Գլխավոր » «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՐԵՆ ԱՆԿԱԽ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՐԵՆ ԱՆԿԱԽ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
12:54
«Հ2» հեռուստաալիքը տարիներ շարունակ եղանակի տեսությամբ ԼՂՀ քարտեզը ցուցադրում էր՝ առանց ազատագրված տարածքների, այսինքն՝ 4,4 հազար քառ. կմ տարածքով: Հիշեցնեմ, որ 4,4 հազար քառ. կիլոմետրը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքն էր: Եվ «Հ2»-ի այս «բացթողումը» դժվար թե թյուրիմացության արդյունք լիներ, քանի որ այդ քարտեզը բավականին երկար ժամանակ էկրանից չէր հեռացվում:
Որպեսզի սխալը շտկվի, նման երևույթի դեմ պայքարում էր «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնությունը: Ես էլ եմ մի քանի անգամ «Հ2» հեռուստաալիքի խմբագրություն նամակ ուղարկել՝ խնդրանքով, որ ԼՂՀ քարտեզը ցուցադրվի ազատագրված՝ 11,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Եվ վերջ ի վերջո, երևի թե քաղաքացիական հասարակության ճնշման շնորհիվ, այս խնդիրը լուծվեց:

Նույն սխալը նկատեցի նաև վերջերս: Skarlet ընկերության 48 թերթանոց տետրերից մեկի կազմի վրա պատկերված էր «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, իսկ հետևում՝ ԼՂՀ քարտեզը: Քարտեզի տակ կար Արցախի մասին ծանուցող տեքստ, ինչը շատ ողջունելի է: Սակայն, ինչպես հասկացաք, ԼՂՀ քարտեզն առանց ազատագրված տարածքների էր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) հանդիսանում է սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Հարավային Կովկասում»,- սա ծանուցող տեքստի առաջին նախադասությունն է: Ամեն ինչ ճիշտ է, սակայն եթե «սահմանադրորեն անկախ» եք գրում, ապա պիտի նաև հաշվի առնենք ԼՂՀ Սահմանադրությունը, որում Արցախը ամրագրված է ազատագրված տարածքներով:

Հեռախոսով կապվեցի Skarlet ընկերության հետ: Ներկայանալուց հետո ընկերության աշխատակցուհին բավականին շուտ կռահեց, որ խոսքը քարտեզի մասին է. «Եթե չեմ սխալվում, մենք նման տետրեր էլ չենք թողարկում, սա մեր կողմից թյուրիմացության արդյունք է: Ճիշտ կլինի՝ ավելի կոմպիտենտ բաժնի համար տամ»: Սակայն «կոմպիտենտ բաժնում» հեռախոսազանգերին պատասխանող չկար:

Այս խնդիրը երևի թե վերջնականապես դեռ չի լուծվի: Նախ, մարդիկ շատ քիչ են տեղեկացված ԼՂՀ-ի մասին, երկրորդն էլ՝ քարտեզների վերաբերյալ չկա համընդհանուր պայմանավորվածություն: Իսկ հասարակության դժգոհությունը ՀՀ արտաքին քաղաքականության հանդեպ հիմնականում այն է, որ վերջինս բանակցային գործընթացներում շահարկման առարկա է դարձնում ազատագրված տարածքները:

«Արյունով ազատագրած հողերը հետ չեն տալիս»,- ասում են մարդիկ՝ չիմանալով, որ ազատագրված տարածքները հենց 4,4 հազար քառ. կիլոմետրից զատ՝ մնացած 7,1 հազար քառակուսի կիլոմետրն է:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
hetq.am

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ