Կանգնեք, կարմիր լույս է...
ԴԱՐՁՅԱԼ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ
Մի քանի տարի առաջ ուսումնասիրություններ եմ կատարել մեզ մոտ ալկոհոլային խմիչքների օգտագործման մասին: Պարզվել է, որ մեզանում ալկոհոլային խմիչքները նորմայից շատ են օգտագործում: Յուրաքանչյուր ընտանիք մի ամսում օգտագործում է 4,3 լ խմիչք: Մեր պապերը ընդհանրապես հայտնի են եղել որպես չափավոր խմիչք օգտագործողներ: Այլ է պատկերը հիմա. ուրախության թե տխրության սեղաններին շարված խմիչքները լիովին դատարկվում են, որը չես ասի հանքային ջրերի և հյութերի մասին:
Օղին խմելուց անմիջապես հետո բերանի խոռոչում և կերակրափողում սկսում է ներծծվել արյան մեջ՝ չնայած մարսողական այդ բաժիններում նա մնում է շատ կարճ ժամանակահատվածում: Վայրկյաններ հետո ստամոքսում սկսում է գրգռել լորձաթաղանթի գեղձերը՝ ստիպելով ավելի շատ ստամոքսահյութ արտադրել: Արտադրված ստամոքսահյութը ավելի է գրգռում մեր ախորժակը, և մենք չարաչար սխալվում ենք՝ ուրախանալով դրա համար: Առատ ստամոքսահյութը ախորժակ գրգռելու համար չի արտադրվել, այլ որպեսզի նոսրացնի ստամոքսում գտնվող խմիչքի խտությունը:
Խմիչքները ստամոքսի պատի լորձաթաղանթը և հաջորդ շերտերը քայքայում են այնքան ժամանակ, որքան գտնվում են ստամոքսում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալկոհոլային խմիչքների հանդեպ հակում ունեցողների 95 տոկոսը տառապում է գաստրիտով, որից հետո խմիչքի չարաշահման դեպքում այն վերափոխվում է ստամոքսի կամ 12-մատյա աղիքի խոցի, վերջում էլ դառնում չարորակ ուռուցք:
Ստամոքսի և ընդհանրապես մարսողական օրգանների հիվանդությունները ծանր և դժվար բուժվող հիվանդություններ են: Նման հիվանդություններով տառապողները մշտապես պետք է հոգան դիետայի մասին: Ցանկալի է առիթից-առիթ օգտագործել ալկոհոլային թունդ խմիչքներ (օղի, կոնյակ), փոխարենն օգտագործելով տնային բնական գինի: Վերջինս առողջ ստամոքսի պատի վրա թույլ ազդեցություն է թողնում և ունի բուժիչ հատկություն (կարգավորում է աղիքների միկրոֆլորան, բարելավում արյան բաղադրությունը): Ցանկալի է օգտագործել կարմիր գինի: Ստամոքսում խմիչքը քիչ է մնում՝ մի քանի րոպե, որից հետո մտնում է աղիքները: 12-մատյա աղիքում ալկոհոլը նույն ձևով քայքայում է աղիքի պատը, ինչպես ստամոքսում: Բարակ աղիքներում այն սկսում է ներթափանցել արյան մեջ և արյունատար անոթներով հոսում դեպի լյարդը: Լյարդը ընդունելով օրգանիզմի համար վնասակար նյութը՝ սպիրտը, դրանով իսկ իր վրա է վերցնում հիմնական հարվածը: Հիշեցնենք, որ ստամոքսում և աղիքներում էթիլ սպիրտի մոլեկուլները փոփոխության չեն ենթարկվում, այլ իրենք են մարսողության օրգանների պատերը քայքայում:
Լյարդը սկսում է քայքայել էթիլ սպիրտի մոլեկուլները՝ որպես մեր օրգանիզմի համար վնասակար մարմիններ: Լյարդի բջիջները դրանով իսկ կատարում են իրենց պաշտպանական-փրկարար առաքելությունը: Լյարդի բջիջները իրենց ֆերմենտների մասնակցությամբ սպիրտի մոլեկուլներից անջատում են ջրածնի ատոմներ, որի հետևանքով սպիրտի մոլեկուլները փոխարկվում են ուժեղ թունավոր քացախալդեհիդի մոլեկուլների, հետո էլ՝ քացախաթթվի, որոնք սկսում են լյարդի բջիջներում փոփոխություններ առաջացնել. խախտելով նյութափոխանակությունը լյարդի բջիջներում՝ նրանք լցվում են ճարպով: Ճարպակալած լյարդը աստիճանաբար կորցնում է իր ֆունկցիան: Երբ խմիչքի չարաշահումը շարունակվում է, լյարդի բջիջներն այլևս չեն կարողանում դիմանալ ալկոհոլային թունավորմանը, սկսում են մահանալ և առաջանում է լյարդի ցերրոզ ծանր հիվանդությունը: Էթիլ սպիրտի մոլեկուլների տրոհումը կատարվում է դանդաղ, որի համար դրանք հասցնում են որոշ ժամանակ արյան հետ շրջանառություն կատարել մեր օրգանիզմում: Թունավոր նյութերը ժամերով, օրերով (կախված օգտագործված խմիչքների քանակից և թնդությունից) շրջում են մեր օրգանիզմում՝ լինելով գլխուղեղում, սրտում, երիկամներում, բոլոր հյուսվածքներում և բջիջներում, ամեն տեղ նրանք իրենց հետքն են թողնում. շատ բջիջներ մահանում են, սրտի կծկվող մկաններում պակասում են սպիտակուցները, զգալիորեն իջնում են սրտի ֆունկցիոնալ հնարավորությունները:
Ալկոհոլ օգտագործելուց ցավեր են լինում սրտի շրջանում, արագանում է սրտի աշխատանքը: Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց ամենից շատ տուժում է մարդու գլխուղեղը:
Խմած մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց արարքները, որովհետև վնասված-բորբոքված է գլխուղեղի կիսագնդերի կեղևը: Չեն կարողանում շարժվել, որովհետև վնասված են լինում միջին ուղեղը և ուղեղիկը, խախտված է լինում նաև արյան շրջանառությունը և շնչառությունը, քանի որ խմիչքից տուժած են լինում նաև երկարավուն ուղեղի նեյրոնները: Մշտապես ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս, ճիշտ է դանդաղ, բայց քայքայվում է կենտրոնական նյարդային համակարգը, իսկ թունդ օղու յուրաքանչյուր բաժակ կարող է ոչնչացնել հարյուրավոր-հազարավոր նյարդային բջիջներ: Խմիչքի ազդեցությամբ գլխուղեղում պաթոլոգիական (կառուցվածքային) փոփոխություններ են առաջանում, բարակում է կեղևը, լայնանում է ուղեղիկը, փոքրանում են ուղեղի մեծ կիսագնդերը: Այս փոփոխություններն իրենց հետ առաջ են բերում հոգեկան խանգարումներ: Այսպիսով, սիրելի ընթերցող, մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչպես ալկոհոլի թիրախ են դառնում ստամոքսը, աղիքները, լյարդը, սիրտը, ուղեղը և, վերջապես, վտանգվում է մարդու կյանքը:
ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
կենսաբան
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՎԵԼ
Անցած ամսում կարևոր և ոչ կարևոր շատ անցուդարձեր են կատարվել Արցախում և աշխարհում: Արտաքին աշխարհը թողնենք իր հոգսերի հետ, խոսենք մեր փոքրիկ երկրամասի խնդիրներից: Այս անգամ՝ թեթևակի անդրադառնանք «օրենքներին»: Անհիշելի ժամանակներից մարդիկ օրենքներ են ստեղծել իրենց իրավունքների, պարտականությունների, պարտավորությունների, իրար նկատմամբ ունեցած հարաբերությունների ու բազում այլ նմանատիպ բաների մասին և առաջնորդվել դրանցով: Ովքեր խախտել են դրանք՝ այդ օրենքները, պատասխանատվության են ենթարկվել, ամենաթեթևից ամենածանր պատիժներ կրել: Այդպես՝ հինավուրց ժամանակներից մինչ այսօր:
Իրենց «օրենքներն» ունեն թե զարգացած, թե կիսազարգացած, թե հետամնաց ու կիսահետամնաց երկրները, անգամ ռասիստական ու բռնատիրական երկրները: Այս կամ այն երկրի «Օրինաց ժողովածուով» կարելի է պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքակրթության, բարոյական կերպի և այլ հատկանիշների մասին: Չնայած գեղեցիկ ու հոյակապ օրենքների ժողովածու ունենալը դեռևս շատ քիչ է քաղաքակիրթ երկիր կոչվելու համար, քանզի այդ օրենքները կարող են շքեղ հրատարակել և որպես գեղեցիկ ցուցանմուշ պահ տալ թանգարաններին: Ասել է թե՝ չօգտագործել կյանքում...
Մենք էլ ունենք մեր երկրի՝ ԼՂՀ կամ պարզապես Արցախ-Ղարաբաղ կոչվող մեր պետության օրենքները: Թե ոնց ենք այն ստեղծել, ինքներս ենք ստեղծե՞լ, թե՞ Հայաստանից ենք փոխառել՝ ՀՀ-ն դարձնելով ԼՂՀ, դա այլ հարց է և այս պահին այնքան էլ էական չէ: Վերջին հաշվով՝ ղազախներից, բուշմեններից կամ ազերիներից չենք փոխառել, այլ մեր հարազատ հայրենակիցներից: Չենք ուզում խոսել նաև այն մասին, որ մեզանում դեռևս հստակեցված չէ՝ օրենքները ստեղծել ենք մարդկանց ծառայեցնելու համա՞ր, թե մարդիկ ծնվում-ստեղծվում են, որպեսզի ծառայեն օրենքներին...
Նեղացնենք թեմայի շրջանակը: Խոսենք «օրենք» խախտելու մասին, ավանդույթ, որ մեզանում բարգավաճում է: Ոմանց, հատկապես բարձր աստիճանավորներին, հաճախ թվում է, թե մեր այս կամ այն օրենքը միայնումիայն նրա համար է, որ խախտեն: Ամենասովորական-առօրեական օրենքներից սկսած մինչև այնպիսիք, որոնց առնչվում ենք հազվադեպ, առիթից առիթ:
Ահավասիկ. պետավտոտեսուչը սովորական մի «Ժիգուլի» կանգնեցրել, ավտովարորդին երկար-բարակ բացատրում է, որ նա, ասենք, նախատեսվածից արագ է վարել ավտոմեքենան: Այդ պահին սև ապակիներով արտասահմանյան շքեղ սև մի «բզեզ» սուրալով անցնում է նրանց մոտով, հետևից նմանատիպ մի այլ ավտոմեքենա, իսկ ավտոտեսուչը «չի նկատում», որովհետև ղեկի մոտ նստածները խոշոր տրամաչափի ինչ-որ չինովնիկի զավակներ են, թոռը, հորեղբոր որդին, բաջանաղի աներձագը կամ հեռավոր մի ազգական, ովքեր չգրված նոր օրենքով՝ օրենքից դուրս են: Երթևեկության տվյալ օրենքը կամ մյուս այլ օրենքները նրանց համար չեն:
Անցած ամսում, սակայն, ինձ համար ամենատպավորիչը «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի խախտումն էր: Խախտողը՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը: Ինչո՞ւ է տպավորվել: Որովհետև տիկին նախարարուհին մի այնպիսի հավեսով էր խախտում այդ օրենքը, ասես, թքած ունի դրա վրա: Արցախի հանրային հեռուստատեսությունը տևականորեն ցուցադրում էր տիկին Վարդանյանի հանդիպումը ուսանողների, որքան հասկացա, ապագա քաղաքաշինարարների հետ: Հանդիպման ողջ ընթացքում նախարարուհին խոսում էր միայն ռուսերեն, անգամ հայերենով տրված ուսանողների հարցերին պատասխանում էր ռուսերեն: Հետո ի՞նչ, որ մայրաքաղաքի տարբեր շենքերի ճակատներից «Լեզվի տեսչությունը հիշեցնում է, որ ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է»:
Ըստ իս, տիկին Վարդանյանին և նրանց, ովքեր մինչ այդ նույն հաջողությամբ խախտել են «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը, թվում է, թե խելոք երևալու, դիմացինին ու ընդհանրապես հանրությանը զարմացնելու ամենաարդյունավետ եղանակը օտար լեզվով խոսելն է: Տպավորությունը միանգամայն հակառակն է: Հատկապես երբ մեր չինովնիկների մի ստվար մասը շատ համեստ կենսագրություն ունի: Էլ չեմ խոսում մտավոր կարողությունների մասին: Նույն հաջողությամբ նախարարուհին կարող էր խոսել նաև օտար մի այլ լեզվով՝ չինարեն, արաբերեն կամ աֆրիկյան մգուբու ցեղի լեզվով: Ընդհանրապես տարբեր լեզուներ իմանալը ողջունելի է, բայց երբ մարդ չգիտե իր մայրենին, առավել ևս՝ այն երկրի ու պետության լեզուն, որտեղ բարձր պաշտոն է զբաղեցնում, դա, եթե շատ մեղմ ձևակերպենք՝ նաև օրենքի խախտում է:
Ի դեպ, կամա թե ակամա, նույն օրենքը խախտող մյուս կողմը Արցախի հանրային հեռուստատեսությունն է: Նա միանգամայն հանգիստ կարող էր «խոտանել» այդ ռեպորտաժը, կամ ներկայացնել միայն մեր պետական, մեր մայրենի հայոց լեզվով: Հարգելիներս, տիկնայք և պարոնայք չինովնիկներ, խնդրում եմ, ձեռնպահ մնացեք օրենքներ խախտելուց, հատկապես «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը ոտնատակ տալուց: Վատ օրինակ մի ծառայեք ժողովրդին: Էլ ինչի՞ համար ենք պայքարել, հազարավոր հայորդիների արյուն հեղել: Ակամայից հիշեցի պոլյանիչկո-սաֆոնովյան ռադիոն՝ «ԳԱՎԱՐԻՏ ՍԾԻՊԱՆԱԿԵՐՏ»...
Ի՞նչ տարբերություն՝ ազգությունդ, ինքնությունդ, արմատներդ կորցնելով՝ ռո՞ւս ես դառնում, անգլիացի՞, ուզբեկ թե՞ թուրք-ազերի: Արցախյան ազգային-ազատագրական գոյապայքարի տարիներին ոչ ոք այսպիսի խնդիր չի դրել՝ թուրքը վատն է, մենք ուզում ենք ռուս կամ իտալացի դառնալ: Մենք հայ ենք և մեր երկիրը կոչվում է Հայաստան: Ֆրանսիացին իր երկրում խոսում է ֆրանսերեն, ճապոնացին՝ ճապոներեն, հույնը՝ հունարեն: Եկեք կրկին Ամերիկա չհայտնագործենք, հատկապես, երբ այն վաղուց է հայտնագործված:
Վ. ՕՎՅԱՆ
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ «ՄԱՐԶԱԿԱՆ» ՎԻՃԱԿԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վերջերս տեղեկացանք, որ Արցախի հանրային հեռուստատեսությամբ յուրաքանչյուր կիրակի օր եթեր է հեռարձակվելու ռուսերեն «ԹպրՑվՌՍ» հաղորդումը՝ Արցախում գործող ազգային փոքրամասնությունների համար: Ինչո՞վ է պայմանավորված հաղորդման եթեր տրվելը, արդյո՞ք նախաձեռնողները եղել են ԼՂՀ-ի ռուսական համայնքի ներկայացուցիչները՝ այս և նմանատիպ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար որոշեցինք դիմել ԼՂՀ հանրային հեռուստառադիո ընկերության ղեկավարությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացանք հանդիպել նրանց:
Դրանից հետո մենք դիմեցինք ԼՂՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանին: Ահա թե ինչ պատասխանեց նա. «Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունները, մասնավորապես ռուսական համայնքի ներկայացուցիչները, ռուսերեն լեզվով լրատվություն ստանալու խնդիրներ հիմնականում չունեն: Ճիշտ է. ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նման առաջարկ եղել է, բայց ստանալով սպառիչ, հիմնավորված պատասխան, ըմբռնումով են մոտեցել հարցին:
Մեր բաժինը մինչ այսօր ռուսական համայնքի ներկայացուցիչների կողմից գրավոր կամ բանավոր դիմում չի ստացել այդ կապակցությամբ: Մենք պարտավոր ենք օժանդակելու, որ ազգային փոքրամասնությունների հոգևոր-մշակութային խնդիրները լուծվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը միացել է «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» ստրասբուրգյան կոնվենցիային, Արցախի Հանրապետությունում էլ առաջնորդվում ենք դրանով և հնարավորինս աջակցում ազգային փոքրամասնություններին:
Իսկ, ինչ մնում է Արցախի հանրային հեռուստատեսության ռուսերեն լեզվով տարվող հաղորդմանը, ինչքան էլ զավեշտական թվա, մեր բաժնին այդ մասին տեղյակ չեն պահել: Այնինչ, նման հարցերը լուծելիս ԼՂՀ հանրային հեռուստառադիո ընկերության խորհուրդը պարտադիր հաշվի պիտի առներ մեր բաժնի կարծիքը: Իսկ մեր կարծիքը հետևյալն է‘ նման հաղորդումները, ավելի շատ նախատեսված են ոչ թե ԼՂՀ ռուսական համայնքի կամ մյուս ազգային փոքրամասնությունների համար, որոնք կազմում են ԼՂՀ բնակչության 1%-ից էլ պակաս մասը, այլ Արցախում ապրող ռուսախոս հայերի համար, որոնց մի մասը համառորեն, կարծես դիտավորյալ չեն ուզում սովորել իրենց մայրենի լեզուն և «ինտեգրվեն» հայ հայախոսներին: Ընդդիմախոսներից ոմանք մեջտեղ են բերում Ռուսաստանից վերջերս ներգաղթած մեր հայրենակիցների փաստը: Մինչդեռ նրանք «մոռանում են», որ հայրենադարձները առաջին հերթին մայրենի լեզվով հաղորդակցվելու և «ջերմանալու» կարիք ունեն:
Պետությունը ամեն ջանք պետք է գործադրի, որ Հայրենիք վերադարձածները դառնան իրենց ազգային արմատներին, սովորեն ոսկեղենիկ մայրենի լեզուն և ապրեն հայավայել: Թե չէ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայրենադարձների «մարզական» վիճակը բարձր պահելու համար պետությունը ավելորդ ծախսեր է կատարում այդ ուղղությամբ, որպեսզի նրանք հետագայում վերադառնան Ռուսաստան: Իսկ եթե հաշվի առնենք նաև բարոյահոգեբանական կողմը, մեղմ ասած, ազգանպաստ չէ, առավել ևս, ոչ հայրենասիրական քայլ:
Մյուս կողմից‘ բավարարելով ռուսախոսների, այսպես կոչված, մշակութային և լրատվություն ստանալու պահանջները, վերջին հաշվով, արցախահայությանը մեխանիկորեն բաժանում ենք երկու մասի՝ հայախոսների և ռուսախոսների, խորացնելով առանց այն էլ նախկինից ժառանգած անջրպետը: Մի ոչ պակաս հանգամանք ևս. Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների համար Հ1 հանրային հեռուստատեսությամբ անգամ ռուսերեն հատուկ հաղորդում չեն հեռարձակում և դա չի ազդում Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանմանը:
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ» ԿԱՄ՝ ՎԵՐԵԼՔՆԵՐԻՑ ՍՐԸՆԹԱՑ ՎԱՅՐԷՋՔ
Այսօր նայելով Ստեփանակերտի դատարկ նստատեղերով կենտրոնական մարզադաշտին, դժվարությամբ ես պատկերացնում, որ 20-30 տարի առաջ այնտեղ վարպետ թիմեր էին խաղում, իսկ տրիբունաները լեփլեցուն էին բազմահազար մարզասերներով: Հավատդ չի գալիս, որ այսօր տարվա առնվազն 365 օրը դատարկ մարզադաշտը տասնամյակներ առաջ փոթորկվում, հուզվում, տխրում կամ ուրախանում էր հազարավոր մեր հայրենակիցների ձայներից: Այդ ամենն այսօր հեռավոր անցյալ է թվում, մոռացված երազ: Մինչդեռ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտի կանաչ խոտածածկի վրա այդ տարիներին Արցախի թիմի կազմում խաղում էին կաշվե գնդակի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են ԽՍՀՄ չեմպիոն և ֆուտբոլի գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, Սուրեն Մարտիրոսյանը, սպորտի վարպետներ և ճանաչված ֆուտբոլիստներ Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Ծատրյանը, Կառլեն Սիմոնյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Վլադիմիր Պետրոսյանը, Սլավա Գաբրիելյանը, Լեոնիդ Հովհաննիսյանը, Վարուժան Բաբայանը, Պողոս Գալստյանը և այլք:
Այս տարի լրանում է քաղաքային մարզադաշտի ստեղծման 40 տարին: 1969 թվականին մարզադաշտի բացման արարողությանը ներկա էր մոտ 15 հազար հանդիսական, և այդ թվականից սկսած այն դարձել էր յուրօրինակ կենդանի օրգանիզմ, որ շնչում, ապրում էր հայրենի մարզիկների հաջողություններով, տխրում՝ անհաջող ելույթներից...
1977 թվականին արցախյան ֆուտբոլի նվիրյալ սպորտի վարպետ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն: Այդ առթիվ «Սովետական Ղարաբաղ» թերթի հոկտեմբերի 20-ի համարում հայրս՝ նշանավոր գրող, ֆուտբոլի և մեր թիմի մեծ բարեկամ Վազգեն Օվյանը գրել է. «Այս հոբելյանական տարում «Ղարաբաղը» իսկապես ցուցադրեց գեղեցիկ ֆուտբոլ: Մեր մարզիկները միշտ էլ խաղադաշտ մտան հաղթելու կամքով, ձգտումով, ցանկությամբ և բերկրանքի շատ հաճելի պահեր պարգևեցին իրենց երկրպագուներին: Բավական է թեկուզ այն փաստը, որ հանրապետության նոր չեմպիոնը 25 հանդիպումներից շահել է 20-ը, երկու խաղ ավարտել խաղաղ ելքով, կրել միայն երեք պարտություն: Այն, որ թիմն իր մրցակիցներին 10 անգամ հաղթել է խոշոր հաշվով, խփել 69 և սեփական դարպասով բաց թողել 11 գնդակ, շատ բան է ասում»: Այդ թվականից «Ղարաբաղը» մասնակցում էր ԽՍՀՄ վարպետ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը: 1979 թվականին գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը:
88-ին սկսվեց Արցախյան շարժումը, մարզահրապարակներից, շինհարթակներից, գործարաններից ու գյուղական դաշտերից ժողովուրդը տեղափոխվեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ: Սկսվեց Արցախի ազգային-ազատագրական գոյապայքարը: Սպորտը, ֆուտբոլը մնաց երկրորդ, երրորդ պլանում ու մոռացվեց: Հասկանալի պատճառներով մեր թիմին թույլ չէին տալիս խաղեր անցկացնելու սեփական հարկի տակ:
1992-ին, պատերազմի տարիներին, ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվել է բանակի մարզական ակումբ՝ ԲՄԱ «Երազանք» անվամբ: Թիմի պետ է նշանակվել Կառլեն Սիմոնյանը, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյանը: Ակումբի ստեղծմանը մեծապես օժանդակել է Սամվել Բաբայանը, ֆինանսական կարիքներն ամբողջությամբ հոգում էր ԼՂՀ պաշտպանության բանակը: Նույն թվականին մեր թիմը ընկերական հանդիպումներ է անցկացրել Հայաստանի չեմպիոններ «Շիրակի» և «Փյունիկի» հետ: 1993 թվականից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երազանքը» երկու տարի անց վերանվանվեց ԲՄԱ «Ղարաբաղ»: 1995-ից մինչև 2003 թվականը ԲՄԱ ակումբի նախագահը Կառլեն Սիմոնյանն էր, որին 2002-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչի կոչում:
2001 թվականին «Ղարաբաղ» թիմը դարձել է 2-րդ Համահայկական խաղերի չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան): Մինչև 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը: Այդ թվականից ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունների սրման պատճառով բանակն այլևս չի ֆինանսավորել ակումբին: Մինչև 2002 թվականը հովանավորությունն իրենց վրա են վերցրել սկզբում Սերժ Սարգսյանը, ապա՝ Միքայել Բաղդասարովը: 2002-ին հիմնադրվել է «Հայկ» ֆուտբոլային ակումբ ՓԲԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Հայկ Ջավադյանը, իսկ հիմնադիրները շվեյցարահայ Հրաչ Կապրիելյանն ու Վարդան Սրմաքեշն էին: Թիմը վերանվանվել է «Լեռնային Արցախ»: Այդ ժամանակ Հայաստանի առաջնություններին մասնակցում էին արցախյան չորս թիմեր՝ մեկական բարձրագույն և առաջին խմբերում, երկու թիմ էլ մասնակցում էր պատանեկան խմբերի առաջնությանը:
2003 թվականից հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջև վեճեր ու ինտրիգներ են սկսվում, որի զոհը դառնում է արցախյան թիմը: Հովանավորների պահանջով թիմը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ակումբի նախագահ Կառլեն Սիմոնյանը, որ դեմ էր այդ որոշմանը, հովանավորների հրահանգով ազատվում է պաշտոնից: Այդ թվականից ՀՀ վաստակավոր մարզիչ Կ. Սիմոնյանը փաստորեն անգործ է: Մեր ֆուտբոլի մյուս վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Բաղդասարյանը ստիպված տեղափոխվել է Երևան և մարզում է հայաստանյան ակումբներից մեկը:
Հակասությունները հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջև շարունակվել են մինչև 2006 թվականը: Արդյունքում՝ 2003-ին արցախյան ոչ մի թիմ չի մասնակցել ՀՀ առաջնություններին, 2004-ին մեկական թիմ մասնակցել են առաջին խմբի և պատանիների խմբի առաջնությանը: 2005-ին Ղարաբաղը ներկայացնող միակ թիմին, վերոհիշյալ կոնֆլիկտի պատճառով, առաջին խաղաշրջանից հետո արգելվել է շարունակել մրցապայքարը ՀՀ առաջին խմբում: 2007-ին ՀՀ ֆուտբոլի առաջնություններին մասնակցում էր միայն պատանեկան մի թիմ, որն էլ 4-րդ Համահայկական խաղերում դարձել է չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան): Այդ թվականից առայսօր Հայաստանում ղարաբաղյան ֆուտբոլը ներկայացնում է միայն պատանեկան այդ թիմը:
Սույն թվականին ստեղծվել է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կազմ: Նախագահ է ընտրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը: Ֆեդերացիայի կազմում են արցախյան ֆուտբոլի վետերաններ ու նվիրյալներ Ռազմիկ Պետրոսյանը, Կառլեն Սիմոնյանը, Սլավա Գաբրիելյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը... Դիմում է ներկայացվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջին խմբի և պատանեկան խմբի առաջնություններին մասնակցելու համար: Թիմը մեկնել է Արարատ քաղաք՝ ուսումնամարզական հավաքի, անցկացրել նախապատրաստական խաղեր... Ետ վերադառնալուց պարզվել է, որ մեր ակումբը չի մասնակցելու ՀՀ առաջնությանը: Փոխարենը մասնակցելու է Արցախի առաջնությանը:
Այստեղ ավարտվում է ղարաբաղյան Մեծ ֆուտբոլի պատմությունը: Փաստորեն այն արդեն ավարտվել էր 2002-ին, սակայն անտարբերության և անհոգության ծովում խեղդվողի պես փորձում էր կառչել ինչ-որ բանից ու ափ դուրս գալ: Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսինքն՝ ոչինչ: Խոսքը ղարաբաղյան ֆուտբոլի մասին է: Եվ ոչ միայն ֆուտբոլի...
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
«Մենք ծանր ու դաժան պատերազմ ապրեցինք, ազատագրեցինք մեր երկիրն ու այսօր պետություն ենք կառուցում: Սակայն, ցավոք, շատ ու շատ հարցերում մենք ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում: Այդ թվում և՝ հատկապես ֆուտբոլային կյանքում: Մտահոգիչն այն է, որ մենք տասնամյակներ առաջ հանդես ենք եկել ԽՍՀՄ ֆուտբոլի Ա խմբի առաջնություններում և հաղթել վարպետ այնպիսի թիմերի, ինչպիսիք Երևանի «Արարատն» է, Բաքվի «Նևֆտչին», «Դինամոն» և այլ թիմեր, իսկ այսօր, ունենալով պետական անկախություն, հանդես ենք գալիս ֆուտբոլի փողոցային առաջնություններում, հաղթում և ուրախանում: Դա արդեն ֆուտբոլ չէ, դա ֆուտբոլի տապալում է, որ խորը հիասթափություն է առաջացնում թե ֆուտբոլասերների և թե ֆուտբոլիստների ու ընդհանրապես՝ մարզասերների մոտ: Իմ մեջ շարունակ ապրել է այն հույսը, որ ազատագրված ու անկախ Արցախը կրկին կվերապրի անցած-գնացած, մարզասերների համար երջանիկ հուշ դառած ֆուտբոլային հաղթարշավը»,- այս տողերը վերցրել եմ Ռազմիկ Պետրոսյանի երկու տարի առաջ հրատարակված գրքից՝ նվիրված «Ղարաբաղ» թիմը Ադրբեջանի չեմպիոն դառնալու 30-ամյակին:
Ցավալի է, բայց փաստ է՝ ապրելով Ադրբեջանի բռնատիրության տակ, մենք ունեինք Ֆուտբոլ (ինչպես ունեինք Մշակույթ, Գյուղատնտեսություն, Արդյունաբերություն և այլն) և այն շարունակում էր ծաղկում ապրել: Այսօր Ադրբեջանն այլևս «խաղից դուրս է» մեզ համար: Այսօր մենք ունենք նորանկախ մեր պետությունը: Աբսուրդ է, բայց այսօր մեր անկախ երկրում «խաղից դուրս» վիճակում է հայտնվել ֆուտբոլը: 1992-ից ի վեր արցախյան ֆուտբոլային ակումբները հայաստանյան առաջնություններին մասնակցում էին «տնփեսա»-ի կարգավիճակով: Այդ թվականից Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում այլևս վարպետ թիմերի ֆուտբոլային հանդիպումներ չեն կայանում: Արցախցի ֆուտբոլասեր հանդիսատեսը զրկված է «բնօրինակով» ֆուտբոլային խաղ դիտելու հնարավորությունից: Այս հարցում ևս նա «գործազուրկ» է:
Այս ամենին նպաստել են նաև ՀՀ իշխանությունները՝ իրենց թիմերին իրավունք չտալով հյուրընկալվելու Արցախում: «Միջազգային հանրությունն ու Ադրբեջանը շատ խիստ կնեղանան, չէ՞ որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ»,- թերևս այսկերպ են մեկնաբանում իրենց պարտվողական, ամոթալի դիրքորոշումը... անգամ ղարաբաղյան ֆոտբոլի հարցում: Մինչդեռ Աղդամ ու Ղարաբաղ չունեցող Ադրբեջանը վաղուց ֆուտբոլային ակումբ ունի՝ «Ղարաբաղ-Աղդամ» անվամբ, որը մասնակցել է ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանը և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին:
Այս անգամ մեր թիմը զրկվել է Հայաստանի վարպետ թիմերի հետ հանդիպելու հնարավորությունից: Մասնակցել Արցախի առաջնությանը, նշանակում է առնվազն 50-60 տարով հետ գնալ և ամեն ինչ սկսել զրոյից: Հետաքրքիրն այն է, որ 40 տարի առաջ Ադրբեջանի կազմում գտնվող Արցախի ֆուտբոլային թիմը հանդիպումներ էր ունենում փաստորեն, այսօրվա իրողությամբ, արտասահմանյան պետությունների՝ Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների վարպետ թիմերի հետ, 1992-ից այդ հանդիպումների շրջանակը նեղացավ, դարձավ միայն Հայաստանի առաջնություն, իսկ այսօրվա դրությամբ մասնակցելու է միայն, այսպես կոչված, Ղարաբաղի ֆուտբոլի առաջնությանը: Ասել է թե՝ թաղային մակարդակի խաղերի: Կառլեն Սիմոնյանն ասում է, որ վերևում պատճառաբանում են, թե ֆինանսական հնարավորությունները սուղ են: «Ֆինանսական հնարավորություններ չկան, թող կրճատեն իրենց սպասարկող մերսեդեսների ու ջիպերի թիվը, կրճատեն արտասահմանյան ուղևորությունները»,- ասում է Կ. Սիմոնյանը:
Համոզված եմ՝ եթե վերջին այս 15 տարում կարողանայինք Արցախում «Ղարաբաղ» անվամբ վարպետ մի թիմ ստեղծել (ինչպես ժամանակին մեր թիմն էր՝ հայ ֆուտբոլի աստղեր Հովհ. Զանազանյանով և Սուրեն Մարտիրոսյանով) և դիվանագիտորեն ճանապարհ բացեինք դեպի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերը, ապա այն մեր երկրի միջազգային ճանաչման համար շատ ու շատ ավելին կաներ, քան այսօր անում են աշխարհի տարբեր քաղաքներում գլուխ պահող մեր, այսպես կոչված, ներկայացուցիչներն ու բազում այլ անգործ չինովնիկները՝ միասին վերցրած: Եվ դա շատ ավելի էժան կնստեր մեր երկրի վրա: Մնաս բարով, ղարաբաղյան ֆուտբոլ...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԷՋ
ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԿՆԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց մայրաքաղաքում ու ողջ հանրապետությունում. քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցերով զբաղվելու է հենց ինքը՝ տեր Աստված, որ օդանավի հատուկ չվերթով իջել է երկիր, այսինքն՝ մայրաքաղաք, և հրեշտակների ու գլխավոր հրեշտակապետի ուղեկցությամբ բազմել կառավարական շենքի ամենավերին հարկում:
Քաղաքի ծայամասերից մարդկանց հերթը ձգվում էր դեպի Կենտրոնական հրապարակ, այնտեղից՝ դեպի կառավարական շենք: Քաղաքացիները մեկ-մեկ մտնում են Աստծո մոտ և, մի քանի րոպե հետո, համապատասխան նշանակում ստանալով, ուրախ-զվարթ դուրս գալիս այնտեղից:
- Որդյակ, ի՞նչ մասնագիտություն ունես,- փառավոր բազմած ինքնաթիռով իր հետ բերած աստվածային գահին, հրեշտակներով շրջապատված, հերթական այցելուին հարցրեց Երկնայինը: - Սովետի տարիներին խանութում մսագործ եմ աշխատել,- պատասխանեց այցելուն: - Նախարարություններից մեկում այսօրվանից գլխավոր խորհրդական ես աշխատելու,- ասաց Աստված:- Հաջորդը...
Ներս մտավ գեղեցիկ մի օրիորդ: - Բալիկ ջան, դու ի՞նչ մասնագիտություն ունես: - Մասնավոր մի համալսարանից դիպլոմ եմ գնել, բայց, ճիշտն ասած, մոռացել եմ նայել, թե մեջն ինչ է գրված: - Մի բարձր պաշտոնյայի մոտ քարտուղարուհի կաշխատես: Պետիդ համար թեյ ու սուրճ կսարքես, ժամանակին ծաղիկները ջրես, հեռախոսազանգերին պատասխանես...
- Պարոն աստված, դա հին ժամանակներում էր, որ ինձ նմանները քարտուղարուհու պաշտոնով գոհանում էին: Կարծում եմ՝ իմ արտաքին և ներքին տվյալներով ավելի պատասխանատու պաշտոնների եմ արժանի,- բորբոքված ասած օրիորդը: - Հը՜մ,- Երկնայինը քթի տակ ժպտաց:- Ղեկավարական նոր հաստիք է ստեղծվել, առայժմ հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու: Բայց դա կարևոր չէ: Այսօրվանից արտասահմանյան թանկարժեք սև ավտոմեքենայով ես շրջելու:
Հաջորդ այցելուն միջին տարիքի միջահասակ մի տղամարդ էր: - Որդյակ, գիտե՞ս ինչ ասել է՝ քաղաքականություն,- հարցրեց Աստված: - Հա, երբ պետության փողերով տարբեր քաղաքներ են ման գալիս: Ի դեպ, ասեմ, որ մի տասնհինգ տարի եղել եմ խոպանում՝ ռուսական տարբեր քաղաքներում... - Հիանալի է: Արտգործնախարարությունում մի փափուկ պաշտոն կձևակերպենք քեզ համար:
Հաջորդ այցելուն թափանցիկ կարճ շրջազգեստով մի օրիորդ էր: Աստված ակնոցի վերևից զարմացած նայեց նրան. - Այ աղջիկ, էդ ստրիպտիզ-բարից ես գալի՞ս: - Կան անհատներ, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել Տիեզերքի ստեղծման ու կերտման առումով: Նրանք պատվարն են մեծ արարումի, առանց որի անիմաստ ու թերարժեք է Երկիր մոլորակի ճակատագիրը: Այդ վսեմ անհատը Դուք եք՝ ո՜վ Մեծ արարիչ:
Աստված ակնոցի վրա մի այլ ակնոց դրեց ու զարմացած նայեց օրիորդին: - Հա՜, դերասանուհի ես: - Բանաստեղծություններ եմ գրում, բայց եթե մեղմ երաժշտություն միացնեք, կարող եմ Ձեզ համար, ոտանավորներ արտասանելով, թեթևասահ պարել: Եթե գտնեք, որ վեհատես շարժումներիս շորերս խանգարում են, կարող եմ... - Չէ, չէ,- Աստված վեր թռավ տեղից,- միայն թե չհանվես: Ի՞նչ պաշտոն ասես, էս պահին հրամանը կգրեմ,- ապա արագ-արագ ինչ-որ բան գրեց ու մեկնեց օրիորդին:
Երբ օրիորդը դուրս եկավ, Աստված վերնաշապիկի վերին կոճակները բացեց. - Օ՜ֆֆ, լավ պրծա, թե չէ ինձ անկողին էր քարշ տալու... Դուռը կամաց բացվեց, շեմքին երևաց ամոթխած մի պարոն: Աստված վախեցած նայեց նրան. - Դո՞ւ էլ ես պոետ: - Չէ, գրել-մրել չեմ սիրում, բայց ես կարող եմ մի քանի ժամ անընդմեջ ծափահարել,- ասաց տղամարդը և գլուխ տվեց: - Հրաշալի է,- Երկնայինը աշխույժ շփեց ձեռքերը,- հենց առաջին հայացքից ինձ դուր եկար: Այսօրվանից պատգամավոր ես...
Հաջորդ այցելուն անորոշ տարիքի մի կին էր: - Որդյակ իմ, դու ի՞նչ փեշակ ունես: - Աստված ջան, ցավդ տանեմ, տառերը լրիվ չգիտեմ, բայց իմ անուն-ազգանունը գրելիս ընդամենը չորս սխալ եմ անում... - Հա՜, դա լավ է,- Երկնայինը կրկին վերագտավ իրեն, ծխախոտ վառեց և բերանից ծխի օղակներ բաց թողեց,- լավ, որ ընդամենը չորս սխալ ես անում, ուրեմն ազատ կարող ես գլխավոր մասնագետ աշխատել նախարարություններից մեկում: Հաջորդը...
Նոր այցելուն շողոքորթ ժպիտը դեմքին, անգույն մի տիպ էր: - Որդյակ, դու ո՞վ ես: - Ձերդ աստվածային պայծառաճաճանչություն, ես գրող եմ, լրագրող եմ: - Ինչի՞ մասին ես գրում: Այցելուն քծնանքով ծալծլվեց. - Ձերդ արևափայլություն, ոչ թե «մասին», այլ «դեմ» եմ գրում: Ինձ վճարում են, իսկ ես զրպարտություններ ու հայհոյանքներ եմ գրում ինձ վճարողների հակառակորդների դեմ... - Եվ էդ հացը ուտվո՞ւմ է... Քեզ նման էլի կա՞ն,- Աստված զզվանքով դեմքը շուռ տվեց:
Այցելուն աշխուժացավ. - Հա, շատ են, շրջաններում, գյուղերում էլ կան, բայց այս պահին երեքով էինք, երկուսը դռան մոտ սպասում են: - Ասա, թող նրանք էլ մտնեն... - Որտե՞ղ մտնեն, Տիեզերափայլ: - Ախմախ, ասա, թող ներս գան:
Ներս մտան երկու հոգի: Վիզը ծուռ նրանցից մեկը հուղարկավորի տեսքով մոտեցավ, ծունկ չոքեց Աստծո առաջ, ուզում էր աջը համբուրել, Տիրակալը ձեռքը ետ քաշեց ու հարցրեց. - Որդյակ, էդ մեռելատնից ես գալի՞ս: Ցավակցում եմ: - Շնորհակալություն,- այցելուն հոգու խորքում ուրախացավ, որ իրեն խղճում ու ցավակցում են:- Տեր իմ, Ձեր մասին պոեմ եմ գրել, բայց հովանավորներ չեմ գտնում՝ դրանք տպագրելու համար:
Երկնայինը գրպանից մի կապ թղթադրամ հանեց ու մեկնեց նրան. - Վերցրու, քեզ եմ տալիս մի պայմանով, որ պոեմդ չտպագրես,- ապա դիմեց մյուս երկուսին.- չէ՜, դուք շատ եք առաջ անցել ձեր նախապապ Հուդայից... Էս ո՞ւր եմ ընկել, օ՜ֆֆ... Հրեշտակապետ, ո՞ւր ես բերել ինձ, սա ի՞նչ դժոխք է: Սավառնակը գործի գցիր, թռչում ենք վեր...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«ՆՈՐ ԷՋ»-ԻՑ՝ ՆՈՐԻԿԻՆ ԿԱՄ՝ ՀԱՂՈՐՏԵՑԻ ՄԻ «ԿԵՆԴԱՆԻ ՄԵՌԵԼԻ»
Գործդ լավ ես կատարում: Կենդխուրդի «սուպերմարկետներում» այլևս թանաք, ներողություն, օճառ չես թողել: Ամենաստոր ու քստմնելի հնարքներով օրվա հաց վաստակելու բնույթդ չես փոխել: Եթե մի անգամ էլ զոռ տվիր զազրախոսություններիդ ու զրպարտագրեր թխեցիր, դարձյալ քո մեծագլուխ տիրոջն եմ խփելու: Հա, չմոռանամ, ինչպես ասում են՝ հողը թեթև լինի խղճիդ, եթե, իհարկե, այդ «ապրանքից» մեջդ դեռ մի կտոր մնացել է: Սակայն խիստ կասկածում եմ: Ամեն դեպքում՝ հոգով կուզին գերեզմանն էլ չի ուղղի:
Համարի ասույթը
Հետխորհրդային երկրներում օրենքները գտնվում են գեղեցիկ ու անպաշտպան աղջկա կարգավիճակում՝ պարբերաբար բռնաբարվում են:
Ամսվա ասույթը
Կան մարդիկ, որոնց պետք է ոչ թե ներքևից՝ ոտքերից «փամփերս» կամ վարտիք հագցնել, այլ վերևից՝ գլխից, որովհետև այդ կողմից ավելի մերկ ու էկոլոգիապես վտանգավոր են...
|