ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը մի վերջին անգամ փաստեց, որ Ղարաբաղյան հարցում ՀՀ ղեկավարության տասնամյա «աչքակապուկի» խաղը սեփական ժողովրդի հետ, ավարտված է։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման պատրվակով անցկացվող բանակցային գործընթացում հայ դիվանագետների «ձեռքբերումների» մասին հեքիաթները, ի վերջո պարզվեց, որ սեփական ժողովրդին մոլորեցնելու էժանագին շոու էին։ Այսօր բանակցասեղանին դրված են, այսպես կոչված, մադրիդյան հիմնարար սկզբունքներ, որոնք, առանց բացառության, տանում են Արցախի ստրկացում ու վերջնական հայաթափում։
Եթե մինչ այդ ղարաբաղյան խնդրում պարտվողական կեցվածքն իսկույն արժանացավ Հայաստանի քաղաքական վերնախավի ու բնակչության բողոքի ալիքին ու ավարտվեց ՀՀ առաջին նախագահի պաշտոնանկությամբ, ապա այս անգամ Արցախն հազիվ թե հույս ունենա նույն քաղաքական ուժերի և բնակչության պաշտպանության վրա, քանզի վերջին տասնամյակում մեր «ձեռքբերումը» ղարաբաղցի-հայաստանցի օրեցոր խորացող անջրպետն է՝ Արցախի հանդեպ անթաքույց ատելությամբ, լավագույն դեպքում՝ Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ անտարբերությամբ։
Փորձ արվեց հայրենասիրական ուժերի ալիք բարձրացնել Արցախից՝ համահայկական համաժողովի տեսքով։ Ճիշտն ասած, այդ համաժողովում այնքան էլ տեսանելի չէին վերջին տասնամյակում Արցախի ճակատագրով իրոք մտահոգ անձինք, փոխարենը «բոցաշունչ» ելույթներ ունեցան գործիչներ, որոնց լուռ համաձայնությամբ կյանքի էր կոչվել հակամարտության կարգավորման մադրիդյան տարբերակը։ Բանաձև ընդունեցին, Ստեփանակերտի Հուշահամալիրում ծաղկեպսակ ու մեկական մեխակներ դրեցին, մեծ գործ արածի հպարտությամբ ուրախ-զվարթ լուսանկարվեցին ու մեկնեցին իրենց 25 երկրները։ Արցախը մնաց իր կոտրած տաշտակի առջև...
Բայց, անշուշտ, քավության նոխազ է պետք։ Մեկը պիտի պատասխան տա, չէ՞, բանակցասեղանին տանուլ տված խաղի համար։ Քավության նոխազի ընտրությունը կանգ առավ ՀՀ արտգործնախարար Էդուրդ Նալբանդյանի վրա։ ՀՅԴ Հայաստանի ղեկավար ընկերները պահանջում են սույն պարոնի հրաժարականը։ Պարզվում է՝ այս խայտառակ շիլափլավի մեղավորը Էդիկն է։ Կարծես նա ինքնուրույն ու ինքնագլուխ որոշումներ է կայացրել՝ ընդդեմ Ղարաբաղի։ Կարծես ՀՀ բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ չէ Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից և, հակառակ ԼՂՀ-ից հնչող ձայների, ընտրվել Մադրիդյան տարբերակը, որ տանում է ԼՂՀ կործանում, իսկ ՀՀ-ն վերածում բանանային պետության։
Հայաստանը մնում է Հայաստան, Սփյուռքը՝ Սփյուռք։ Արցախի ճակատագիրը մեր՝ այս հողում ապրողներիս ճակատագիրն է։ Լռությունը՝ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի ու ժողովրդի, ոչ միայն ոսկի չէ, այլև տանում է այն կուրսով, որով դար առաջ շարժվել է «Տիտանիկը»...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Այս լուսանկարն արվել է Գոյամարտի առաջին տարիներին՝ իմ առաջարկությամբ, «Հայի աստվածը Զենքն է» հոդվածիս համար, որը տպագրվել է հանրապետական ու հայաստանյան մամուլում։ Կարծում եմ՝ վերնագրից զգացվում է, թե խոսքն ինչի մասին է։ Այն է՝ քանի մենք զինված ենք, ուժ ունենք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Այդպես էլ եղավ. ազատագրեցինք մեր երկիրը՝ պատմական հողերի մի մասի հետ միասին։ Հակառակորդը ստիպված էր հրադադար խնդրել։
Պատերազմից հետո, սակայն, հայկական դիվանագիտությունը տեր չկանգնեց Զենքով նվաճված մեր Ազատությանը։ Դիվանագիտական սեղանների շուրջ մեր Ուժը փոխարինվեց դիլետանտական արկածախնդրությամբ... Այսօր էլ մեր ուժերի ամենափոքր ջլատումը, ուժերի հարաբերակցության ցանկացած խախտում նշանակում է նոր պատերազմ...
Վ. Օ.
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ
ԱՆՈՒՂՂԵԼԻ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԼՂՀ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի, ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի համատեղ հայտարարության տեքստը շատ քիչ է տարբերվում ի պաշտպանություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի տարբեր մակարդակներով և տարբեր միջազգային կառույցների շրջանակներում նախկինում ընդունված հայտարարություններից: Հատկանշական է, որ ներկայումս երեք երկրների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել ԵԱՀԿ պաշտոնական կայքում (http://www.osce.org/item/38731.html) հրապարակված կարգավորման կոնկրետ սկզբունքների համաձայնեցումը:
Փորձենք համառոտակի մեկնաբանել յուրաքանչյուր սկզբունք։
1. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը
ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին առաջին հերթին նշանակելու է ԼՂՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության խախտում, որտեղ ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ՝ ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը կխախտի ԼՂՀ ռազմական և պարենային անվտանգությունը:
Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 քառ. կմ. ղարաբաղյան տարածքները ԼՂՀ վերահսկողությանը վերադարձնելու մասին:
Բանակցություններում խոսքը պետք է գնա ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ և Ադրբեջանի միջև սահմանի մասին: Ադրբեջանի կողմից ԼՂՀ պետականության ճանաչումից հետո միայն երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովը պետք է զբաղվի միջպետական սահմանազատմամբ: Այդ է վկայում սահմանային վեճերի լուծման միջազգային պրակտիկան:
2. Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ
Այս սկզբունքն իրականում ԼՂՀ ինքնիշխանությունը սահմանափակելու՝ կասկածի տակ դնելով նրա անկախ կարգավիճակը, և պետությանը սեփական անվտանգության համակարգից զրկելու փորձ է նշանակում:
Անվտանգության իրական ապահովում կարող է լինել ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչը Արցախին նոր հնարավորություններ կընձեռեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
ԼՂՀ և Հայաստանի միջև ցամաքային կապը հաստատվել է 1992-ի մայիսին և ընդարձակվել է 1993 թ. մարտական գործողությունների ընթացքում: Ուղղակի միամտություն կլիներ ԼՂՀ և Հայաստանի միջև ներկայիս լիարժեք ցամաքային կապը սահմանափակել խոցելի «միջանցքով»: Հետաքրքիրն այն է, որ նշված սկզբունքն առաջարկվում է որպես հայերին արվող զիջում:
4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով
ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն որոշված է իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության հիման վրա՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, և հաստատված մեկ այլ՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեով՝ 2006 թ. դեկտեմբերի 10-ին: Բացի այդ, ԼՂՀ ժողովուրդը 8 անգամ անուղղակիորեն արտահայտել է անկախ պետականությանն իր հավատարմությունը համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ քվեարկելով քաղաքական կուսակցությունների և առանձին թեկնածուների ծրագրերի օգտին, որոնցում նշվել է ԼՂՀ միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անհրաժեշտությունը: Այսպիսով, վերջին 18 տարիներին ԼՂՀ քաղաքացիները 10 անգամ արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին:
5. Բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում
Սույն սկզբունքը բոլոր երեք կողմերի միջև կարող է քննարկվել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական հանգամանք կարելի է համարել «բոլոր» բառի օգտագործումը, այլ ոչ միայն ադրբեջանցի փախստականներին նկատի ունենալը: Չնայած անհասկանալի է, թե ով և ինչ ձևով կարող է ապահովել իրավունքներն ու երաշխավորել անվտանգությունը հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնք կարող են հայտնվել հակառակ կողմի տարածքում:
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն։
Ըստ էության, մեզ առաջարկվում է ռազմական անվտանգության սեփական համակարգը փոխարինել «կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով։ ԼՂՀ տարածքում օտար զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը՝ թող որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դրոշի ներքո, անմիջապես կտրուկ կսահմանափակի հանրապետության ինքնիշխանությունը։ Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռևս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից և, ըստ այդմ էլ, երկիրը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որևիցե լծակ։ Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխումը արմատապես կհակասի մեր ազգային շահերին։ ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր ինքնիշխանությունը՝ չստանալով համապարփակ միջազգային իրավաբանական ճանաչում։
Անվտանգության պահպանման անմիջական պարտականությունների, իսկ դրանց հետ միասին նաև կոնկրետ տարածքների փոխանցումը երրորդ կողմին չի երաշխավորում այդ նույն անվտանգության ամրապնդում և իր մեջ նոր սպառնալիքներ է պարունակում։
Ղարաբաղցիներն ունեն խորհրդային ժամանակաշրջանի «խաղաղապահների» հետ շփման սեփական փորձ, երբ 1980-ականների վերջին բնակչության անվտանգության ապահովման նպատակով ուղարկված զորքերը պարբերաբար թերանում էին իրենց պարտականությունների կատարման մեջ և չկարողացան Ադր. ԽՍՀ հայազգի բնակչությանը պաշտպանել ջարդերից ու բռնություններից։ 1991 թ. ԽՍՀՄ ղեկավարության հրամանով, նույն այդ զորքերը հայազգի բնակչությանը բռնի տեղահանեցին Արցախի որոշ մասերից («Կոլցո» օպերացիա)։ Խաղաղապահ գործողությունների նվազ արդյունավետությունը դրսևորվել է նաև այլ հակամարտ գոտիներում։
Խաղաղապահներին հակամարտության գոտի ուղարկող կառավարությունների համար հենց իրենց՝ խաղաղապահների շահերն ու անմիջական անվտանգությունը միշտ էլ ավելի կարևոր են լինելու, քան տեղաբնիկների անվտանգությունը։
Հրապարակված հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրականացումն անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի ազգային շահերին։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն արձանագրվել է նաև հուլիսի 10-11-ին ԼՂՀ մայրաքաղաքում անցկացված Համահայկական համաժողովի բանաձևում։ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցածները Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են չստորագրել առաջարկվող փաստաթուղթը։ Ակնհայտորեն կա այն բանի ըմբռնումը, որ հակառակորդին այն տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը ունի ինչպես իրավաբանական ու քաղաքական, այնպես էլ պատմական իրավունք, բարոյական ուժեղ հարված է լինելու հայ ժողովրդին, ինչը կարող է նրան տևական ժամանակով զրկել դիմադրելու ազգային կամքից և սեփական պետականություն կառուցելու իմաստավորումից։
ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության և անվտանգության
հանրային խորհրդի նախագահ,
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար
Ո՞Վ ՀԱՆԳՑՐԵՑ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ
Օսկանյանի կարծիքով, մյուս մտահոգիչ հանգամանքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է՝ ժողովրդավարության բացակայությունը, վատ ընտրությունները, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ «Այս ամենը բարդ իրավիճակ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հասարակությունը բաժանված է, այսօր կա վստահության խնդիր՝ հասարակության և իշխանությունների միջև»,- հայտնել է նախկին արտգործնախարարը։
Օսկանյանն աննպատակահարմար է համարել նաև Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ նշված է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային կազմակերպությունների սկզբունքների և այդ կազմակերպություններում ընդունված որոշումների հիման վրա։ Մինչդեռ այդ կազմակերպություններում ընդունած բոլոր որոշումները հօգուտ Ադրբեջանի են։ «Մենք պետք է հստակեցնենք մեր պահանջը՝ համահունչ այսօրվա իրականությանը, Արցախի 17 տարվա անկախությանը»,- ավելացրել է նա։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ մեր դիվանագիտության ամենամեծ ձախողումն այն է, որ այսօր մենք չունենք մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված լինեն մեր տեսակետներն ամբողջությամբ։ Նա նույնպես շեշտել է, որ բանակցությունների ներկայիս ընթացքը մեր օգտին չէ, այդ իսկ պատճառով արտաքին քաղաքականությունում բեկում պետք է լինի։ «Եթե անհրաժեշտ է՝ նաև բանակցությունների դադարեցման ճանապարհով, որովհետև այս ընթացքը լավ տեղ չի տանում մեզ»,- հավելել է նա։
Ա. Ռուստամյանի կարծիքով՝ անվտանգության հարցերը քննարկելիս պետք է շեշտը դրվի այն բանի վրա, որ անվտանգություն ասվածը չի կարող անջատված լինել կարգավիճակից։ Նա նշել է, որ «կարգավիճակը միջազգային ամենամեծ անվտանգությունը երաշխավորող հանգամանքն է։ Եթե սուբյեկտ ես՝ ոչ մեկն իրավունք չունի ոտնձգություն կատարել քո սուվերենության վրա։ Մենք չենք կարող ընդունել որևէ անվտանգության նոր ձև, որն ավելի պակաս լինի, քան այն, ինչ մենք փաստացի այսօր ունենք»։ Նա տարօրինակ է համարել այն, որ, չգիտես ինչու, մենք ընդունում ենք, որ գոյություն ունի Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, բայց չենք ուզում հրապարակ բերել Հայաստան-ԼՂՀ տանդեմը, որն այսօր աշխարհի համար գոյություն չունի։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շեշտել է, որ Թուրքիան մինչև հիմա շարունակում է նախապայմաններ առաջ քաշել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, Թուրքիայից հայկական իրավունքներից, ներառյալ տարածքային իրավունքներից հրաժարում, Արցախից հրաժարում և այլն։ Խոսելով ապրիլի 22-ի հայտարարության և դրան հաջորդած զարգացումների մասին, Կիրո Մանոյանը շեշտել է. «Մեր պաշտոնական կեցածքը պետք է փոխվի. զիջումայինից պետք է դուրս գանք և փորձենք վերստին վերականգնել գոնե այն կեցվածքը, որ պահպանվում էր 1998-ից մինչև 2008 թվականը»...
Երկու օր քննարկելով մեր ազգային-պետական կարևորագույն՝ Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը, հուլիսի 11-ին համահայկական համաժողովի մասնակիցներն ընդունել են Բանաձև, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը միայն իբրև մեկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպված ուժի վերածվել, ունենալ ընդհանրական կամքի արտահայտման ձևաչափ, բացահայտել մեր անսահման ներքին կարողականությունը և մեր հարևաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները»։
«Հայաստանի իշխանությունը պարտավոր է վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդեն իսկ առկա բացասական արդյունքները, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները և դադարեցնել բանակցությունները։ Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձևաչափը, և ԼՂՀ-ն հանդես գա իբրև լիիրավ կողմ։
Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը և առաջնորդվել 1991 թ. անկախության և 2006 թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով։ Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման և նրա անվտանգության ապահովման հարցերին և չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները և Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները։
Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա։ Արցախյան պատերազմի նախահարձակը և հետևանքների պատասխանատուն Ադրբեջանն է»։
Բանաձևը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությանը, նշելով, որ «Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից և հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում և լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի և իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որևէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։ Համաժողովը հաստատում է, որ ՀՀ-ն Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին։ Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար,- նշված է բանաձևի մեջ։- Մեզ համար Արցախը Հայաստան է և մնալու է ադպիսին։ Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, և թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով...»։
Համաժողովի մասնակիցները այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Մեծ հայրենական և Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը խորհրդանշող հուշակոթողին։ Հետաքրքիրն այն է, որ երբ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել երկու պատերազմների զոհերի հուշակոթողին և շարժվել դեպի Մեծ եղեռնի և 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող, հետ նայելով, շատերը նկատել են, որ «անմար կրակը», որ վառել էին համաժողովականների այցելությունից քիչ առաջ, արդեն հանգցված է։
«Տարեգիր», Երևան
Հայաստանի մեկուսարաններում ու բանտերում պահվող քաղբանտարկյալներին ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու լուրը ստանալով, սպասում էինք, որ ֆրանսահայ մեր բարեկամ Սարգիս Հացպանյանին ևս վերջապես կտեսնենք ազատության մեջ։ Սակայն մեծ եղավ հիասթափությունը. մարդը դեռ շարունակում է պահվել վանդակաճաղերի հետևում, Արցախի ազատության համար պայքարող մարդը ազատ ու անկախ Հայաստանում դեռ անազատության մեջ է։
Պարզվում է՝ ձեռքների տակ անհրաժեշտ տեղեկանք չունեն առ այն, որ 1991 թ. նոյեմբերից մինչև Ղարաբաղի ազատագրումը Հացպանյանը եղել է Արցախում՝ սկզբում որպես Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի կամավորական ջոկատների զինվոր ու մարտական ընկեր, արցախյան բանակի կազմավորումից հետո՝ որպես ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկ։ Ցանկացած անհեթեթություն կարելի է երևակայել, բայց, որ մեր օրերում հնարավոր է մարդու կյանքից վերցնել եւ «լուսանցքից այկողմ» նետել կամավոր անձնուրացության 4-5 տարի, չեմ պատկերացնում։
Ս.թ. հուլիսի 14-ին Սարգիս Հացպանյանի բարեկամներից այսպիսի SMS ենք ստացել.
«Այսօր, Բաստիլի բանտի գրավումից 220 տարի հետո, իմ գտնված հայկական Նոր Բաստիլում «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» գաղափարների հանդեպ ունեցած անկեղծ սեր ու հարգանքս ցույց տալու, դրանց ոտնահարման, զոհի կարգավիճակում անձամբ հայտնվելուս դեմ բողոքելու նպատակով 2009 թ. հուլիսի 14-ից 3-օրյա հացադուլ եմ հայտարարում»։
«Ազատություն» ռադիոկայանի «Ինչո՞ւ եք հացադուլ հայտարարել» հարցին արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը պատասխանել է. «Մարդուն անասունից տարբերող ամենակարևոր հատկանիշներից մեկը հիշողությունն է։ Ես, օրինակ, 220 տարի հետո էլ հիշելու եմ ֆրանսական հեղափոխությունն ու «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» արժեքները, իսկ Արցախում և Հայաստանում իշխանություն ներկայացնող մի քանի ապերախտ իմ՝ հայրենիքին մատուցած ծառայությունները չեն հիշում։ Համաներումն ինձ վրա տարածվելով հանդերձ, հարկ եղած «սպրավկան» տալ զլացողներին ես հացադուլի ավարտի արդյունքով պետք եղած իմ «մահվան տեղեկանքը» բանտից հասցնելուն օժանդակել եմ ցանկանում։
Բայց իմ մասին իրենց մարդկային հիշողությունները պահպանածներից ազնվաբարո հայորդիներ Ռուդիկ Հյուսնունցին, Գարիկ Գրիգորյանին, Վարդգես Օվյանին, Գեղամ Բաղդասարյանին և իմ մարտական ընկերներին մեծատառով ՄԱՐԴ լինելու և այդպիսին մնալու համար իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում»։
«ՆԷ»
Տնտեսություն
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Եթե մենք՝ արցախցիներս, հաշվետու լինենք ինքներս մեզ, ապա անսխալ կարելի է շեշտել, որ մեր ամենամեծ նվաճումը, որով պարծենալ, հպարտանալ կարող ենք, մեր հազարավոր զավակների արյան գնով ձեռք բերված անկախ պետությունն է՝ ԼՂՀ-ն։
Բուժել ենք մեզ հասցված շատ վերքեր և, թեկուզ մեզ ճանաչելու մեր արդար պահանջը աշխարհաքաղաքական
պղտոր խառնարանում առուծախի առարկա է դարձել, հույսով ու հավատով ենք նայում մեր ապագային։
Սակայն, չժխտենք, որ այն առագաստն է հասնում երանելի ափին, որի կողմնացույցը ճիշտ է մատնանշում անցնելիք ուղին, խոտորումներ չունի։ Հեշտ չէ միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե որն է այն ուղեգիծը, որով անցնելով՝ մեր նավը կարող է մեզ հասցնել երազած ափին։
Մեզ համար ներկայումս չկա ավելի առաջնակարգ խնդիր, քան մեր տնտեսության նախկին հզորության վերականգնումն ու հետագա զարգացումը։ Մենք այսօր անդորրի մեջ չենք։ Մեծ բեկում է ապրում շինարարությունը, աննախադեպ կապիտալ ներդրումներ են արվում այդ ճյուղում։ Կառուցել, անշուշտ, պետք է, սակայն, հարց է ծագում՝ ժամանակի թելադրանքո՞վ են պայմանավորված այն թափն ու ծավալները, որ ստացել է զվարճատների, ռեստորանների, հյուրանոցների, սուպերմարկետների շինարարությունը։ Բնական է, օրինակ, այն, որ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի վրա երբեմնի «Մանկական աշխարհ» հանրախանութը սուպերմարկետի վերածելուց հետո, ընդամենը մի 100-120 մ հեռավորության վրա երեքն էլ են ավելացել, մի եռահարկանին էլ կառուցվում է։ Ժամանակը չէ՞, որ առաջնահերթությունը տրվի արդյունաբերական շինարարությանը և գյուղատնտեսության վերականգնմանը։
Այսպիսի ընտրությունն ամենից առաջ մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդագրական աննախանձելի վիճակի շտկման, արտահոսքի վերացման համար։ Բնակչության քանակը ցանկացած երկրի պատվախնդրության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Զուր չէ, որ Իսրայելը դարեր առաջ աշխարհով մեկ սփռված իր հայրենակիցներին հավաքում է իր հարկի տակ։ Անկախություն ձեռք բերելուց հետո նրա բնակչությունն ավելացել է տասնչորս անգամ և այսօր դարձել է յոթ միլիոն։ Ընթացքի մեջ է մեկուկես միլիոն հրեաների մայր հայրենիքում տեղավորելու ծրագրի իրականացումը։
Երբեմնի «ողբի հայրենիք, որբի հայրենիք» Հայաստանը վեր էր ածվել հզոր տնտեսության և ծաղկող գիտության երկրի, այնքան հզոր, որ իր արդյունաբերական պոտենցիալով գերազանցում էր իրենից տարածքով և բնակչությամբ երեք-չորս անգամ մեծ այնպիսի եվրոպական երկրի, ինչպիսին Պորտուգալիան է։ Այստեղից էլ բնակչության աննախադեպ ավելացումը՝ բնական աճի և հայրենադարձության հաշվին։ 1920 թ. 700 հազարի փոխարեն 1989 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմում էր 3,4 միլիոն։
Եթե մեր՝ Արցախի բնակչությունն աճեր այդպիսի տեմպերով, այսինքն՝ ավելանար գրեթե հինգ անգամ, ապա նրա թվաքանակն այսօր կկազմեր 850-900 հազար։ Արտահոսքը, որ միշտ էլ մեր ուղեկիցն էր, նոր թափ առավ Բաքվի կողմից մեզ պարտադրված պատերազմից հետո։ Քիչ թե շատ այն կարելի էր կանխել, եթե չկայացվեին սխալ, կամայական որոշումներ...
Գյուղում դա հողի սեփականաշնորհումն էր։ Հսկայածավալ Ռուսաստանում, որի հողատարածքները չափ ու սահման չունեն, զերծ մնացին նման քայլից, իսկ մենք դրան ձեռնամուխ եղանք հապշտապ, առանց խորհելու, թե այն ուր կհասցնի մեզ։
«Միության տասնհինգ հանրապետություններից,- ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին նվիրված իր «Հուսո առագաստներ» մենագրությունում նշում է Մ. Ամուտունին,- Հայաստանում առաջինը, համենայն դեպս, ձեռնարկվեց ու երկրում մեծածավալ թափով քայքայվեց գյուղատնտեսության ձևավորված ու աշխատող համակարգը… Վաթսուն տարիների ընթացքում ձևավորված տնտեսությունները քայքայելը, այնուամենայնիվ, հանցագործություն էր»։ Քարուքանդ անել բարվոք շենքը և հետո նրա փլատակների վրա ողբալ տեղի ունեցածը՝ առնվազն սեփական մեղքի ստվերման փորձ է։ Չէ՞ որ Արցախում հողի սեփականաշնորհման նախաձեռնողն ու իրականացնողը ոչ այլ ոք էր, քան հենց նույն Ռ. Քոչարյանը։
Ոչ ոք չի կարող ժխտել, որ մենք ի վերուստ պարտադրված ենք ունենալու այնպիսի տնտեսություն, որ կարող լինենք հարա՜յ կանչելու՝ սիրելի հայրենակիցներ, ձեզ հրավիրում ենք գործի՝ շահավետ աշխատավարձով։ Դրան հասնելու ուղին, կարծում եմ, իր «Չաստվածների խնջույք» գրքում ճիշտ է կանխանշում արձակագիր ու հրապարակախոս Մ. Հովհաննիսյանը. «Մեր խազնան, որի անունը դրել ենք բյուջե, պետք է լցվի մեր ամագի բերածով, ոչ թե հարազատ-բարեկամի բաշխածով… Այնպես լինի, որ կարողանանք ձեռքներս տանել գրպաններս ու ասել՝ էս էլ մեր կողմից»։
«Դրա համար,- լրացնում է հեղինակը,- առաջին հերթին մեր ձեռքը պիտի աշխատի և դրանից առաջ մեր միտքը պիտի աշխատի»։
Մեր միտքը չաշխատեց՝ քիչ է, անտեսվեց բանականը։ Խելք-խելքի տալու, պատերազմի և զանգվածային թալանի պատճառով վերջին շնչով հևացող գյուղատնտեսության ուշքի բերման ծրագիր մշակելու և իրականացնելու փոխարեն գործեց հրամանի ուժը, մեկի-երկուսի կամքը պարտադրվեց հողի մշակին։ Ամենաշատը նրան հուսախաբ արեց հրաման-հրահանգը՝ քանդել խաղողայգիները և փոխարենը հացահատիկ ցանել։ Իբր հացահատիկն ավելի շահութաբեր է։
Այժմ էլ, ցավոք, բոլորը չէ, որ իրենցից թոթափել են նման մոլորվածությունը։ Թեկուզ այսօր հեկտարից միջին հաշվով երեք անգամ քիչ, 40 ցենտներ խաղող է ստացվում, մեկ է, համադրելիությունից մեծ չափով շահում է խաղողը։ Անցյալ դարի 80-ականների վերջերին մենք ներկայիս 13 հազարի փոխարեն տարեկան 190-200 հազար տոննա (տնտեսությունների կարիքների համար պահվածի հետ) խաղող էինք հավաքում և ստանում այնքան եկամուտ, որ հավասար էր մեր այսօրվա պետբյուջեին։
Հարցերի հարցը, թերևս, մնում է շուկան։ Բայց շուկան նվիրատվությամբ չեն ձեռք բերում, այն նվաճում են։ Ահա արդեն քանի տարի է, ինչ Ուրալից մինչև Հեռավոր Արևելքը ներառյալ՝ խաղողի վաճառքի մենաշնորհը պատկանում է Ուզբեկստանին և Ղազախստանին։ Երկուսն էլ խաղողը տեղափոխում են երկաթուղով կամ օդային տրանսպորտով։ Մինչև լրիվ վաճառելը շահույթը կա ու կա, քանի որ գներն անհամեմատ բարձր են։
Չստացվի այն տպավորությունը, թե կարելի է հենց վաղվանից ռուսական շուկա դուրս բերել մեր խաղողը։ Դա լուծման ենթակա հեշտ խնդիր չէ, մանավանդ մեր պայմաններում։ Բայց եթե մենք կարողանայինք ռուսական որևէ տարածքում Հայաստանի հետ համատեղ ունենալ խաղողի վաճառքի մեր շուկան, անկասկած, կշահեինք։
Չմոռանանք, որ խաղողից եկամուտներ ստանալու առավել կարևոր այլ աղբյուրներ էլ կան։ Վերամշակման ենթարկելով՝ նրանից կարելի է սպիրտ, չամիչ, պահածոներ, հյութեր և, իհարկե, գինի ստանալ։ Կար ժամանակ, երբ մեր «Խնդողնի» տեսակի գինին առաքվում էր մինչև իսկ Հունգարիա, Ավստրիա, եվրոպական այլ երկրներ։ Չլիներ խաղողենու նկատմամբ թերահավատ մեր վերաբերմունքը, ունենայինք «Խնդողնի» տեսականի խաղողենու մեծ պլանտացիաներ, այսօր մեր գինով կարող էինք դուրս գալ արտերկրյա ցանկացած շուկա։
Երբ ռուսական շուկայից դուրս մղվեց վրացական գինին, կարծիք կար, թե նրան փոխարինելու է հայկականը։ Բայց ոչ Հայաստանը և ոչ էլ մենք ոչ արտադրանքի ծավալներով և ոչ էլ որակով ճեղքվածքը փակել չկարողացանք։ Պարզապես նախօրոք չէր աշխատել մեր միտքը և ոչ էլ դրան հետևել էր գործը։
Ծանր երկունքով, մաքառումներով է ստեղծվել մեր արդյունաբերությունը։ Դեռ նոր սկսել էր գործել Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանը, երբ Հ. Ալիևը Բաքվից հեռախոսազանգով կարգադրեց մեր կուսմարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովին՝ թույլ չտալ, որ Հայաստանի ոտքը հայտնվի Ղարաբաղում։ Հնարամտությամբ հասանք նրան, որ Երևանը փոխարինվեց Ռյազանով։ Աճեց, հզորացավ և, շատ չանցած, բաժանմունքից վերացվեց ինքնուրույն ձեռնարկության։ Մարզի քսան գյուղական վայրերում 120-130-ական աշխատատեղով արդյունաբերական ձեռնարկություններ հիմնադրելու համար քիչ մնաց կուսմարզկոմի քարտուղարին հեռացնեին պաշտոնից։
Այն ամենը, որ ստեղծվել էր տասնամյակների ընթացքում, քարուքանդ եղավ մեր օրերում։ Ստեփանակերտում առաջիններից մեկն այդ ճակատագրին արժանացավ կահույքի ֆաբրիկան, որի համար մեր տեղական փայտանյութն էլ բավական էր թեկուզ կիսով չափ աշխատելու համար։ Հետո միայն պարզվեց, որ պետպատվերն էլ ֆաբրիկայից վերցվել է հատուկ նպատակով. նրա համար այն դուրս բերվեց շարքից, որ տեղական հումքի հայտ չներկայացնի։ Այդ հումքի տերը դարձան շտապ ձևավորված գաճաճ արտադրամասերը, որոնք զբաղվում են մանրահատակների (պարկետ) և տակառների թողարկմամբ։
Հետպատերազմյան անցած 15 տարիների ընթացքում առաջին անգամ ժամանակակից արդյունաբերական ձեռնարկություն՝ կահույքի ֆաբրիկա է կառուցվում Ստեփանակերտում։ Ուրեմն՝ հնարավոր է, որ մասնավոր կապիտալը ներդրվի նաև արդյունաբերության մեջ և կարելի է հուսալ, որ առաջնեկին կհաջորդեն նորերը։ Ժամանակին խոսք կար Ստեփանակերտում կղմինդրի գործարան, սպիտակեղենի, տրիկոտաժեղենի արտադրամասեր հիմնադրելու մասին։ Սակայն առաջարկությունները անուշադրության մատնվեցին։
Մաս առ մաս, հարկից հարկ էր գոյացել արդյունաբերության մեր հսկան՝ Ղարմետաքսկոմբինատը, որտեղ ժամանակին աշխատում էին 3 հազար արցախցիներ։ Նախկին մասնագետների կարծիքով, երբ բոժոժի հումք կար, արհեստական թել ձեռք բերելը դժվար չէր, կոմբինատի հզորությունը կարելի էր որոշ չափով պահպանել, եթե Երևանում հիմնակործան չարվեր միակ ներկման ֆաբրիկան։
Փրկության այլ ելք էլ կար. կոմբինատը հագեցված էր նոր հաստոցներով և հնարավոր էր անցնել սպիտակեղենի թողարկմանը, որն այժմ մեծ քանակությամբ և թանկ գներով ներկրում ենք արաբական երկրներից։ Այդ մասին առաջարկություն եղավ, սակայն՝ մնաց անարձագանք։ Երևի սպիտակեղեն ներկրողներն ավելի ուժեղ գտնվեցին, քան մեր արդյունաբերության առաջնեկի փրկմամբ մտահոգվածները։
Մի բան, որ մեզ լրիվ հաջողվել է՝ կահույքի գաճաճ արտադրամասերի ստեղծումն է։ Դրանց տերերից ոմանք բարձրաստիճան պաշտոնյաներ են և բավական հարստացել են մեր բնության հարստահարման միջոցով։ Այսպես՝ հանրապետության շատ վայրերում հատվել են մեծ քանակությամբ (ոմանց կարծիքով՝ հազարավոր) ընկուզենիներ, կաղնիներ և այլ թանկարժեք ծառեր, «սպանդից» զերծ չի մնացել մինչև իսկ Սարսանգի ձորակը։ Հարստացման տենչով վարակված մեր գործարարները գիտե՞ն, արդյոք, թե ինչի վրա են ձեռք բարձրացնում։ Բնության մեր այդ սքանչելի անկյունը ռուս հանրահայտ ազգագրագետ Գ. Անոխինի վկայությամբ՝ աշխարհի հրաշալիքների շարքում առաջիններից մեկն է։
Դեռ նոր էր Ռ. Քոչարյանն ընտրվել ՀՀ նախագահ, երբ առաջ քաշվեց Հայաստանում և Արցախում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը։ Բավական ժամանակ է անցել, բայց լուրջ առաջխաղացում տեղի չի ունեցել, մանավանդ մեզ մոտ՝ Արցախում։ Հայաստանն այսօր տարեկան հազիվ կես միլիոն զբոսաշրջիկ է այցելում, մինչդեռ 30 անգամ քիչ բնակչություն ունեցող Աբխազիան՝ մեկ միլիոն։
Վերջապես ե՞րբ ենք մենք լինելու մեր ներքին շուկայի տերը։ Ցավալին միայն այն չէ, որ ներկրման և արտահանման մնացորդը կազմում է 3 միլիարդ դոլար՝ ի վնաս մեզ։ Մեր շուկան այսօր լիովին հեղեղված է արհեստական հումքից պատրաստված տրիկոտաժեղենով և կոշկեղենով՝ հիմնականում թուրքական արտադրության։ Հայաստանի վարչապետ Տ. Սարգսյանը վերջերս նշել է, որ վաստակելով մեծ գումարներ՝ խոշոր ներկրողները պարտավոր են հոգալ վաճառքի հանվող ապրանքատեսակների մի մասը տեղում թողարկելու մասին։
Նույնը կարող ենք անել և մենք, ըստ որում՝ պահանջ ներկայացնելով ոչ միայն ներկրողներին։ Մեր տնտեսական վիճակը թելադրում է գործին մասնակից անել բոլոր նրանց, ովքեր հիմնականում աշխատելով մենաշնորհային պայմաններում, վերջին տարիներին մեծ գումարներ են վաստակել։ Ինչո՞ւ չստեղծել իրավասու մի հանձնաժողով, ասենք, կառավարության ղեկավարի տեղակալ Ս. Թևոսյանի գլխավորությամբ, և որոշել, թե մեր մեծահարուստներից ով ինչպիսի մասնակցություն կարող է ունենալ արտադրական կարողությունների ստեղծման գործում։ Կար ժամանակ, երբ մինչև իսկ կույրերի միության տրիկոտաժեղենի արտադրամասը (ի դեպ այնտեղ 170 հոգի էր աշխատում) այնպիսի բարձրորակ արտադրանք էր թողարկում, որ ստացված բոլոր պատվերները կատարելու համար հաճախ երկհերթ էին աշխատում։
Հանրահայտ է, որ մեզ մոտ՝ Ստեփանակերտում գործում է զինվորական կոշկեղենի արտադրամաս։ Արտադրանքի որակը բավականին բարձր է, սակայն պարզ չէ, թե ինչու արտադրամասը չի անցնում քաղաքացիական կոշկեղենի թողարկմանը։ Բայց չէ՞ որ մեր ներքին շուկան հիմնականում հեղեղված է արհեստական հումքից կարված կոշկեղենով։
Թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես իմ առաջարկություններն ու դիտողությունները ճշմարտության վերջին խոսք եմ համարում։ Սակայն անվիճելի է, որ մենք ունենք մեր տնտեսության զարգացման, մեծ քանակության աշխատատեղերի ստեղծման ոչ քիչ հնարավորություններ, և դա պետք է դառնա բոլորի մտահոգության առարկան։ Հատկապես ակտիվ դերում պետք է լինեն «Ազատ Արցախ» պաշտոնաթերթն ու լրատվության մյուս միջոցները։ Մեր բարձրակարգ մասնագետները, արտադրական աշխատանքի հարուստ փորձ ունեցողները, գործարարները թող ներկայացնեն իրենց կարծիքը, տեսակետը, որին էլ պիտի հետևի արդյունավետ ծրագրերի կազմումն ու գործին ձեռնամուխ լինելը։
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Երկար տարիներ աշխատելով Արցախի գյուղատնտեսության
ոլորտում և մասնակցություն ունենալով նրա զարգացման
գործընթացներին, արտադրաճյուղի զարգացման հարցերը
մշտապես մտահոգել են ինձ։ Ինչպես հայտնի է, հասարակական
ամեն մի ֆորմացիա իր կացութաձևն է թելադրում։
Տարբեր ժամանակահատվածներում մեր գյուղատնտեսությունն
ունեցել է ժամանակին համահունչ ձևն ու բովանդակությունը։
ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ
Ցարական կարգերի ժամանակ Արցախի գյուղացիական տնտեսությունները կալվածատիրական, բեկական-խանական, վաշխառուական, վանքապատկան համակարգերից կրելով բազում զրկանքներ, հույսով ու հավատով ընդունեցին խորհրդային կարգերը՝ Լենինի «Հողը՝ գյուղացուն» կարգախոսով։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ գյուղատնտեսության կոլեկտիվացումն ավելի արագ կատարվեց, քան ամբողջ երկրի այլ շրջաններում։ Արցախի գյուղական համայնքներում ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ, որոնք ժամանակի ընթացքում ամրապնդվեցին տնտեսապես, և անցյալ դարի 50-ական թվականներին վերածվել էին մի հզոր տնտհեսական կազմակերպության։ Այդ նրանք էին, որ 2-րդ համաշխարհայինի տարիներին բանակին ու ռազմաճակատին անխափան պարենամթերք էին մատակարարում։
Սակայն ինչպես ամենուրեք, այնպես էլ մեզ մոտ, ձեռք բերվածը ոչ միայն չամրապնդվեց, այլև հետագա զարգացումն ընթացավ մեր բնակլիմայական պայմաններին ոչ համահունչ, սխալ ճանապարհով։ Սկսվեց նրանց խոշորացումը, որի պատճառով քայքայվեցին ու հայաթափվեցին ծայրամասային մեր գյուղերը։ Ավելի ծանր էր վիճակը այն կոլտնտեսություններում, որտեղ միավորվել էին հայկական և ազերական համայնքներ (Առաջաձոր-Սրխավենդ, Չափար-Իմերեթ Քերեվենդ-Չարեքտար, Կաղարծի-Ղարադաղլու և այլն)։
Այդ ամենը միանգամայն ձեռնտու էր ազերիներին։ Օգտվելով առիթից, նրանք սկսեցին քարտեզներից աստիճանաբար հանել Արցախի ծայրամասային հայկական գյուղերի անունները կամ նրանց կպցրին թուրքական պիտակներ (Դաշալթը, Կալադարասի և այլն)։
Կոլտնտեսությունների խոշորացման քաղաքականության արդյունքում մարզում գործող 203 տնտեսություններից անցյալ դարի 80-ական թվականներին մնաց ընդամենը 89-ը, որից 33-ը՝ կոլտնտեսություններ, մնացածը՝ խորհտնտեսություններ։ Հետագայում կառուցվեց նաև 10 միջտնտեսային անասնապահական համալիր։
ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ
Այնուամենայնիվ, թեկուզ դժվարին պայմաններում ու մեծ ջանքերի գերլարումով, ԼՂ գյուղատնտեսության ոլորտը անցյալ դարի 70-80-ական թվականներին կայացավ ու վերելք ապրեց։ Այն ժամանակ մեծ ուշադրություն էր դարձվում հացահատիկային տնտեսության զարգացմանը՝ որպես երկրամասի հարստության գլխավոր պայմաններից մեկը։ Միջին հաշվով հեկտարի բերքատվությունը հասնում էր 22-24, առանձին բրիգադներում՝ անգամ 30-40 ցենտների, հացահատիկի համախառն բերքը հասցվել էր 60-65 հազար տոննայի։
Այդ տարիներին մարզում բուռն զարգացում ապրեց նաև խաղողագործությունը։ Երկրամասը վերածվեց գինեգործության արդյունաբերական օբյեկտների լայն ցանցի։ Խաղողայգիների քանակը հասցվեց 15-18 հազար հեկտարի, հեկտարի միջին բերքատվությունը հասնում էր ավելի քան 100 ցենտների, խաղողի տարեկան համախառն արտադրությունը հասցվեց 150-160 հազար տոննայի, որը պետության կողմից ամբողջությամբ մթերվում էր, և մենք խաղողի իրացման համար շուկա չէինք փնտրում։
Մարզում բուռն զարգացում ապրեց նաև անասնապահությունը։
Տավարի գլխաքանակը հասցվել էր 98,4 հազարի, խոզերի գլխաքանակը հասցվեց 94 հազարի, մանր եղջերավոր անասուններինն ու մեծահասակ հավերինը՝ 300-ական հազարի։
Գնալով ամրապնդվում էր անասնապահության կերային բազան, որի տրամադրության տակ էր գտնվում ավելի քան 115 հազար հեկտար ամառային և ձմեռային արոտավայր և 3350 հեկտար խոտհարք։ Տարեկան կաթի արտադրությունը հասցվեց 48-54, մսինը (սպանդային քաշով) 11-12 հազար տոննայի, ձվինը՝ 11-12 միլիոն հատի և այլն։ Կովի միջին կաթնատվությունը հասել էր 2500 կգ-ի, իսկ ավելի առաջավոր տնտեսություններում՝ 3500-4400 կգ-ի։ Մարզում անասնապահության զարգացման, նրանց վարակիչ և այլ կարգի հիվանդություններից պաշտպանելու գործում պայքարում էր անասնաբուժական ծառայության հզոր մի բանակ։
Ոլորտը հագեցված էր գյուղտեխնիկայով։ Այստեղ գործում էին հարյուրավոր տրակտորներ, կոմբայններ, ավտոմեքենաներ և այլ կարգի գյուղտեխնիկա՝ իրենց գործին տիրապետող մեխանիզատորներով։
Մարզի կոլտնտեսություններից ու խորհտնտեսություններից շատ-շատերը վեր էին ածվել սոցիալիստական տիպի առաջավոր տնտեսությունների՝ աշխատավորների բարձր վարձատրությամբ։ Նրանցից շատերն արդեն իրենց վրա էին վերցնում աշխատավորների հանգստյան տների, մանկապարտեզների, պիոներական ճամբարների, հաճախակի կազմակերպվող էքսկուրսիաների բոլոր ծախսերը։ Այդպիսի կոլտնտեսությունների թվին կարելի էր դասել Ճարտարի, Գիշու, Բերդաշենի, Սոսի, Նորագյուղի, Խնապատի, Ավետարանոցի, Թալիշի կոլտնտեսություններն ու Մարտակերտի, Չայլուի, Ներքին Հոռաթաղի, Տողի, Էդիլլուի, Կարմիր Շուկայի խորհտնտեսությունները։
Այսքանով հանդերձ, իմ նպատակը չէ գովաբանել անցյալ կարգերը։ Նախկինում ևս գոյություն ունեին բազում բացասական երևույթներ ու լարված պահեր։ Մշտապես զգացնել էին տալիս ազերական պետության խտրական վերաբերմունքը մեր նկատմամբ։ Թեկուզ մեզ մոտ բնակչության մեկ շնչի հաշվով ավելի շատ պարենամթերքներ էին արտադրվում, քան նախկին Ադրբեջանական հանրապետությունում, իրենց մտածված պլանավորման արդյունքում, մեզ մոտ արտադրվող մթերքների, հատկապես կաթնամթերքների ու մսամթերքների մեծ մասը դուրս էր բերվում մարզից, այսպես կոչված, հանրապետության արդյունաբերական քաղաքներին (Եվլախ, Մինգեչաուր, Կիրովաբադ, Բաքու և այլն) մատակարարելու համար, իսկ մեզ թողնված մթերքները չէին բավարարում մեր բնակչությանը։
Ահա այն որոշ ոչ լրիվ տեղեկատվական տվյալները, որոնք առկա էին Արցախի գյուղատնտեսության ոլորտին՝ ոչ հեռու անցյալում և երեկ։
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Թոշակառու, անասնաբուժական
գիտությունների թեկնածու