Գլխավոր » ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑ Է
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑ Է
17:40

Վերջապես վրա է հասել այն պահը, երբ ոչ թե առանձին անհատներ, այլև կառավարողական համակարգում էլ եկել են այն համոզման, որ հայկական գյուղը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ և որ գյուղատնտեսության կառավարումը ենթակա է արմատական վերափոխումների: Հենց այս իմաստն է կազմում երևանյան «Նովոյե վրեմյա» թերթի ս.թ. մարտի 18-ի համարում տպագրված «Վրա է հասել ագրարային քաղաքականության վերանայման ժամանակը» վերնագրով հարցազրույցը պետական և քաղաքական նշանավոր գործիչ, Հայաստանի հասարակական խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանի հետ:

Բոլորին է հայտնի, որ տնտեսավարման գործում, մանավանդ երբ այն վերաբերվում է գյուղատնտեսությանը, շահավետ է խոշորացված և ոչ թե նրա մասնատված, մանր-մունր արված ձևը: Հայաստանում և Արցախում 17-18 տարի առաջ տեղի է ունեցել հակառակը՝ գերապատվությունը տրվել է մասնատմանը: «Լաթային (лоскутное) հողօգտագործում» - այսպես է բնութագրում ստեղծված իրավիճակը Վ. Մովսիսյանը և շարունակում. «1 մլն 280 հազար հողակտորը տիեզերական թիվ է և արգելակում է տեխնիկայի, տեխնոլոգիաների արմատավորմանը, կնշանակե նաև աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ռեֆորմը մեզ դեն է նետել մինչև ֆեոդալական դարաշրջանը»:

Մեր տնտեսության կարևորագույն ճյուղը հայտնվել անելանելի վիճակում, այնքան վատթար, որ ինչպես վկայում է Վ. Մովսիսյանը, «Երկրի նախագահ Սերժ Սարգսյանն էլ մտահոգված է ագրարային ոլորտում տիրող գործերի վիճակով»: Եվ իրոք որ անհանգստանալու բոլոր հիմքերը կան: «Մասնավոր հողօգտագործումը մեզ չի բերել այն բարիքները, որոնց սպասում էինք,- ընթերցում ենք հարցազրույցում,- մենք առայժմ չունենք վաճառողի շուկա, կա միայն գնողի շուկա: Չնչին քանակությամբ գնում են գյուղացուց և կեղեքում քաղաքաբնակներին: Սակավ հողատեր երկրում շրջանառությունից դուրս է մնացել տասնյակ հազար հեկտար հող (240 հազար հա՝ ըստ թերթի ծանոթագրության): Արտադրում ենք քիչ, բայց ստացածն էլ չենք կարողանում իրացնել»:

Ավելի մտահոգիչ են այն տվյալները, որ պարունակվում են հողի, այսպես կոչված, սեփականաշնորհման, հետխորհրդային գյուղի «ֆեոդալականացման» մասին հոդվածում, որը տպագրվել է նույն թերթի ապրիլի 28-ի համարում: Փաստերն աղաղակող են: Հանրային ունեցվածքի զանգվածային թալան, լավագույն հողերի հափշտակում հարուստ քաղաքաբնակների կողմից, բատրակության վերահաստատում շատ տեղերում, մինչև իսկ մեծ չափերի հողատարածքների ոռոգման ջուր մատակարարող գետերի սեփականաշնորհում՝ այսպիսի մռայլ գույներով է ներկայացված հայաստանյան այսօրվա գյուղն այդ հոդվածում:

Մենք վերոհիշյալ բոլոր տվյալները Հայաստանից մեջբերեցինք ոչ նրա համար, որ ԼՂՀ-ում գյուղատնտեսության վիճակը բարվոք է: Պարզապես Արցախից մեր ձեռքի տակ նմանատիպ տվյալներ չկան, քանի որ ԼՂՀ վիճակագրությունն այդ մասին ոչինչ չի ներկայացնում հանրությանը:

Ներկայումս ԼՂՀ իշխանությունները, անձամբ երկրի նախագահ Բ. Սահակյանն ուշադրության կենտրոնում են պահում արցախյան գյուղն ու նրա հոգսերը: Մեծ թափ է ստացել շինարարությունը, ավելացվում են ոռոգման ենթակա տարածքները, գազիֆիկացվում են գյուղական բնակավայրերը, հատկացվում են արտոնյալ վարկեր և այլն:

Սակայն, մեր կարծիքով, այս ամենը կարող է գյուղատնտեսական արտադրության վերելքի գրավական լինել, եթե զուգակցվի հողօգտագործման արդյունավետ գների արմատավորման հետ: Ահա թե ինչու մենք համամիտ ենք Վ. Մովսիսյանի այն մտքի հետ, որ «Եվ գյուղի, և գյուղատնտեսության զարգացումը պետք է ընթանա միասնական քաղաքական հունով: Պետք է, վերջապես, հասկանալ, որ առանց զարգացած գյուղի չի կարող լինել և զարգացած գյուղատնտեսություն և՝ ընդհակառակը»:

Հենց այս հաշվառումով է, որ ըստ Վ. Մովսիսյանի վկայության, այժմ կազմվում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման մինչև 2020 թ. ներառյալ ընդգրկող ծրագիր, որի հիմքում ընկած է անցումը կոոպերացմանը: Սակայն մի բան անհայտ է մնում. թե կոոպերացման ինչպիսի ձևեր են նախատեսվում այդ ծրագրով: Հարցազրույցից կռահել կարելի է միայն, որ գերապատվությունը տրվում է կոոպերացման սպառողական, տեխնիկական սպասարկման ձևերին:

Ցավոք ոչինչ չի ասվում ծրագիրը համաժողովրդական քննարկման դնելու, հանրության և հատկապես գյուղատնտեսության բնագավառի մասնագետների ու հենց իր՝ հողի մշակի կարծիքը իմանալու մասին: Այստեղից էլ ծնվում է տագնապը. արդյո՞ք այդ միջոցառումը չի կրի վերնախավային բնույթ և մինչև իսկ հարկադրաբար չի պարտադրվի հողի մշակին, ինչպես դա տեղի ունեցավ հողի սեփականաշնորհման ժամանակ:

Այսպիսի դատողության հանգելու հիմք կա: Վ. Մովսիսյանը նպատակահարմար է գտնում միավորվել ոչ թե սեփականությամբ, այլ ըստ նպատակների և խնդիրների՝ ձեռք չտալով հողի մասնավոր սեփականության ներկայումս ընդունված կարգին: Սա էլ, ըստ նրա, իրավունք է տալիս հողը հանձնել վարձակալման, մինչև իսկ՝ վաճառել: Այս դեպքում էլ ինչո՞ւ դժգոհել, որ գյուղում բատրակությունը լայն թափ է ստացել: Չէ՞ որ դա հենց հողի վարձակալման և վաճառքի տխուր հետևանքներից մեկն է, սոցիալական լարվածության աճի հիմքը:

Մենք կուզենայինք ասել ավելին: Հողը, ընդերքը մասնավորեցնելը, առուծախի առարկա դարձնելը հակաժողովրդական արարք է: Թե՛ մեկը և թե՛ մյուսը մարդկային արարման արդյունք չեն, մարդուն տրված են ի վերուստ և իրենց օգտավետությամբ պետք է ծառայեն տվյալ երկրի հանրությանը և ոչ թե առանձին «լովկաչների» գերհարստացմանը: Էլ չենք ասում, որ պետական կայուն ոլորտ ունենալը պետությանը հնարավորություն է տալիս ունենալ նաև տնտեսության, հանրային կյանքի մյուս ոլորտների վրա իր ազդեցությունը պահպանելու հզոր միջոց: Վերջապես, եթե հենց իրենք՝ կոոպերատիվի անդամները, ցանկանում են, որ իրենց մշակությանը հանձնված հողը լինի պետական՝ արգելակել պե՞տք է:

Գո՞ւցե դրանք խորհրդային իշխանության տարիներին չեն արդարացրել իրենց: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, որ հողի սեփականաշնորհման ջատագովներից ու իրականացնողներից մեկն էր, այսօր իր քաղաքական և հասարակական գործունեությանը նվիրված եռահատոր ուսումնասիրության մեջ գտնում է, որ «տասնամյակներ գոյացած և կայացած կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների վերացումը հանցագործություն էր»: Կամ, արդյո՞ք, սխալ են վարվում Ռուսաստանում, Բելառուսում, ԱՊՀ այլ երկրներում, որ առայսօր պահպանում են տնտեսավարման այդ ձևերը և դրանք վերացնելու մտադրություն բոլորովին չունեն:

Հեռու չգնանք, պակա՞ս հաջողությամբ էր գործում մեր՝ արցախյան գյուղատնտեսությունը խորհրդային տարիներին: Ամփոփ ասած՝ անցյալ դարի 80-ական թվականներին մենք տարեկան 3-4 անգամ ավելի շատ միս, կաթ, ձու, բուրդ և այլ մթերքներ էինք արտադրում, քան ներկայումս: Միայն Մարտակերտի խորհտնտեսությունն երկու անգամ ավելի շատ խաղող էր ստանում, քան այսօր՝ ողջ ԼՂՀ-ն: Ընդհանուր առմամբ, խաղողի արտադրությամբ մենք արդեն հասել էինք Հայաստանին՝ տարեկան հավաքում էինք 180-200 հազար տոննա (ներքին կարիքների համար թողվածի և շուկայում վաճառածի հետ միասին) և ստանում այնքան եկամուտ, որքան այսօր ԼՂՀ պետբյուջեն է: Հացահատիկ ստանում էինք 80-100 հազար տոննա, այսինքն՝ այնքան, որքան այժմ ազատագրված տարածքների հետ միասին:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ տնտեսավարման այս եղանակը, լինելով արտադրության խոշորացման բարձր ձև, ունի անփոխարինելի և այն առավելությունը, որ հնարավորություն է տալիս ստեղծել միջտնտեսային խոշոր համալիրներ, որոնք ի վիճակի են միջոցների անհամեմատ քիչ ծախսերով ստանալու ավելի շատ և էժան արտադրանք: Չենք էլ կասկածում, որ ներկայումս, երբ արցախյան գյուղը խիստ շերտավորված է, հեշտ չի լինի, այն էլ՝ կարճ ժամկետում, անցնելու կոոպերացիայի այսպիսի ձևի: Ամենից առաջ դժվար կլինի լուծելու միավորման անդամների վարձատրության հարցը:

Սակայն ելք գտնել կարելի է: Մինչև ընդհանուր սեփականությանն անցնելը հեշտ կլինի միավորման ամեն մի անդամի վարձատրել ոչ միայն ըստ նրա աշխատանքային վաստակի, այլև ներդրած միջոցների և, տնտեսավարման այդ ձևերը անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով, հասցնել կատարելագործման:

Համամիտ ենք Վ. Մովսիսյանի այն մտքին, որ կոոպերացիային անցնելով ոչ միայն կլուծենք մթերային անվտանգության հարցը, այլև կկանխենք մեր գյուղական վայրերից վտանգավոր չափերի հասած արտահոսքը: «Ո՞վ է պաշտպանելու մեր սահմանները,- ասում է նա և մեջբերում հետևյալ օրինակը.- Այսօր Բերդի շրջանում ընդամենն ապրում է 24-26 հազար, նախկինում՝ 54 հազար մարդ: 70-80-ական թվականներին բնակչության թվաքանակը կրճատվել է 36 հազարով: Մինչդեռ Ադրբեջանի՝ նրան սահմանակից շրջաններում ապրում է 680 հազար մարդ: Մտահոգվելու կարիք կա, ճիշտ չէ՞»:

Պետք է համարձակություն ունենալ ասելու, որ Արցախում այս տեսակետից իրավիճակն ավելի վատթար է, քանի որ մեզ պարտադրված պատերազմն ու հողի սեփականաշնորհման գործընթացն առավել կործանարար հետևանքներ են ունեցել: Միայն անցյալ տարի դատարկված գյուղերի թվաքանակը երկուսով (Քյաթուկ, Դահրազ) էլ ավելացավ: Կարելի է թվարկել շատ գյուղեր, որոնց բնակչությունը վերջին 15-16 տարում պակասել է մեկ երրորդով:

Կար ժամանակ, որ գյուղական խոշոր վայրերում մենք ունեինք 20 ժամանակակից արդյունաբերական արտադրամաս՝ յուրաքանչյուրը 120-130 աշխատատեղով: Նախկինին մենք վերադառնալ չենք կարող, քանի որ այժմ դրսից հումք ստանալու հնարավորություն չունենք: Ներկայիս մեր իրավիճակն այլ բան է հուշում՝ ստեղծել գյուղատնտեսական մթերքների վերամշակման լայն ցանց: Այս բնագավառում Հայաստանը բավական առաջընթաց է արձանագրել, չնայած կատարվածը հեռու է բավարար լինելուց:

Բա մենք ի՞նչ ասենք, երբ ընդամենն ունենք նման տիպի ոչ մեծ կարողությամբ մի ձեռնարկություն («Արցախֆրուտ»): Եթե մենք առանձնահատուկ խնամք տանենք մեր եղած այգիների նկատմամբ, գցենք նորերը, կարող ենք արտադրել մակնիշային գինիներ ու կոնյակ, օղի, դոշաբ, հյութեր: Կար ժամանակ, որ մեր «Խնդողնի» գինին մինչև իսկ Եվրոպա էր առաքվում: Ոչ մի տեղ կանաչեղենն ու անտառային պտուղներն այն համը չունեն, ինչպիսին ունի մերը: Լրացուցիչ ռեզերվ՝ էկոլոգիապես մաքուր արտադրատեսակներ թողարկելու համար: Եթե մենք կարողանանք հասնել այս ամենին, հասկանալի է, կունենանք ոչ միայն բազմամարդ, այլև բարեկեցիկ կյանքով ապրող գյուղեր: Մինչդեռ միայն վերջին 14-15 տարում թթայգիների տարածքը Արցախում պակասել է կիսով չափ:

Կոոպերացման անցնելն իր նշանակությամբ, անցման բարդություններով հավասարազոր է կոլեկտիվացմանը: Այն նախատեսվող օգուտը կբերի զուտ այն դեպքում, եթե ունենանք մանրազնին և գիտականորեն մշակված ծրագիր և այն խելացիորեն իրականացնելու կամք: Կպահանջվեն բավական կապիտալ միջոցներ, որոնք կարելի է ձեռք բերել, եթե վերացվեն ժամանակի պահանջով չթելադրված ծախսերը, եթե աշխատենք խնայողաբար: Համոզված ենք՝ թե՛ մեզնում, թե՛ դրսում էլ կգտնվեն կապիտալ միջոցներ, որոնք կարելի է ներգրավել և ծառայեցնել մեր գյուղատնտեսության զարգացմանը:

Մենք բոլորովին էլ այն կարծիքին չենք, թե մեր առաջարկները ճշմարտության վերջին խոսքն են: Կարծում ենք, որ դրան կարելի է հասնել միայն համընդհանուր շահագրգիռ քննարկման միջոցով: Հուսանք, որ այդպես էլ կլինի:

 

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Անասնաբուծական գիտությունների թեկնածու
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
լրագրող


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ