Գլխավոր » ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ԶԱՆԳ ԿԱԽՈՂ ՉԿԱ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ԶԱՆԳ ԿԱԽՈՂ ՉԿԱ
22:42
Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է. «Եթե Ադրբեջանն իրացնի իր ռազմատենչ սպառնալիքները, այդ ամենի արդյունքում երրորդ հայկական պետությունը կստեղծվի»։ Եթե նա այս նախադասությունը արտաբերած լինի Մոսկվայում՝ ռուսական որևէ պարբերականի խմբագրությունում, գուցե դա ընկալելի լիներ։ Ասենք, որպես Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ուղղված պատասխան՝ արտաքին լսարանի համար։ Բայց ոչ, այդ խոսքերը նա հայտարարել է ՀՀ ԱԺ խորհրդարանի ամբիոնից, ասել է թե՝ հենց ներքին սպառման համար, հայկական քաղաքական դաշտում արդեն ավանդույթ դարձող, հակառակորդի հոխորտանքին հոխորտանքով պատասխանելու ոգով։

Երբ հակառակորդը պարբերաբար զենք է գնում, զենք է կուտակում և բղավում «օկուպացված տարածքները» պատերազմով ազատագրելու մասին, դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց երբ հայ քաղաքական գործիչը խոսում է Ադրբեջանի տարածքում նոր հայկական պետություն ստեղծելու մասին, այն պատգամավորներից մեկը, որ ընդամենը կոճակ սեղմելու և ԼՂՀ անկախությունը ճանաչելու քաջություն չունեցավ, դա արդեն, մեղմ ասած, անբարո է։ ՀՀ Ազգային ժողովում ճառ ասողները կարծես թե շատացել են, բայց, ինչպես հանրահայտ «Մկների ժողովում», զանգ կախող չկա ու չկա։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, ի պատասխան այն դժգոհության, թե ազերիների կողմից հայ զինվորների սպանություններին հայկական կողմը պատասխանում է միայն հայտարարություններով, հայտնել է, թե «հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ»: Երևի պարոն խոսնակը նկատի ունի ազերիների այն կորուստները, որ արդյունք են նրանց բանակում կատարվող «ռազբորկաների», և որոնց մեղքը ադրբեջանական կողմը շարունակում է բարդել հայկական բանակի վրա։

Համաձայն եմ, որ հակառակորդի սպառնալիքներին պիտի պատասխանել սպառնալիքով։ Վերջին հաշվով, մի կողմից դա հակառակորդին ցույց կտա, թե թքած ունենք օրեցոր աճող իր ռազմական բյուջեի կամ զինուժի վրա, մյուս կողմից՝ կբարձրացնի հայ զինվորի, ժողովրդի ոգին։ Համենայն դեպս, դա ավելի լավ է, քան՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»-ի ոգով արված հայտարարությունը։ Բայց խոսքը համարժեք սպառնալիքի մասին է, ոչ թե դատարկ հոխորտանքի, ոտքի տակ հող չունեցող սնապարծ հայտարարության։

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի արդյունքում մենք ազատագրել ենք ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի սահմանները՝ 4,4 հազար քառ. կմ-ն, այլև երբեմնի հայկական այն տարածքները, որոնք ամրագրել ենք ԼՂՀ Սահմանադրության մեջ և որոնք եղածի հետ կազմում են շուրջ 13 հազար քառ. կմ։ Եվ այս ողջ տարածքում ընդամենը 140-143 հազար բնակչություն է ապրում (տեղեկացնենք, որ Եվրոպայում գտնվող 13,8 հազար քառ. կմ տարածք ունեցող Չեռնոգորիան 2010 թ. տվյալներով ունի 724 հազար, իսկ ընդամենը 2,6 քառ. կմ տարածք ունեցող Լյուքսեմբուրգը՝ 460 հազար բնակիչ)։

Այսօր հազարավոր հա վարելահող, հանածոներ և բնական այլ հարստություն ունեցող արցախցին ապրում է ողորմելի, աղքատ որբի պես, իսկ Հայաստանը դատարկվում է՝ «հզորացնելով» սփյուռքը։ Ադրբեջանում «երրորդ հայկական պետությունը» ստեղծելուց առաջ լավ կլինի նախ մտածենք եղածը պահելու մասին։ Դատարկ հոխորտանքը ամենից առաջ մեզ է վնասում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




Արցախում տպագրվող միակ անկախ պարբերականը՝ «Նոր էջ» հանրային թերթը, ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է այսուհետ նվազեցնել լույսընծայման պարբերականությունը։
«Նոր էջ»-ի խմբագրակազմը քննարկում է նաև թերթի տպագրությունը լիովին դադարեցնելու տարբերակը։ Վերջնական որոշման մասին կհայտնվի ընթերցողներին։

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ