Գլխավոր » ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԲԵՌՆՈՒՄ. ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՔԱՅԼԵՐ
ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԲԵՌՆՈՒՄ. ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՔԱՅԼԵՐ
12:52
Քանի որ կրկնությունն արդարացիորեն համարվում է գիտության մայր, ապա ավելորդ չի լինի այսուհետև ևս անդրադառնալ պետականաշինության այն հարցերին, որոնք, ի հեճուկս իրենց բացարձակ և նախապատիվ կարևորության, չեն լուծվում այլևայլ անհիմն և պատրվակյալ արդարացումներով: Խոսքը վերաբնակեցման ընթացքի և վերջինիս առանցքային հիմնտարարրերից մեկի՝ փաստացի կասեցված բնակարանաշինության մասին է: Խիստ ձանձրալի է բացատրել, որ դպրոցաշինության եզակի դրվագները, ինչ-ինչ ենթակառուցվածքների բարեկարգումները, բազմազավակ ընտանինքների համար տների կառուցումն ինքնին գովելի երևույթ լինելով հանդերձ, չեն կարող լրացնել հիմնական բացը՝ վերաբնակվել ցանկացող ընտանիքների համար տներ չկառուցելը, նոր բնակավայրեր չհիմնադրելը, վերաբնակեցման գոտում տնտեսվարման արտոնյալ պայմաններ չստեղծելը և այլն:

Ամեն կարգի դատողությունները՝ ֆինանսների «ոչ բավարար» լինելու կամ «եղածն ամրապնդելու» վերաբերյալ անպատասխանատու և վտանգավոր ճամարտակություններ են: Խնդիրն ունի ակներև քաղաքական նշանակություն, իսկ բազմամյա կրավորական մերձմեռյալ վիճակի հերթական հարատևումը հարուցում է քաղաքական բնույթի լուրջ տարակուսանք: Արցախի իշխանությունները, ենթարկվելով հանրության մոտ տարածքային նվազագույն իսկ զիջումն իսպառ բացառող վճռականության թելադրանքին, վերջին տարիներին մի քանի անգամ հրապարակավ հավաստել են՝ Արցախի ներկայիս տարածքի ամբողջականությունը պահպանելու և վերաբնակեցումը՝ պետական կարևորագույն առաջնահերթություններից մեկը դիտելու մասին: Այժմ հարկավոր է այս հավաստիացումներին մարմին հաղորդել և վերաբնակեցումն անվանական և հռչակագրային ոլորտից փոխադրել գործնական քայլերի դաշտ:

Անհրաժեշտ է օր առաջ՝ սույն թվականի սեպտեմբերից իսկ սկսած ձեռնարկել հանրային լայն մասնակցությամբ հրապարակային քննարկումներ՝ վերաբնակեցման նոր հայեցակարգի տարրերն ուրվագծելու, ձևակերպելու և կիրառման առավել արդյունավետ ուղիները հստակեցնելու նպատակով: Անհրաժեշտ է մշակել և արտահերթ հրատապությամբ օրինադրել «ԼՂՀ Հայրենադարձության և վերաբնակեցման մասին» օրենքը:

Այս օրենքն ու դրանից ածանցյալ գերատեսչական ակտերը պետք է օժտված լինեն ներքին բազմաշերտ ճկունությամբ՝ չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու վարչարարական բնույթի բազում գործնական խոչընդոտներն ու անհեթեթ բյուրոկրատական ընթացակարգերը:
Քարվաճառի շրջանում մոտակա տասնամյակի հեռանկարով պետք է սահմանել անասնապահական առանցքային գոտում տարեկան մեկ գյուղ հիմնադրելու պետական պարտավորությունը: Միայն այս ճանապարհով կարելի է վերակենդանացնել 2005-2007 թվականներից կանգնեցված վերաբնակեցումը և իրական հիմքեր ստեղծել՝ Քարվաճառի շրջանի անասնապահական ահռելի ներուժի յուրացման գերխոստումնալից մեկնարկի ուղղությամբ:

Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավային թևերում՝ արաքսամերձ գոտու ողջ երկայնքով, կրավորական կամ օլիգարխիկ տնտեսվարման ներկա դրությունը պետք է փուլայնորեն փոխարինվի նորահաստատ վերաբնակիչների ագարակային տիպի տնտեսավարմամբ: Հարկ է լրջորեն աշխատել արաքսամերձ գոտին՝ առավելագույն արտոնություններով տնտեսական ազատ գոտու վերածելու ուղղությամբ: Արաքսի երկայնքով պետք է հիմնադրվի մի քանի քաղաքատիպ ավանների շարք՝ ներգաղթի հիմնական զանգվածն ու ներդրումների հոսքն այնտեղ վերուղղելու համար: Արաքսամերձ գոտում ներդրումների անհրաժեշտ ծավալն ուղղորդելու համար պետք է ոչ միայն դիմադրել երևանյան ինչ-ինչ շրջանակների չկամությանը, այլև անձամբ ձերբազատվել կառավարման անճկուն, կոռուպցիոն և «գերվերահսկողական» ավանդույթներից:

Պետք է դադարեցնել տարածքային անհամաչափության հիման վրա Արցախի զարգացման արդի քաղաքականությունը: Պետք է շտապ կանխել Արցախի «ստեփանակերտացումը»՝ Հայաստանի «երևանացման» մոդելի համաձայն: Բնականաբար, դա կպահանջի լուրջ «զոհողություններ»՝ Երևանից ստացվող «միջպետական վարկի» սահմաններում Ստեփանակերտում էլիտար շինարարության ծավալների կտրուկ կրճատման և «ձերբազատված» ֆինանսական միջոցները վերաբնակեցման գոտի, մասնավորապես՝ արաքսամերձ գոտի վերուղղելու հարցում: Դրա այլընտրանքը՝ ազգային անվտանգության և վերանորոգ ազգային պետականության դեմ փաստացի ծանրագույն հանցանք գործելն է:

Ժամանակն է արմատապես վերափոխելու վերաբնակեցման արդի կացությունը՝ ի շահ Հայոց պետության և համընդհանուր ազգային բարգավաճման:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆ
hetq.am

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ