Գլխավոր » ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ. ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ. ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
22:44
Հետաքրքիր է, որ մարդիկ բազմապիսի խորհուրդների կարիք ունեն: Հետաքրքիր է նաև, որ փոխանակ իրենք մտածեն, սպասում են ուրիշների խորհուրդներին: Կփորձեմ, ուրեմն, մի քանի օգտակար խորհուրդ տալ, վստահ, որ եթե հետևեք իմ խորհուրդներին, աշխարհը ձեր աչքին կգեղեցկանա:

Աշխարհին մի՛ երևացեք թթված ու ընկճված դեմքով 

Եթե մենք բոլորս հիշեինք այս պատվիրանը, լուսանկարիչները հարկադրված չէին լինի վերստին հիշեցնել, որ հարկավոր է ժպտալ: Եկեք չմոռանանք, որ ավելի սարսափելի բան չկա, քան դժբախտության ժամին տխրելն ու հառաչելը: Եթե կինդ փախչում է ուրիշի հետ, հիշիր աշխարհիս ուրախություններն ու հրճվիր: Եթե զրկվում ես ունեցվածքիցդ, ամբողջ ձայնով ծիծաղիր ու փառք տուր Աստծուն: Եթե քեզ տանում են կախաղան հանելու, քահանային անեկդոտ պատմիր ու քեզ պահիր հարեմ մտնող սուլթանի պես:

Զայրույթի պահին վճիռ մի՛ ընդունիր 

Կան մարդիկ, որոնք հեշտորեն են զայրանում: Ամեն մեկին տրված չէ զայրույթը զսպել, երբ երրորդ հարկից ծաղկաման է ընկնում գլխին կամ երբ լվացքաջուր են շփում երեսին: Հիշեք, որ նույն պահին հատուցելու ցանկությունը հաճախ պսակվում է պարտությամբ, մանավանդ, եթե գերագնահատում եք ձեր ուժերը: 
Կարող է պատահել, օրինակ, որ ձեր ոտքը տրորի ինչ-որ բռնցքամարտիկ: Եթե դուք անհավասարակշիռ մարդ եք և փորձում եք նույն պահին վրեժ լուծել, այս աշխարհում ձեզանից մնում է անմարմին հուշ միայն: Ժամանակին բռնիր քո ձեռքը և մի՛ լինիր հիշաչար: Մի՛ գոռա, թե ես կսպանեմ դրան, մի՛ փորձիր նախապատրաստվել այդ սպանությանը: Միշտ հիշիր, որ մեր արդարադատության ու անվտանգության օրգանները զարգացման այն աստիճանին են հասել, որ քեզ կարող են բանտարկել անգամ թաքուն մտքերի համար…

Գիշերով սպասուհու սենյակը մի՛ մտեք

Եթե ամուսնացած եք, համոզված եղեք, որ ոչ մի կին չի ների, եթե գիշերով մտնեք իր սպասուհու սենյակը: Եթե չմտնելն անկարելի է, աշխատեք ձեռքի տակ ունենալ արդարանալու զորեղ փաստարկներ, թեև կանայք թքած ունեն այդ փաստարկների վրա: Ասել, թե գնացել էիք սպասուհուն ստուգելու՝ հիմարություն է: Ասել, թե շփոթել էիք սենյակները՝ ապուշություն է: Ասել, թե դուք լուսնոտ եք՝ կատարյալ էշություն է: Ամենախելամիտ արդարացումն, իմ կարծիքով, անկեղծ խոստովանությունն է:

Չեխերենից թարգմանությունը՝ 
Հովհաննես Հարությունյանի

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ