Գլխավոր » ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՌԱԿՆԵՐ
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՌԱԿՆԵՐ
12:16
ԿՐԿԵՍԻ ԳԱՅԼԸ

Կրկեսի գայլը փախավ, հարձակվեց ոչխարի հոտի վրա, բայց նույն պահին շները վրա թափվեցին ու սկսեցին գզել նրան։
- Ի՞նչ եք անում,- բողոքեց գայլը,- ախր, ես կրկեսից եմ։
- Կրկեսի համարները մեզ մոտ չեն անցնում,- պատասխանեցին շներն ու գայլի բուրդը քամուն տվեցին։


ԱՂՎԵՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չգիտես ինչ հրաշքով, աղվեսը դարձավ հիմնարկի դիրեկտոր։
- Սա անարդարություն է,- կնճիթը շարժեց տեղակալ փիղը:- Ախր, ո՞վ է տեսել կամ լսել, որ աղվեսը փոխարինի վագրին։
- Ես զայրույթից կպայթեմ,- փրփրեց կադրերի բաժնի վարիչ արջը:- Ո՞վ և ի՞նչ իրավունքով է աղվեսին մեզ վրա դիրեկտոր նշանակել։
- Բողոքենք վերադասին,- ըմբոստացան գայլը, հովազը, ընձուղտը և զեբրը։
Բայց չհասցրին։ Աղվեսը հաջորդ օրը փղին լարեց արջի դեմ, արջին՝ գայլի դեմ, գայլին՝ ընձուղտի, ընձուղտին՝ զեբրի, զեբրին՝ փղի դեմ... Հետո հրավիրեց ընդհանուր ժողով, քննարկեց նրանց վարքագիծն ու վտարեց աշխատանքից…


ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Մեռավ Առյուծստանի արքա Առյուծ 20-րդը։ Երբ աղվեսի փայլուն դամբանականից հետո հանգուցյալի դիակն իջեցրին գերեզման, կատուն բռնեց դագաղի կողքից ու ասաց.
- Ինձ էլ թաղեցե՜ք արքայի հետ... Ինձ էլ թաղեցե՜ք... Ես չեմ կարող դիմանալ այս ծանր հարվածին... Ես կխելագարվե՜մ։
- Թաղեցե՜ք, թաղեցե՜ք,- ծվծվացին մկները,- մենք խոսք ենք տալիս մեր միջոցներով դամբարան կառուցել նրա գերեզմանին։
Կատուն այս որ լսեց, ետ նետվեց գերեզմանից, գլուխ տվեց մկներին ու պատասխանեց.
- Զգացված եմ, սիրելիներս, չեմ թողնի, որ ավելորդ ծախսերի տակ ընկնեք։


ԿՐԿԵՍԻ էՇԸ

Կրկեսի էշն իր ցեղակիցներին հանդիպեց դաշտում արածելիս ու սկսեց նախատել.
- Աստված իմ, դուք էլի նույն ավանակն եք մնացել: Ախր, հասկացեք, կյանքն այնտեղ է՝ կրկեսում։
- Իսկ դու կրկեսում ի՞նչ ես անում,- հարցրին ցեղակիցները։
- Վազում եմ, պոչս շարժում, զռռում, թավալ տալիս... Մարդիկ ինձ հեծնում են, սայլ եմ քաշում…
- Բայց չէ՞ որ մենք այդ նույն բաները կատարում ենք նաև այստեղ։
- Իսկ ո՞վ է գնահատում ձեր արվեստը։


Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ