Գլխավոր » 2009 23 մարտի N 4 /1
2009 23 մարտի N 4 /1
16:01
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, ՊԱՐՈՆԱՅՔ

Խորհրդային սոցիալիստական համակարգի փլուզումից հետո իրենց անկախ պետություն հռչակած նախկին ԽՍՀՄ կազմավորումները յուրաքանչյուր տարի, որպես պետական տոն, նշում են իրենց անկախություն օրը։ Եթե շովինիստական Մոսկվայից կախյալ վիճակում գտնվող բոլոր ազգային պետությունների համար դա միանգամայն բնական է, ապա միանգամայն անհասկանալի և անտրամաբանական է, թե Ռուսաստանն ինչո՞ւ է եռանդով նշում այդ տոնը։ Ռուսիան ումի՞ց է անկախացել, այդ ո՞ւմ գաղութային լծից է դուրս եկել։ Եթե բոլոր այդ նախկին հանրապետությունները շահել են, ապա կորցնողն ո՞վ է։ Քաղաքական պարադո՞քս է սա, թե՞ խեղկատակություն։

Մյուս պարադոքսը։ Սոցիալիստական համակարգի, հատկապես ԽՍՀՄ-ի փլուզմամբ, ասում են, պարտվել է սոցիալիզմը: Մինչդեռ պարտվել է ոչ թե սոցիալիզմը, սոցիալիստական գաղափարախոսությունը, այլ ռուսակա°ն սոցիալիզմը, ռուսակա°ն բարոյականությունը, պարտվել է ռուսակա°ն կայսերապետական ու գաղութատիրական մտածողությունը, ռո°ւս ազգի պաշտամունքը, աշխարհի վզին ռուսական մտածելակերպ ու ապրելակերպ փաթաթելու նացիոնալիստական մտայնությունը:

Փլուզվել է սոցիալիստական այն համակարգը, որի գլխավոր առանցքը Ռուսաստանն էր: Պարտվել է սոցիալիզմի ռուսակա°ն մոդելը։ Չինական սոցիալիզմը դեռ ապրում է, որովհետև նրանց սոցիալիզմը ռուսական չէ: Շվեդական սոցիալիզմին ու այդ երկրի զարգացման մակարդակին կարող են նախանձել ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունները։ Սոցիալիստական արտադրաեղանակից օգտվում են սկանդինավյան և եվրոպական որոշ երկրներ։
 
Սոցիալիզմի փլուզումից առաջ Ռուսաստանում խայտառակ ձևով փլուզվել էր կապիտալիզմը: Սոցիալիզմի փլուզումից հետո այսօր էլ ռուսական կապիտալիզմը գետնաքարշ է, որովհետև, մեծ հաշվով, պատմությունը ցույց է տալիս, որ Պետրոս Առաջինից հետո ռուսներն այդպես էլ չեն կարողացել լիարժեք պետություն ստեղծել՝ լինի դա կապիտալիստական թե սոցիալիստական: Այս է ողջ իրողությունը:

Մենք և ռուսները: Երկու տարբեր ժողովուրդներ: Սակայն այդ երկու ժողովուրդներն ունեն մի ընդհանրություն՝ պետական (մեծ հաշվով՝ ազգային) մտածողության բացակայությունը: Երկուստեք զարգանում են միևնույն ճանապարհով՝ ոչ թե խորությամբ, այլ լայնությամբ, մակերեսորեն: Երկուստեք մտածում ենք այսօրվա, լավագույն դեպքում՝ վաղվա մասին: Գալիք երրորդ օրը մեզ համար ապագա է: Եթե բազմամիլիոն և անծայրածիր Ռուսաստանի պարագայում դա մահացու վտանգավոր չէ, ապա մեր փոքրիկ երկրին ու ժողովրդին մի օր դա կարող է կործանման հասցնել: Ո՞ւր ենք գնում, պարոնայք։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՆԴԵԼՈՎ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Մեզանում արդեն սովորություն է դարձել նախկինում կառուցած շենքերը քանդելն ու դրանց տեղը շինարարական նոր օբյեկտներ կառուցելը։ Առայժմ ստույգ հայտնի չէ, թե որն է դրա նպատակը՝ խորհրդային ժամանակներում ստեղծած ամեն ինչ հողին հավասարեցնելն ու դրանց փլատակների վրա նորը կառուցե՞լը, թե՞ պարզապես մեր մայրաքաղաքն ուզում ենք ջահելացնել։
Ստեփանակերտի շուրջ և, ընդհանրապես, ողջ Արցախում, ասենք, ծայրամասային և ազատագրված տարածքներում այլևս տեղ չկա՞, թե՞ աշխատատեղերի պակասի պատճառով շինարարի մասնագիտությունից բացի մի նոր՝ «քանդարարի» մասնագիտություն ենք ստեղծել...

Այս թեմայի շուրջ կարելի է անվերջ կատակել կամ լուրջ-լուրջ դատողություններ անել։ Ցավն այն է, որ ամենակարևոր հարցն այդպես էլ մնալու է անպատասխան. ի վերջո, ո՞ւմ համար ենք կառուցում-գեղեցկացնում Ստեփանակերտը, նրա բնակիչների, ժողովրդի՞, թե՞ ժողովրդին պահում ենք, որպեսզի նայի-զմայլվի, թե ինչպես է իր աչքի առաջ գեղեցկանում-երիտասարդանում իր քաղաքը։

Արցախյան պատերազմից ու հրադադարի հաստատումից հետո Ստեփանակերտում մի յուրօրինակ գործընթաց է սկսվել. քաղաքի կենտրոնական մասերում առանձնատները, առանձին թաղամասեր ու տարբեր շինություններ քանդում են և դրանց տեղը կառուցում «էլիտար» շենքեր ու այլ «օբյեկտներ»։ Այն դեպքում, երբ հարյուրավոր ընտանիքներ դեռ խորհրդային տարիներից հերթագրված են բնակարան ստանալու համար։

Կարծես Ստեփանակերտի կենտրոնը սեփականաշնորհելու յուրօրինակ մրցություն է ծավալվել։ Այն տարածքը, ուր մի ժամանակ կանգնած էր «Հոկտեմբեր» կինոթատրոնը, նրա աջ կողմում, ուր, ինչպես հին ստեփանակերտցինն էին ասում՝ «կերասինկովանց թաղն» էր, արդեն քանի՜ տարի ամայի է, ու ամեն անգամ սիրտդ ցավ է զգում այդտեղով անցնելիս (լուս. 3-րդ էջում)։ Մինչդեռ տարիներ առաջ այն ամենաաշխույժ, ամենաաղմկոտ թաղամասի համբավ ուներ։ Ինչո՞ւ քանդեցին, ինչո՞ւ, ո՞ւմ հրահանգով, ո՞ւմ էր խանգարում և ինչո՞ւ այսքան տարի այնտեղ ոչինչ չեն կառուցում։

Մի քանի տարի առաջ բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ ասաց, որ Վահրամ Փափազյանի անվան պետդրամթատրոնի շենքը պետք է քանդվի և տեղը նորը կառուցվի։ Իմ հարցին՝ ավելի լավ չէ՞ այդ շենքը մի կարգին վերանորոգել, պատասխանեց՝ երկրի գլխավոր դեմքերն ասում են, որ նորը կառուցելն ավելի էժան է նստում, քան հինը վերանորոգելը։

Ես ճարտարապետ ու շինարար չեմ, բայց այդ «հանճարեղ հաշվարկից» մնացի ապշած։ Հարցն այն չէ՝ թատրոնի ստեղծագործական կազմը թո՞ւյլ է, թե՞ ուժեղ, պարզապես սա մեր թատրոնն է, որ ձև ու բովանդակությամբ հայտնվել է խայտառակ վիճակում։ Երբ հյուրախաղերով մեզ մոտ գտնվող Սոս Սարգսյանի «Համազգայինի» տնօրենին ասացի այդ մասին, ականջներին չհավատաց։ «Թատրոնի այսպիսի հիանալի շենք Հայաստանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել,- ասաց,- իսկ քանդելու համար միշտ էլ կարելի է «հիմնավոր» պատճառներ հնարել»։
Երևան այցելած զբոսաշրջիկները հաճախ մնում են տարակուսած. երեքհազարամյա քաղաքը, որ տարիքով մեծ է անգամ երկնքի տակ բաց թանգարան համարվող Հռոմից, այսօր 2-3 դարյա ոչ մի շինություն չունի...

Երևի գալու է ժամանակ, որ ոչ ոք չի հավատալու, թե Ստեփանակերտը հիմնադրվել է 1847 թվականին։ Էլ չեմ խոսում ավելի հին արմատներ փնտրող հնագետ-պատմաբանների «Վարարակնի» վարկածի մասին։
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

 


ՇՈՒՇԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն թվականի մարտի 29-ին Շուշի քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Սույն նյութը ստանալու պահին առաջադրված էին չորս թեկնածու, և նյութն այդ չորս հոգու մասին էր։
Սակայն մի քան օր հետո իր թեկնածությունը հանեց Դավիթ Հովսեփյանը, ապա՝ Զորիկ Հակոբյանը։ Նրանց վերաբերող մասը, բնականաբար, հանել ենք։

1. Ավագիմյան Կարեն: 2008 թվականին նշանակվել է Խ. Աբովյանի անվան դպրոցի տնօրեն: Ինքն իրեն իշխանության կողմից նշանակված թեկնածու չի համարում, սակայն, կարծում է, թե հնարավոր է, որ կառավարության կողմից նախընտրված թեկնածու լինի:

2. Խաչատրյան Ալբերտ: Շուշի քաղաքի տեխնիկումի տնօրենն է: Շուշիի շրջանի բոլոր ընտրությունների ժամանակ հանդես է եկել որպես պաշտոնական ներկայացուցիչների վստահված անձ: Այս անգամ որոշել է ինքնուրույն պաշտպանել սեփական թեկնածությունը:
Ստորև ներկայացվում են այն չորս հարցերի պատասխանները, որ ստացել եմ թեկնածուներից:

Ա. Ինչո՞ւ դրեցիք Ձեր թեկնածությունը:
1. Ավագիմյան Կ.- Նպաստելու Շուշի քաղաքի կառուցմանը:
2. Խաչատրյան Ա.- Որպեսզի ավելի լայն դաշտ ստեղծվի՝ իմ անձնական ներդրումն ունենալու քաղաքի վերանորոգման ու ժողովրդի զարգացման գործում:
Բ. Որո՞նք են Ձեր ծրագրերում ներկայացված առաջնահերթ հարցերը:
1. Ա. Կ.- Ջրի ապահովում, ներքին ջրագծի վերանորոգում, Շուշի քաղաքը դարձնել մշակութային ու զբոսաշրջության կենտրոն:
2. Խ. Ա.- Քաղաքի վերանորոգում, Շուշին դարձնել մշակութային կենտրոն և քաղաքի սանիտարահիգիենիկ բարելավում»:
Գ. Ինչպե՞ս են ֆինանսավորվելու Ձեր ծրագրերը:
1. Ա. Կ.- Պետության հետ համագործակցելով և, հուսով եմ, Սփյուռքի ու բարերարների օգնությամբ:
2. Խ. Ա.- Խնայողաբար և նպատակային օգտագործելով բյուջեն, հարկերի հավաքման արդյունավետության բարձրացմամբ, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմամբ, դիմելով իմ լայն շրջապատին ու անձնական նամակ ուղարկելով բարերարներին՝ նրանց ներկայացնելով ծրագրեր:
Դ. Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ եկամուտներ ունի քաղաքապետարանը:
1. Ա. Կ.- Հողի հարկ, գույքահարկ, կոմունալ ծախսեր, սակայն դրանք բավարար չեն: Եվ՝ եկամտահարկ, երևի այսքանը:
2. Խ. Ա.- Քաղաքապետարանն ունի 2 բյուջե՝ համայնքի սեփական եկամուտները, այսինքն՝ հողի հարկերը, սեփականաշնորհումներից, տարածքների վարձակալումից, կոմունալ ծախսերից ստացվող հարկերը և այլն։ 2-րդ՝ պետության կողմից հատկացված դոտացիաները:
Որպես լրագրող, հավասար չափով ես ներկայացրեցի թեկնածուներին։ Թե ով կլինի արժանավորը, դա շուշեցիների որոշելիքն է։
 
ԱՐՄԵՆ Դ’ ՇՈՒՇԻ

 

ՃԱՐՏԱՐՑԻ ԲԱՐԵՐԱՐԸ

Համլետ Համբարձումյանը Ճարտարում և, ընդհանրապես, Մարտունու շրջանում հայտնի է որպես համեստ, օրինապահ, մարդկային, ավանդապաշտ անձնավորություն: Արցախյան գոյապայքարի օրերին իր համադասարանցիների հետ նա պայքարի ելավ հայրենիքն ազերիների լծից ազատելու համար: Հետո, երբ հաղթանակի պտուղներից օգտվեցին հիմնականում մի խումբ ապազգային տարրեր, և գործազրկությունը որպես խաղաղ ժամանակի աղետ չոքեց շատ ազատամարտիկների դռանը, նա շատերի պես բռնեց Կրասնոդարի երկրամաս տանող ճանապարհը:

Խելացի և գործիմաց երիտասարդը համառ կամքի, համբերատարության և աշխատասիրության շնորհիվ կարողացավ զգալի հաջողությունների հասնել օտար ափերում: Շուտով նրա հաջողություններից մաս ունեցան և առ այսօր ունենում են հայրենակիցները:
Համլետ Համբարձումյանի մարդկային արժանիքների մասին է վկայում նրա հոգատար վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ: Հազարավոր կիլոմետրեր հեռու հայրենի գյուղից, նա ծննդավայրի հոգսերի հետ է, գյուղի կարիքավորների, զոհված իր համադասարանցիների ընտանիքներին անշահ բարեկամն ու օգնականն է նա:

«Մարդ դադարում է ապրելուց, երբ ապրում է միայն իր համար»,- բարերար Համլետը լավ գիտե այս ճշմարտությունը և վաղուց ապրում է ընկեր-բարեկամների համագյուղացիների հոգսերով նաև: Աստված օգնական նրան՝ իր բարի նպատակների իրականացման ճանապարհին: Հիրավի, մարդ տվածով է հարստանում: Նյութապաշտը դառնում է մարդ մեքենա, կոկորդ-ստամոքս միայն։ Սեփական դավերը մեղմելու ամենալավ միջոցը մյուսների ցավերով մտահոգվելն է:

Փառք բոլոր բարերարներին, նրանց, որոնք կարողանում են վեր բարձրանալ իրենց «ես»-ից և մտածել նաև ուրիշների մասին: Հ. Համբարձումյանն այդ բարերարներից մեկն է: Երիցս օրհնյալ լինեն նրա ծրագրերը, Աստված պահապան նրան:
 
Ս. ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ

 

310 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԲԱԶԿԱԹՈՌԻ, 311 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ

ԼՂՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի գործունեության մեջ։ Հանձնաժողովը որոշ ապրանքներ ձեռք է բերել «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի խախտումներով։ Այս մասին հայտարարվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստում։

Պարզվել է, որ հանձնաժողովի անդամները սեփական աշխատանքը գնահատելու և խրախուսելու իրավունք են վերապահել իրենց, ինչի լիազորությունը, ըստ Վերահսկիչ պալատի /ՎՊ/ ներկայացուցիչների, հանձնաժողովը չունի, նրանք կարող են խրախուսվել միայն իրենց այդ պաշտոններում նշանակելու լիազորությունը վերապահված հանրապետության նախագահի հրամանագրով։ Ինքնագնահատումը և ինքնախրախուսումը, ըստ ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանի, նաև աշխատանքային օրենսդրությամբ չի թույլատրվում։

Որոշ դեպքերում բարձր գներով ձեռք են բերվել ապրանքներ՝ օրինակ բջջային հեռախոս, բազկաթոռ, այն դեպքում, երբ դրանք ավելի ցածր գներով նախատեսված էին գնումների անվանացանկով։ Պարզվել է, որ հանձնաժողովը 1 բազկաթոռ է գնել 310 հազար դրամով, մինչդեռ անվանացանկում այդ նպատակով նախատեսված էր 154 հազար դրամ։ Հանձնաժողովին առաջարկվել էր երկու բազկաթոռ՝ 154 հազարական դրամով, սակայն վերջինս հրաժարվել է դրանցից, նախընտրելով գնել 310 հազար դրամով գնել մեկը։
Բացի այդ՝ հանձնաժողովը ձեռք է բերել 311 հազար դրամանոց բջջային հեռախոս, մինչդեռ հանձնաժողովի աշխատակազմի կարիքների համար արդեն իսկ տրամադրված էր 97 հազարանոց Nokia 6300 բջջային հեռախոս։
 
Նիստի ընթացքում նշվել է նաև հանձնաժողովի վեբ-կայք ստեղծելու համար ծախսված գումարների մասին։ Ճիշտ է, այդ նպատակով նախատեսված էր մոտ 1.5 մլն դրամ, իսկ հանձնաժողովը ծախսել է 800 հազար դրամ, սակայն ըստ ՎՊ նախագահի, դա էլ շատ է։ Նա նշել է, որ ՎՊ կայքի ստեղծման համար իրենք ծախսել են 4 անգամ ավելի քիչ գումար՝ 200 հազար դրամ։
ՎՊ խորհրդի անդամները հաստատեցին ընթացիկ հաշվետվությունը, որտեղ ԼՂՀ կառավարությանը առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունը՝ բյուջետային մարմինների կողմից գնումների մասին ԼՂՀ օրենսդրության պահանջների անվերապահ կատարման նկատմամբ, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պետական բյուջեի միջոցների անարդյունավետ և ոչ ռացիոնալ օգտագործման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։

Մեկամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է վերահսկիչ պալատ ներկայացնի գրավոր տեղեկություններ՝ ընթացիկ հաշվետվությունում ամրագրված խախտումները վերացնելու վերաբերյալ։
Ինչե՜ր կհայտնաբերվեն, եթե ՎՊ-ն նմանօրինակ ստուգումներ կատարի Արցախի ամենակոռումպացված մարդու ղեկավարած ԼՂՀ գրողների միությունում։

 

ՎՍՏԱՀՎԱԾ ԳՈՐԾԸ ԲԱՐԵԽՂՃՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է

Կանանց միամսյակի կապակցությամբ մեր հարցերին պատասխանում է Արցախի պետական համալսարանի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

- Քանի որ այս հարցազրույցի առիթը կանանց միամսյակն է, Ձեր շնորհավորանքներն ու մաղթանքները հայ կնոջը. ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի հայուհին:
- Հայ կնոջը և կնոջն առհասարակ, մաղթում եմ առողջություն, գեղեցկություն, անսպառ հմայք և համբերություն: Կինը, ազգային ինչպիսի պատկանելություն էլ որ ունենա, պարտավոր է լինել առաքինի, պարկեշտ, անձնազոհ, իսկ հայ կինը նաև հավատարիմ՝ դարերով սրբագործված ազգային ավանդույթներին: Նա պարտավոր է լինել Մամիկոնյան Մեծ Տիկին և Սոսե մայրիկ: Անծիր է ճշմարիտ հայուհու հմայքը, անխոցելի և անթերի է նրա բարոյական նկարագիրը: Ծնրադիր հարգանք հայուհուն:

- Երիտասարդ աղջկա և մտավորական կնոջ Ձեր նպատակները համարո՞ւմ եք իրագործված:
- Մասամբ: Նվիրական շատ նպատակներ կան դեռ իրագործելու:

- Եթե թույլ տաք, ընդլայնենք հարցերի շրջանակը։ Ձեր կարծիքով պե՞տք են, արդյոք, Արցախին մասնավոր և ոչ պետական բուհերը:
- Միանշանակ ո°չ: Այդ մասին հանդես եմ եկել մամուլում՝ վաստակելով թշնամիներ: Մեր փոքրիկ եզերքին Արցախի պետական համալսարանն էլ քիչ չէ: Չեմ ընդունում բիզնեսը կրթության ոլորտում, որի հետևանքներն աղետալի են երկրի համար: Հուսանք, որ մեր պետությունն այս հարցում հետևողական կլինի:

- Ունենալով երկար տարիների մանկավարժական փորձ, ի՞նչ եք կարծում, այսօրվա համալսարանը կունենա՞ ապագա որակյալ մասնագետներ:
- Անշուշտ: Խելացի, նպատակամետ, «գիտության գրանիտը կրծող», աշխատասեր ուսանողներ մենք ունենք, որոնք ապագա են խոստանում և, համոզված եմ, լավ մասնագետներ կդառնան:

- Արդյո՞ք այսօրվա լրագրողները և այսօրվա ԶԼՄ-ները կարողանում են օգտվել խոսքի ազատության իրավունքից:
- Իհարկե: Նույնիսկ կարելի է ասել, որ որոշ դեպքերում չարաշահվում է խոսքի ազատության իրավունքը, հաճախ մամուլը լցնում են գռեհկություններով, խեղաթյուրված տեղեկություններով ու զրպարտություններով, որն հարուցում է ընթերցողների դժգոհությունն ու հիասթափությունը:
- Որո՞նք են Ձեր սիրած գրողները։ Նորերս կարդացած վերջին գրքերը:
- Նարեկացին, Թումանյանը, Տերյանը, Րաֆֆին, Շիրազը, Սևակը, Ռազմիկ Դավոյանը։ Վերջերս կարդացել եմ Դավիթ Գասպարյանի «Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» և Հրանտ Ալեքսանյանի «Բանի երկիր բարիտոնը»:

- Ձեր կարծիքով երիտասարդությանն արդյո՞ք բավարարում է ԼՂՀ-ի մշակութային կյանքը, ներառյալ թատրոնի գործունեությունը:
- Երիտասարդությանը բավարարում է, թե՝ ոչ, չգիտեմ, բայց ինձ չի բավարարում: Ինչ վերաբերում է մեր թատրոնին, սիրում և գնահատում եմ այն: Կարող ուժեր ունի մեր թատրոնը, սակայն աններելիորեն անուշադրության է մատնված այն: Տեղյակ եմ, որ դերասանները չջեռուցված դահլիճում են աշխատում, ցածր աշխատավարձ են ստանում, մինչդեռ թատրոնի դերը շատ մեծ է ազգը կրթելու, մեր պետական լեզուն պրոպագանդելու և արատավոր երևույթների դեմ պայքարելու գործում: Մեր թատրոնն արժանի է հոգատար վերաբերմունքի:

- Ձեր կյանքում պատահե՞լ է, որ նվիրված լինելով՝ հիասթափություն եք ապրել:
- Դժբախտաբար՝ այո…

- Լինելով հայրենասեր, հայրենիքին նվիրված մարդ, երկրի բարգավաճմանը նպաստող ի՞նչ աշխատանքներ կանեիք, եթե ունենայիք շատ փող: Չէ՞ որ առանց փողի ոչինչ անել չեք կարող:
- Կհետևեի մեծ բարերար և հայրենասեր Լևոն Հայրապետյանի օրինակին: Սակայն, համաձայն չեմ այն մտքին, թե առանց փողի ոչինչ հնարավոր չէ անել: Ըստ իս, յուրաքանչյուր գիտակից անհատ իր ամենօրյա գործունեության ընթացքում պարտավոր է առաջնորդվել հայրենիքին օգտակար լինելու սկզբունքով: Քեզ վստահված գործը բարեխղճորեն կատարելը նույնպես հայրենասիրություն է: Ինչպե՞ս կարող է հայրենասեր չլինել լավ սովորող ուսանողը:
 Պատրաստեցին ՍԱԹԵՆԻԿ ՄԱՐԴՅԱՆԸ և ԱՐՄԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

 


Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԵՐ ՇՈՒՐՋ

Հայրենիք... Այնքա՜ն քաղցր է հնչում այն, ինչպես մանկան թոթովիչ լեզվով առաջին անգամ արտասանած «մայրիկ» բառը։ Այդ մի հատիկ բառից, ասես, սիրտդ տաք արյուն է հորդում ու քեզ պատում է մի քաղցր զգացողություն։ Հայրենիքի հանդեպ տածած այդ վեհ զգացումն է մեր ողջ ազգին ոտքի հանել՝ ազատագրելու հայրենի հողը։ Հարյուրավոր երիտասարդների և բազմաթիվ անմեղ զոհերի արյունն է հեղվել հանուն մեր հող-հայրենիի։
Սակայն ի՞նչ է փոխվել պատերազմից հետո՝ այսօրվա մեր կյանքում։ Գործազուրկների հոծ բանակ, անարդարություններ՝ ամեն քայլափոխում։

1999-2008 թթ. աշխատել եմ կենտրոնական ավտոկայարանում, սկզբում տոմսերի վաճառման կետում, այնուհետև ադմինիստրացիայում՝ որպես կադրերի բաժնի տեսուչ։ Ինը տարի աշխատել եմ հաշտ ու համերաշխ կոլեկտիվում։ 2008 թ. հունվարին, երբ նոր տնօրեն նշանակվեց Արայիկ Պողոսյանը, կոլեկտիվում մթնոլորտն անմիջապես փոխվեց, և ամեն անգամ հերթական աշխատողից «դիմումի համաձայն» ազատվելուց հետո, նա իրեն զգում է հերոսի ու հաղթանակածի պես։ Հերթը հասավ նաև ինձ։ Մի ամբողջ ամիս հետապնդումներ, ստուգումներ՝ իմ վարած գործում սխալներ գտնելու հույսով։

Չդիմանալով այլևս այդ ամենին՝ աշխատանքից ազատվելու դիմում գրեցի։ Վերջին ստուգող անձը ԿԳԲ-ից ավտոկայանին կցված Տիգրան անունով մի երիտասարդ էր։ Նա իմ գործերը գնահատեց ոչ թե լավ, այլ գերազանց։ Կոլեկտիվ ղեկավարելու փորձ չունեցող Ա. Պողոսյանը, որին բազմաթիվ մարդկային ճակատագրեր են վստահել, փորձում էր ինձ բացատրել, որ վարչության պետի կամքն է, որ ես չաշխատեմ այդ կոլեկտիվում։
 
Հիմա նստել և մտածում եմ՝ ու՞մ էր պետք պատերազմը, մարդկային բազմաթիվ անմեղ զոհերը, երբ այսօր ես և ինձ նման շատերը ճնշված ու մարդկային մեր իրավունքները ոտնահարված ենք տեսնում։ Ողջ պատերազմի ընթացքում ընտանիքով ոչ մի րոպե չեմ լքել Արցախը, իմ ծննդավայրն ու օրրանը։ Եվ մենք՝ կանայք և երեխաները, մեր հողում մնալով, հավատ և ուժ ենք հաղորդել կռվող մեր ամուսիններին ու եղբայրներին։

Հիմա էլ սիրում եմ Ղարաբաղը և հոգուս խորքում համոզված եմ, որ այս և նման անարդարություններին, որ կատարվում են մեր շուրջ, տեղյակ չէ մեր երկրի նախագահը, ում ճանաչում և հարգում եմ դեռ դպրոցական տարիներից։ Այլապես նա թույլ չէր տա, որ ղեկավար կոչվող որոշ անձինք իրենց վստահված կոլեկտիվները վերածեին սեփական քմահաճույքի վայրի։

Այն տպավորությունն է ստեղծվում, որ պատերազմում հաղթել ենք մի խումբ մարդկանց համար։ Իսկ մյուսները, ովքեր նյութական միջոցներ չունեն սեփական բիզնես սկսելու համար, պիտի ստորանան յուրաքանչյուր պաշտոնյայի առջև, կամ մուրացկանություն անեն։ Մինչդեռ մինչև պատերազմը մենք բոլորս աշխատանք ունեինք և պաշտպանված էինք օրենքի կողմից։
Այսօր բարձրագույն կրթություն ստացածներս զրկված ենք անգամ շարքային աշխատող լինելու հնարավորությունից, որովհետև ինչ-որ «ձերդ գերազանցություն» այդպես է բարեհաճում, որոշ գործերի համար էլ մեր չափսերը չեն բռնում, քանի որ գործատուն նախապես հայտարարում է. «Բոյը՝ 170 սմ, երկար ոտքերով, սիրուն արտաքինով և ամենակարևորը՝ 25-30 տարեկան»։
Իսկ մյուսնե՞րը, հարյուրավորնե՞րը, հազարավորնե՞րը։ Արդեն պե՞տք չենք այս երկրին։
 
ԿԱՐԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Երիտասարդական

ԿՅԱՆՔՆ Է ԱՅԴՊԻՍԻՆ

- Մայրի°կ, այսօր համադասարանցիներիս հետ դպրոցից տուն էի գալիս, երբ մի տատիկ՝ պատռված ու հին շորերով, ձեռքը դեպի մեզ ուղղեց և փող խնդրեց: Ընկերներս անխոս առաջ գնացին՝ չլսելու տալով։ Ուզում էին ինձ էլ իրենց հետ տանել, բայց չգնացի: Գրպանիս վերջին կոպեկները տվեցի այդ տատիկին:
- Ապրես, լավ ես արել։ Բայց գուցե ընկերներիդ մոտ փող չի եղել, մի° դժգոհիր:
- Մեր դասարանի Լևոնն այնքա՜ն հարուստ է. նրանք մի մեծ տուն ունեն, նույնպիսի էլ մեքենա: Ինչո՞ւ մենք չունենք, հը՞, մայրիկ: Իսկ տեսե՞լ ես մեր դասարանի Արմինեի նոր հագուստը, կոշիկները, այնքա՜ն գեղեցիկ են: Տեսնես ես երբ կունենամ այդպիսի շորեր:
- Քաղցրիկս, ձեր դասարանի Լևոնի, Արմինեի ու մյուսների ծնողները շատ փող են ստանում, նրանք շատ կարևոր տեղ են աշխատում: Դրա համար էլ կարողանում են գեղեցիկ հագուստ կրել, շքեղ ավտոմեքենայով դպրոց գնալ:
- Իսկ դուք մի՞թե կարևոր տեղ չեք աշխատում: Հիվանդանոցը վա՞տ է, այնտեղ մարդիկ բուժվում են, առողջանում:
- Մեր աշխատանքի դիմաց շատ քիչ փող են տալիս: Եթե իրավագիտության ոլորտում կամ այլ «բարձր» տեղերում աշխատելիս լինեինք, մենք էլ վաղուց լավ տուն ու տեղ կունենաինք:
- Բայց ինչո՞ւ դու և հայրիկը չեք գնում այդպիսի տեղեր աշխատելու, որպեսզի դուք էլ շատ փող ստանաք:
- Մենք մեր գործը լավ գիտենք, իրենք՝ իրենցը: Մենք մեր՝ մարդկանց փրկելու մասնագիտությունը շատ ենք սիրում և չենք պատրաստվում հրաժարվել դրանից: Համ էլ, գիտե՞ս, միշտ չէ, որ կարողանում ես ուզածիդ հասնել, կյանքն է այդպիսին:
- Իսկ ես, երբ մեծանամ, ոչ թե իմ սիրած, այլ այնպիսի մասնագիտություն կընտրեմ, որ լավ է վարձատրվում:
 
ՆԱՐԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Զարդուցիչը բղավեց և հերթական ապտակը ստացավ: Ավա՜ղ, քունս արդեն խանգարված էր. համալսարան պիտի գնամ: Սովորականի պես մոտ քառասուն րոպե վաղ դուրս եկա։ Թե չէ, ո՞վ իմանա… Մի քանի վայրկյան որոշում էի որ ճանապարհով գնալ և, ի վերջո, ընտրեցի ամենակարճը: «Կոլցևոյի» խառնաշփոթում էի, երբ հանկարծ տեսադաշտս լուսավորեց սպիտակ վարդերի մի փունջ: Մեղք կլիներ անտարբեր անցնելը, կանգնեցի և հիացած խոր շունչ քաշեցի:
- Արի, արի, աղջիկ ջան, ներսում ավելի լավ ծաղիկներ ունեմ: Երևի նվեր ես ուզում… Ջահել աղջիկ ես, ծաղիկներ ստանալու փոխարեն դո՞ւ ես ծաղիկ գնում: Հա-հա-հա՜… Դե, նկատեցի, որ մատիդ մատանի չկա, ուրեմն նշանված չես: Դե որ էդպես զարմացած ես նայում, նշանակում է մոտդ քիչ փող կա։ Ոչինչ, աղջիկս, 3000-ով լավ ծաղկեփունջ կտամ…
Մինչ շփոթված վաճառողուհուն էի նայում, քիչ մնաց արդեն պատրաստ ծաղկեփունջը ձեռքիս դներ։ Տարօրինակ զգացումներով անխոս շարունակեցի ճանապարհս: Մտածեցի՝ լավ է շուտ շարժվեցի, թե չէ հաստատ հարևան ծաղկանոցում աշխատող տղայի հետ կամուսնացներ:
Ուզում էի ճանապարհն անցնել, հանկարծ կանգնեց սև, էն հայտնի մեքենաներից մեկը, ավտոմեքենայի պատուհանից մատանիով մի ձեռք ցցվեց և, մի հետաքրքիր շարժում անելուց հետո, լսվեց.
- Քուր ջան, ֆռռա…
Աստված իմ, լավ է ակնոց չեմ դնում, թե չէ վախից կթռներ ճակատիս։ Անհագ «վագրից» գլուխս ազատելուց հետո հանգիստ քայլում էի… Ու հանկարծ.
- Ծիտիկ-ծիտիկ մոտ արի… Էս թագուհին հաստատ համալսարան շտապող սկռոմնիցաներից ա…
Գլուխս չբարձրացրեցի, այդ «խոչընդոտն» էլ անցա։ Առջևում, համալսարան տանող ճանապարհի աջ ու ձախ կողմերում սովորականի պես կանգնած էին տասնյակ տաքսիներ.
- Երևա՜ն, Երևա՜ն…
Այդ ժխորից պատրաստ էի Երևան մեկնել, միայն թե այս ջահելը դադարեր ականջիս մեջ գոռալ: Քայլերս փործում էի արագացնել, բայց անգործ վարորդների հայացքները թույլ չէին տալիս: Մոտ մեկ րոպե կանգնած սպասում էի առաջին հերթի «մեքենավոր» տղաներին, ովքեր մեքենայից լսվող խլացնող երգի միջից ավելի բարձր էին գոռում, բայց մեկ է, իրար չէին լսում…
Հազիվ ազատվեց ճանապարհը: Խոր շունչ քաշեցի: Գլուխս բարձրացրի և ի՜նչ... Այնքա՜ն նորանոր բառեր լսեցի, որ խեղճ Մաշտոցը հաստատ կվիրավորվեր: Այնքան բարձր էին խոսում իրար հետ, կանչում իրար, որ մի պահ մոռացա ղարաբաղցու ասած «ցիվիլիզացիայի» մասին: Ամբոխի միջից մի կերպ ճանապարհ բացելով, վերջապես հասա հարազատ համալսարան: Բացեցի լսարանի դուռը, ներս մտա և ուզում էի հանգիստ շունչ քաշել, երբ կրակոցի պես հնչեց.
- Ինչո՞ւ ես ուշացել...
 
ԳԱՅԱՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ժուռնալիստիկա, 4-րդ կուրս
 
 
 
ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է

Մայրաքաղաքում շենքերի ճակատին փակցված պաստառներից «Լեզվի տեսչությունը հիշեցնում է, որ ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է»։ Տես՝ վերևի լուսանկարը։ Իսկ ներքևի լուսանկարից նույն մայրաքաղաքի մի այլ «պաստառ» հայտնում է, որ «ԱԽՊԻ ՄԵՔԵՆԱՆ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՕՎՔԵՐ ԱԽՊ ԹԱՓԵՆ ՏՈՒԳԱՆՔ 10000 դրամ (ՀՍԿԻՉ ԿԱ ՆՇԱՆԱԿՎԱՑ)։
Ու այսպես, շարունակվում է «Լեզվի մասին ԼՂՀ օրենքի» ոտնահարումը ողջ Արցախի տարածքում։ Ամեն քայլափոխո°ւմ։ Այդ թվում՝ հեռուստաալիքներով ցուցադրվող տեղական գովազդային հոլովակներում, որոնց մի մեծ մասը հրամցվում է ոչ հայերեն, օտար լեզվով... Ի դեպ, վերջերս «հաճելիորեն զարմացանք», որ մեր քաղաքաշինության նախարարը նաև ռուսերեն գիտե...
Որտե՞ղ ես, լեզվի պետական տեսչություն... Ականջդ կանչի։

Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ժուռնալիստիկա, 4-րդ կուրս
 
 

ՀԵՌԱՎՈՐ ՏՈՐՈՆՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՎԱՆԵՑԻՆ

Վերջերս ամերիկյան մայրցամաքի հյուսիսում գտնվող Կանադա երկրում վախճանվել է այդ պետության Տորոնտո քաղաքի վերջին վանեցին՝ Հռիփսիմե Լուիզ Մկրտչյանը։ Ծնվել է 1912 թվականին՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վանում և թաղվել իր Մեծ հայրենիքից ու ծննդավայրից 15 հազար կիլոմետր հեռու՝ օտար մի երկրում, օտար հողում։

Աշխարհում ապրել է 97 տարի և երևի թե տեսել այն ամենը, որ հնարավոր էր տեսնել մեկդարյա մարդկային կյանքում։ Մեծ եղեռնի օրերին շատ փոքր է եղել՝ իր ժողովրդի մեծագույն արհավիրքը զգալու համար, բայց այն՝ բազում ազգակիցների, հայրենակիցների և Հայրենիքի կորուստը զգացել ու վերապրել է ողջ կյանքում։

Երբ հեռավոր Տորոնտոյում 1993-ին բացվեց «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գրասենյակը, այսօր նույն այդ հիմնադրամի ատենապետ, մեր երկրի մեծ բարեկամ և բարերար Մկրտիչ Մկրտչյանի մայրը՝ Հռիփսիմե մայրիկը, իր ձեռքով կարեց Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ պետական դրոշները, որոնք առայսօր գտնվում են գրասենյակում, օգտագործում բոլոր միջոցառումների ժամանակ։

Չնայած մեծ տարիքին, ծերությանը, Հռիփսիմե մայրիկը չէր կարողանում հանգիստ նստել, և մի օր էլ նա իր դողդոջուն ձեռքերով պատարագի զգեստ է կարել նաև Գանձասարի նախկին հովիվ տեր Հովհաննեսի համար։
«Նա չկարողացավ ազատագրական պայքարի դրոշներ կարել Վանի խրամատներում դարավոր թշնամու դեմ կռվող իր հայրենակիցների համար,- ասում է Մկրտիչը,- բայց բազում տարիներ հետո մայրս դրոշներ կարեց ու ասեղնագործեց Սփյուռքի «խրամատների» համար»։

Վերևի լուսանկարում՝ Տորոնտոյի վերջին հավաքում Մկրտիչ Մկրտչյանը ներկայացնում է Վերին Հոռաթաղի բարոնուհի Կոքսի անունը կրող դպրոցի պաշտոնական բացման ժապավենը։ Լուսանկարում երևում են Հայաստանի և Արցախի դրոշները, որ գործել է Հռիփսիմե մայրիկը։

Մեր երկրից հազարավոր մղոններ հեռու, բարեբախտաբար, ապրում են մարդիկ, ովքեր մեր երկիրն ու մեր ժողովրդին ավելի են սիրում, քան այսօր այս հողում ապրող և հայրենակից համարվող շատ ու շատ դղյակատերեր։
Ցավալի է։ Եվ, դժբախտաբար, ցավն այդ կրկնակի է։
 
«ՆԷ»


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ