Գլխավոր » ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17:38

Դեռևս 2001 թվականին բաց նամակ եմ գրել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, որտեղ նշել եմ, որ երիտասարդների մի զգալի մասը աշխատանք չգտնելով, հեռանում է հայրենիքից, մի մասն էլ աշխատանք չունենալու պատճառով չի մտածում ընտանիք կազմելու մասին... Նախագահին առաջարկել եմ թոշակառուներին փոխարինել չաշխատող երիտասարդներով, ամուսնացող  երիտասարդներին միանվագ նյութական օգնություն ցույց տալ, հանձնաժողով ստեղծել՝ հայրենիքից հեռացած արցախցիների տուն բերելը կազմակերպելու համար....

Տարիներ են անցել և եթե 2001-ին մեզ մոտ եղել է 707 ամուսնություն, ԼՂՀ նոր նախագահի նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ արդեն 2008 թվականին գրանցվել է 3057 ամուսնություն: Քչացել են ամուսնալուծությունները. 1997 թ. գրանցվել է 147, 2009-ին՝ 106 ամուսնալուծություն: Կարգավորվել է ծնելիությունը. 1999 թ. ծնվել է 1645 երեխա, 2009 թ.՝ 2821:

Մեզ մոտ ուրախացնող շատ փոփոխություններ են կատարվել և հիմա էլ կատարվում են: Մեր կառավարությունը մշակել է ԼՂՀ պետական ժողովրդագրական հայեցակարգ, որը տալիս է Արցախի ժողովրդագրական իրավիճակի համառոտ նկարագիրը, նշում այն ուղիներն ու եղանակները, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան ժողովրդագրական կայուն զարգացում ապահովելու համար՝ ծնելիության, առողջության, կյանքի տևողության, կրթության, միգրացիայի և այլ բնագավառներում:

Բայց դա չի նշանակում, թե մենք ուրիշ այլ առաջարկություններ չունենք մեր կառավարությանը ներկայացնելու, բնակչության կյանքի պայմաններն էլ ավելի լավացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Սկսենք մեր ամենօրյա օգտագործվող ջրից: Բոլորը գիտեն, որ ջուրը կյանք է, ջուրն առողջություն է, ջուրը բուժում է, լավ ջրից և լավ սննդից առողջ օրգանիզմ է կառուցվում:

Մինչդեռ Ստեփանակերտում  բնակչությունը ապահովված չէ խմելու ջրով, ուղղակի յոլա ենք գնում: Ամառվա տաք ամիսներին մեր ջրերը տաք են լինում, հնարավոր չի լինում խմել, շոգ ամիսներին էլ ջրի պակաս է լինում, ցամաքում են գետերը, աղբյուրները: Գարնանը մեր ջրերն այնքան պղտոր են լինում, որ պիտանի չեն լինում օգտագործելու համար:  Ջրազտիչ կայաններում լեռներից եկող ջրերն անհնարին է լրիվ մաքրելը: Նորից եմ ասում` մենք խմելու ջուր չունենք, դա է պատճառը, որ մեզ մոտ շատ են սրտանոթային հիվանդները, ստամոքսաղիքային հիվանդությունները, նյութափոխանակության խախտումները, կոկորդի հիվանդությունները և այլն:

Ստեփանակերտցիների մեծ մասը ամառվա տապին թեյ է խմում, մի մասն էլ ծարավը հագեցնելու համար այցելում է մերձակա անտառների աղբյուրները, մի մասն էլ՝ խանութ է գնում՝ շշալցված հյութ, աղբյուրի ջուր, հանքային ջուր գնելու համար: Ամառը Ստեփանակերտում, հեշտ գործ չէ ծարավ հագեցնելը: Ինձ շատ են մտահոգում հանքային ջրերի բարձր գները, որի պատճառով արցախցիները շատ քիչ հանքային ջուր են օգտագործում:

Տեսեք, ջուրը հողի երես է դուրս գալիս պատրաստ վիճակում, մարդիկ լցնում են շշերը, ածխաթթու գազ ավելացնում և հասցնում վաճառողներին, և այսքան հեշտ ստացված ապրանքը ավելի թանկ է մեզ մոտ, քան կաթը, որն արտադրելը կապված է շատ դժվար աշխատանքների հետ: Փառք աստծո, մեր երկիրը հանքային ջրերով ամենահարուստ երկրներից մեկն է, մեր հանքային ջրերն ուղարկվում է արտասահման: Հարց է ծագում. ինչո՞ւ դրանք մեզ մոտ այնքան էժան չեն, որ մարդիկ այնքան օգտագործեն, որքան անհրաժեշտ է:

Ո՞վ չգիտե, որ լյարդի, լեղապարկի, երիկամների, միզափամփուշտի և այլ օրգանների հիվանդությունների ամենաարդյունավետ բուժումն հանքային ջրերով է կատարվում: Ճիշտ չեմ համարում, երբ մեր հայրենիքում արտադրած ապրանքը թանկության պատճառով անհրաժեշտ քանակությամբ չի հասնում բնակչությանը:

Կան պետություններ, որոնք իրենց երկրում արտադրածը իրենց ժողովրդին ավելի էժան են տալիս, քան օտարներին:  Ինչո՞ւ մենք էլ չհետևենք նրանց օրինակին, մի՞թե պատերազմում հաղթած ժողովուրդն արժանի չէ դրան: Մեզ մոտ հանքային ջրերն օգտագործելու մասին այս հոդվածը գրելիս չեմ կարող չնշել, որ մենք շատ հաճախ կեղծած հանքային ջուր ենք օգտագործում, շշերը լցնում են սովորական աղբյուրների և գետերի ջրեր և նույն թանկ գնով վաճառում բնակչությանը:

Այժմ կերակրի աղի մասին: Բոլորս գիտենք, որ Հայաստանը կերակրի աղի հարուստ պաշարներ ունի, նրա արտադրած աղը խորհրդային տարիներին գնում էին շատ էժան գներով՝ մեկ կիլոգրամը 7 կոպեկ, իսկ հիմա՝ մեկ կիլոգրամի դիմաց վճարում ենք 170 դրամ:

Մտածում ու այդպես էլ չեմ կարողանում իմ հարցին պատասխանել. ինչո՞ւ մեր հայրենիքի անսպառ ջուրն ու աղն էժան չեն վաճառում մեզ մոտ...

Մի այլ օրինակ. հիշում եմ, մեզ մոտ մարդիկ շատ էժան գներով հողամաս էին վերցնում, տուն կառուցում: Հողամասերն այնքան մատչելի գներ ունեին, որ բոլորն էլ կարողանում էին հողամաս վերցնել: Այսօր հազար մ2 հողամասն արժե 5 միլիոն դրամ և միայն որոշ մարդիկ կարող են հողամաս վերցնել ու տուն կառուցել: Իսկ մեր օրերում տուն կառուցելն էլ հեշտ չէ. շինանյութը թանկ է, հերիք չէ, շատ հաճախ նույնիսկ դժվար է լինում ձեռք բերել...

Սիրելի ընթերցող, ես մսի, յուղի, բրձնի և այլ սննդամթերքների թանկ լինելու մասին չեմ խոսում, դրանք դժվար են ստեղծվում, մի մասն էլ մենք չենք արտադրում, իսկ այն, ինչ մենք շատ ունենք, բայց թանկ ու անմատչելի են դրանց գները, ես այդ երևույթը ճիշտ չեմ համարում: Մեզ մոտ արտադրած ապրանքը հերոս ժողովրդին էժան գներով վաճառելն ունի և՛ քաղաքական, և՛ սոցիալական նշանակություն:

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
կենսաբան


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ