ՄՇԱԿՈՒՅԹ
ԳՐՈՂԸ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Մեր ժողովուրդը իմն է՝ ինչպես... իմ վիշտը»։ Վարդգես Պետրոսյանի՝ հետմահու հրատարակված միակ գրքի վերնագիրն է։ Հոդվածների, հրապարակախոսական էսսեների ժողովածու է, որ տպագրվել է պետական պատվերով՝ 2003 թվականին։ Տպաքանակը՝ 1000 օրինակ, ծավալը՝ 13 մամուլ։
Շուրջ 40 տարվա բեղմնավոր գրական կյանքի համեմատ հետմահու տպագրված այս գիրքն, իհարկե, իր համեստ ծավալով մի բան է վկայում. Վարդգես Պետրոսյանն այսօր մատնված է անուշադրության։ Մյուս իրական մեծությունների նման։ Ինչո՞ւ է այդպես։
Թերեւս՝ մի պատճառով. Վարդգես Պետրոսյանը, որքան էլ վերապահ լինի վերաբերմունքը նրա արձակի գեղարվեստական արժեքի նկատմամբ, գրել է այն, ինչ ճիշտ է կարծել եւ ճշմարիտ։ Նաեւ՝ ժողովրդանպաստ։ Նույնիսկ՝ եթե դա «Դեղատուն Անի» վիպակն է։ Կամ՝ «Կրակե շապիկ»-ը, որի շուրջ կրքեր բորբոքվեցին միայն այն պատճառով, որ հեղինակը հանդգնել էր երկխոսության անհրաժեշտություն տեսնել հայ- թուրքական բարդ հարաբերություններում։
Այդ մասին չէ, սակայն, խոսքը։ Մեր օրերում շատերն են փորձում «ներգրվել» ազգային-ազատագրական պայքարին։ Սա մանավանդ ցավալիորեն զգացվում է Արցախում։ Եվ երբեմն ստացվում է այնպես, որ մարդիկ ընկնում են ծայրահեղությունների մեջ։
Մեր օրերում տպագրված մի գրքում, օրինակ, խոսվում է այն մասին, որ 1988 թ. հունվարի 15-ին «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում ստացվել է թռուցիկ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պայքարի կոչով, որից հետո գրողների մի խումբ նախաձեռնել եւ գրել է Միխայիլ Գորբաչովին հասցեագրված՝ մարզի մտավորականության նամակը։ Սա ներկայացված է որպես սխրանք։ Մանավանդ գունեղ են նկարագրված մտավորականների մոսկովյան այցը, հանդիպումը ԽՄԿԿ ԿԿ մի շարքային պաշտոնյայի հետ։ Եւ այս ամենից եզրակացված է, որ ԼՂ գրական կազմակերպությունն է եղել արցախյան շարժման ղեկավար մարմինը։
Այս նկատառումը ծնվում է ակամայից, երբ ընթերցում ես Վարդգես Պետրոսյանի «Մեր ժողովուրդն իմն է՝ ինչպես... իմ վիշտը» գիրքը։ Հատկապես՝ նրա ելույթը ԽՍՀՄ ԳԽ նախագահության 1988 թ. հուլիսի 18-ի հայտնի նիստում։ Գրողն ինքն է այն տպագրության նախապատրաստել՝ հիմք ունենալով ոչ միայն իր խոսքը, այլեւ նիստի պաշտոնական սղագրությունը։ Եւ որքա՜ն համեստորեն է նա ներկայացրել պատմական այդ իրադարձությունը։ Ուղղակի ոչինչ չի ավելացրել, ոչինչ չի պակասեցրել։ Ընդ որում, ցանկություն է հայտնել, որ տպագրվեին նաեւ Հենրիկ Պողոսյանի, Սերգեյ Համբարձումյանի ելույթները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, լինելով կիրթ մտավորական, անհարմար է զգացել, որ ինքը գրող- հրապարակախոսի հնարավորությամբ կամ խմբագրի իրավունքով, ահա, կարողանում է իր խոսքը հասցնել ժողովրդին, իսկ մյուսները՝ ոչ։
Բարեկրթության, բարեկրթվածության այդ որակը, ցավոք, այսօր դարձել է «դեղապետի» պես մի բան՝ չկա։ Մարդիկ պատրաստ են անգամ բացահայտ ճշմարտությունները ոտքի տակ տալ, միայն թե ընդգծեն իրենց «ներդրումը», «վաստակը»։ Ի՞նչն է հետաքրքիր Վարդգես Պետրոսյանի այդ ելույթում։ Հիմնավորումները, եզրահանգումներն ու առաջարկությունները նույնական են, նույնն են։ Ինքն էլ վկայում է, որ այդ ելույթները գրվել, Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցվել են վաղօրոք։ Ուշագրավը գրողի եւ Միխայիլ Գորբաչովի միջեւ ծայր առած բանավեճն է։ Դա հայտնի է, չմանրամասնեմ։ Էականը գրողի կեցվածքն է։ Արժանապատիվ կեցվածքը։ Նկատենք, որ ժամանակը 1988 թվականն է, միջավայրը՝ Մոսկվան, Կրեմլը, շրջապատը՝ խորհրդային ծերակույտը՝ Անդրեյ Գրոմիկոյի գլխավորությամբ։
Վարդգես Պետրոսյանը, սակայն, ելույթը տպագրության տալիս որեւէ հավելյալ շեշտադրում չի արել։ Երկխոսությունները ներկայացված են սղագրական ճշգրտությամբ։ Կա՞ այդ մակարդակի պահանջվածություն։ Դժվար է ասել։ Պարզ չէ՝ մարդիկ, երիտասարդները հիմա ավելի շատ ճշմարտությո՞ւնն են ուզում իմանալ, թե՞... Ինչո՞ւ եմ հարցնում։
Գրական շրջապատին մոտ մի անձնավորություն օրերս ինձ բարեկամաբար խորհուրդ տվեց «չնկատել թերությունները»։ Խոսքը տպագրվող գրքերի մասին էր։ Նա շատ «տրամաբանական բացատրություն» ուներ՝ «մի՞թե այդ ամենը միայն դու ես տեսնում»։ Իհարկե, միայն ես չէ, որ տեսնում եմ։ Բայց շատերը գերադասում են լռել։ Սա համարվում է հանդուրժողականություն։ Իբր՝ ի՞նչ կարիք կա մթնոլորտը լարել։
Իրական հանդուրժողականության հետ դա որեւէ կապ չունի։ Իրական հանդուրժողականության օրինակ է Վարդգես Պետրոսյանի այս գիրքը։ Գաղափարական եւ քաղաքական, ինչու չէ՝ նաեւ անձնական հակասություններ ունենալով Հայաստանի իշխանությունների հետ, գրողն, այդուհանդերձ, մեծ հարգանքով է խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, երիտասարդ քաղաքական գործիչների մասին, ովքեր Հայաստանի անկախության կերտողներն էին։ Սա է հանդուրժողականությունը։
Բոլորին է հայտնի, որ Վարդգես Պետրոսյանի եւ Հրանտ Մաթևոսյանի հարաբերությունները լարված են եղել՝ սկսած 1960-ական թվականներից, երբ մամուլում արծարծվում էր «գյուղագիրների եւ «քաղաքագիրների» բանավեճը։ Ինքը՝ Հրանտ Մաթևոսյանն է վկայում, որ երբ իրեն պիտի կոմերիտմիության մրցանակ շնորհվեր, Վարդգես Պետրոսյանը կազմակերպել, «քարտուղարի սեղանին նամակ էր դրել»։ Ի վերջո, ոչ ինքը, ոչ Վարդգես Պետրոսյանը մրցանակ չեն ստացել։ Բայց...
Կարդացեք Հրանտ Մաթևոսյանի՝ Վարդգես Պետրոսյանի դաժան սպանության առթիվ գրած խոսքը։ Ի՜նչ ազնվագույն ցասումով է գրել, ի՜նչ ասպետական կեցվածքով և ի՜նչ անկեղծ վշտակցությամբ։ Ահա գրողը։ Եթե հակառակը լիներ՝ առաջինն այս կյանքից Հրանտ Մաթևոսյանը հեռանար, Վարդգես Պետրոսյանն էր գրելու ցավի, ափսոսանքի, գնահատանքի իր խոսքը։ Կարելի է չկասկածել։ Ահա գրողի հանդուրժողականությունը։ Ահա գրողի ազնվությունը։ Ահա գրողի կերպարը, որ պիտի ուղեցույց լինի։ Իսկ այսօր ի՞նչ է կատարվում։
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԼԵՎՈՆԻ՞Ն
Խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին չէ, այլ մյուս՝ Անանյան Լեւոնի մասին։ Բայց՝ ամեն ինչ հերթով։ Հայ գրական աշխարհում զարմանալի բաներ են կատարվում։ Գրողների մի մասը ստորագրություններ է հավաքում արտահերթ համագումար հրավիրելու համար, գտնելով, որ բազում մեծ ու փոքր հիմնահարցեր են կուտակվել գրական կյանքում, որոնք լուծում են պահանջում։ Գրողների մի մասն էլ միության նախագահ Լևոն Անանյանի անմիջական նախաձեռնությամբ նույնպես ստորագրահավաք է սկսել, բայց... ԳՄ համագումար չհրավիրելու համար։ Այսինքն՝ պատկերը նույնն է, ինչ քաղաքական դաշտում. ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում, դիմությունը գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև... իրենք լավ են ապրում։
Իսկ ինչպե՞ս են դրան արձագանքում Արցախի գրողները, ղարաբաղյան գրական ջոկատը։ Առանձին պետությո՞ւն են իրենց ներկայացնում, թե՞ հայաստանյան «գրական» տրամադրությունները փոխանցվել են նաեւ նրանց։ Մենք կապվեցինք Ղարաբաղի մի քանի գրողների հետ և պարզեցինք, որ տեղի ԳՄ ղեկավար Վարդան Հակոբյանը ևս ձեռքերը ծալած չի նստել՝ ակտիվ ստորագրահավաք է սկսել՝ ի պաշտպանություն ՀՀ-ում արտահերթ համագումար չհրավիրելու վեհ գաղափարի։ Նա մինչևիսկ հանկարծ հիշել է Ղարաբաղում ապրող այն գրողներին, որոնց հետ վաղուց «բարեկամական» հարաբերություններ չունի։ Զանգում է նրանց և խնդրում «պաշտպանել Լևոնին»։ Հետաքրքիրն այն է, որ ղարաբաղյան իր «կորած բարեկամներին» հիշել է նաև Լ. Անանյանը։ Պարզվում է՝ նա էլ է զանգում արցախցի իր գրչակիցներին և խնդրում սատարել իրեն։
Իսկ ի՞նչ են մտածում ղարաբաղցի գրողները։ Մեր զրուցակիցների մի մասի համար միևնույն է, թե ով կլինի ՀՀ ԳՄ նախագահը, մյուս մասը գտնում է, որ ցանկանում է ԳՄ նախագահի աթոռին տեսնել մարդու, որ հեղինակություն և անուն ունեցող գրող է, այլ ոչ թե կիսալրագրող-կիսագրող։ Ասել է թե՝ համակրանքը Ռազմիկ Դավոյանի կողմն է։ Սակայն նրանք ստիպված են միանալու Վարդան Հակոբյանի ստորագրահավաքին, որովհետև «Վարդանը չի ների իրենց»։ Արցախի ԳՄ հրամանատարի ազդեցությունից դուրս գտնվող գրողները միանշանակ կողմ են համագումար հրավիրելուն։
«Հրապարակ», Երևան 12.03.09
Անդրադարձ
ՆՈՐԻՑ ՍՈՒՏ ՈՒ ԿԵՂԾԻՔ ԵՎ ՆՈՐԻՑ՝ ՀԱՄԵՄՎԱԾ ԻՆՔՆԱԹՄԲԿԱՀԱՐՄԱՄԲ
Ծխածածկույթ՝ սեփական բացերը սքողելու համար. սա կարող է լինել «Ազատ Արցախ» թերթում «Եղիցի լույս»-ի լույսը և նրա բուժիչ հատկությունները» խորագրով տպագրված հոդվածի գնահատականը, որն ընթերցողին է ներկայացվել որպես պատասխան նույն թերթում տպագրված իմ «Եղիցի լույս»-ին պակասում է լույսը» հոդվածին։ Հենց սկզբից ասեմ, որ դրանում էլ թույլ է տրվել կեղծիք։ Հոդվածի հեղինակը բոլորովին էլ Ռ. Եսայանը չէ, այլ Վարդան Հակոբյանը։ Դժվար չէ դա հաստատել տեքստային քննությամբ։ Եվ ոչ էլ մինչ այսօր արդեն հանրությանը ծանոթ «բանավեճի» առիթով գրված հոդվածների հեղինակը Դ. Միքայելյանն է։ Դավիթն ինտելեկտուալ կարողություններ չունի գրականագետի դերում հանդես գալու համար։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ «Եղիցի լույսի» անցյալ տարվա թիվ 3-5 համարում միաժամանակ տպագրված նրա երեք հոդվածներին։ Դրանցում լեզվական արտառոց սխալները միահյուսված են արտառոց աղավաղումներով։
Դժվար է բացեիբաց չմերժել «վերևների» հանդեպ այն քծնանքն ու շողոքորթությունը, որ տեղ են գտել այդ երեք հոդվածներից երկուսում։ Սա էլ Դ. Միքայելյանի գործը չէ, այլ Վ. Հակոբյանի։ Նրա ձեռագիրը կա նաև նրանում, որ նույն թերթի ճակատամասում տեղադրվել են ԼՂՀ ղեկավարի լուսանկարը և, որ առավել ցավալի է, ոչ խնամքով մեջբերումներ արվել նրա ելույթներից։ Համոզված եմ, ԼՂՀ այսօրվա ղեկավարները, որոնք այս ծանր պայմաններում լծվել են մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը, կուռք դառնալու ցանկություն չունեն և զուր են նման ջանքերը։
Արգահատելի երևույթ է «Եղիցի լույսը» սեփական նպատակներին և փառաբանությանը ծառայեցնելը։ Ինչպիսի՜ դիֆիրամբներ ասես, որ չեն տպագրվում նրանում Վ. Հակոբյանի, երևանյան ԳՄ ղեկավարների և նրանց աջակիցների մասին։ Դ. Միքայելյանի «Երբ սահմաններ չի ճանաչում ցինիզմը» տպագրվեց, թե չէ, «Եղիցի լույսի» նույն համարում ԳՄ նախագահության, ասել է թե՝ Վ. Հակոբյանի անունից տպագրված հոդվածում տրվեց նրա գնահատականը։ Այն որակվեց որպես «գրականագիտական խոր վերլուծություններով հագեցված աշխատություն» քիչ է, դրան էլ կցվեց զարմանք պատճառող, մեր գրականագիտության մեջ դեռևս տեղ չգտած մի այլ գնահատական՝ որ իբր Դ. Միքայելյանն իր խորին ուսումնասիրությամբ «ետխորհրդային կյանքում բացել է նոր գաղտնիքներ»։
Բանավիճողը պարտավոր է լինել արդար, չհորինել կեղծիք և սուտ, չշրջանցել ընդդիմախոսի հարցադրումները։ Այդպիսին չէ Վ. Հակոբյանը։ Իմ և Վարդանի միջև իրար չկամեցության սկիզբը սկսվել է նրանից, որ ես նրան մի երկու անգամ դիտողություն եմ արել գրողների միության գործունեության մասին։ Հիշում եմ, դեռ անցյալ դարի 30-ական թվականների վերջերին, այնուհետև Մեծ հայրենականի ավարտից հետո ինչպիսի գրական եռուզեռ էր Արցախում այն դեպքում, երբ մատների վրա կարելի էր հաշվել գրողներին։ Գրական ընթերցումներին հաջորդում էին սեմինարները, ընթերցողների հետ հանդիպումները, կազմակերպվում այլ միջոցառումներ։
Հիմա, երբ ավելի լայն են ԳՄ աշխատանքները ծավալելու հնարավորությունները, անդորր է իշխում միայն։ Իմ դիտողություններին Հակոբյանը պատասխանել է, թե՝ գրքեր ենք հրատարակում։ Այդ պատասխանն ինձ չի գոհացրել, քանզի գրքեր հրատարակելը հիմնականում հրատարակչության գործն է։ Որոշ ժամանակ անց իմ դժգոհությունը հայտնեցի «Եղիցի լույսի» անմխիթար վիճակի մասին։ Ուշադիր ընթերցեցի երեք համար։ Դրանցում զետեղված նյութերը ոչ միայն կարգին խմբագրված չէին, այլև լի էին ուղղագրական և կետադրական սխալներով։ Միայն Բ. Ջանյանի մի ակնարկում դրանց թիվը հասնում էր 67-ի։
Սակայն դրանից հետո էլ վիճակը մնաց անփոփոխ, որի մասին կրկին տեղեկացրի Վարդանին։ Նա ինձ առաջարկեց իմ ցանկացած աշխատավարձով լինելու «Եղիցի լույսի» սրբագրիչը։ Դա խորը վիրավորեց ինձ։ Ասացի, որ ոչ թե սրբագրիչ, այլ խմբագիր լինելուն եմ արժանի։ Սակայն սա գործնական առաջարկ չէր իմ կողմից։ Հաշվի առնելով իմ տարիքը, ունենալով խարխուլ առողջական վիճակ, ես խմբագիր լինելու ցանկություն չունեի։ Հետո էլ այնքան միամիտ չեմ, որ չիմանամ՝ Վարդանը ոչ միայն Հ. Մարտիրոսյանից, այլև Դ. Միքայելյանից և Ռ. Եսայանից ազատվել չի կամենում։ Ես գիտեի, որ նրանք Վարդանի տեղեկատվության «սյուներն» են։ Մեկ անգամ չէ, որ ես նրան հուշել եմ ազատվել այդ անբաններից, նրանց փոխարեն ընդունել աշխատելու ընդունակ մարդկանց։ Ինտելեկտուալ ցածր կարողություններ ունենալով հանդերձ, նրանք մշտապես վազքի մեջ են, քանի որ նրանցից յուրաքանչյուրը, ԳՄ-ն չհաշված, 2-3-ական հաստիքներ են զբաղեցնում ուրիշ հիմնարկներում։ Այսօր նույն թերթում վիճակը ոչնչով չի փոխվել դեպի լավը։
«Երբ սահմաններ չի ճանաչում ցինիզմը» զրպարտագրությունը տպագրելուց 3-4 օր հետո Վարդանը զանգեց ինձ և առաջարկեց հաշտություն։ Սակայն խորն էր իմ վիրավորանքը, և ես դրան գնալ չէի կարող։ Ես «ցինիկ» էի անվանվել հոդվածի իրական հեղինակ Վ. Հակոբյանի կողմից, որ ինձ տղա կսազի, և նրա խոսափող Դ. Միքայելյանի կողմից, որը համարյա իմ մեծ թոռան հասակակիցն է։ Իսկ երբ Վարդանին ասացի, որ անբարո քայլ է բանավեճում սուտ ու կեղծիքին դիմելը, նա բառացիորեն ասաց. «Բա ի՞նչ անեինք, դու անաղարտ մարդ ես։ Թերևս միակը, որ կարողանում էր վիճել Կևորկովի հետ։ Ստին ու կեղծիքին դիմեցինք ստիպողաբար, քանի որ որոշեցինք երկու էջանոց հոդվածով պատասխանել քեզ։ Ինչ եղել՝ եղել է, գտնում եմ, որ պետք է հաշտվել»։
Հիշեցի, թե նա ինչպես է փութաջանությամբ և օպերատիվությամբ նույն հոդվածը վերատպել «Գրական թերթ»-ում։ Դա արդեն ուժի ցուցադրում էր, որ տանել չէի կարող։ Մյուս կողմից, փոխանակ հաշտության իրական քայլեր աներ, նա ընտրեց առճակատումը։ Եվ նրա ջանքերով խափանվեց «Գրական թերթ»-ում իմ պատասխան հոդվածի տպագրությունը։ Փոխարենը հորինեցին կոլեկտիվ հոդված, որոնց տակ ստորագրածներից ոչ քչերը ժխտում են իրենց իմացությունը այդ հոդվածի բովանդակությանը։
Գոնե գրքերի հրատարակման գործը կարգին վիճակում լիներ։ ԳՄ-ի կողմից տպագրված բոլոր գրքերը խոտան են։ Սպասվում էր, որ որպես հարգանքի տուրք, Գ. Գաբրիելյանի մասին լույս ընծայվելիք հուշագիրքը կլիներ ուշադրության կենտրոնում։ Բայց այդպես չեղավ։ Երբ այն դեռ տպարանում էր, կարդալով և տեսնելով աղաղակող թերությունները, Վարդանին խոստացա անվճար խմբագրել ու սրբագրել այն։ Պատասխանը լռությունն էր, որ նշանակում է՝ մի° խառնվիր մեր ներքին գործերին։ Գիրքը տպագրվեց նախնական տեսքով՝ բացթողումներով, աղավաղումներով, ուղղագրական և կետադրական հարյուրավոր սխալներով։ Ստացվում է, որ ԳՄ-ի համար կարևորը ոչ թե գրքեր հրատարակելն է, այլ դրանք «խմբագրելու» պատրվակով 20-30 հազար դրամ շորթելը։ Ես իմ քաղաքական համոզմունքները ոմանց նման թաշկինակի պես փոխողներից չեմ։ Իհարկե, այսօր Վարդանի կարծիքը չի կարող համատեղվել իմի հետ։ Այլ է հիմա նրա ապրուստ-կապուստը։
Խորհրդային ժամանակներում կոմունիստ է եղել, նոմենկլատուրային բարձր պաշտոններ զբաղեցրել, իսկ այսօր նա այլ մարդ է, 1100 ուսանողով մասնավոր համալսարանի, կահույքի արտադրամասի տեր է և այլն (ի դեպ, 3 հերթ պարապմունքներով անգամ հնարավոր չէ 1100 հոգուն տեղավորել համեստ այդ շենքում)։ Մեծ գումարներ ունի ու մտադիր է, ինչպես ինքն է ինձ խոստովանել, իր համալսարանի շենքին կից 5 հարկանի նոր շենք կառուցել։ Իսկ ես արդեն 15 տարի է չեմ կարողանում ավարտին հասցնել հրետակոծությունից ավերված երկսենյականոց սեփական իմ տան վերանորոգումը։
Մանթաշևի բարեգործական եռանդը որևէ բան չի՞ հուշում քեզ, Վարդան։ Չէ°, չի հուշում։ Եթե հուշեր, վերջին տարիներին հրատարակած քո 7-8 գրքերը կտպագրեիր ոչ թե պետության, այլ քո° միջոցներով։ Կամ եղե՞լ է, որ սովածին մի կտոր հաց տաս, չքավոր ընտանիքի ուսանողից ուսման վարձ չվերցնես։ Գոնե հոգացե՞լ ես այն մասին, թե քո բուհն ավարտած շրջանավարտներն ինչպես են դասավորվում աշխատատեղով պակաս մեր երկրում։
Ինձ ներկայացրած միակ մեղադրանքը, որին կարող է հավատալ ընթերցողը, Մուսլիմովի և իմ ստորագրությամբ մարզի հերթական հոբելյանի առթիվ գրված գիրքն է։ Իրականում գիրքը գրվել է Բաքվում, իրական հեղինակները ոչ թե մենք ենք, այլ այն տարիներին Բաքվում հանրահայտ լրագրող Իրինա Մովսեսովան։ Մենք միայն տեղեկանքներ ենք ներկայացրել, այդ թվում՝ նաև մեր դիտողությունները չլուծված հարցերի վերաբերյալ։ Դա կարող է վկայել քաղլուստան նախկին տնօրեն Ռուդիկ Աղաբեկյանը, որ այդ նյութերը տարել է Բաքու։ Ի դեպ, այդ կեղծիքի մասին ես նշել եմ 1985 թ. դեկտեմբերին կայացած մարզային կուսկոնֆերանում ունեցած իմ ելույթում։ Իսկ ելույթս նվիրված էր Արցախի նկատմամբ Բաքվի խտրական քաղաքականության մերկացմանը, որը ներկաները ընդունել են ոտքի կանգնած և ծափահարություններով։ Ցավոք, ինձնից հետո ոչ ոք չարձագանքեց իմ ելույթին։ Սպասում էի, թե Վարդանը, հաշվի առնելով, որ ես շոշափել եմ մշակույթի բնագավառի հարցեր, ելույթ կունենա։ Բայց նա գերադասեց «լռությունը ոսկի է» զգուշացումը։
Վարդան Հակոբյանին ամբողջ կյանքում ուղեկցել են պաշտոնամոլությունն ու հարստանալու տենչը: Թե ինչպես նա դավեր նյութելով հասավ գրողների միության բաժանմունքի քարտուղար Արմեն Հովհաննիյանին աշխատանքից ազատելուն և տիրացավ նրա պաշտոնին, կարծում եմ, սխալ չի լինի, եթե պատմի հենց ինքը՝ Արմենը: Ես հիմա ընդամենը կվերապատմեմ այն, ինչ մեկ տարի առաջ ինքը՝ Վարդանն է պատմել մեր գրողներից մեկի հոբելյանի արարողության ժամանակ։
Իր երկու գրչընկերների հետ ներկայացել էր կուսմարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովին, առաջարկել աշխատանքից ազատել մեր բարձր պաշտոնյաներից մեկին: Կևորկովն անհիմն է համարել մեղադրանքները: Սցենարը կրկնվել է մի քանի անգամ, և դարձյալ Կևորկովն անհողդողդ է մնացել։ Առաջ է քաշվում նոր վարկած՝ այսինչ այսինչյանը սիրուհիներ է պահում և գործը թողած՝ սիրահետում իրեն ենթակա աղջիկներին:
Ինչպես ինքը՝ Վարդանն էր պատմում, Կևորկովը տհաճորեն է ընդունել նոր հերյուրանքն ու, զայրացած նետել. «Պուշկինը մոտ հարյուր սիրուհի է ունեցել, ու երբեք ցարը նրան չի նախատել դրա համար»: «Բորիս Սարկիսովիչ, Պուշկինը կոմունիստ չի եղել, իսկ մեր ընկերը կոմունիստ է»,- փորձել է հակաճառել Վարդանը: Այս պատմությունը լսելով, իր փոխարեն ամաչեցի։ Շատ չանցած, Վարդանն արդեն իմ, որպես «Խորհրդային Ղարաբաղի» խմբագրի տեղակալի պաշտոնը նշանի տակ առավ: Մամուլում այդ մասին գրվել է, ավելացնեմ միայն, որ, այնուհանդերձ, ես ընդառաջեցի՝ նրան տեղակալ նշանակելու մասին հրամանն անձամբ գրեցի, մնում էր կուսմարզկոմի բյուրոյում հաստատվեր: Սակայն այդ քայլիս համար իմ դեմ ելավ թերթի ողջ ստեղծագործական կոլեկտիվը, որի կամքին ես հակառակվել չէի կարող...
Դառնամ Սոկրատ Խանյանին։ Հարգելի Սոկրատ Աղալարի, ախր ես խնայել եմ Ձեզ և, նշելով Ձեր սխալները, չեմ հիշատակել Ձեր անունը։ Հիմա ստիպված եմ պատասխանել նաև Ձեզ։ Այդ երբվանի՞ց է գրականությունը դարձել գրականագետների ցանկապատված, ելումուտ չունեցող բոստան։ Գրականությունը ոչ թե գրականագետների, այլ ընթերցողների համար է։ Երևի Ձեզ նմաններին է նկատի ունեցել Չարենցը, երբ դիմելով ընթերցողին, գրել է. «Չկա ուրիշ քննադատ՝ քեզանից բացի»։ Հետո էլ ինձ համար վիրավորական է, երբ գտնում եք, որ ես իրավունք չունեմ գլուխս խոթելու գրականագիտական հարցերի մեջ, ես իբր իրավասու չեմ: Երկար տարիներ ես եղել եմ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալ, ապա՝ խմբագիր։ Ս. Խանյանը Բաքվի մանկավարժականն է ավարտել, իսկ ես՝ չորս բուհ՝ Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտի հայ գրականության և լեզվի բաժինը, ապա էքստեռն կարգով՝ ռուս գրականության և լեզվի բաժինը, Բաքվի կուսակցական դպրոցը, Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, և բոլորն էլ՝ կարմիր դիպլոմներով։ Ավելացնեմ, որ չորս տարի ռուսաց լեզու և գրականություն եմ դասավանդել, Մեծ հայրենականի վետերան եմ, մարտական երկու շքանշանի և բազմաթիվ մեդալների ասպետ, կոչումով մայոր եմ։ Արցախյան շարժման տարիներին բազում հոդվածներ և ակնարկներ եմ տպագրել երևանյան մամուլում։ Իսկ մինչև շարժումը հոդվածներ եմ տպագրել «Սովետական գրականություն» և «Գրական Ադրբեջան» հանդեսներում, ռուսերեն՝ «Սելսկայա ժիզն», «Տրուդ» թերթերում։ Հիշեցնեմ նաև, որ արցախյան շարժման սկզբնական շրջանում, երբ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագիրն էի, չնայած իմ աշխատասենյակում հերթապահություն էին անում ՊԱԿ-ի աշխատողները, էլի արժանի ձևով լուսաբանել ենք արցախյան շարժման նախնական ընթացքը: Դրանում համոզվելու համար կարող ես կարդալ Ս. Խանզադյանի «Արցախը կրակների մեջ» գիրքը։
Ներողություն եմ խնդրում իմ մասին այս ամենը պատմելու համար։ Բայց ի՞նչ անել, երբ այսօր աղավաղվում է մեր շարժման պատմությունը, երբ քարոզվում է, թե շարժումը նախաձեռնել և հաղթանակի է հասցրել մի ինչ-որ «եռանկյունի»։ Ստացվում է, որ մյուսները սոսկ «բակլուշկա» են խաղացել։ Ի դեպ, երկու անգամ լուրջ հանձնարարությամբ գործուղվել եմ Մոսկվա, ելույթ ունեցել Մեծ հայրենականի վետերանների համամիութենական համագումարում։ Տուն վերադառնալիս Ստեփանակերտի օդանավակայանում ձերբակալվել եմ։ Ազատ եմ արձակվել միայն երեք օր հետո, քանի որ մարզային պարետը Ստեփանակերտից բացակայում էր: Նրան օդանավակայան բերողներն էլ իմ մտերիմ չորս ընկերներն էին, որոնցից հիմա միայն Սերգեյ Դավթյանն է ողջ:
Չմոռանամ Ս. Խանյանին խորհուրդ տալու հեռու մնալ մանրանալուց։ Ով կարդացել է վերջերս «Լուսարար» թերթում տպագրված նրա հոդվածը դասախոս Սիրուն Բաղդասարյանի մասին, չի կարող չասել, որ այն ոչ պակաս, ոչ ավել գյուղական թամադայի կենացներ է հիշեցնում։ Սազական չէ նաև, որ երբեմն նույնիսկ ինֆորմացիաներ է զետեղում թերթերում։ Կխնդրեի նաև գրականագիտական իր հոդվածներում զերծ մնալ անարժեք գրքերի փառաբանումից, գոնե օգտագործեր նաև խորհրդային տարիներին շրջանառության մեջ եղած «կան նաև թերությունները»։
Չեմ կարող դժգոհությունս չհայտնել նաև «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունից։ Իմ դեմ գրված պատասխան հոդվածին թեթևակի իսկ ծանոթանալը հուշում է, որ հոդվածագիրը միտումնավոր շրջանցել է իմ բոլոր հարցադրումները։ Իսկ սա բավական է, որ պատասխան հոդվածը չտպագրվեր «Ազատ Արցախում»։
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ԽՄԲ. ԿՈՂՄԻՑ։ Վ. Հակոբյանի գրքի ընծայագիրը Ե. Սարգսյանին՝ 8-րդ էջում։ 8-րդ էջից։ «Սիրելի Եղիշե Գրիգորիչին, հրաշալի ղարաբաղցուն, մեծ մարդուն, արցախական աշխարհի ամեն լավի ու բարու հովանավորին, իմ և իմ բանաստեղծության լավագույն բարեկամին... Թող նրա շուքը միշտ անպակաս լինի մեր լեռներից ու սրտից...
Սրտագին մաղթանքներով՝ Վ. Հակոբյան»-ը այս տողերը ընծայագրել է Եղիշե Սարգսյանին նվիրած իր գրքի վրա 1987 թվականին, երբ վերջինս «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագիրն էր, իշխանություն, ազդեցություն և կշիռ ուներ։ Փոխվել են ժամանակները, պարզ է, որ Հակոբյանը փոխել է նաև իր բարեկամների շրջապատը։ Ի՞նչ կարող ես անել, մարդը իր ողջ կյանքն այդպես է ապրել՝ քծնում ու շողոքորթում է, քանի իշխանություն ունեն, իսկ երբ զրկվում են իշխանությունից, առաջինն ինքն է քար նետում։ Ձեռնպահ ենք մնում նրա՝ Կևորկովին ուղղված շողոմ ընծայագիրն ի ցույց դնելուց։
Մեծապատիվ մտավորականներ
«ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ»
կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս
Մերազգի որոշ գործիչներ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից։
Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է՝ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, այնինչը ոչ միայն հերոս է, այլև, իր ասելով, հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ ինքն ազգի փրկիչ է: Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը աջ ու ձախ ինտրիգներ սարքելով կամ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, մի վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով կամ իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով... Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով, խոշորացույցով ու հեռադիտակով անգամ չէիր գտնի: Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը:
Շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ, մտավորականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու: Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն: Ոմանց երևի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը: Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երևակայի»: Երևույթը նոր չէ։ Ժամանակին մեծ մտածողներից մեկը նկատել է, որ «տափակ հարթության վրա յուրաքանչյուր հողակոշտ բլուր է թվում»։
ԼՂՀ գրողների միության տպագրած գրական տեղեկատուներից մեկում Վարդան Հակոբյանի կենսագրության մեջ գրված է, որ նա «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է» (հետաքրքիր է, իսկ ովքե՞ր են երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ղեկավարները - հեղ.)։ Իսկ Երևանից հարգարժան Ազատ Եղիազարյանը մի քանի տարի առաջ «Ահա այսպիսի վաստակավոր գործիչ» վերնագրով («Հայկական ժամանակ», 17 նոյեմբերի 2005 թ.) Հակոբյանին ձեռ առնող հոդվածի հեղինակին հայտնել է, թե Վ. Հակոբյանը «մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին»:
Չեմ ուզում նույն անձի մասին նույնատիպ մեջբերումներ անել նույն ԳՄ-ի և նրա մերձակա խոհանոցներում սարքված այլ աղբյուրներից։ Պարզապես ինքս ինձ մտածում եմ. այսպես օրը ցերեկով երբ մենք անգթորեն, անխղճորեն խեղաթյուրում, կեղծում ենք երեկվա դեռ պատմություն չդառած Ազգային-ազատագրական շարժումը, հակառակորդից, մեր թշնամուց ինչո՞ւ ենք նեղանում ու նրանց մեղադրում պատմությունը խեղաթյուրելու և կեղծարարության մեջ։
Քանի որ, Իգոր Մուրադյանի ասած, բոլորը դեռ չեն մեռել, փորձենք վերհիշել, թե Վարդան (Սլավիկ) Հակոբյանն ինչպես էր «ղեկավարում» Արցախյան շարժումը։ Սկսենք ստորագրահավաքի ժամանակներից։ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը, որը կազմվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, և որի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ, Վարդան Հակոբյանին չեմ տեսել, նրա անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար։ Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել։ Սկզբում նրանց ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...
Ինչ վերաբերում է ավելի ուշ՝ 1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանում Վ. Հակոբյանի և ոմանց «բոցաշունչ» ելույթներին, ապա այդ օրը մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ, 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Միացո°ւմ», «Հայաստա°ն» վանկարկելով, սպասում էր, որ պատգամավորները թղթի վրա վավերացնեն այն որոշումը, որ արդեն կայացրել էր ինքը՝ ժողովուրդը։ Թող որևէ պատգամավոր փորձեր այլկերպ պահել իրեն, մեղմ ասած՝ բմբուլները քամուն կտային։
Այնուհետև Վ. Հակոբյանը Արցախի պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա։ Ճիշտն ասած, պարզ չէ, թե արփագյադուկցի միջակագույն կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիսի ռուսերենի «գիտակ» Սլավիկ որդին ինչո՞ւ է մեկնել և ի՞նչ լեզվով պիտի խոսեր ԽՍՀՄ կարևոր դեմքերի հետ։
(Նրա մոսկովյան «հանդիպումների» մասին հատվածը իմ կողմից հարգված մի անձնավորության խնդրանքով հանել եմ հոդվածից)։ Եղել է հանրահայտ «Կռունկի» անդամ։ Բայց քանի որ Հակոբյանն այն մարդկանցից է, որոնց ողջ կյանքի և գործունեության միջով կարմիր թելի պես անցնում է անձնական շահի սկզբունքը, ձեռքերը ծալած չի նստել, հավատարիմ է մնացել իր դավանանքին. այն ծանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, նա երեք անգամ մոտ 1700 ռուբլի է (այն տարիների բարձր պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար...
Այնուհետև՝ միտինգային ելույթներ «մոսկովյան վարդագույն» խոստումների մասին... Հետո՝ պատերազմ։ Բանակում չծառայած Վարդան Հակոբյանը գտավ, որ «լավագույն ավանդույթները» պետք է շարունակել, և տեղի բարձրագույնի հումանիտար բաժիններից իր զավակներին հանեց և պետական լիմիտով տեղավորեց Երևանի իրավաբանականում։ «Շարժման առաջին ղեկավարի» զորակոչի ենթակա զավակները 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով մեկնեցին Երևան։
Ողջ պատերազմի ընթացքում Վ. Հակոբյանի «հայրենասիրական» ձայնը չէր լսվում։ Ավելի ճիշտ՝ լսվում էր, բայց այլ կողմերից. Երևանում պատսպարված, այսուայնտեղ հայտարարում էր, թե արդեն Ղարաբաղ չկա, ամեն ինչ վերջացած է։ Իսկ ահա, պատերազմից հետո պարզվեց, որ մարդը «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է»։ Պարզապես հասկանալի չէ, թե «Շարժման առաջին ղեկավարն» ինչո՞ւ թե° սաֆոնովյան ռեակցիայի տարիներին, թե° պատերազմի դաժան տարիներին և թե° հետո, այս 15 տարում, երբ դարձյալ շարունակվում են սև ամպեր կուտակվել մեր Հայրենիքի գլխին, երբ անընդհատ խոսում են ազատագրված տարածքները թշնամուն վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, ինչ-որ հանրաքվեի և անորոշ կարգավիճակի մասին, ծպտուն չի հանում։ Թե՞ դա ԼՂՀ ԳՄ նախագահի «կոմպետենտության» (իր բառն է - հեղ.) մեջ չի մտնում։
Գոնե մի փոքրիկ հոդված կամ պարզապես ելույթ չհրապարակեց՝ իր ժողովրդին «ուղղորդելու» (իր բառն է - հեղ.) և ցույց տալու, որ «Շարժման առաջին ղեկավարը» դեռ կենդանի է, և նրա հիմնական զբաղմունքը Արցախի գրական-մշակութային-կրթական-գիտական դաշտը ամայացնելը, անձնական հաշիվներ մաքրելու համար ինտրիգներ սարքելը, գրողներին իրար դեմ լարելը, պետության սուղ միջոցներով շքեղ հատորներ հրատարակելը, տպագրած թերթերից փողոցային հայհոյանքներ շաղ տալն ու փող դիզելը չէ միայն։ Բայց դա այլ թեմա է։
Ինչ մնում է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմին մասնակցելուն», զավեշտն այն է, որ Վարդան Հակոբյանը դա այդպես էլ հրապարակավ չհերքեց, երևի հույս փայփայելով, որ հանրությունն այդ «կուտը» կուլ կտա: Ստի ու կեղծիքի վրա կենսագրություն ու «փառք» հյուսող, հակառակորդների դեմ զրպարտություններ գրող-պատվիրող «գրական ջոկատի հրամանատարի» համար ի՞նչ մեծ բան է ստի բուրգի վրա մի սուտ ևս «դամկա» ուղարկելը։ Երևի թե կարելի է քսան կամ մի քանի հարյուր մարդու խաբել, բայց Ժամանակն ամեն ինչ և ամենքին իրենց տեղն է դնելու։
Օրերս իր մամլո ասուլիսում Հակոբյանը վերջապես հիշեց ղարաբաղյան հարցի մասին և, իրեն հատուկ կեղծ ոգևորությամբ, գյուտ արածի պես հայտարարեց, որ այն պիտի լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով։ «Շարժման առաջին ղեկավարը» (ինքն իրեն անվանում է նաև «ոգու սյուն», բայց շնորհակալ լինենք, որ իրեն չի անվանում, ասենք, «Երկրագունդ» կամ «Արեգակ») նույնիսկ չգիտե, որ 1988-ի հանրահավաքների ժամանակները վաղուց անցել են, որ գնացքն այդ «կայարանը» արդեն թողել է հետևում, և այսօր միանգամայն այլ հարցեր են քննարկվում։ Առայժմ այսքանը։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ԼՂՀ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՏՆՕՐԻՆՄԱՆՆ Է ՀԱՆՁՆԵԼ 21.5 ՄԼՆ ԴՐԱՄ
Յուրաքանչյուր տարի Վարդան Հակոբյանը Արցախի պետական բյուջեից ստանում է հսկայական գումարներ և սեփական հայեցողությամբ օգտագործում այն։ Այսպես, 2009 թվականին ԼՂՀ պետբյուջեից Վարդան Հակոբյանի տնօրինությանն է հանձնվել 21.5 մլն դրամ։ Այդ թվում՝ - պետության համեստ միջոցներից Վ. Հակոբյանի ղեկավարած «ԼՂՀ գրողների միություն» հասարակական կազմակերպությանն է տրամադրվել 7.5 մլն դրամ, - ԳՄ «Եղիցի լույս» պաշտոնաթերթին՝ 2 մլն դրամ, - «Մուրացանի անվան օրեր» կոչվող միջոցառման համար՝ 1 մլն դրամ, - Եղիշեի անվան մրցանակաբաշխության համար՝ 1 մլն դրամ, - Գրահրատարակչությանը՝ 10 մլն դրամ։
Հիշեցնենք, որ մյուս հասարակական կազմակերպությունները պետբյուջեից ստանում են՝ կամ ոչինչ, կամ համեստ գումարներ։ Օրինակ, Արցախի զոհված ազատամարտիկների ծնողների միությունը անցյալ տարի բյուջեից ստացել է 3.5 մլն դրամ, միության ղեկավարն ընդամենը ստանում է 40 հազար դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ նույն թվականին ԼՂՀ գրողների միությանն է տրամադրվել 10.5 մլն դրամ, միության ղեկավար Վարդան Հակոբյանը ստանում է նախարարական աշխատավարձ, իսկ նույն ԳՄ-ի պաշտոնաթերթում, ի պատասխան Արցախի մտավորականների նամակ-հոդվածի, ցինիկորեն հայտարարում. «Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։
ԳՄ-ի խոհանոցից դուրս Արցախում հազիվ 10 մարդ գտնվի, որ ասի, թե արժանի է։ Սակայն խնդիրը դա չէ միայն. հասարակական կազմակերպության ղեկավարն ինչո՞ւ պիտի պետական բարձր պաշտոնյայի աշխատավարձ ստանա։ Այն էլ՝ գրողների միություն կոչվող «անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպության» («Ազգ», 06.12.08)։
Հավելենք նաև, որ թե° անցյալ տարի, և թե° այս տարի պետությունը որևէ ոչ պետական, անկախ պարբերականի չի ֆինանսավորել, գրոշ անգամ չի տրամադրել։ Նրանց համար բյուջեում փող չկա։ Տեղական ճգնաժամ է, թե միջազգային, բյուջեում ճեղքվածք կա, թե ոչ՝ ԼՂՀ գրողների միության և նրա ղեկավարի համար մշտապես միլիոններ կա°ն։ Մի ավելորդ անգամ հիշեցնենք, որ պետբյուջեն գոյանում է ժողովրդի, մեր՝ հարկատուներիս միջոցներից։
Աղքա՞տ երկիր ենք։ Նայած ում համար։ Բյուջեում փող չկա՞։ Նայած ում համար։
Մի առաջարկություն. տեղի ԳՄ-ն գուցե արտահերթ համագումար հրավիրի և որոշում կայացնի՝ ԳՄ նախագահի աթոռը ցմահ Վ. Հակոբյանին հանձնելու մասին, որպեսզի 25 տարի շարունակ այդ աթոռին կառչած Հակոբյանն իր «գահը» կարծեցյալ հարձակումներից պաշտպանելու համար այլևս ինտրիգներ չսարքի, գրողներին չլարի իրար դեմ, չզրպարտի, հանգիստ թողնի մարդկանց։ Միաժամանակ՝ նրա համար աշխատավարձ սահմանել՝ 700-800 հազար դրամի չափով, որպեսզի աչք չգցի այլ աղբյուրներից ու այլ ճանապարհով, այդ թվում՝ դիպլոմ վաճառելով, սեփական կաճառում «լուսավորություն տարածելու» պատրվակի տակ փող շինելուն...
«ՆԷ»
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Այս համարով «Նոր էջը» դադարեցնում է Վարդան Հակոբյանի մասին հրապարակումներ տպագրելը։ Նրա անունն այլևս տեղ չի գտնելու այս թերթում։
Վերջին էջ
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԾԻԾԱՂՈՒՄ ԵՆ ՁԵ՛Զ ՎՐԱ
Լսելով, որ «Նոր էջ» հանրային թերթում տպագրված Սերգեյ Աբրահամյանի «Առաջին հերթին մարդ պիտի լինել» հոդվածին «Պըլը Պուղի» երգիծական հանդեսը արձագանքել է, գտա այդ, այսպես կոչված, հանդեսը, կարդացի և, այնքան մեծ էր հիասթափությունս, որ իսկույն սրտխառնոց զգացի։ Ցանկացած իրեն հարգող մարդ, լինի մտավորական թե բանվոր, ով գոնե մի քիչ օժտված է մտածելու ունակությամբ, պետք է գտնվի իր բարձրության վրա։ Բայց ի՞նչ է ստացվում. տեսնելով, որ հնարավոր չէ այլ կերպ ճնշել ճշմարտությունը, իրեն Պըլը Պուղի հորջորջող Դ. Միքայելյանն իր կարողությունների չափ, որքան գռեհկություն ու փողոցային հիշոցներ գիտե, զետեղել է իր «հոդվածում», և այնքան է մեծամտացել, որ կարծում է, թե ինքն անձեռնմխելի է, ոչ ոք իրավունք չունի քննադատական խոսք ասելու։
Նա իրեն արդեն կենդանի դասական է կարծում ու այստեղ-այնտեղ պարծենում է, թե՝ տեսեք ոնց եմ պատասխանել։ Շատերն էլ չցանկանալով ավելորդ ժամանակ վատնել և գլուխ դնել նրան ու նրա համախոհներին, ձեռ առնելով, հավատացնում են, որ գրածը «գլուխգործոց է»։ Իրականում, ովքեր կարդացել են նրա այդ թափոնը, ծիծաղում են այդ թերթի ու նրա մակարդակի վրա։
Ո՞ւմ մասին ես դու գրում քո, այդպես կոչված, հանդեսում, Դ. Միքայելյան։ Զգացել ես երևի, որ քո և Ս. Աբրահամյանի միջև տարբերությունը շատ մեծ է. քեզ պես նա երբեք ուրիշի հաց չի կերել, քելեխներում փոր չի կշտացրել, անուն ու պատիվ չի փնովել, այլ միայն իր խղճի ձայնին է արձագանքել։ Շատ հաց ու պանիր պիտի ուտես, որ հասնես նրա մակարդակին։ Ա՛յ խեղճուկրակ, մի նայիր բոյ ու բուսաթիդ, կարողություններիդ, հասարակության մեջ ունեցած դիրքիդ ու նոր միայն քեզ իրավունք վերապահիր մարդկանց հասցեին վայրահաչոց տալ։ Քեզ Պըլը Պուղու տեղ ես դրել, մինչդեռ վերջինս իր գրաստի պարտականություններն անգամ չէր վստահի քեզ։ Ականջիդ օղ արա՝ սապոն տալով հեռուն չես գնա։
Քրեական տարրերն անգամ կամաչեին նման թերթ հրատարակելու համար։ Մարդու պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը նախատեսում է քրեական պատասխանատվություն, բայց Ս. Աբրահամյանը նման միջոցների չի դիմի, քանի որ, Դ. Միքայելյա՛ն, քեզ նմանների գոյությանը քամահրանքով է վերաբերվում։ Կարծում եմ՝ այսքանն էլ բավական է, որ համապատասխան հետևություններ անես։ Մի քիչ ուղղագրություն սովորիր։ Հեր օրհնած, «շիմպանզե»-ն գրվում է ոչ թե «ն»-ով, այլ «մ»-ով։ Սա իմիջիայլոց։
Մեր ճանապարհին քեզ այլևս չհանդիպելու հավատով՝
Ս. Աբրահամյանի հարազատ քույր ԺԱՍՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մայրաքաղաքի դպրոցներից հեռախոսազանգեր ենք ստացել. ուսուցիչները բողոքում են, որ «Պըլը Պուղու» համարները դպրոցներում 250 դրամով պարտադրում են իրենց։ Սա ի գիտություն ԼՂՀ իշխանությունների, այդ թվում՝ կրթության նախարարության։ Թե՞ դա կատարվում է վերոհիշյալ նախարարության «դոբրո»-ով։
ԵՐԿՈՒ ԶՐՊԱՐՏԻՉ՝ ՆՈՒՅՆ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ
Ռոբերտ Եսայան անունով մի ճիվաղի ստորագրությամբ «Չորրորդ իշխանություն» թերթում զազրախոսություն-զառանցանք է տպագրվել իմ մասին: Անզեն աչքով անգամ երևում են հոգեկանի հետ լուրջ խնդիրներ ունեցող իրական հեղինակի՝ Արցախի գրողների միություն կոչվող պորտաբուծարանի ղեկավարի ականջները: Այնուամենայնիվ, այդտեղ արտառոց կամ զարմանալի ոչինչ չկա. վերջինս իր ողջ կյանքն այդպես է ապրել՝ ուրիշների ստորագրությամբ հերյուրանքներ սփռելով, մարդկանց իրար դեմ լարելով, աթոռի համար ամենայն սրբություն ոտնակոխ անելով և դեպ վեր ճանապարհ հարթելով իր համար...
Խնդիրն այստեղ նա չէ, այլ անձնական օգտագործման այն «թաշկինակը» (շատ մեղմ ասացինք), որի անունը Ռոբերտ Եսայան է: Սա, եթե մի կտոր արժանապատվություն ունենար, անմիջապես կբարձրաձայներ, որ ինքը չէ այդ զառանցանքի հեղինակը, որ նույնիսկ տեղյակ էլ չի եղել դրա գոյության մասին, միայն տպվելուց հետո է իր բոսը հարմար գտել տեղեկացնելու այդ մասին: Դե, իհարկե, չէր կարող ծպտուն հանել. մեջտեղ «հացի խնդիր» կա, տունուտեղ պահելու խնդիր կա: Համարձակությունը հերիքել է միայն իր բարեկամի մոտ խոստովանելու, որ զազրախոսության հեղինակն ինքը չէ, հետո է միայն իմացել այդ մասին...
Ինչ-որ է: Ամեն դեպքում ժողովրդական իմաստությունն առայսօր ոչ ոք չի «բեկանել», այն դեռ գործում է. «Նմանն զնմանը գտանի»... Երկուսն իրար արժանի են՝ ձև ու բովանդակությամբ և, կարծում եմ, իրենց լավ էլ զգում են նույն աղբամանում:
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Ամսվա անեկդոտը
Հայտնի զրպարտիչ-ինտրիգանը արժանի հակահարված ստանալով, լրագրողներին բողոքեց. - Քննադատությունս սրերով են ընդունում։
Ամսվա ասույթը
Եթե ամեն մարդ նստած չէ իր աթոռին, անկախ նրանից՝ այն գտնվում է վանդակաճաղերից այնկո՞ղմ, թե՞ այսկողմ, նշանակում է հասարակությունը բուժման կարիք ունի:
|