Պետական քննություններ, հանձնաժողովի նախագահ, քննական տոմս… Այս արտահայտությունները երկյուղ, հիասթափություն և անհանգստություն են հարուցում համալսարանի ուսանողների մոտ: Հաճախ ենք լսում. «Երանի մեկ օր էլ ավել լիներ, նախքան քննությունը», «Երանի լավ տոմս ընկնի», «Մեկ օր է պակասում էն վերջին երկու տոմսն էլ սովորելու համար»... Ամեն դեպքում՝ հույսը վերջինն է մեռնում: Երկար, խոպոպավոր մազափնջի, գայթակղիչ սանրվածքի, գաղտնի, բազմահազար գրպանավոր տաբատների և բազմաոճ բլուզկաների մեջ հեշտ է խցկել ու քողարկել փրկիչ «շպարգալկաներ»: Դե, տեխնիկայի նվաճումներից էլ չենք խոսում: Վիբրացիոն համակարգը բացառիկ հնարավորություն է ընձեռում անձայն հղել ու ստանալ անգամ ամենից դժվար տոմսերում ընդգրկված հարցերի պատասխանները: Պարզապես պետք է զգույշ և վարպետորեն օգտվել «խաղի կանոններից»: Հակառակ դեպքում՝ կարող ես պարտվել խաղի կեսում: Իսկ խաղն այդ ավարտուն է, և երկրորդ հնարավորություն մեծ դժվարությամբ է տրվում:
Քննասենյակից լացակումած դուրս եկողը հուսահատ մենախոսում է. «Չեն դրե՜լ», «Գոնե հաշվի առնեին, որ փոքր երեխա ունեմ» կամ՝ «Չգիտեն, որ պետք է հասցնեմ հասնել գյուղի ավտոբուսին»...
Այս անգամ էլ ուսանողների բախտը չբերեց: Քննական հանձնաժողովի անձնակազմի մի մասը ժամանել էր Երևանից, հետևւաբար՝ սպասվում էր խստապահանջ և հարցադրումներ անող «ունկնդիր»:
«Ուսանողների զրկանքներն ու չարչարանքները»: Թերևս այսպես կարելի է կոչել նախաքննական եռուզեռը: Իսկ քննության ավարտին լսարանում կարելի է տեսնել բազմամամուլ տպաքանակ օրինակներ, քննվող առարկայի հետ բացարձակ կապ չունեցող պատճենահանված թղթեր, պատառոտված տետրեր, բզկտված գրքեր, քաղցրավենիքի մնացուկներ ու թանկարժեք կոնֆետների թղթեր, անտեր մնացած ուսանողական տոմսեր և գրքույկներ, ճմրթված թղթերի կույտեր… Այն ամենը, որ մնացել էր «քննական քարաբաղնիսից»։
Մի՞թե սա է իրական քննության պատկերը: Իսկ ո՞ւր մնաց «լավ» կամ «գերազանց» գնահատականը և անցած ուսումնական տարվա ավարտը ոգևորությամբ նշելու հանգամանքը: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ են արել, որ ինչ նշեն: Իսկ գո՞ւցե քրտնաջան աշխատանքի և կամ անքուն գիշերների առիթով ընկերովի մի փոքր ուրախանան:
Մինչդեռ որքա՜ն հրաշալի բան է ուսանող լինելը: Բայց դա այսօր չեն զգում, չեն հասկանում։ Տարիներ հետո են միայն զգում կորսված հիանալի օրերի, տարիների արժեքը։ Անգամ հեռակա համակարգում անգամ տարին երկու անգամ գիտությանը հպվելը, նրան մոտ լինելը, ուսանողական նստարանին նստելը, պիտանի մասնագետ դառնալու հույսով գրքերի վրա խոնարհված անքուն գիշերներ լուսացնելը հրաշք բան է:
Կգա ժամանակ և անհնար կլինի ետ բերել թեկուզ մի ակնթարթ‘ անտեղի ու անիմաստ սպառված ուսանողական կյանքից: Սովորելը, գիտելիքներ ձեռք բերելը մշտապես պիտի հետապնդի մարդուն։ Հատկապես ուսանողական տարիներին, երբ կատարել ես ընտրությունդ ու խորասուզվել սիրված մասնագիտության գիտելիքների օվկիանում։ Չիմացածը սովորելն ամոթ չէ, ամոթ է, երբ կարող էիր սովորել, բայց քամահրանքով ես վերաբերվել դրան և այսօր պարզապես սովորական մի տգետ ես, անորակ մասնագետ...
Մի° գունազրկեք, մի° պղծեք գիտության արժեքը: Եկեք լինենք արժանավայել ուսանող, սովորենք ու դառնանք վստահելի և բանիմաց մասնագետներ: Եվ համատեղ ջանքերով կառուցենք ու շենացնենք մեր հինավուրց պապենական երկիրը, որ կոչվում է ազատ ու անկախ Արցախ:
ԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆՐԱ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՓՈՐՁԸ ԴԵՌ ՊԵՏՔ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ
(ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
Մարդկանց ցանկացած շրջապատում նա կարողանում է աշխույժ, հետաքրքիր և խաղաղ մթնոլորտ ստեղծել, բարձրացնում զրուցակիցների տրամադրությունը։ Մարդկանց գերում է բնության, մեր առողջության պահպանման, հետաքրքրաշարժ երևույթների ու փաստերի մասին զրույցներով։
Այսպես էլ դպրոցում էր, ուսանողական տարիներին, այնուհետև՝ մանկավարժական աշխատանքի ժամանակ։
Ծնվել է Ուլուբաբ գյուղում։ 1953 թվականին գերազանց գնահատականներով ավարտել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցը, ապա՝ Բաքվի մանկավարժականի կենսաբանության ֆակուլտետը։ Մինչև 1970 թվականը կենսաբանություն է դասավանդել Սեյդիշենի, Ռևի, Ղշլաղի, Շուշիի, Ստեփանակերտի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Առինջի և Գեմուրի միջնակարգ դպրոցներում։
Այնուհետև աշխատել է ուսուցիչների կատարելագործման մարզային ինստիտուտում՝ որպես կենսաբանության մեթոդական կաբինետի վարիչ։ Կենսաբանության ուսուցիչների հետ մեթոդական աշխատանքի ձևերում սկսեց թարմություն մտցնել. սկսնակ ուսուցիչներին և օգնության կարիք զգացողներին «ոտքի կանգնեցնելու» համար բարձրացրեց դասալսումների դերը (գործընկերոջ դասը լսելը և վերլուծելը ուրիշ է. բացահայտվում են ուսուցչի գիտելիքներում եղած թերություններն ու պակասը, դասավանդաման ժամանակ ուսուցչի կիրառած մեթոդների անարդյունավետության պատճառը և այլն)։
Հադրութ շրջկենտրոնի ուսուցիչների հիշողության մեջ դեռ մնում է Ժ. Գրիգորյանի վարած բաց դասը 10-րդ դասարանում։ Այն լսել են դպրոցի բոլոր ուսուցիչները։ Դասավարտին դպրոցի տնօրեն Պյոտր Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել մեթոդիստին ու ասել. «Ձեր շնորհիվ կենսաբանությունը մեզ համար դարձավ ամենահետաքրքիր առարկան»։
Արցախի դպրոցներում այդ տարիներին մի առանձին հետաքրքրություն էր առաջացել կենսաբանության հանդեպ։ 1977-78 թթ. ուսումնական տարում որոշվել էր կենսաբանության առաջին փորձնական օլիմպիադան անցկացնել Ղարաբաղում։ Մարզժողկրթբաժվար Սարգիս Արամյանը օլիմպիադայի հարցեր պատրաստելը և այն անցկացնելը հանձնարարել էր Ժ. Գրիգորյանին։ Հաջող անցկացրած օլիմպիադայի արդյունքների մասին մեթոդիստը զեկուցել է լուսավորության նախարարության կոլեգիայի նիստում։ Հաջորդ ուսումնական տարում ամբողջ հանրապետությունում օլիմպիադա են անցկացրել Արցախում կազմված հարցերով։
Ժ. Գրիգորյանը կենսաբանության ուսուցիչների հետ աշխատանքն սկսել է ծրագրերից։ Նա ամեն կերպ ձգտում էր իմանալ, թե ուսուցիչը որ թեմայի դասավանդման ժամանակ է դժվարություն զգում։ Եվ միշտ օգնության էր հասնում ուսուցիչներին։ Մեթոդիստն ավելի շատ կարևորություն էր տալիս մանկավարժի մոտ գիտելիքների առկայությանը, մեթոդները հաճախ իրենք էլ են գալիս։
Ժորա Գրիգորյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել դպրոցի ուսումնափորձնական հողամասի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Փոքրիկ հողամասում աշակերտը սովորում է լավ և շատ բերք ստանալը, իսկ հետո, մեծ կյանք մտնելով՝ մեծ հողամասից են շատ բերք ստանում։ Հողամասի աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար ոչ մեծ ծավալով գիրք է գրել։ Առայսօր մեր դպրոցներում առաջնորդվում են այդ մեթոդական ձեռնարկով։
Երկրորդ, համեմատաբար ավելի ծավալուն գիրքը Ժ. Գրիգորյանը գրել է Արցախի բուսական աշխարհի մասին։ Օժանդակ այդ ձեռնարկը ուսուցիչներից բացի արդեն բոլորն են օգտագործում՝ մեր հարուստ բնությունից ավելի լավ և հեշտ օգտվելու համար, մեր բնությունն էլ ավելի հարստացնելու համար։
Կենսաբանի երրորդ գիրքը՝ «Կենսաբանության խնդիրների լուծումը», օգտագործում են և° ուսուցիչները, և° աշակերտները, և° ուսանողները։ Այն մատչելի ձեռնարկ է բուհ ընդունվողների համար։
Թոշակի անցնելուց հետո վաստակաշատ մանկավարժը դարձյալ զբաղվում է ոչ պակաս կարևոր և ոչ պակաս հետաքրքիր գործունեությամբ՝ կենսաբանության առաջին անհրաժեշտության գիտելիքները պրոպագանդելով, քանզի 21-րդ դարը, անկասկած, կենսաբանության դար է լինելու, և հարկ կլինի հիմնականում զբաղվել սննդի ապահովման և առողջության պահպանման գործերով։
Առայսօր ղարաբաղյան մամուլում տպագրվում են Ժորա Գրիգորյանի հոդվածները՝ բնությունից ճիշտ օգտվելու, ճիշտ սնվելու, դեղաբույսերից ճիշտ օգտվելու, աշխատանքի և հանգստի ռեժիմը լավ պահպանելու, վնասակար սովորությունները թողնելու, բույսերի և կենդանիների խնամքը ճիշտ կատարելու և առողջությունը պահպանելու և այլ թեմաների մասին։ Կենսաբանի հոդվածներին սպասում և կարդում են բոլորը, շատերը թերթերից կտրում ու վերցնում են նրա հոդվածները՝ հետագայում օգտագործելու համար։
Վերջերս նա արցախցիների սեղանին դրեց «Կենսաբանության առօրյան կյանքում» գիրքը։ Թերթերում, ամսագրերում տպագրված 90-ից ավելի հոդվածները՝ կենսաբանության գիտելիքները առօրյա կյանքում օգտագործելու մասին են, նախատեսված բոլորի համար։ Գրքի վերջին գլուխը ժողովրդական բժշկության դեղատոմսերն են, որոնց արցախցիները վաղուց են սպասում։ Պատրաստ է տպագրության Ժ. Գրիգորյանի հաջորդ գիրքը՝ «Ուլուբաբը»։
Վաստակաշատ կենսաբան-մանկավարժին մաղթում ենք հաջողություններ՝ թե° անձնական կյանքում և թե° իր հայրենակիցներին գործնական օգնություն ցուցաբերելու բնագավառում։
«ՆՈՐ ԷՋ»
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱ՞Ն ՃԳՆԱԺԱՄ
Աշխարհում տնտեսական ճգնաժամ է: Համենայնդեպս, այդպես են ներկայացնում: Բայց, արդյո՞ք այդ ճգնաժամ կոչվածը զուտ տնտեսական բնույթ է կրում: Աշխարհին հանգիստ թողնենք, խոսենք մեր մասին. Հայաստանում (ներառյալ՝ Արցախում) այդ ե՞րբ է, որ ճգնաժամ (քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային) չի եղել: Ավելի ճիշտ՝ մեր ճգնաժամը քիչ էր, աշխարհինն էլ ավելացավ: Հարցին ավելի լուրջ մոտենալով, նշենք, որ «ճգնաժամ» բառը նույն հունարեն «կրիզիսն» է (ռուսերեն թարգմանաբար նշանակում է «սուդ»՝ դատ): Ճգնաժամ բառը փոխաբերական իմաստով նշանակում է՝ հոգեկան ծանր տագնապալի վիճակ, իսկ ճգնել՝ զրկանքներ հանձն առնել: Այս սովորական բառի վերլուծության մտավարժանքից անգամ պարզ երևում է, որ ցանկացած «ճգնաժամի» պատճառ նախևառաջ պետք է փնտրել հոգևոր, այլ ոչ թե նյութական ոլորտում: Այսինքն՝ ցանկացած ճգնաժամ սխալի, անբարեխղճության, անազնվության, վերջին հաշվով՝ մեղք գործելու հետևանք է: Բայց ո՞ւմ կատարած մեղքի՝ հասարակությա՞ն, թե՞ նրա մաս կազմող իշխանությունների, ընդդիմության, մտավորականության կամ գուցե՝ այլմոլորակայինների՞, ովքեր հայ անվան տակ բնակվում են մեզանում:
Մեր պարագայում, հայ իրականության մեջ առկա բոլոր ճգնաժամերի պատճառը պետք է փնտրել ժամանակակից հայի հոգեբանության փոփոխության մեջ, որի անկումը, վերջին հաշվով, հետևանք է ազգային գաղափարախոսության բացակայության: Ասվածի ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավական է համեմատել 1988 թվականի և ներկայիս հայ իրականությունը ներկայացնող հասարակություններին: Ազգային-ազատագրական շարժման ժամանակների ոգեղեն Հայաստանը համեմատելի չէ կիսավայրենի կապիտալիզմ կառուցող ներկայիս «պրագմատիկ» Հայաստանի հետ: Միջանկյալ նշենք, որ մեծն Նժդեհի համար կար մեկ բաժանում՝ նյութապա՞շտ է հայը, թե՝ գաղափարապաշտ:
Իսկ ո՞րն է ելքը, ինչպե՞ս հաղթահարենք ճգնաժամը, ինչի՞ց սկսենք:
Ինչպես հայտնի է, մարդը բաղկացած է երեք տարբեր մասերից՝ մարմնից, շնչից և հոգուց: Պետությունն էլ, որպես կենդանի օրգանիզմ, ունի մարմին, շունչ և հոգի: Պատկերավոր ասած, Հայաստանի մարմինը այն ամբողջ նյութականն է, որ գոյություն ունի Հայոց աշխարհում, շունչը՝ հայկական բազմադարյան մշակույթն է (ժողովրդի մտքի ստեղծագործությունը), իսկ ոգին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Եթե այս տեսանկյունից դիտարկելու լինենք, կարծում եմ, դժվար չէ պատասխանել այն հարցին, թե՝ ինչի՞ց սկսել: Իհարկե, պետք է սկսել հոգուց և հոգևորից, ավելի հստակ՝ ազգի ոգեղենի հիմնական պատասխանատու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց: Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք. սկսել Հայ Եկեղեցուց՝ չի նշանակում, որ այն պետք է առանձնացնել մյուսներից, ընդհակառակը՝ այն պետք է մյուսների հետ ներդաշնակորեն զարգացնել:
Այսքանից հետո մնում է դժկամությամբ գրել ազգի հոգևոր վիճակի մասին: Բայց, նախևառաջ, գրենք մեր Եկեղեցու մասին: Անկեղծորեն նշենք, որ Հայ Եկեղեցուն չեն քննադատում կամ քիչ են քննադատում հակառակորդները՝ քաջ գիտակցելով, որ դրանից կսթափվի Եկեղեցին, հետևություններ կանի և նորովի կմոտենա առաջադրվող խնդիրների լուծմանը։ Հայ Եկեղեցուն քիչ են քննադատում նաև բարեկամները՝ խուսափելու համար նրա նզովքից, «աչքից ընկնելու» և «վատամարդի դառնալու» նկատառումներից։
Այսօր մեր Եկեղեցին քարոզչության բնագավառում հետ է մնում աղանդներից և կրոնական մի շարք այլ կազմակերպություններից։ Նա չի օգտագործում իր իսկ կանոնադրության, Սահմանադրությամբ և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի ընձեռած հնարավորությունները, իսկ պետությունը, ըստ արժանվույն չի աջակցում Հայ Եկեղեցուն և չի վերահսկում օրենքների՝ ճշմարտացիորեն կատարումը։ Արդյունքում՝ տուժումեն և° պետությունը, և° Եկեղեցին։ Զարմանալի է, ինչպե՞ս կարելի է հաշտվել այն մտքի հետ, որ մի քանի ամիսների պատրաստականություն ստացած աղանդավորական կամ այլ կրոնական կազմակերպությունների քարոզիչները կարողանում են կարճ ժամանակահատվածում ստեղծել իրենց համայնքները և ստորաբաժանումները, իսկ Հայ Եկեղեցու ուսյալ վարդապետները և քարոզիչները չեն կարողանում։ Պատճառը, դժբախտաբար, շատերը փորձում են գտնել կամ էլ գտնում են նյութականի մեջ, որը հազար անգամ սխալ է և ապակողմնորոշող։ Իհարկե, միամտություն կլինի անտեսել նյութականի դերիը. այն ունի իր հաստատուն նշանակությունը: Մի՞թե գաղտնիք է, որ բնակչության զգալի մասը անգործ է, աղքատ և, հետևաբար, հոգեպես անկայուն ու ընկճված: Բայց հիմնական պատճառը պետք է որոնել նախ՝ Հայ Եկեղեցու և ապա՝ Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունների համատեքստում։
Իմ համոզմամբ, Հայ Եկեղեցին ունի բավարար նյութական և այլ անհրաժեշտ միջոցներ՝ Հայաստանում (և ոչ միայն) քարոզչություն և ավետարանչություն իրականացնելու համար։ Նյութական միջոցներից բացի, եկեղեցու կողմից քիչ օգտագործվող կամ չօգտագործվող միջոցներն են. ա) Հոգևոր-քարոզչական, հոգևոր¬մշակութային կենտրոնները, բ) Միաբանությունները, գ) Եկեղեցասիրաց եղբայրակցությունները, դ) Տիկնանց միությունները, երիտասարդական, մանկապատանեկան եկեղեցասիրաց խմբերը, ե) Ուսումնական հաստատություններում Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրումը, զ) Պետական և ոչ պետական լրատվամիջոցները, է) Առաքելադավան կրոնական կազմակերպությունները:
Նշվածների մեջ, թերևս, Եկեղեցասիրաց երիտասարդական կազմակերպությունն է համեմատաբար ակտիվ գործում: Արցախի թեմի Հոգևոր քարոզչական կենտրոնի մասին ավելի լավ է չխոսենք, որովհետև դրական քիչ բան կա ասելու: Միայն այն փաստը, որ կենտրոնն առայսօր գրասենյակ չունի հայրենիքում, վկայում է տխուր իրողության մասին: Բայց մի՞թե դա միայն եկեղեցու խնդիրն է:
Իսկ ի՞նչ վիճակում է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը: Արտաքնապես թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այդպես չէ: Իրավական տեսանկյունից՝ պետությունը ստեղծել է համապատասխան օրենքներ, Եկեղեցուն տվել բացառիկ մենաշնորհ հայկական երկու հանրապետություններում ազատ քարոզելու իր դավանանքը, վերստեղծելու իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները, աջակցելու ժողովրդի բարոյական կատարելագործմանը և այլն: Բայց, միևնույն ժամանակ, պետությունը գերտերությունների պարտադրմամբ, առանց խտրականություն դնելու, գրանցել է Հայաստանում եղած-չեղած բոլոր 66 կրոնական կազմակերպություններին, որոնց բացարձակ մեծամասնությունը ճշմարիտ Աստծո և հայության հետ ոչ մի առնչություն չունեն (խոսքը ազգային փոքրամասնությունների կրոններին չի վերաբերում), օտարածին են, ֆինանսավորվում և ղեկավարվում են արտերկրից: Այնպես է ստացվել, որ հայկական պետությունը Հայ Եկեղեցուն մի կողմից տվել է բացառիկ իրավասություններ, մյուս կողմից՝ օտարածին կրոնական կազմակերպությունների և աղանդների համար ստեղծել իդեալական մրցակցային պայմաններ: Արդյունքում՝ Հայ Եկեղեցին պետք է հաղթահարի իր իսկ տարածքում, հայրենի պետության կողմից արհեստականորեն ստեղծված բարոյա-հոգեբանական արգելքները, ապա՝ պայքարի ֆինանսական-նյութական տեսանկյունից իրեն գերազանցող այլադավանների դեմ: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում և Արցախում գործող կրոնական կազմակերպությունները տարեկան այնքան դրամական միջոցներ են ստանում և ծախսում, որքան ԼՂՀ պետական բյուջեն է:
Աշխարհի մի շարք երկրներում պետությունները հոգում են իրենց ազգային եկեղեցիների նյութական ծախսերը: Օրինակ՝ Շվեյցարիայում յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1% է գանձվում՝ հօգուտ ազգային եկեղեցու, Բելգիայում գրանցված կրոնական կազմակերպությունները պետությունից նպաստ են ստանում, Գերմանիայում կատարվում են կամավոր հանգանակություններ, որի ծավալը անցյալ տարի գերազանցել է 5,4 միլիարդ եվրոն: Նման օրինակներ կարելի է շատ բերել, բայց նյութականը թողնելով մի կողմ, նշենք հոգևոր ոլորտին վերաբերող իրավական դաշտի բացերի մասին:
Խոսքը վերաբերում է աղանդների և այլ խորթ կրոնական կազմակերպությունների նկատմամբ այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք կկանխեն նրանց կողմից իրագործվող ազգակործան դրսևորումները: Ցանկության դեպքերում հայ օրենսդիրները կարող են օգտվել եվրոպական գործընկերների ծառայություններից, մասնավորապես՝ ֆրանսիացիների փորձից:
2000 թ. հունիսին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունել են օրինագիծ, որում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ մտցվում էր քրեական հանցագործության այնպիսի հասկացություն, ինչպիսին է «Գիտակցության մանիպուլացումը»: Այս հանցագործությունը ենթադրում է հետևյալ պատիժները. ա) ազատազրկում 3-5 տարով, բ) դրամական տուգանք՝ 300-500 հազար ֆրանկի չափով (այն ժամանակվա փոխարժեքով՝ 40-70 հազար ԱՄՆ դոլոր): Այդ օրենքի ընդունումից առաջ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության հատուկ բաժինը, որն զբաղվում է պետական անվտանգության հարցերով, վերլուծել էր «զոմբի տեխնոլոգիայի» զարգացման դինամիկան և իր տվյալները ներկայացրել խորհրդարանականներին: Արդյունքում՝ ձևակերպվել են պետական անվտանգության պոտենցիալ սպառնալիքների «10 չափանիշները».
- գիտակցության ապակայունացում,
- չափից դուրս ֆինանսական պահանջներ (չափից մեծ հարկեր),
- նախկին շրջապատից խզվելու պարտադրանք,
- ոտնձգություններ ֆիզիկական առողջության վրա,
- երեխաների հավաքագրում,
- հակահասարակական ելույթներ,
- հասարակական կարգի խախտումներ,
- լուրջ մեղադրանքներով ենթակա լինել դատի կամ գտնվել դատավարության մեջ,
- տնտեսական գործունեության նորմերի խախտում (միջոցների թաքցնում),
- իշխանական կառույցներ թափանցելու փորձեր:
Ֆրանսիայի խորհրդարանը որոշում է ընդունել այն մասին, որ եթե այս կամ այն կազմակերպության գործունեության մեջ առկա է գոնե մեկն այս նշվածներից, ապա այն պետք է դիտել որպես «աղանդավորական»:
Ավելի ուշ խորհրդարանական հանձնաժողովը, առաջնորդվելով նոր դասակարգմամբ, Ֆրանսիայում գոյություն ունեցող աղանդները բաժանել է 13 հիմնական խմբերի.
- այլընտրանքային - ձգտում են արմատապես ձևափոխել հասարակությունը և հարաբերությունները մարդկանց միջև,
- հայտնության (ապոկալիպսիսային) - ասում են, թե շուտով աշխարհի վերջն է կամ կանխատեսում են ողջ երկրագնդի մասշտաբով աղետներ, իրենց հետևորդներին փրկության միջոց են առաջարկում,
- ավետարանական - ռեֆորմատորական եկեղեցու ծայրահեղ ձևեր, որոնցում վերապատվելին գուրուի դեր է կատարում,
- բուժիչ - առաջարկում են ամենածանր և անբուժելի հիվանդությունների բուժման զանազան իռացիոնալ կամ ոչ գիտական միջոցներ,
- նոր հեթանոսական - ձգտում են վերականգնել քրիստոնեության տարածմամբ անհետացած պաշտամունքները,
- նոր դարաշրջանի - պատրաստվում են Ջրհոսի դարաշրջան մտնելուն, ինչը կապակցվում է խոր փոփոխությունների հետ և «նոր հոգևոր գիտակցություն» է պահանջում,
- գերբնական - գործի են դրվում զանազան գերբնական գիտություններ (մոգություն, կախարդանք...),
- օրիենտալիստական - արևելյան կրոնների ածանցյալներ (բուդդայականություն, հինդուիզմ, թաոիզմ...),
- կեղծ կաթոլիկական - վկայակոչելով կաթոլիկական ավանդույթները հակադրվում են Վատիկանի որոշումներին,
- կեղծ հոգեվերլուծական - փորձում են լուծել ենթագիտակցության խնդիրները կամ ազդել դրա վրա,
- սատանայական և լյուցիֆերական - գուշակում են սատանայի արքայությունը, կատարում սրբապղծություններ,
- սինկրետիկ - իրենց գուրուների բաղադրատոմսերով իրար են խառնում ամենատարբեր հոգևոր ավանդույթները, ուսմունքներն ու հավատալիքները,
- ուֆոլոգիական - կապվում են այլմոլորակայինների հետ, նրանց ընդունում են Երկրի վրա կամ նրանց ներկայացուցիչներն են հանդիսանում, կամ պատրաստվում են թռչել այլ մոլորակ, այլ գալակտիկա և այլն:
Մանրամասն նկարագրելով ֆրանսիական փորձը՝ նպատակ ունենք մեր խորհրդարանականներին առաջարկելու ավելի վճռական լինել «Խղճի և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում նոր փոփոխություններ մտցնելու ժամանակ: Դժվար թե Ֆրանսիան, որտեղ աղանդավորների հարյուրավոր աղմկալի դատաքննություններ են անցկացվել, դրանից տուժել է, ավելի ճիշտ հակառակը՝ ավելի ժողովրդավարական է դարձել:
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
Վերջերս իսլամական ֆունդամենտալիստների մոտ այնքան է զարգացել հավատը Ալահին, որ 100 հազարավոր ֆանատիկներ պատրաստ են իրենց զոհաբերելու՝ քրիստոնեական և այլ հավատների ժողովուրդներին ոչնչացնելու համար, համոզված լինելով, որ դրա համար Մուհամեդն այն աշխարհում իրենց համար երջանիկ կյանք է ապահովելու։ Այդ տեռորիստներից անմեղ մարդկանց փրկելու համար քաղաքակիրթ աշխարհը պետք է նրանց գիտականորեն համոզի, որ մյուս աշխարհում ոչ մի ուժ չի կարող երջանիկ կյանք ստեղծել, այդ բոլորը սուտ են և հակագիտական։
Ելնելով գիտահետազոտական աշխատանքներից ստացված արդյունքներից, ուզում եմ ապացուցել, որ Երկրագունդը և մյուս բոլոր մոլորակներն առաջացել են ոչ թե աստծո գործողությունների հետևանքով, այլ միլիոնավոր տարիների էվոլյուցիոն փոփոխությունների հետևանքով։ Էվոլյուցիոն տեսության և գենետիկայի տվյալների հիման վրա ապացուցված է, որ ներկայումս կենդանի օրգանիզմները կարող են ծագել ոչ միայն այլ կենդանի օրգանիզմներից։ Երկրի վրա այժմ գոյություն ունեցող պայմաններում կյանքի ինքնաբերական ծագումը հնարավոր չէ։ Բայց դա չի նշանակում, որ շատ վաղ ժամանակներում երկրի վրա չէին կարող լինել այնպիսի ֆիզիկական և քիմիական պայմաններ, որոնցում անկենդան նյութից առաջանային առաջին պարզագույն կենդանի օրգանիզմները։ Անկենդան մատերիայից նախնական կենդանի օրգանիզմների առաջացման վերաբերյալ վարկածներ են առաջադրել մեծ գիտնականներ Ռ. Բեյտները և ուրիշներ, բայց առավել մանրամասնորեն մշակված ձևով՝ ակադեմիկոս Ա. Օպարինը, 1936 թվականին։ Ըստ այդ վարկածի՝ կյանքը երկրի վրա ծագել է մոտավորապես 2.5 միլիարդ տարի առաջ, երբ երկրի կեղևը սառել է և պայմաններ են ստեղծվել օրգանական միացումների առաջացման համար։
Ներկայումս գիտությանը հայտնի է երկրի վրա ապրող կենդանիների մոտ 1,5 միլիոն տեսակ։ Էվոլյուցիայի ընթացքում կենդանական տեսակների թիվն ավելի ու ավելի է մեծացել, իսկ իրենք՝ կենդանիները, դարձել են ավելի ու ավելի բարդ ու բազմազան։
Մարդն, ինչպես և բոլոր մյուս կաթնասունները, թռչուններն ու սողունները, ծագել է ընդհանուր ձկնանման նախնիներից։ Դրա համոզիչ ապացույցներից մեկն այն է, որ ներարգանդային (էմբրիոնալ, սաղմնային) զարգացման վաղ փուլերում մարդու սաղմն իր կառուցվածքով մեծ չափով նման է ձկան։ Նման են սիրտը, արյունատար անոթները, մարդկային սաղմն ունի նույնիսկ խռիկներ։ Գիտնականներն ապացուցում են, որ մարդը կենդանիների արհեստական ընտրություն (սելեկցիա) կատարելով, փաստորեն փոխում է էվոլյուցիայի բնական ընթացքը և առաջ է բերում արհեստական էվոլյուցիա։ Արհեստական ընտրության ճանապարհով ստացվել են բազմաթիվ ընտանի կենդանիների (ձիերի, կովերի, շների և այլն) զանազան ցեղեր, ընդ որում՝ այդ կենդանիներն արդեն քիչ են նման իրենց վայրի նախնիներին և բնական պայմաններում, առանց մարդու օգնության, գոյատևել չեն կարող։
Էվոլյուցիայի հիմնական մեխանիզմներից մեկը ժառանգվող հատկանիշների հանկարծակի փոփոխությունն է՝ մուտացիան։ Բնական պայմաններում, եթե մուտացիան հանգեցնում է այնպիսի հատկությունների առաջացման, որոնք նպաստում են միջավայրի պայմաններին կենդանու հարմարմանը (ադապտացիային), նրա արդյունքները ամրապնդվում և անցնում են հաջորդ սերունդներին։ Կատարվում է բնական ընտրություն. գոյության պայքարում հաղթում և հարատևում են առավել հարմարվածները։
Գիտական հետազոտություններով ապացուցվել է, որ էվոլյուցիա առաջ բերող հիմնական գործոններն են՝ մուտացիաները, տարբեր պոպուլյացիաների և տեսակների միջև գեների փոխանակումը և գեների տեղաշարժը, այսինքն՝ պոպուլյացիայի գենեֆոնդի փոփոխությունը պատահական գործոնների ազդեցության տակ։
Գիտնականները պնդում են, որ թեև երկրի վրա կյանքը գոյություն ունի արդեն մոտավորապես երկու միլիարդ 700 միլիոն տարի, առաջին մարդիկ հայտնվել են մոտ մեկ միլիոն տարի առաջ, երկրաբանական տարեգրության պլեյստոցեն կոչվող շրջանում։ Մարդկային քաղաքակրթության պատմությունն ավելի կարճ է՝ 9-10 հազար տարի։ Առայժմ գիտնականները վերջնականապես չեն պարզել, թե որ աշխարհամասում են առաջինը երևան եկել մարդիկ։ Առաջին մարդանման կապիկը, հավանորեն, ավստրալոպիտեկն էր, որի ոսկորները հայտնաբերվել են հարավային Ամերիկայում։ Բայց Ասիայում հայտնաբերված մարդանման էակները ավելի մոտ են ժամանակակից մարդուն, քան ավստրալոպիտեկները։ Գիտնականների կողմից ապացուցված է, որ Ճավա կղզում հայտնաբերված պիտեկանտրոպը սրանից մոտ կես միլիոն տարի առաջ արդեն կարողանում էր քայլել ուղիղ կեցվածքով։ Բայց նա ուներ խիստ ցածր ճակատ և հետ ընկած կզակ։ Ժամանակակից Պեկինի և նրա շրջակայքի տարածքում ապրում էր պիտեկանտրոպին շատ նման պեկինյան մարդը, որը կարողանում էր օգտվել կրակից և քարե գործիքներ պատրաստել։ Շատ ավելի ուշ, սրանից 70-30 հազար տարի առաջ, Եվրոպայի և Ասիայի տարածություններում ապրում էր նեանդերթալյան մարդը, որն իր կառուցվածքով ու մտավոր կարողություններով բավական մոտ էր ժամանակակից բանական մարդուն։ Գիտնականներն ապացուցել են, որ նեանդերթալցու ուղեղի չափսերը նույնն էին, ինչ ժամանակակից մարդունը, բայց նա դեռևս ուներ մարդանման կապիկներին հատուկ գծեր. ցածր ճակատ, հետ ընկած կզակ։ Նրա ուղղահայաց քայլվածքը դեռևս անկայուն էր։ Բայց նա կարողանում էր գործիքներ պատրաստել, օգտվում էր կրակից, իսկ ուշ սառցադաշտային ժամանակաշրջանում ապրում էր քարայրներում։ Հնէաբանական որոշ տվյալներ վկայում են նաև, որ նեանդերթալցիներն ունեին պարզագույն կրոնական պատկերացումներ։ Իսկ մոտավորապես 35 հազար տարի առաջ ապրած կրոմանյոնյան մարդն արդեն պատկանում էր բանական մարդ տեսակին։ Կրոմանյոնցիները բազմաթիվ նկարներ են թողել Ֆրանսիայի հարավային շրջանների քարայրներում։ Նրանց երևան գալը համարվում է մարդկային քաղաքակրթության սկիզբը։ Իսկ այն հարցը, թե կապիկների որ տեսակից է երևան եկել մարդը, դեռևս գիտնականների կողմից վերջնականապես լուծված չէ։
Տարածված տեսակետներից մեկն այն է, որ ժամանակակից մարդանման կապիկներն ու մարդը ծագել են պրոկոնսուլ անունը ստացած կապիկից, որն ապրել է մոտ 25 միլիոն տարի առաջ։
Բայց, ինչպես հայտնի է, մարդը նվաճել է երկրագնդի համարյա բոլոր անկյունները և այդ տեսակետից նրա հետ կենդանական ոչ մի այլ տեսակ համեմատվել չի կարող։ Մարդու զարգացման պատմությունը այժմ արդեն նրա մշակութային էվոլյուցիայի պատմությունն է, գաղափարների, լեզվի, վարպետության, օրենքների, արվեստի, գիտության և գրականության զարգացման պատմությունը։
Մշակութային էվոլյուցիան հանգեցրել է արդյունքների հսկայական բազմազանություն։ Դա իր արտահայտությունն է գտնում համարյա ամեն ինչում, լեզուների տարբերություններում, գրականության, գիտության, տեխնիկայի և արվեստի բնագավառներում, բնակավայրերի յուրահատկություններում և այլն։
Ներկայումս մարդկությունն այնքան է հզորացել, որ ինքը կարող է և պետք է որոշի իր հետագա էվոլյուցիայի ընթացքը։ Այս հանգամանքը մարդուն և մարդկային հանրություններին ներկայացնում է սոցիալական ու բարոյական շատ ավելի բարձր պահանջներ, քան երբևիցե։
ՎԱՆՅԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ
տեխնիկական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
Վերջին էջ
ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Այս հուշակոթողը կանգնեցված է Հայոց երբեմնի մշակույթի կենտրոն Շուշի քաղաքում։ Կոթողի շուրջ, բոլորաձև պատի վրա գրված է. «ԵՂԵՌՆԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ» (մեջբերել ենք այնպես, ինչպես գրված է, տես՝ լուսանկարի ներքևից աջ խոշորացված հատվածը)։ Երևի ցանկացել են գրել՝ «Մեծ Եղեռնի զոհերի, Մեծ հայրենական և արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին»։ Ըստ երևույթին, գրելու պահին մոտերքում գրագետ մարդ չի եղել, յոլա են գնացել «ձեռքի տակ» եղած հնարավորություններով։
Իսկ այս կրպակը գտնվում է Մայր Հայաստանի Արմավիր քաղաքի ավտոկայարանում։ Ամենայն հավանականությամբ, ցանկացել են գրել՝ «Սառը ըմպելիք», բայց քանի որ այնտեղ դրությունն ավելի ողբալի էր, մոտերքում ոչ միայն հայերեն իմացող, այլև տառաճանաչ մարդ չի գտնվել, մի կերպ ինչ որ բան են խզմզել, որտեղ «Սառը ըմպելիք» բառերի ռ-ն ավելի շատ ո-ի է նման, ը-երը՝ ռուսերեն ս-ի, պ-ն 180 աստիճանով շրջված է ու վրացական տառի է նման, իսկ մյուսները մի կերպ հեռավոր նմանեցված են Մաշտոցի ստեղծած նույն տառերին (տես՝ երկրորդ լուսանկարի վերևից աջ հատվածը)։
Երևի նորից ժամանակն է մեզանում կրկին լիկկայաններ բացեն՝ տարրական գրագիտություն ուսուցանելու համար...
ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այնտեղ նույնպես ժողովուրդ էր ապրում, և ինչպես բոլոր ժողովուրդները, ուներ թագավոր, որին մերթ արքա էին անվանում, մերթ պրեզիդենտ կամ նախագահ, մերթ տիրակալ կամ գերագույն իշխան: Յուրաքանչյուր տիրակալի թեկնածու ժողովրդին սկզբում մեծամեծ խոստումներ էր տալիս ու, ժողովրդի գլուխն անցած, գրողի ծոցն ուղարկում իր նախորդին: Հետո նա մոռանում էր իր խոստումները և ժողովրդին հիշում էր միայն ընտրությունների ժամանակ և այն պահերին, երբ սկսում էր ճոճվել իր աթոռը:
Երբ ճոճվել սկսեց հերթական թագավորի գահը, նա ծանր գլուխը թափահարեց ու հեռուստաէկրանից գոչեց.
- Ժողովուրդ, մեզ հասած վերջին տեղեկությունների համաձայն, դուք վատ եք ապրում, դեռ ավելին՝ շատ վատ, իսկ մի խումբ արկածախնդիրներ փորձում են խարխլել փառահեղ մեր պետության հիմքերը և ձեզ կրկին տանել հետամնաց անցյալի գիրկը...
Մի օր էլ «արկածախնդիրների խումբն» այդ, ժողովրդի գլուխն անցած, գահընկեց արեց այդ թագավորին, և գահին բազմեց Արքա 5-րդը: Սա ևս ժողովրդին հարստության սարեր խոստացավ ու երջանկության հորիզոններ գծեց վարդագույն երկնակամարում, և երբ մի քանի օր հետո նրան զեկուցեցին, որ ժողովուրդը աղքատության եզրին է ու բողոքում է, զարմացավ. «Ժողովո՞ւրդ, դա ո՞վ է, իմ տիրությունում էդպիսի մարդիկ էլ կա՞ն: Էդ ժողովրդին ո՞վ է իրավունք տվել բողոքելու»։
Հետո դարձյալ քամիներ ու հողմեր անցան այդ երկրի վրայով ու ժողովրդի գլուխներով, և ճոճվել սկսեց նաև Արքա 5-րդի գահաթոռը: Ու նա բարձր ամբիոնից սկսեց մատ թափահարել իր ախոյանների վրա.
- Այդ ի՞նչ եք անում, արկածախնդիրներ ու քաղաքական թափոններ, այդ ո՞ւր եք ուզում տանել ժողովրդին...
...Արտահերթ ընտրություններ եղան և գահին բազմեց հերթական տիրակալը, որ մինչ այդ իր նախորդների պես «արկածախնդիր» էր որակվել կամ «թափթփուկ»:
- Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ,- արքայական ժամանակակից իր ճոճաթոռին նստած, սիրուհուն ծնկներին նստեցրած, հավատարմության երդում տվեց Նախագահ 4-րդը,- վերջապես դուք տերը կդառնաք ձեր իրավունքների ու ձեր օջախների: Այսօրվանից ձեր առջև բաց են գիտության ու լուսավորության տաճարները, լուսավառ ու երջանիկ ներկայի և արևավառ ապագայի դռները...
Իսկ նրանք, այն պալատականները, ովքեր մինչ այդ հավատարմության երդում էին տվել ու ստրկամտորեն ծառայում էին նախորդ արքային, անմիջապես «վերափոխվեցին» և հիմա էլ սկսեցին ծառայել նոր արքային:
Կրկին անցան օրեր, ամիսներ ու տարիներ, իսկ ժողովուրդը դարձյալ վատ էր ապրում, դեռ ավելին՝ բուռն ծաղկում էր մուրացկանությունը, թշվառությունն աներես հյուրի պես մտել էր մարդկանց օջախներն ու այնտեղից դուրս գալու ոչ մի ցանկություն չուներ...
- Տիրակալ, ժողովուրդն էլի բողոքում է,- Նախագահի ականջին փսփսաց շշնջոցների գծով արքայի գլխավոր խորհրդականի երկրորդ տեղակալը:
- Ի՞նչ է ուզում:
- Ինչ-որ հաց է ուզում և վերացական ինչ-որ բաներ:
- Ի՞նչ բաներ:
- Դեմոկրատիա, ժողովրդավարություն և այլն:
- Պահո՜, ի՜նչ աներես մարդիկ են այդ ժողովուրդ կոչվածը: Դրանց համար հզոր ու երջանիկ երկիր եմ կառուցել, իսկ իրենք, խոսքները մեկ արած, անընդհատ դժգոհում են՝ աղքատ ենք, հաց ենք ուզում, դեմոկրատիա-մեմոկրատիա ենք ուզում... Ի՞նչ է, որ մենք հաց չենք ուտում, միայն սև իկրա, լուլաքաբաբ-խորոված, վետչինա ու խաշլամա ենք ուտում, բրազիլական սուրճ ու մանգոյի կամ կոկոսի հյութ ենք խմում, պակա՞ս տղերք ենք...
Նախագահ 4-րդը արտակարգ խորհուրդ գումարեց, ճառեր ասացին, ճառեր լսեցին և վերջում խոսքը տրվեց Նախագահին:
- Գիշերը անկողնում իմ տիկնոջ հետ երկար-բարակ շատ եմ մտածել այդ մասին ու միասին եկել ենք այն եզրակացության, որ ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է,- ասաց նա:- Այդ ժողովուրդը ոչ մի կերպ չի բռնում հզոր ու պայծառ մեր երկրի ֆոնին: Դրանց ներկայությամբ երկրի գիտության կաճառներն ու արվեստի կոթողները այնքան թշվառ ու անհեթեթ են երևում, որ ամաչում ենք ցույց տալ արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին...
Հաջորդ օրը արքայից-արքան հրամանագիր արձակեց. «Մենք՝ Նախագահ 4-րդս, գտնում ենք, որ մեր երկրի բոլոր չարիքների պատճառը ժողովուրդն է: Հաշվի առնելով նաև, որ հզոր ու պայծառ մեր պետությունն այլևս չի կարող պահել դրանց՝ այդ ձրիակերներին, որ ժողովուրդ է կոչվում.
ա) այսօրվանից ժողովուրդը ցրում եմ, բ) սույն հրամանագիրը ստորագրվելու պահից ժողովուրդը լուծարվում է: Ստորագրություն՝ Մենք՝ Նախագահ 4-րդ»:
* * *
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այդ երկրում նույնպես ժողովուրդ կար, բայց արդեն չկար...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ԳՈՀ ԵՆ «ՏԵԼԵԿՈՄԻՑ»
ԼՂՀ կառավարության օրերս կայացած նիստի ժամանակ Տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ չնայած «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանը շարունակում է աջ ու ձախ, այսպես ասած, բարեգործական ծրագրեր իրականացնել Ղարաբաղում, իշխանական շրջանակներում բարեգործի «ծիրանի» է հաջողացրել իր համար, նրա ղեկավարած ընկերության հանդեպ հասարակության դժգոհությունը միանգամայն տեղին է։
Այսպես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշներով Արցախը մի քանի անգամ ետ է մնում Հայաստանից։ Բնակչության համակարգչային հագեցվածությունն Արցախում կազմում է 10 տոկոս, իսկ բնակչության ինտերնետային կապով ապահովվածությունը՝ 8 տոկոս։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի եւ սակագների մասին բազմիցս դժգոհություններ են հնչել ղարաբաղյան մամուլում։ Չնայաց ՂՏ-ն վերջերս իջեցրել է բջջային կապի ծառայության սակագները, սակայն դա բաժանորդներին չի գոհացնում. այն դարձյալ զգալիորեն բարձր է Հայաստանում գործող գներից։
Դժգոհությունը մեծ է նաեւ կապի որակից: Ինտերնետային կապը շատ թույլ է։ Կապի այդ տեսակից օգտվողներն այն կարծիքին են, որ «Ղարաբաղ Տելեկոմը» դիտմամբ է այդպես անում, որ հաճախորդներն ավելի երկար ժամանակ տրամադրեն ինտերնետային ծառայությանը, որպեսզի ավելի շատ գումար մտնի իր գրպանը։
Ասել է թե՝ «բարեգործը», մեղմ ասած, շատ վատ է կատարում իր անմիջական պարտականությունները, սակայն Ղարաբաղի իշխանություններին ոչ այնքան ՂՏ-ի մատուցած ծառայությունների որակն է հետաքրքրում, որքան նրա մուծած գումարները պետբյուջե։ Հիշեցնենք, որ Ղարաբաղում կապի միակ օպերատորը «Ղարաբաղ Տելեկոմն» է, որը նաեւ երկրորդ ամենախոշոր հարկատուն է Արցախում։ Իսկ ինչ մնում է ՂՏ-ի բարեգործական ձեռնարկումներին, ապա ժողովրդն ամենեւին դա բարեգործություն չի համարում, քանզի անորակ ծառայությունների դիմաց ՂՏ-ն ժողովրդից հսկայական գումարներ է կորզում եւ դրա չնչին տոկոսից մատուցած ծառայությունները ներկայացնում որպես բարագործություն։ Շատերի կարծիքով ՂՏ-ի ղեկավարը ոչ այնքան բարեգործի է նման, որքան սովորական հարկահավաքի, որն իր հավաքած հարկերից գրոշներ է նետում նրանց, ումից հարկեր է գանձել...
Բ. Բաբայանը գտնում է, որ կապի որակի անորակության պատճառն այն է, որ կապի ոլորտում կա ընդամենը մեկ օպերատոր։ «Երկրորդ օպերատորի մուտքը Ղարաբաղ մրցակցություն կապահովի, ինչն էլ իր հերթին կբարձրացնի կապի որակը, ինչպես Հայաստանում է»,- գտնում է նախարարը։
Վարչապետի կարծիքով՝ երկրորդ օպերատորի մուտքն ապահովելու համար չկան համապատասխան իրավական հիմքեր, ուստի պետք է առաջին հերթին աշխատել գործող միակ օպերատորի հետ...
Ի տարբերություն շարքային քաղաքացիների, Ղարաբաղի իշխանությունները գոհ են ՂՏ-ի «հարկահավաքի» գործունեությունից։
«Հրապարակ», Երևան
Համարի ասույթը
Բարեգործը նա չէ, ով իր լողավազանի չափ կաթսայից մի աման ապուր է տալիս ուրիշին, այլ նա, ով իր մի աման ապուրից մի գդալ բաժին է հանում անծանոթին:
Ամսվա ասույթը
Որտեղի՞ց է սկսվում հայրենքը... Ոմանց համար՝ սեփական գրպանից: Ավարտվում է նույնպես այնտեղ՝ սեփական գրպանում: