Գլխավոր » 2009 Մայիս N6 /1
2009 Մայիս N6 /1
16:34
 
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՐԺԵԶՐԿՈՒՄ, ՄԱՐԴԿԱՆՑ «ԻՆՖԼՅԱՑԻԱ»

Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա և Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ պետական բարձրագույն պարգևներ շնորհվեցին բազմաթիվ անձանց: Բարձր պարգև՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ շնորհվեց կանադահայ բարեկամիս՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին:

Երկակի զգացումներ են պարուրել ինձ: Մի կողմից՝ ուրախ եմ, անկեղծորեն ուզում եմ շնորհավորել Արցախի մեծ բարեկամին, որ մեր լեռնաշխարհից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար մի երկրում, առողջական պրոբլեմները մի կողմ դրած, հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում է Արցախին օգնելու համար, բարեգործական բազում ծրագրեր է կյանքի կոչել, այժմ էլ նրա նախաձեռնությամբ նոր, հարմարավետ կրթօջախներ են ստեղծվում մեր երկրամասի տարբեր բնակավայրերում:

Մյուս կողմից՝ ինչպե՞ս շնորհավորես, երբ վերջին 15 տարում այդ մեդալից հաջողացրել են ձեռք գցել մարդիկ, ովքեր իրենց գիտակցական ողջ կյանքում ոչ միայն մի լավ բան չեն արել այս երկրի համար, այլև տզրուկի պես միայն ուրիշների վաստակն են սեփականել, իրենց, ընտանիքի ու մերձավորների համար փափուկ աթոռներ ձեռք գցել: Եվ ջանք չեն խնայել՝ քծնել-շողոքորթել են, սողացել ու գլուխկոնծի տվել վերադասի առջև, բամբասել-զրպարտել ուրիշներին, իրենց լողասենյակի կամ խոհանոցի դուռը սարքելու համար այլոց տուն ու օջախը քանդել...

Մի այլ հարց. արդեն քանի՜ տարի արտերկրի մեր հայրենակիցներն իրենց սեփական դրամապանակից միջոցներ են նվիրում Արցախին, բարեգործական զանազան ծրագրեր իրականացնում: Նրանցից ոմանք իրոք մեծ հարստության տեր են, և դրանք ձեռք են բերել օտար երկրներում, ոմանք շատ համեստ կարողություն ունեն, բայց իրենց համեստ «բյուջեից» միջոցներ են գտնում նաև Արցախի համար: Սփյուռքի, արտերկրի մեր հայրենակիցներն օգնում են մեզ, աջակցում՝ վերականգնելու մեր երկիրը: Մենք արդեն սովորել ենք դրան: Դա դարձել է մեր կյանքի բաղկացուցիչ մասը:

Ու ոչ ոք մի անգամ չի հարցնում. իսկ մերոնք, տեղացի մեր մեծահարուստներն ինչո՞վ են զբաղված: Այս մեկևկես տասնամյակում նրանցից շատերն ավելի մեծ կարողության տեր են դարձել, քան օտար ափերից մեր երկրին օգնող շատ-շատերը: Եթե վերջիններս նյութական բարեկեցությունը հյուսել են օտար երկնքի տակ, մերոնք վիթխարի կարողության տեր են դարձել ա՛յս երկրում, մեր աղքա՛տ երկրում, նրանց մի մասը, բառիս բուն իմաստով, կազնոկրատներ են, պետության, ժողովրդի ունեցվածքին զանազան ստոր ճանապարհով տեր դարձած սրիկաներ:
Մեր գործարարներից մի ձեռքի մատների վրա կարելի է թվարկել նրանց, ովքեր ոչ միայն բիզնեսմեն են՝ հայկական ընկալմամբ, այլև Մարդ, և որոնց համար բարեգործությունը կենսակերպ է: Ընդամենը մի անուն նշեմ՝ Էդուարդ Վերդյան: Մյուս մի քանիսի անունները դուք կարող եք հիշել...
Այս ենք մենք: Եվ աշխարհում մեզնից բացի ոչ ոք մեղք չունի, որ մենք այսպիսին ենք:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ ԵՎՍ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱՐ

Վերևի լուսանկարի պատկառելի նորակառույցը կառավարության նոր շենքն է: Ավելի ճիշտ՝ նախկին շենքի շարունակությունը, որ մոտ երկու անգամ ավելի մեծ է նախկինից: Հիշո՞ւմ եք Անուշավան Դանիելյանի թևավոր խոսքը. «Վերաբնակների համար բյուջեում փող չկա»: Այն հրապարակելու համար անգամ քրեական գործ էին հարուցել լրագրողի դեմ:
 
Կառավարության նոր շենքի շինարարությունը մոտավորապես սկսվել է այն տարիներից, երբ «վերաբնակների համար բյուջեում փող չկար», սակայն պարզվել է, որ բյուջեում պատկառելի մեծ գումար է «հայտնաբերվել», և նախկին իշխանությունները որոշել էին դրանցով Ազգային ժողովի և Կառավարության նոր շենքեր կառուցել:

Ի դեպ, ասում են՝ երբ Ա. Դանիելյանին հարցրել են, թե ինչո՞ւ այդ գումարները չեն օգտագործել, ասենք, կենսաթոշակառուների նպաստը ավելացնելու համար, նա հայտարարել էր, որ մի քանի հազար դրամով թոշակ ավելացնելով՝ տեսանելի ոչինչ չի փոխվելու թոշակառուների կյանքում, իսկ ահա, ԱԺ և կառավարության նոր շենքերը տեսանելի, երևացող բաներ են...
 
Իսկ այդ ժամանակներից ցայսօր ազատ ու անկախ մեր հանրապետության հազարավոր ազատ ու անկախ շարքային հիվանդները բուժվում են հակասանիտարական, անմարդկային պայմաններում գտնվող, աֆրիկյան հետամնաց երկրի զինվորական «կազարմա» հիշեցնող մի շենքում (տես՝ ներքևի երկու լուսանկարները), որտեղ միանգամայն առողջ մարդիկ կարող են մի քանի ծանր հիվանդություն ձեռք բերել: Հասկանալի է, որ հանրապետական հիվանդանոցի շենքի համար ևս Դանիելյանի կառավարության բյուջեում փող չկար...

Նոր իշխանությունները, դժբախտաբար, ստիպված են շարունակելու նախկինների «ցրցամ տվածը»: Մյուս կողմից, բարեբախտաբար, հանրապետական հիվանդանոցի տարածքում հիվանդանոցի նոր շենքի կառուցման աշխատանքներ են կատարվում...



ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 15 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՈՄԱՆԴՈՍԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ
«ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ» ԿՈՉՈՒՄ

Պաշտպանության կազմակերպման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար՝ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա և Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) պարգևատրվել է «Ոսկե Արծիվ» շքանշանով, նրան շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը:
Դեռ պատերազմական տարիներից ժողովրդի կողմից «հերոսի» կոչում վաստակած, սիրված և հարգված Կոմանդոսը Արցախյան պատերազմից մեկևկես տասնամյակ հետո ստացավ այն, ինչ վաստակել էր:
«Նոր էջը» իր և իր ընթերցողների անունից շնորհավորում է Զորավարին, Հերոսին:

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

Բեմական արվեստի շնորհաշատ վարպետ Ղարիբ ՍԱՐԳՍՅԱՆԸ Արցախի Մայր թատրոնից հեռանալուց մեկևկես տասնամյակ հետո կրկին վերադարձել է Ստեփանակերտի պետդրամթատրոն: Վերջին տասնամյակում սա թերևս ամենակարևոր իրադարձությունն է գլխովին ճգնաժամի մեջ հայտնված մեր թատրոնում: Հուսանք, որ սիրված դերասանի վերադարձը առիթ կհանդիսանա, որպեսզի տարբեր առիթներով թատրոնից հեռացած արվեստագետները, շնորհալի և կարող ուժերը նույնպես վերադառնան Մայր թատրոն՝ ապացուցելու, որ Արցախում բեմական արվեստը դեռ չի մեռել...
Բոլոր դեպքերում՝ որտեղ իշխում է դիլետանտիզմը, այնտեղ չի կարող լիարժեք կյանք, առավել ևս ԱՐՎԵՍՏ լինել:

* * *
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:
«Տարեգիր», Երևան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: Պարզ է, որ այդպես էլ պիտի անեին: Արցախյան բանակի նախկին հրամանատարներից մեկին՝ լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանին ինչո՞ւ պիտի հայաստանյան քաղաքացիություն կամ, թեկուզ, մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ տան: Իշխանություններին քննադատում ու պահանջում է ազատագրված տարածքները չտալ թշնամուն: Նույնը վերաբերում է նաև ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին, որ հիմա «հանգստանում է» երևանյան բանտերից մեկում: Քանի դեռ պատերազմ չկա, Հայաստանին, մեզ նրանք պետք չեն: Հիմա այլ ժամանակներ են, այլ բարքեր... Ծիծաղելի՞ է: Ոչ, պարոնայք, ցավալի է:



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՋԻՆՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՇՇԻՑ

«Ժամանակն է ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն Հայաստանի Հանրապետությանը, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ՝ առանց ԼՂՀ համաձայնության... Երբևիցէ չի եղել գրավոր համաձայնություն, որ ՀՀ-ն հանդես գա ԼՂՀ-ի փոխարեն: Ընդհակառակը, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին՝ որպես սուբյեկտ»,- օրերս ԱԺ նիստում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Թերևս սա միայն Վ. Բալասանյանի կարծիքը չէ: Արցախում բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել հենց ծագումով ղարաբաղցի ՀՀ ղեկավարների կողմից:

«ժողովրդի առաջ պատասխանատու է ոչ միայն Արցախի Հանրապետության ներկայիս նախագահը, այլև ՀՀ բոլոր նախագահները,- ասում է ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺԿ խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը:- Ժողովուրդն այսօր զգում է, որ վտանգված է այս 20 տարիների մեր ամենագլխավոր ձեռքբերումը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը... Իհարկե, մեզ մտահոգում է Արցախի հարցը, բայց մենք Արցախի հիմնախնդիրը միշտ ընկալել ենք որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս: Եւ այդ մասերից մեկը վտանգելով՝ մենք Հայ դատի գաղափարն ենք վտանգում...»:

Ղարաբաղում վերջապես հասկացել են, որ պետական մեր նավը ողջ թափով ընթանում է «Տիտանիկի» կուրսով... Ստեփանակերտում ևս դժգոհության ալիք է սկսվել ՀՀ իշխանություններից, որի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում գնդակի կարգավիճակում է հայտնվել ոչ միյան Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության ճակատագիրը:
«Առանց մեզ ընդունված ոչ մի փաստաթուղթ, ոչ մի որոշում չենք ընդունելու,- ԱԺ վերջին նիստում հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:- Ունենք պետություն, Սահմանադրություն և սեփական շահեր, որոնք պետք է բոլորս միասին պաշտպանենք և որոնցով պետք է առաջնորդվենք»:
 
Դժգոհությունները ՀՀ իշխանություններից նոր չեն սկսվել:
Ղարաբաղում ժամանակին դեմ են արտահայտվել մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, սակայն Հայաստանի իշխանությունները բանակցություններում առաջնորդվում են հենց դրանցով: Նրանց թողտվությամբ վաճառքի առարկա են դարձրել ազատագրված տարածքները, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ:
Վ. Բալասանյանը գտնում է, որ դրանով ամեն կերպ փորձ է արվում անտեսել և վտանգի տակ դնել ԼՂՀ պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը:

Այնուհետև երկու տասնյակ պատգամավորներ հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ ներկայացնելով քննարկվելիք հայտարարության նախագիծը: Մեր տեղեկություններով՝ այնտեղ նշված է, որ ղարաբաղյան կողմը չի կարող պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ համաձայնագրի համար: Ղարաբաղը ոչ մեկին չի լիազորել ներկայացնելու իր շահերը: Ժամանակն է, որպեսզի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև կնքվի ռազմավարական գործընկերության մասին միջպետական պայմանագիր:

Ըստ երևույթին, մոտալուտ փոթորկի նշանները լրջորեն տագնապ են առաջացրել ամենաբարձր առանձնասենյակներում, որից հետո սկսվել է «պտուտակները ձգելու» գործընթացը: Արդյունքում՝ պատգամավորների առավել իշխանամետ մասը՝ «Հայրենիք» խմբակցության և «Արցախատուն» պատգամավորական խմբի անդամները, որոշել են առայժմ ընթացք չտալ որոշմանը: Պատճառաբանությունները անորոշ են և տարբեր: Սակայն պարզ է, որ նրանք ինքնուրույն չեն կայացրել ժամանակավոր «զինադադարի» որոշումը:

Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից դժգոհություն են հայտնել նաև Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ՝ օրերս հանդես գալով հայտարարությամբ: «Ժխտելով ԼՂՀ և Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ, ՀՀ ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը՝ մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին...»,- ասված է հայտարարության մեջ:

Ստեփանակերտում իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ «մեր իշխանությունները երբեք չեն գնա նրան, որ թուրքերի հետ Ղարաբաղի հարց քննարկեն, բայց մենք մտել ենք մի այնպիսի գործընթացի մեջ, որի վրա ազդեցությունն ու վերահսկողությունն արդեն կորցրել ենք...»:
Ղարաբաղում ջինն արդեն դուրս է եկել շշից, և ՀՀ ղեկավարներին անամպ երկինք չի խոստանում, քանզի ԼՂՀ նախագահը հաճախ է շեշտում, որ «Արցախի դիրքորոշումը ոչ մի կետով չի փոխվել...», այդ թվում՝ ազատագրված տարածքների հարցում:
«Հրապարակ», Երևան


Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ,
ԻՆՉ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉ ՆՐԱ ՀԱՄԱՐ,
ՈՐ ՀԵՏՈ ԹՇՆԱՄՈՒՆ ՏԱՆՔ»

«Չեք գտնի մի զինվորական, որը կողմ լինի Ադրբեջանին հողի մի կտոր անգամ հանձնելուն»,- օրերս հայտարարել Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության համահեղինակ, ԽՍՀՄ Զինված ուժերի գեներալ մայոր, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ պատասխանելով ազատագրված յոթ շրջանների հանձնման վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝ Գ. Դալիբալթայանը, ով ռազմական գործողության ժամանակ զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասաց, որ քաղաքը ազատագրել է հայ ժողովուրդը: Ռազմական գործողությունը մի ամբողջ շտաբ ծրագրել և մշակել է դարձյալ ժողովրդի օգնությամբ, որը, լինելով սոցիալական ծանր կացության մեջ, նյութապես օգնում էր հայկական ուժերին5 «Ես հպարտ և երջանիկ եմ , որ այդ իրադարձությունների մասնակից եմ: Մենք ազատագրում էինք մեր քաղաքը: Իսկ նրանք օկուպանտներ էին: Այնպես որ, այդ մարտերին մեր զինվորներին մասնակցության ագիտացիա անելու հարկ չկար: Յուրաքանչյուր զինվոր, գիտակցաբար իմանալով իր դերը, գնում էր առաջ: Դա է կարևորը»,- նշեց Գ. Դալիբալթայանը:

Գեներալի խոսքերով, Շուշիի ազատագրումից բացի՝ հայկական ուժերը ևս մեկ առաջադրանք պետք է իրականացնեին, որը այդպես էլ չհասցրին. «Այնպես որ, թող ադրբեջանցիները չաղմկեն և մեզ չվախեցնեն: Եթե նրանք հանկարծ որոշեն պատերազմի դիմել, դա առիթ կլինի, որ մենք իրականացնենք մեր այդ վերջին գործողությունը: Այ, այդ ժամանակ մենք երջանիկ կլինենք. ժողովուրդը անվտանգության մեջ կլինի»:

Գեներալի համոզմամբ՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի միայնակ հակահարված տալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ռազմակական գործողություններ սկսելուն, ապա, ըստ գեներալի, Հայաստանը կարող է պաշտպանվել, իսկ ակտիվ ռազմական գործողություններ մղելը կլինի դժվար, քանի որ թշնամին ուժեղ է:
 Hetq-To day Daily


Հայկական մամուլի էջերից

Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանը մայիսի 8-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ ԱՄՆ-ն 2010 թվականին նախատեսում է կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, 48 միլիոն դոլարից այն հասցնելով 30 միլիոն դոլարի: Արփի Վարդանյանը հայտարարել է նաև, թե ԱՄՆ-ն հաջորդ տարի դադարեցնելու է նաև Լեռնային Ղարաբաղին հատկացվող տարեկան ֆինանսական օգնությունը: Բանն այն է, որ ԱՄՆ իշխանությունն ամեն տարի մարդասիրական ֆինանսական օգնություն է հատկացնում Ղարաբաղին: Օրինակ, անցյալ տարի Ղարաբաղին հատկացվել է 8 միլիոն դոլար: Բացի այդ, Արփի Վարդանյանը դժգոհություն է հայտնել, որ 2010 թվականի բյուջեով ԱՄՆ կառավարությունը ռազմական ոլորտում Ադրբեջանին նախատեսում է 5, իսկ Հայաստանին 4 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն:
«Լրագիր», Երևան

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 1-ին կայացած հանրահավաքում հայտարարել է. «Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով ծախեց ցեղասպանությունը» և զգուշացրեց, որ հաջորդը լինելու է Ղարաբաղը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջև նաև մի ավելի նվազագույն և կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը: Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը:- Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի: Կարելի՞ է արդյոք Թուրքիայի և ԱՄՆ նախագահներին մեղադրել երկերեսանիության մեջ: Ամենևին ոչ: Թուրքիան նախանձելի դիվանագիտական հնարամտություն դրսևորելով, այս հանգրվանում փայլուն կերպով լուծեց իր հետապնդած առաջնահերթ խնդիրը: Իսկ ԱՄՆ նախագահը վարվեց այնպես, ինչպես նման իրավիճակում կվարվեր ցանկացած պատասխանատու առաջնորդ: Եթե, այնուամենայնիվ, մեղադրանքի թիրախ փնտրելու անհրաժշտություն կա, ապա այդ թիրախը կարող են լինել միայն Հայաստանի վերջին տասնմեկ տարվա իշխանությունները՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի, որոնք բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը, այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
«Տարեգիր», Երևան


Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունների համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առավելապես ներքին լեգիտիմության դեֆիցիտի լրացման նպատակով է արվում: Սա, թերևս, ընկալում է թուրքական կողմը և, օգտվելով իրավիճակից, մի կողմից բանակցությունները շարունակելու ցանկություն է հայտնում, իսկ մյուս կողմից էլ՝ ոչ մի էական քայլ չանելով սահմանները բացելու ուղղությամբ, կարողանում է Թուրքիայի և Ադրբեջանի համար բազում դիվիդենտներ շահել: Եվ դա հասկանալի է: Եթե հայկական կողմն ինքնամոռաց նետվում է Թուրքիայի գիրկը, անընդհատ քարոզ է տարվում, որ Թուրքիայի սահմանը բացելը մեզ համար գերկենսական նշանակություն ունի, ապա հակառակ կողմը փորձում է առավելագույն թանկ գնով վաճառել իր «ապրանքը», ընդ որում՝ այդպես էլ այն չհանձնելով գնորդին: Ասել է թե՝ Թուրքիայի համար ձեռնտու է Հայաստանի հետ հավերժ բանակցողի կարգավիճակում մնալը և հընթացս սեփական խնդիրները լուծելը.
1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մեծ հաշվով, կանգ է առել,
2. Թուրքիան ակտիվացել է Արցախի հարցում,
3. Թուրքիան, միջազգային հանրության հետ շփվելիս, արդեն, հայկական հարցով պայմանավորված, խոչընդոտների չի հանդիպում և այլն:

Իսկ թե ինչ է շահել հայկական կողմն այս ընթացքում՝ մնում է միայն ենթադրել: Եվ սա երկրորդ «գնդակն» էր, որ «կերավ» հայկական դիվանագիտությունը՝ թուրքական «մեղրամսի» ընթացքում: Այժմ արդեն «խաղը» ավարտված կարելի է համարել... Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բուն խնդիրներին, ապա մենք պետք է գիտակցենք, որ առանց հստակ հայեցակարգի և քայլերի հաջորդականության հաշվարկման՝ չի կարելի մտնել մի խաղի մեջ, որի ելքը հայտնի չէ: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն փաթեթով, որի մեջ մտնում են հետևյալ խումբ հարցերը.
- Հայոց ցեղասպանության ճանաչում
- Դիվանագիտական հարաբերությունների հաստատում
- Կոմունիկացիոն ապաշրջափակում
- Սահմանների փոխադարձ ճանաչման հետ կապված խնդիրներ
- Արցախի հարցում պաշտոնական Անկարայի չեզոքություն:
Սրանք այն հիմնական կետերն են, որոնք փաթեթային լուծում են պահանջում և այս կետերի վերաբերյալ մենք պետք է հստակ բանաձևեր ունենանք: Թե չէ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձևի մեջ է գեղեցիկ, իսկ բովանդակությունը փուչ է, եթե չկան արդյունքներ և պետական շահ:
 
ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆ
«Անալիտիկոն», N 4
*Նյութերը տպագրվում են կրճատումներով:



ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ԸՆԹԵՌՆԵԼԻ

Ինչի՞ ենք հասել և ձեռք բերածն ի՞նչ է հուշում՝ այսպիսին է վիճակագրության դերը ցանկացած երկրի համար: Եթե այն ճշմարիտ է, հիմնված է իրական փաստերի վրա, ապա օգնում է լիարյուն պատկերացում կազմելու երկրի սոցիալ-տնտեսական ողջ համակարգում, նրա առանձին հատվածներում տիրող իրավիճակի մասին, առաջադրելու նոր խնդիրներ:
Որքանո՞վ է ԼՂՀ վիճակագրական ծառայությունը համապատասխանում իր այս կոչմանը: Միանշանակ պատասխան տալ կարելի է միայն ծառայության ողջ գործունեությանը ծանոթանալուց հետո: Բայց որ նրա առանձին հաղորդագրություններ անբավարարվածության տեղիք են տալիս՝ ժխտել չի կարելի:

«ԼՂՀ նյութական արտադրության առանձին ցուցանիշները 2009 թ. հունվար-փետրվարին». այս խորագիրն է կրում ծառայության հաղորդագրությունը (տես՝ «Ազատ Արցախ», 3-ին մարտի), որի մեջ տեղ գտած թերացումները դժվար է անտեսելը: Սովորաբար արդյունաբերական արտադրանքի ծավալը ներկայացվում է նախորդած տարվա համապատասխան շրջանի ծավալի հետ համադրելիությամբ: Չգիտեմ ինչու այս անգամ ցույց է տրվել միայն ծավալային տարեկան աճը: Տարակուսանք է առաջացնում հաղորդագրության հետևյալ տեղեկատվությունը. «Հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքի արտադրողականությունը կազմել է 366,2 հազար դրամ, ըստ որում, պետական հատվածում՝ 496,1 հազար դրամ և ոչ պետական հատվածում՝ 307,2 հազար դրամ: Նախ, կռահել կարելի է, որ խոսքը աշխատանքի արտադրողականության աճի մասին է, և տեքստում պետք է հիշատակվեր «աճ» բառը: Բացի այդ, ինչպե՞ս հասկանալ այն, որ երկու հատվածում թվարկված ցուցանիշների գումարը կազմում է 803,3 հազար, բայց ընդհանուր ծավալը ներկայացվում է 366,2 հազար դրամի չափով:
Զարմանք է հարուցում և այն, որ ի տարբերություն մինչ այսօր մեզ ծանոթ հաղորդագրությունների, ջրի մասին այս անգամ էլ տեղեկություններ են տրվում՝ այն հաշվելով որպես արդյունաբերական արտադրանք:

Հանրահայտ է, որ ցանկացած երկրում բնակչության բարեկեցության կարևոր ցուցանիշներից մեկն աշխատանքով ապահովվածությունն է: Գաղտնիք չէ, որ մենք հետպատերազմյան շրջանում հազիվ կարողացել ենք վերականգնել մեր արդյունաբերական կարողությունների չնչին մասը միայն, որի պատճառով մեզ մոտ գործազրկությունը զանգվածային բնույթ է կրում և զուգակցվում է որակյալ աշխատանքի արտահոսքով:
Ցավալի է, բայց փաստ, մեր վիճակագրությունն ամեն կերպ խուսափում է այս իրողությունը ճշմարտացի ներկայացնելուց:
 
Այսպես, 2008 թ. վերաբերող հաղորդագրության մեջ («Ազատ Արցախ», 26 մարտի) հանրապետությունում գործազրկության վիճակը ներկայացված է այսպիսի մշուշոտ բնութագրությամբ. «Գործազրկության մակարդակը, հաշվարկված որպես զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների և տնտեսապես ակտիվ բնակչության (զբաղվածներ և գործազուրկներ) հարաբերակցություն, կազմել է 5,6 տոկոս: Ստացվում է, որ մենք այս ցուցանիշով նույնիսկ աշխարհը կարող ենք զարմացնել, քանի որ հզոր և քարուքանդ չարված արդյունաբերություն և ծաղկուն գյուղատնտեսություն ունեցող արեւմտաեվրոպական երկրներում անգամ գործազրկության տոկոսը մերից բավական բարձր է և զանգվածային հուզումների տեղիք է տալիս:

Ծառայության վկայությամբ ընթացիկ տարվա սկզբին հանրապետությունում արդյունաբերական-արտադրական անձնակազմի թվաքանակը կազմել է 4998 մարդ: Հիշեցնենք մեր վիճակագիրներին, որ 1987 թ. այդ անձնակազմի թիվը 4,2 անգամ ավելի էր և հասնում էր 21 հազարի: Եվ սա այն դեպքում, երբ Ստեփանակերտի բնակչությունը տասը հազարով պակաս էր ներկայինից: Ահա թե ինչու հանրապետությունում գործազրկության իրական պատկերը ի ցույց դնելու համար մյուս բաղադրիչների հետ պետք է հաշվի առնվի և այս հաշվարկը:
Մի այլ հարց: Մեր վիճակագիրների տվյալներով հանրապետությունում վերջ է տրված արտահոսքին կամ, ավելի ճիշտ, հայրենիք վերադարձողների թիվը, թեկուզ և ոչ մեծ թվաքանակով, գերազանցում է չվողների թվին: Ստացվում է, որ կարելի է չանհանգստանալ այլևս: Բայց չէ՞ որ մենք այնքան ենք կորցրել, որ ոչ միայն պիտի անհանգստանանք, այլև պարտավոր ենք տագնապ բարձրացնել: Մոտեցիր ցանկացածդ բնակելի շենքի և հարցրու, թե ովքեր են այսօր նրա բնակիչները և ամեն ինչ պարզ կդառնա: Անպայման կիսով չափ մեր գյուղերից եկածները, որ գնել են հայրենիքը թողածների բնակարանները: Անձամբ կարող եմ վկայել՝ ակադեմիկոս Իոսիֆյան փողոցում, ուր ես եմ բնակվում, նախկին ընտանիքներից մնացել ենք վեցը, մյուսները նորեկներ են՝ եկած մեր գյուղերից:

Հայաստանում եկողների և չվողների թվաբանությունը հիմնվում է օդանավակայանների տվյալների վրա, չնայած ավտոմեքենաներով գնացող և եկողների թիվն էլ, երևի, քիչ չէ: Հետո էլ, ո՞վ է պարզել, թե ովքեր են ետ եկողները: Հիմնականում նրանք, ովքեր չունենալով բարձր որակավորում, նոր վայրերում չեն կարողացել հիմնավորվել: Բացի այդ, չէ՞ որ եկողներից ոչ քչերը ժամանակավոր տեսության են գալիս իրենց հարազատներին:
Երկու հաղորդագրությունում էլ աչք են ծակում դժվար ընթեռնելի տվյալները: Մեջբերենք միայն մեր կողմից նկատվածներից մի քանիսը. «Միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը սպառողական բյուջեին կազմել է 239,6 տոկոս... Սպառողական շուկան 2008 թ. կազմել է 73720 մլն դրամ... Հաշվետու ժամանակում աշխատանքի արտադրողականությունը կազմել է 7,61,6 հազար դրամ (հասկանալ կարելի է այսպես՝ աշխատանքի արտադրողականության աճի հաշվին թողարկվել է 761,6 հազար դրամի արտադրանք)... Հաշվետու տարում իրացվել է սպանդի համար 4127,0 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (ճիշտ կլիներ գրել՝ բնակչությանը վաճառվել է 4127,0 տոննա անասունի և թռչունի միս՝ կենդանի քաշով...): Բավական հետաքրքիր և բարձր աճ է արձանագրվել ինտերցանցի թվաքանակում. 2007 թ. 1249 բաժանորդի փոխարեն 2008թ.՝ 3551, ինչը ևս մեկ անգամ վկայում է բնակչության զարգացման և տեղեկատվության սպառման մասին... Անմտություն է բաժանորդների աճով բնակչության զարգացումը պայմանավորելը, մանավանդ, երբ խոսքը մեկ տարվա մասին է: Նախադասության վերջը հարմար կլիներ ձևակերպվեր այսպես՝ «որը վկայում է այդ համակարգի ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկի աճի մասին»:

Մյուս կողմից, այդ ի՞նչ «բնակչության զարգացման» մասին է խոսքը, երբ բոլորս էլ գիտենք, որ մեզանում ինտերնետից հիմնականում օգտվում են դեռահասներն ու երիտասարդները՝ առավելապես զվարճանալու և գեղեցիկ աղջիկների նկարներ հայտնաբերելու համար...
Արձանագրենք նաև, որ ծառայության երկրորդ, մեկէջանոց հաղորդագրությունը տպագրվել է հարցազրույցի ձևով: Ավելորդ միջամտություն, որի կարիքը չկար, քանի որ դրանից ոչինչ չի փոխվել: Նյութի շարադրանքը բոլորովին չի տարբերվում սովորականից, մեկնաբանություններ չկան: Այլ հարց է, որ թե՛ «Ազատ Արցախը», թե՛ մեր մյուս լրատվամիջոցները օգտակար գործ կկատարեին, եթե չբավարարվեին սոսկ վիճակագրական հաղորդագրություններ տպագրելով, այլ դրանցում առկա կարևոր տվյալները դարձնեին լայն քննարկման առարկա: Այսպես, ինչպես և տարիներ շարունակ, 2008 թվականին էլ ԼՂՀ ապրանքների ներմուծման համարժեքը չորս և կես անգամ գերազանցում է արտահանմանը: Այսպիսին է հարաբերակցությունը նաև Հայաստանում: Արդյունքում՝ մեր երկու աղքատիկ երկրները, որ ֆինանսական մեծ ներդրումների կարիք ունեն, արտերկրներին պարգևել են մեզ համար չափազանց մեծ գումար՝ ավելի քան երեք միլիարդ դոլար:

Մի կարևոր դիտողություն ևս: Ինչո՞ւ մեր այսօրվա արտադրական և այլ բնույթի ցուցանիշները վիճակագրական ծառայության հաղորդագրություններում համադրելիության մեջ չդնել 1987 թվականի, այսինքն տնտեսական առումով նախապատերազմյան նպաստավոր տարվա ցուցանիշների հետ, մանավանդ, որ ԼՂՀ ղեկավարները մեկ անգամ չէ, որ կարևորել են և հիմա էլ կարևորում են տնտեսության և այլ բնագավառներում մեր երբեմնի նվաճումներին հասնելու, հետագա առաջընթացն ապահովելու անհրաժեշտությունը:
 
 ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ