիա: Ես չգիտեմ, թե ինչով է տարբերվելու դա իրական ֆիզիկական պատերազմում պարտվելուց:

Ներկայումս մեր հիմնական և միակ անելիքը դա սպասվող արհավիրքները ժամ առաջ հասկանալն է և դրանցից խուսափելը (կրկնվեմ՝ խուսափելը, այլ ոչ թե զիջելը): Թե ինչ մարտավարություն և գործելակերպ կընտրվի, դա արդեն կախված է այն բանից, թե ինչ կասեն հայ քաղաքական ու իշխանական ասպետները, ժողովուրդը: Կգնանք այնթափցու խորհուրդներով, կստանանք մի արդյունք, կգնանք որպես ոչխարի հոտ, մի քիչ այլ ելք կունենանք: Կպայքարենք, կդիմադրենք, կռիվ կտանք՝ լրիվ այլ արդյունքի կհասնենք: Բայց, անկախ վաղվա օրվա դրական կամ բացասկան արդյունքներից, հիշենք, որ այսօր ոչ մեկը մեզ չի խաբում, և որ մենք՝ ինքներս ենք մեզ ինքնախաբում:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ