Գլխավոր » ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ...
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ...
15:08
Artsakhtoday.com կայքում ապրիլի 16-ին  տպագրված «Բժշկական խեղկատակություն» վերնագրով հոդվածը (ավելի սեղմ տպագրվել է նաև «Նոր էջ»-ում՝ մայիսի 3-ին, «Անտարբերությո՞ւն, թե՞...» վերնագրով) բազմաթիվ արձագանքներ է ունեցել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից։ Այն հատկապես «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի»՝ հանրապետական ծննդատան բժիշկների զայրույթն է առաջացրել։ Հեղինակը՝ Ռուզաննա Ծատրյանը, անհիմն կերպով մեղադրում է ծննդատան բժշկուհիներից մեկին՝ Մարինե Գրիգորյանին, ով, ի դեպ, ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր հատկանիշների համար վայելում է գործընկերների և առողջապահության համակարգի աշխատողների սերն ու հարգանքը. համենայնդեպս, այդ տպավորությունը ստացանք՝ խնդրո առարկայի շուրջ զրուցելով նրա գործընկերների հետ։

Ապրիլի 9-ին՝ նրա հերթապահության ժամանակ, երբ տեղի է ունեցել հոդվածում ներկայացվող դեպքը, նա ամեն ինչ կատարել է միանգամայն արհեստավարժ կերպով։ Փաստորեն հոդվածագիրը ներկայացրել է ընկերուհու պատմածը՝ խեղաթյուրելով փաստերը։ Դրանում համոզվեցինք նաև ինքներս՝ զրուցելով ծննդատան բժիշկների և գլխավոր բժիշկ, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի հետ, ով նախարարության հանձնարարականով ծանոթացել է դեպքի բոլոր մանրամասներին։

«Մեզ համար վիրավորական է ու ցավալի, որ մեր կողմից ցուցաբերված նման մակարդակով բուժօգնությունից հետո անհիմն մեղադրանքներ ու դժգոհություններ ենք լսում»,- զրույցն այսպես սկսեց ծննդատան գլխավոր բժիշկը։

Վ. Օսիպովի ներկայացմամբ՝ ահա թե ինչ է տեղի ունեցել իրականում։ 32 տարեկան կինը, ով հղիացել էր առաջին անգամ, դիմել է կանանց կոնսուլտացիային, ընդ որում՝ արդեն իսկ գանգատներով։ Տեղամասային բժիշկն ամենակարճ ժամանակամիջոցում կատարել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները (համապատասխան փաստաթղթերն առկա են) և հաշվի առնելով կնոջ տարիքը՝ նրան ուղեգրել է հղիների բարձր ռիսկի բաժանմունք։ Չնայած հղիության նման կարճ ժամկետի դեպքում (6 շաբաթական), ինչպես գլխավոր բժիշկն է հավաստիացնում, ստացիոնարում չեն պառկեցնում։ Բայց դա արվել է, քանի որ եղել են կասկածներ չզարգացող հղիության վերաբերյալ, և այն նպատակով, որպեսզի վերահսկվի պտղի ներարգանդային դինամիկ աճը։ Բաժանմունքում հիվանդը ստացել է լրիվ ծավալով համապատասխան բուժում՝ ապահովվելով ամեն ինչով, այդ թվում՝ դեղամիջոցներով…

Այնուամենայնիվ, ապրիլի 9-ի գիշերը կնոջ մոտ արյունահոսությունը մեծանում է։ Կանչում են հերթապահ բժշկին՝ Մարինե Գրիգորյանին։ Վերջինս ասում է, որ հիվանդը լրիվ ծավալով ստանում է անհրաժեշտ բուժում, և դրանից ավել ինքը ոչինչ նշանակել չի կարող։ Եթե սաղմը չպահպանվի, ուրեմն տեղի կունենա վիժում, տեղեկացնում է նա։ Եվ այդպես էլ եղել է։ Առանց որևէ բժշկական միջամտության՝ հիվանդը վիժել է... Այսինքն, Վ. Օսիպովի խոսքերով, Մ. Գրիգորյան բժշկուհին նրանց հայտնել է իրականությունը։

«Բժշկուհին միանգամայն պրոֆեսիոնալ, ճիշտ վերաբերմունք է դրսևորել։ Եթե նրա մոտ փոքր-ինչ պակասեր արհեստավարժությունը՝ նա կփորձեր միջամտել բնական ձևով ընթացող վիժմանը և դրանով իսկ կվնասեր հիվանդին, ու հետագայում երեխա չունենալու վտանգ կառաջանար։ Բայց, ամեն ինչ ընթացել է բնականոն հունով…»,- ասաց Վ. Օսիպովը։
Նրա իրազեկմամբ, գիշերը ուլտրաձայնային հետազոտման բժիշկ կանչելը, որի մասին գրված է Ռ. Ծատրյանի հոդվածում, նույնպես անիմաստ է եղել։ Պարզապես հիվանդի հարազատների կողմից բժշկուհու վրա գործադրված ճնշումների արդյունքում Մ. Գրիգորյանը ստիպված է եղել դա անել։

«Այդ հղիությունը ենթակա էր վիժման, որովհետև աճ չկար, սաղմը չէր զարգանում։ Եվ պատճառն էլ այն էր, որ կինը մինչ հղիանալը չի հետազոտվել։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է առանց հետազոտման հղիանալ նման տարիքում»,- ասաց Վ. Օսիպովը։
Հղիության պահպանումը բուժհիմնարկներում, ինչպես ասաց գլխավոր բժիշկը, սկսում են 8-10 շաբաթական և ավելի լինելու դեպքում։ Մինչ այդ, վիժման նշանների պարագայում բնությունն ինքն է ընտրություն կատարում՝ պահպանե՞լ, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած, իբր, բժշկուհու կողմից արված ոչ կոռեկտ, անվայել արտահայտություններին՝ դրանք ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը՝ ականատեսների հավաստմամբ, հիվանդի հարազատներն են վիրավորանքներ հասցրել Մ.Գրիգորյանին։

«Մեր բժիշկներից ոչ ոք նման բան չի անի, Մարինե Գրիգորյանը՝ առավել ևս։ Մարդ, որը բավականին բարեկիրթ է, համեստ ու սրտացավ։ Կարող ենք դիմել դատարանին, բայց չենք անում՝ դարձյալ Մ. Գրիգորյանի գթասրտության պատճառով…»,- ասաց Վ. Օսիպովը։
Կարծում ենք, հավասարակշիռ, ճշմարիտ և օբյեկտիվ խոսքը պետք է դառնա լրագրողի համար սկզբունք։ Լրագրողը պատասխանատու է իր յուրաքանչյուր բառի համար…

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Տպագրելով Ռուզաննա Ծատրյանի վերոնշյալ հոդվածն ու պատասխան հոդվածը, մենք ձեռնպահ ենք մնացել դրանք մեկնաբանելուց։ Ցավոք, հոդվածագիրները երկուստեք ներկայացրել են միայն մեկ կողմի կարծիքը։ Հետևելով լրագրության էթիկայի կանոններին, մենք ընդամենը երկու հոդվածներից հանել ենք անձնական վիրավորանքները։

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ