Գլխավոր » 2009 Մայիս N6 /2
2009 Մայիս N6 /2
16:45
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

1992 թվականի գարնանն արցախյան գոյապայքարը թևակոխել էր նոր փուլ: Ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հացի պակասի կամ բացակայության, Շուշիից պարբերաբար կատարվող հրթիռահրետակոծությունների պատճառով Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում կաթվածահար էին եղել տնտեսությունը, կյանքի բնականոն պայմանները, օր օրի ահագնանում էր հումանիտար աղետը: 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից և Քյոսալարից 11 անգամ Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռահրետակոծությունների: Դրանցից զոհվել են 111, վիրավորվել 268 խաղաղ բնակիչներ, քանդվել կամ վնասվել են հարյուրավոր բնակարաններ, սոցիալ-մշակութային, կենցաղային, վարչական շենքեր: Տագնապահարույց էր նաև այն, որ Շուշիում հակառակորդը կենտրոնացրել և կենտրոնացնում էր մեծաքանակ ծանր տեխնիկա, այդ թվում՝ «Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանքներ, և 2500-ից ավելի զինվորի ու սպայի: Այս իրավիճակում Շուշիի ազատագրումը դարձել էր պարտադրված անհրաժեշտություն:

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, որի մասին տեղյակ էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, մշակվել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքնապաշտպանության կոմիտեի (ԻՊԿ) նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի, Լեոնիդ Մարտիրոսովի), հարձակման ուղղությունների հրամանատարների (Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան), ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ:
 
Ապրիլի վերջին, երբ արդեն վերջնականապես ճշգրտվում էր հարձակման հյուսիսային, Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային), Ջանհասան-Քյոսալարի ուղղությունների խնդիրը, Արկադի Տեր-Թադևոսյանը և Վալերի Բալայանն առարկեցին Լաչինի ուղղությամբ հարձակման գործողությանը՝ պատճառաբանելով. «Չնայած այս ուղղությունը մյուսների համեմատ դյուրին է, բայց այն պահանջում է ավելի տևական մարտեր ու ընդգրկելու է լայն տարածքներ, և հետո՝ քաղաքական ու այլ նկատառումներով պարզապես բացառվում է»: Սամվել Բաբայանը հիմնավորեց, որ ԻՊՈՒ-ի ունեցած մարդկային ուժի և սպառազինության ոչ բավարար քանակի, բարձրադիր տեղանքի, բնական ու պաշտպանական ամրությունների պատճառով, միայն Ստեփանակերտի (հյուսիսային) և Շոշի ուղղություններից բերդաքաղաքի ազատագրումը անհնարին է: Սամվել Բաբայանը համոզված էր, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր է լուծել միայն Լաչինի ուղղությունից:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մի քանի անգամ հետաձգվել է: Իսկ թե ինչու, պարզաբանում է Սամվել Բաբայանը. «Այն նախատեսված էր սկսել դեռ ապրիլի վերջին կամ մայիսի 4-ին, բայց կային մի շարք խնդիրներ, օրինակ՝ մեր ունեցած զենքի և զինամթերքի պակասը: Բացի այդ, միայն Շուշիով հարց չէր լուծվում. պետք էր ամրացնել Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական դիրքերն ու բնագծերը: Այդ իսկ պատճառով որոշեցինք օպերացիան սկսել այն բանից հետո, երբ կապահովվեինք զենքով ու զինամթերքով, և կճշգրտվեին հետախուզության տվյալները»:
1992 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ժամը 23-ին Սամվել Բաբայանը, ըստ օպերատիվ պլանի, հասնելով և ռազմախարսխվելով Լիսագորի տեղորոշչի բարձունքին, զեկուցեց Արկադի Տեր-Թադևոսյանին. «44-ը կապի մեջ է. վերահսկողության տակ ենք առել բարձունքն ու մայրուղին, կարելի է սկսել հարձակումը»:

ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի, հայաստանյան կամավորական ջոկատների ազատամարտիկներից կազմված հարձակողական-գրոհային խմբերը, ռեակտիվ հրետանավորները (ընդհանուր հրամանատար՝ Ռազմիկ Մելքումյան), հրետանավորները (հրամանատար՝ Ժորա Գասպարյան, այժմ՝ գեներալ-մայոր), Դ-30 հաուբիցների ու ականանետների դիվիզիոնը (հրամանատար՝ Ալեքսանդր Դամպեր), կապի (պետ՝ Արթուր Փափազյան), բժշկական (պետ՝ Վալերի Մարության) ու այլ ծառայությունների մասնակցությամբ, հյուսիսային, Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային-գլխավոր), Ջանհասան–Քյոսալարի ուղղություններով ձեռնամուխ եղան՝ մարդկային ուժով և սպառազինության միջոցներով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի անառիկ ամրոցի և շրջակա բնակավայրերի հենակետերում:

Հյուսիսային ուղղություն (ընդհանուր հրամանատար՝ Վալերի Չիթչյան): Ստեփանակերտ–Շուշի մայրուղիով, նրա աջ և ձախ եզրերով գրոհեցին 4-րդ վաշտի (հրամանատար՝ Յուրի Պողոսյան) չորս դասակները (85 հետևակային)՝ մեկ տանկի և հետևակի երկու մարտական մեքենաների աջակցությամբ: Շրջանի արտադրական միավորման տարածքի և երաժշտական գործիքների գործարանի բնագծով ձգվող բարձունքի հատվածներում մարտեր մղեց 6-րդ վաշտի առաջին գրոհային խումբը՝ Սերգեյ Թովմասյանի գլխավորությամբ: Հետախուզական վաշտի գրոհային երկու խմբերը՝ Սեմյոն Աբրահամյանի և Վալերի Հայրիյանի ղեկավարությամբ, գրոհեցին ճանապարհամերձ երկու բարձունքների ուղղությամբ և կրակային միջոցներով աջակցեցին ձախ թևով գրոհող 4-րդ վաշտի դասակներին: Սակայն հակառակորդը լուրջ դիմադրություն ցույց տվեց ռադիոաշտարակների («Երեք աշտարակներ») բարձունքում և բենզալցման կայանի մոտ: Գրոհներից մեկի ժամանակ խփվեց մեր զրահամեքենան, զոհվեցին մեխանիկ-վարորդը և գնդացրորդը:

4-րդ վաշտի առաջխաղացումը կասեցրին հակառակորդի ռազմական ուղղաթիռները և մայրուղու ոլորաններում մանևրող երկու տանկերը: Տանկային մենամարտում խփվեց Գագիկ Ավշարյանի, Աշոտ Ավանեսյանի և Շահեն Սարգսյանի տանկը, որի հետևանքով զոհվեցին վերջին երկուսը: Մարտական տեխնիկայի՝ շարքից դուրս գալը և հակառակորդի հակահարձակումն աստիճանաբար թուլացրին ազատամարտիկների հարձակման թափը, և նրանք, չկարողանալով շարունակել գրոհը, նահանջեցին դեպի ելման դիրքերը:
Ազատամարտիկների բարոյամարտական վիճակը վերականգնելու, խուճապային տրամադրությունները կանխելու նպատակով, Արկադի Տեր-Թադևոսյանի առաջարկով, Բաբայանը Լաչինի ուղղությունից մեկ տանկ և զրահամեքենա տեղափոխեց հյուսիսային ուղղություն: Այսուամենայնիվ, կորուստներից խուսափելու համար հարձակողական գործողությունները դադարեցվեցին, ազատամարտիկներն անցան պաշտպանության: Այդ մասին ահա թե ինչ է ասում Ֆելիքս Գզողյանը. «Զեկուցեցի Արկադի Իվանովիչին, որ անհնար է զարգացնել գրոհը.... Հրամանատարական դիտակետում գտնվող Արկադի Իվանովիչը տվեց գրոհը դադարեցնելու իր համաձայնությունը»:

7-րդ վաշտին (հրամանատար՝ Արկադի Սարգսյան), 8-րդ վաշտին (Մարտիկ Գասպարյան), 9-րդ վաշտին (Յուրի Իշխանյան) և Սպիտակի ու հայաստանյան այլ կամավորական ջոկատների առաջադրանք էր տրված համագործակցելու պահեստազորային ուժերի հետ, որոնք մարտեր էին մղում «26»-ի ամրակետի շրջակայքում: Հրազդանի «Սասուն», Կոռնիձորի, Սևանի, Ստեփանավանի և հայաստանյան այլ ջոկատներից կազմված պահեստազորային գումարտակը՝ Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, «26»-ի ամրակետից շարժվեց Ջանհասանի ուղղությամբ, մայիսի 8-ին փակեց Շուշիի և Ջանհասան–Քյոսալարի հաղորդակցության կապը, օժանդակեց այդ ուղղությունում հակառակորդի ուժերի տարանջատմանն ու ջախջախմանը:

Շոշի (արևելյան) ուղղություն (ընդհանուր հրամանատար՝ Արկադի Կարապետյան): Այս ուղղությունում հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու համար ազատամարտիկներից պահանջվում էր ուժերի գերագույն լարում, քանի որ հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու և անառիկ բնագծերում նրա պաշտպանությունը ճեղքելու խնդիրը դժվար լուծելի էր: Հարվածային զինուժի խմբերը հարձակումը սկսեցին երեք ենթաուղղություններով: Բանտի ուղղությունում գործում էին 1-ին վաշտը (հրամանատար՝ Աշոտ Ղուլյան, նույն ինքը՝ Բեկորը) և ՀՅԴ մի առանձին դասակ (հրամանատար՝ Վարդան Ստեփանյան, նույն ինքը՝ Դուշման Վարդան), աջ թևում՝ հետախուզական խումբը, Քռասնու, Դաշուշենի, Աբովյան, Չարենցավան քաղաքների, Ուջան գյուղի և այլ ինքնապաշտպանական ջոկատներ, ձախ թևում՝ Շոշի ջոկատը (հրամանատար՝ Արգամ Հարությունյան), Արարատի ջոկատները (ընդհանուր հրամանատար՝ Գրիգոր Գրիգորյան):

Հարձակման ժամանակ պարզվեց, որ ազատամարտիկների դիրքերը հիմնականում աննպաստ են: Հակառակորդի դիմադրությունը կատաղի էր հատկապես պարսպապատերի շրջակայքում: Իսկ երբ Ղարաբաղմետաքսկոմբինատի մասնաճյուղի շենքի ուղղությամբ ազատամարտիկներն առաջ շարժվեցին, բախվեցին հակառակորդի պահեստային ուժերի հակահարձակմանը և, չկարողանալով դիմադրել, նահանջեցին նախնական դիրքերը: Աջ թևում գործող ստորաբաժանումները կարողացան հաղթահարել ձորակի բնական արգելքը, մոտենալ ֆիննական տնակներին և սկսեցին շարժվել ավտոբազայի ուղղությամբ:

Ազատամարտիկները լուրջ դիմադրության հանդիպեցին նաև «Երեք աշտարակներ» բարձունքից նահանջած և ֆերմայում դիրքավորված հակառակորդի կողմից: Ազատամարտիկների շարքերում եղան զոհեր և վիրավորներ: Գրոհային խմբերը ստիպված նահանջեցին և դիրքավորվեցին ավտոբազայից վերև: Աշոտ Ղուլյանի ղեկավարած վաշտի ազատամարտիկները բանտի պարիսպների տակ հանդիպեցին հակառակորդի կատաղի դիմակայությանը:
Ծավալվեցին թեժ մարտեր, որոնց ժամանակ ձեռքից վիրավորվեց Աշոտ Ղուլյանը: Հակառակորդը մարտի մեջ նետեց ռազմական 3 ուղղաթիռներ, որոնք չկառավարվող հրթիռներ արձակեցին հայկական ուժերի դիրքերի և ազատամարտիկների կուտակման հատվածներում. ունեցանք զոհեր ու վիրավորներ:
Այնուհետև այդ ուղղությունում տիրեց հարաբերական անդորր, և Արկադի Տեր-Թադևոսյանը որոշեց Շոշից գրոհելը հետաձգել հաջորդ օրվան:

Ջանհասան–Քյոսալար (հյուսիս-արևմտյան) ուղղություն (հրամանատար՝ Սեյրան Օհանյան): Այս ուղղությամբ հայկական ուժերը հետապնդում էին երկու խումբ նպատակներ՝ սրընթաց գործողություններով շեղել հակառակորդի ուշադրությունը հարձակման հիմնական ուղղություններից, զարգացնել դեռևս ապրիլի 26-ին սկսած ապակողմնորոշող մարտական գործողությունները և ապահովել հյուսիսից հարձակվող ԻՊՈՒ-ի ստորաբաժանումների թիկունքը, ճնշել Ջանհասանում, Կարագյավում և Քյոսալարում տեղակայված հակառակորդի կրակակետերը: Այս խնդիրների լուծման մարտակարգն իրագործեցին Մեհտիշենի, Բադարայի, Խանցքի, Բալուջայի, Դաշբուլաղի, Խնածախի, Դահրավի, «Կումայրի», «Արամո» ջոկատները, խափանարար հետախուզական խումբը:

Խափանարար հետախուզական խմբի ազատամարտիկները մարտանցումով մոտեցան «Կումայրի» ջոկատի պաշտպանության գոտուն՝ նպատակ ունենալով օգնելու շրջապատված և անհավասար մարտի մեջ մտած կամավորականներին: Մարտական գործողության ժամանակ ջոկատի կամավորականներից եղան զոհեր և վիրավորներ: Նոր արյունահեղ մարտերից խուսափելու համար ազատամարտիկները որոշեցին նահանջել դեպի նախնական դիրքերը:
Այսպիսով՝ հյուսիսարևմտյան ուղղությունում գործող ստորաբաժանումները շեղեցին հակառակորդի ուշադրությունը հարձակման այդ ուղղությունից և ճնշեցին Ստեփանակերտը հրթիռակոծող հյուսիսային կրակակետերը:

Լաչինի (հարավային) գլխավոր ուղղություն (ընդհանուր հրամանատար՝ Սամվել Բաբայան): Ռազմական գործողության մասնակից ուժերին հրամայված էր առաջանալ Շուշի–Լաչին մայրուղու ուղղությամբ, ապահովել Շուշին գրոհող ստորաբաժանումների թիկունքը, կանխել Կուբաթլուի շրջանից հակառակորդի հնարավոր թափանցումը, փակել Լաչին–Շուշի ճանապարհը, ինչը Շուշիում տեղակայված հակառակորդի զինուժին կզրկեր Զառըսլուից սպասվող օգնությունից: Հայտնի էր, որ Զառըսլու գյուղի հենակետում տեղակայված էր հակառակորդի ուժեղ խմբավորում, որը կարող էր օգնության հասնել Շուշիում տեղակայված ուժերին: Միևնույն ժամանակ ուղղության ուժերը պետք է դիմագրավեին հակառակորդի առաջխաղացումը ձախ թևից՝ Մեծ և Փոքր Քիրսերի բարձունքների հենակետերից:

Ունենալով նման խնդիր՝ հարվածային խմբերը հարձակման անցան Քիրս լեռան, Զառըսլուի և Լիսագորի ենթաուղղություններով: Փոքր Քիրսի ենթաուղղությամբ հարձակում ձեռնարկած Հրանտ Ծատրյանի ղեկավարած 2-րդ վաշտի ազատամարտիկները, մարտանցելով 1902 և 1803 բնագծերը, աջ թևով շրջանցեցին Փոքր Քիրսը, ճնշեցին ստորոտում տեղակայված հակառակորդի ռազմական հենակետը, այնուհետև մոտեցան 2214.8 բարձունքին, ուղղություն վերցրին դեպի Լիսագորի ճանապարհահատվածը և հսկողության տակ առան Լաչին–Շուշի ճանապարհի Լիսագոր–Զառըսլու հատվածը: Աշոտ Խաչատրյանի ղեկավարած 3-րդ, Ավետարանոցի վաշտերը (հրամանատար՝ Համլետ Ստեփանյան) և ջավախահայերի կամավորական ջոկատը Մեծ Քիրս լեռան հատվածում ճնշեցին հակառակորդի հենակետը: Հակառակորդն ունեցավ զոհեր և փախուստի դիմեց դեպի Մուսուլմանլարի ձորակի գյուղերը: Դրանով իսկ 2346 և 2571 բարձունքների դիրքերում չեզոքացվեց հակառակորդի ուժերի հնարավոր հարվածը հայկական զինուժի թիկունքին:

Տումի գյուղի ջոկատը և «Քիրս» խումբը հարձակման անցան 2292 բարձունքի ուղղությամբ՝ խնդիր ունենալով կանխելու հակառակորդի հարձակումները Քիրսի ուղղությամբ: Սակայն ազատամարտիկները կարողացան ընդամենը մոտենալ Մուսուլմանլարի ձորակի գյուղերի մատույցներին և միայն մասնակիորեն կատարեցին իրենց առաջադրանքը:
Զառըսլուի ենթաուղղությունում գործում էին Ակնաղբյուրի և Սարուշենի միացյալ վաշտերը (հրամանատար՝ Արշավիր Ղարամյան, այժմ՝ գեներալ-մայոր), «աֆղանցիների» (հրամանատար՝ Նվեր Չախոյան), «Մերգելյան» (հրամանատար՝ Արմեն Բաղդասարյան), «Բյուրեղավան» (հրամանատար՝ Վրեժ Ղարսոյան) կամավորական ջոկատները, որոնց խնդիրն էր լայն շրջանցումով, Զառըսլու գյուղի ուղղությամբ շարժվել և վերահսկողության տակ առնել Շուշի–Լաչին ճանապարհահատվածը: Եվ երբ 2-րդ վաշտի ստորաբաժանումները դուրս եկան 2214.8 բնագծով Շուշի–Լաչին մայրուղի, Սամվել Բաբայանի հրամանով բացվեց Զառըսլուի ուղեհատվածը՝ նպատակ ունենալով արագացնելու հակառակորդի փախուստը Շուշիից: Հակառակորդը, զգալով դիմադրության անհուսալիությունը, կածաններով, միջգյուղային ճանապարհներով խուճապահար փախուստի դիմեց:

ՀՅԴ 1-ին վաշտի չորս դասակները (ընդհանուր հրամանատար՝ Ժիրայր Սեֆիլյան), Վալերի Բալայանի խումբը, Բերդաձորի ջոկատն առաջադրանք էին ստացել շրջանցելու Զառըսլուն, գրավելու Լիսագորը և փակելու Լաչին–Շուշի ճանապարհը՝ կանխելով այդ ուղղությունից հակառակորդի օգնությունը: Սակայն շրջանցող խմբերը կարողացան մոտենալ միայն Զառըսլուի դիմացի բարձունքներին: Մարտական գործողության զարգացումն ապահովելու, հակառակորդի խուճապը բազմապատկելու համար Բաբայանը հրամայեց 2-րդ վաշտի զինտեխնիկան (մեկ տանկ, երկու ՀՄՄ և մեկ զրահափոխադրիչ) դուրս բերել Շուշի–Լաչին ավտոճանապարհի ուղղությամբ:

Զինտեխնիկայի անձնակազմը (հրամանատար՝ Սասուն Աղաջանյան) մարտանցումով դուրս եկավ Շուշի–Լաչին մայրուղի, վերահսկողության տակ պահեց այն, հարվածեց ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության բեռներ փոխադրող մեքենաներին և իրադարձությունների նպաստավոր զարգացումից հետո վերադարձավ ելման դիրքեր՝ շարունակելով կրակի տակ պահել մայրուղին: 2-րդ վաշտի զրահաջոկատի (կրակային աջակցությամբ) գրոհող խմբերը, Քարին տակի, Սզնեքի, Արտաշատի և այլ ջոկատներ, միավորվելով Կարմիր քարի հատվածում, դուրս եկան Շուշի–Լաչին ճանապարհի մատույցները և մասամբ կատարեցին իրենց առաջադրանքը: Այսպիսով՝ հարավային (Լաչինի) գլխավոր ուղղությամբ ծավալված մարտերի արդյունքում ճնշվեցին Մեծ և Փոքր Քիրսերի հատվածում գտնվող հակառակորդի կրակակետերը, մարտանցելով Քիրսերի դիրքերը՝ ուղղության հիմնական ուժերը դուրս եկան և ամբողջովին փակեցին Շուշի–Լաչին մայրուղին:
Լաչինի ուղղությունում ծավալված մարտական գործողությունների շնորհիվ հաջողվեց նաև Զառըսլուում կանխարգելել հակառակորդի ուժերի վերախմբավորումը, բացառել Շուշիում տեղակայված նրա ստորաբաժանումներին օգնելու հնարավորությունը և հակահարձակման գործողությունները: Ավելին. երբ ահագնացավ և ամբողջացավ շրջապատման վտանգը, ադրբեջանական զորախմբերի ու խաղաղ բնակչության մեջ սկսվեց խուճապ, և հակառակորդն անկազմակերպ լքեց Շուշին:

Այս մարտավարության մասին Սամվել Բաբայանն ասում է. «Նույն տակտիկան կիրառել ենք նաև մեր մյուս բոլոր օպերացիաների ժամանակ: Մենք հնարավորինս խուսափել ենք դեմ հանդիման մարտեր մղելուց և դիմել ենք մեր տակտիկային. հարվածել այն ուղղություններով, որտեղ հակառակորդը մեզ չէր սպասում, մշտապես փորձել ենք զգացնել, որ եթե հակառակորդը ժամ առաջ չհեռանա իր դիրքերից, ընկնելու է շրջապատման մեջ: Դա է եղել իմ մարտավարությունը Շուշիի և մնացած ազատագրական մարտերի ժամանակ: Արդյունքում մենք ունեցել ենք անհամեմատ նվազ կորուստներ, թեև սովորաբար հարձակվող կողմի կորուստները շատ են լինում»:

1992 թվականի մայիսի 9-ին, առավոտյան ժամը 6-ին հայկական ստորաբաժանումները մտան ադրբեջանական զորախմբերից մաքրված քաղաքը: Լաչինի ուղղությունում ձեռնարկված գործողությունների փայլուն արդյունքներով ապացուցվեց Սամվել Բաբայանի հիմնավորված մտահղացման իրատեսականությունը՝ Շուշին հնարավոր է ազատագրել Լաչինի ուղղությունից:
Շուշիի ազատագրումից հետո շատերն էին զարմացել. «Շուշիում եղած նման զենքի պաշարով, աշխարհագրական բնական նման դիրքով այն կարելի էր ամիսներով պահել ու չհանձնել...»: Ի պատասխան այս մտքի՝ Սամվել Բաբայանն ընդգծել է. «Ամիսներ շարունակ կարո՞ղ էին պահել, թե՞ ոչ, կասեմ մեկ բան. Շուշին գրավեցինք ճիշտ ընտրված մարտավարությամբ, այլ ոչ միայն ուժային մեթոդով: Ավելացնեմ նաև, որ մեր որևէ ստորաբաժանում Շուշի չի մտել դիմացից կամ թևերից: Այդ ուղղություններում մարտընչող ստորաբաժանումներն իրենց վրա վերցրել են միայն կրակը և կազմակերպել ընթացիկ դիմադրություն: Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիները սկսեցին լքել քաղաքը, իսկ մայիսի 9-ի առավոտյան քաղաքում որևէ ադրբեջանցի չկար: Քաղաքում չեն եղել մարտեր: Մեր ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվորների չեն տեսել: Գերի են ընկել միայն այն ադրբեջանցիները, ովքեր թաքնվել էին նկուղներում և տեղյակ չէին, թե իրենց շուրջն ինչ է կատարվում: Ազատամարտիկը մայիսի 8-ի մարտական գործողությունների ողջ ընթացքում մեկ մետր առաջ չի գնացել մեր խփված տանկից: Միայն մայիսի 9-ի առավոտյան, առանց դիմադրության հանդիպելու, ազատամարտիկները մտել են քաղաք...»:

Շուշիի ազատագրումն առաջին հերթին ազատամարտիկների անձնազոհության, սխրանքի, ազգային միասնության և անհատի խելամտության արգասիքն էր: Այս ռազմական գործողությամբ ապացուցվեց հայ ժողովրդի ռազմական մտքի կենսունակությունը: Ավելորդ չհամարելով՝ նշենք, որ այս ճակատամարտում Սամվել Բաբայանը գործադրեց այնպիսի ռազմարվեստ, ինչը պատիվ կբերեր շատ զորահրամանատարների:
Շուշիի ազատագրումով վնասազերծվեցին Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը՝ 250–300 զոհ, 600–700 վիրավոր և 13 գերի:
 
«Հաղթանակներն՝ ինչպես եղել են. Ազդականչ 44» գրքից



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՎԱԳԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՍՔԸ

Լինում է, չէ՞, որևէ մեկի մասին իմանալով, նրա մարդկային մասնագիտական որակներին քաջատեղյակ լինելով՝ նրան պատահական կերպով կամ հանդիպում ես տասնամյակներ անց... կամ, լինում է, չէ՞, անպայման ուզում ես ինչ-որ մեկին անպայման տեսնել մոտիկից, շոշափել, նրա իրական լինելու մեջ սեփական աչքերով համոզվել:

Ինձ համար նման անհատականություն էր Լևոն Հովսեփյանը:
Նա իմ մեջ տպավորվել էր որպես բազմահմուտ բուսաբան-բժիշկ: Ավելի քան մեկուկես տասնամյակ իմ հարազատներից մեկը տառապում էր ոտքերի մկանա-նյարդային ինչ-որ հիվանդությամբ և Սովետի երկրում տեղ-հիվանդանոց չէր մնացել, որ նրան տարած չլինեինք՝ Մարտունի, Ստեփանակերտ, Սումգայիթ, Բաքու, Երևան, Մոսկվա, Լենինգրադ:
Սակայն պարզվեց, որ իզուր էր տարիների այդ ողջ չարչարանքը, հոգե-ֆիզա-ֆինանսական այդ ողջ ոգորումները: Պետք էր ընդամենը գնալ Ասկերան:

Սա՝ մի կողմ: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ դամոկլյան սրի ներքո էր հայտնվել մեր հող-հայրենին, ես՝ այն ժամանակվա մտավորական-հայրենապաշտս, մտածում էի իսկական հայրենասիրության կրողների մասին և այդպիսին համարում էի նրանց, ովքեր ճակատագրական պահերին ոչ թե թողնում, խաղաղ կողմեր էին ճողոպրում, այլ վազում էին դեպի զենքը՝ գոտեմարտելու թշնամու դեմ:
Խոսքն առաջին հերթին գրողներիս է վերաբերվում, և քանի որ Լևոն Հովսեփյանը երեք գրքերի հեղինակ է, ես իսկական գրողը հենց նրան եմ համարում: Ոչ թե նրանց, ովքեր պատերազմական գործողությունների ժամանակ տաքուկ անկյուններում գլուխ ու տոհմ էին պահում, իսկ հիմա առյուծ են կտրել ու արժանավորների վրա մատ, ներողություն, թաթ են ճոճում...
Լավ, սա էլ թողնենք մի կողմ:

Մի անգամ զինվորական լուսանկարիչ Յուրի Ավանեսյանը հպարտորեն ընդգծեց, թե Արցախյան բանակի ամենատարեց կամավորական-զինվորն է: Ներկայիս պաշտպանության նախարարը, որ այն ժամանակ գնդի հրամատար էր, լուրջ թե կատակով ասաց. «Իմ հայրը քեզանից յոթ տարով մեծ է»...
Միայն հետագայում պարզեցի, որ ամենատարեց կամավորական զինվորը եղել է Լևոն Հովսեփյանը:

Սկսած 1988-91-ից, երբ ազերիները ավարառում էին Ղարաբաղի եզերանիստ գյուղերի ունեցվածքը, ստեղծվեցին երկրապահ կամավորականների առաջին խմբերը: Այդ ջոկատներից մեկին անդամագրվեց նաև Լևոնի կրտսեր տղան՝ Վրեժը: Խումբը գործում էր Մյուրիշեն-Բերդաշեն տեղակայքում:
Երբ սկսվեցին շարժման ակտիվիստների ձերբակալությունները, ազերիների ցանցի մեջ հայտնվեց նաև Վրեժ Հովսեփյանը: Վեց ամիս շարունակ նա հածում էր Ադրբեջանի խորքային բանտերում:
Հայրն ամեն ինչ արեց պահանջվող փրկագինը հայթայթելու և որդուն ազատելու համար: Եվ ազատեց:
Վրեժն ասես վեց ամիս հենց դրան էր սպասում, որ դարձյալ գնա իր վրեժը հանելու: Եվ հանեց: Հետախուզական վաշտում էր: Լեգենդներ էին պատմում Վրեժի, Արարատի և մյուսների մասին: Կենտրոնական պաշտպանական շրջանի լավագույն կռվողներից էր: Եվ նրա կանխազգացողությունը մի օր մարմին առավ. մարտական ընկերներից մեկի թաղմանը իր հրամանատար Արարատ Ղազարյանի հետ մայրաքաղաք շտապող Վրեժը ավտոմեքենայով հայտնվեց ականի վրա...

Որդի կորցրած հայրերը միայն կարող են զգալ, թե ինչ վիճակում էր Վրեժի հայր Լևոնը, Արարատի հայր Յաշա Ղազարյանը: Բայց բերդաշենցուն յուրահատուկ ծռությամբ, քառասուն օր անց, սուգ ու ցավ մի կողմ թողած, Լևոնը գնաց Կոմանդոսի մոտ. «Ես Վրեժի հայրն եմ: Խնդրում եմ ինձ զինվորագրել: Ուզում եմ անձամբ հանել որդուս և բոլոր զոհվածների վրեժը»:
Չվերցրին: Ասացին՝ մյուս որդիդ կռվում է, նա՛ հանում է զոհվածների վրեժը: Հետո դիմեց Սերժ Սարգսյանին, ապա՝ մյուսներին: Սակայն բոլորն էլ քաղաքավարի ձևով մերժեցին նրան: Սակայն, այնուամենայնիվ, նա զինվորագրվեց Արցախյան բանակին:

Պատերազմը ոչ միայն դաժանությամբ զմռսեց մտավորական-բժշկին, այլև ապոլոնյան քնարի նրբահյուս լարեր պարգևեց: Գլխավորը՝ նա իր և բոլոր ծնողների վրեժն առավ թշնամուց: Բայց քանի որ պատերազմը միայն պատերազմով չի վերջանում, վեց տարի ևս մնաց բանակաշինական ծառայության մեջ և 2000 թ. զորացրվեց որպես պահեստի սպա:
Սա էլ մի կողմ: Բայց ինչո՞ւ մի կողմ: Վերջապես քանի՞ կյանք կարող է ունենալ մարդը: Նայած՝ ով: Օրինակ, կան տասնյակ մարդիկ, որոնք չնայած այս աշխարհից կորզում են անգամ ուրիշների բաժինը, սակայն մեռած են, հասարակության համար բարոյապես չկան: Կարևոր չէ՝ դու գրող ես, բժիշկ ես, դոկտոր-պրոֆեսոր, շարքային դասախոս թե ռեկտոր... Եթե դու ապրում ես միայնումիայն քեզ համար, նշանակում է դու մեռած ես հասարակության և կյանքի առաջընթացի համար:

Իսկ այդ առաջընթացի համար Լևոն Հովսեփյանը ոչ միայն գեղարվեստա-դաստիարակչական հակումներ է դրսևորում, այլև հասարակաշահ-ազգապահ գործունեություն: Նա այս կողմանքում ամենահայտնի մաշկաբան-մաշկաբույժն է, որը վաղուց պատռել է հիվանդություններից մեկի՝ անբուժելիության ժամկետը: Չնայած գտնվում են որոշ վայ-ղեկավարներ, ովքեր արգելափակոցների են մղվում (ողբամ զձեզ, ընչաքաղցության վերջին մոհիկաններ Արցախ աշխարհի), սակայն Լևոն Հովսեփյանն այդ ամենն ու ամենքին չանսալով, կատարում է իր մարդագո առաքելությունը: Ե՛վ մարմին է բուժում, և՛ հոգի, և ամենագլխավորը՝ մնում է մա՛րդ:
 
 ԷՌՆԵՍՏ ԵՍԱՅԱՆ

 

ԱՆՄԵՂ ԶՈՀ

Դժվար էր Ղարաբաղում, մանավանդ՝ Ստեփանակերտում, 90-ական թվականներին երեխա պահել ու մեծացնել: Քանի՜-քանի անգամ ենք մահից փրկվել, նկուղներում պատսպարվել, օրերով հերթ կանգնել հաց ու ջրի համար, ապրելու համար:
Մանկությունը նկուղում անցկացրած որդիս 2007 թվականի դեկտեմբերին զորակոչվեց բանակ՝ կիսատ թողնելով ուսումը:
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսից միայն նա պետք է ծառայեր ԼՂՀ պաշտպանության բանակում, որովհետև գրանցված էր Ղարաբաղում:
Երբեք մտքներովս չէր անցել բանակից ազատել (հիվանդության կամ այլ պատճառաբանություններ հիմնավորելով), ինչպես դա կատարում են շատ ծնողներ: Գտնում էինք, որ արու զավակը պարտադիր կերպով հայրենիքի պաշտպան պիտի լինի:

Ազնվություն և կարգապահություն սերմանելով նրա մեջ՝ ուղարկեցինք բանակ: Ծառայության չորրորդ ամսում, 2008 թ. ուսումնական տարվա ձմեռային փուլում մարտական պատրաստության բարձր արդյունքների ու ծառայության հանդեպ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու համար որդիս՝ Դավիթ Դոլուխանյանը, արժանացավ պատվոգրի:

Չէինք կասկածում նրա հաջողություններին, որովհետև և՛ դպրոցում, և՛ համալսարանում գերազանց գնահատականներով էր սովորում: Նրան փայլուն ապագա էր սպասվում: Ավա՜ղ...
2008 թ. հուլիսի 27-ի երեկոյան մեզ տեղեկացրին, որ իբր Դավիթը զենքի հետ անզգույշ վարվելիս ինքնասպան է եղել...
Հրամկազմը այդ պահը ներկայացնում է հետևյալ կերպ. հուլիսի 27-ի երեկոյան ժամը 20-ի մոտերքին, երբ Դավիթը հերթապահում էր, զրուցելու նպատակով երեք զինվոր գնացին նրա մոտ, հետո ընդամենը 15 րոպեի ընթացքում տեղի ունեցավ սարսափելի դեպքը…

Հետաքրքիր է, երբ նման հանելուկային իրավիճակ որդեկորույս ծնողներին պատմում են պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաները, արդյո՞ք նրանք պատկերացնում են իրենց ասածի ճշմարտացիությունը…
Ինչո՞ւ է զինված հերթապահություն սահմանվում, եթե զինվորները զրույցի համար կարող են գնալ հերթապահության կետ, և ի՞նչ թեմա պետք է շոշափվի, որ հերթապահը «ինքնասպան» լինի: «Ինչու»-ների շարան, որ մինչ այսօր պատասխան չունի: Կամ էլ, ո՞ր մարդասպանը կարող է իր վրա վերցնել սպանությունը: Իհարկե՝ ոչ ոք: Ո՞վ պետք է պատասխան տա օրենքի առաջ.
- զրուցասեր զինվորնե՞րը,
- պատասխանատու սպանե՞րը,
- թե՞…

Միայն մի բան հաստատ գիտեմ, որ որդիս պաշտպանության բանակի հերթական զոհն է, ու եթե օրենքը անզոր է պատժելու հանցագործին, համոզված եմ, որ վաղ թե ուշ, աստծո առջև պատասխան կտան յուրովի:
Չեմ էլ կասկածում, որ այդ անպատասխանատու սպաներն ու զինվորները հանգիստ խղճով շարունակում են «ծառայել» բանակում:
Եվ մինչև ե՞րբ պետք է լռենք այսպիսի անարդարությունների համար:
 
 Ծնող՝ Լ. ԲԱՐՍԵՂՅԱՆ


ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՂԱՆԴՆԵՐԻՑ

Ցավալիորեն մենք ամեն օր ակնբախորեն հանդիպում ենք օրեցօր ավելացող աղանդների: Մեր հաղթանակից հետո, չգիտես որտեղից, երևան եկան սուպեր հավատացյալներ՝ Եհովայի վկաները: Եվ նրանք այնքան են շատացել, որ օրը ցերեկով, նույնիսկ գիշերվա ժամերին ներխուժում են մարդկանց բնակարանները՝ խոսում աշխարհի կործանման մասին, մարդկությանը մեղքերից փրկելու, այլազան բարքերի մասին: Հասարակության համար դրանք շատ վտանգավոր են: Օրինակ, ինչպե՞ս կարելի է համակերպվել այն մտքին, որ նրանք իրենց առողջ չափահաս տղային թույլ չեն տալիս ծառայելու արցախյան բանակում: Հենց առաջին հերթին այդ քայլը դավաճանություն է:

Ճանաչում եմ մեկին, որն օրերով պայուսակը թևը գցած, անցնում է փողոցից-փողոց, կանգնեցնում միամիտ մարդկանց, գրքույկներ, բրոշյուրներ նվիրում նրանց, իսկ նրա ամուսինը բոմժ է դառել, աղբարկղներում ուտելիք է որոնում ու գոյությունը պահպանում: Եհովական շատ ընտանիքներ են կազմացրվել, քայքայվել. հենց սա է նրանց բարոյական հիմքը:

Ես, որպես մի արցախցի, շատ եմ անհանգստանում աղանդների, նրանց անդամների ավելացմամբ, որոնք խարխլում են քրիստոնեության հիմքերը: Բոլոր աղանդները դատապարտելի են, մեկը մյուսից կործանարար:
Ցավալի է, որ այսօր Արցախում գործում են տարաբնույթ աղանդական կազմավորումներ: Դրանցից են՝ Արթնության կրակ (ունի 400-500 անդամ), Ավետարանական քրիստոնյա բապտիստներ (200 անդամ), Եհովայի վկաներ (240-280 անդամ, իրենց ասելով՝ 1500-2000 անդամ), 7-րդ օրվա ադվենտիստներ, Ռեմա (Բարի սամարացի), Ագապե, Մորմաններ (վերջիններս ունեն 50-ից պակաս անդամներ): Այս բոլոր աղանդները դեմ են Քրիստոնեությանը և չարիք են ազգի համար:

Այլևս անհնար է հանդուրժել շարունակվող սպիտակ եղեռնի ընթացքը, ժամն է լուրջ մտածելու: Մինչև ե՞րբ լռել, հայրենակիցներ: Մենք մեծ արագությամբ կորցնում ենք մեր ազգային և բարոյական նկարագիրը թե՛ հայրենիքում և թե՛ Սփյուռքում:
Այսօր հսկայական մի գորդյան հանգույց է հյուսվել աշխարհի բոլոր անկյուններում: Այսօր հայ ազգի դեմ նորից փորձում են եղեռն իրականացնել: Միայն հայրենասիրական ուժերի համախմբմամբ կարելի է հասնել Հայոց պետության հզորացմանն ու բարգավաճմանը:
 
ՆԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


ՎԵՐՋԻՆ ԷՋ

ՇԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դրսում մի շուն էր հաչում: Սկզբում ուշադրություն չէի դարձնում, բայց նա ոչ մի կերպ ձայնը չէր կտրում, ու նրա հաչոցները սկսեցին կամաց-կամաց ազդել նյարդերիս վրա:
Նա հաչում էր շատ անճաշակ ու ապաշնորհ ձևով: Այդ հաչոցում ոչ մի զգացմունք ու վերաբերմունք չկար: Պարզապես հաչում էր այդ շունը, ու ձայնը կտրելու մտադրություն չուներ:

Մի ժամ անցավ, իսկ նա դեռ հաչում էր: Անցավ երկու ժամ, բայց այդ հիմարը ձայնը չէր կտրում: Գրողը տանի, գոնե մարդավարի հաչի, գոնե գնա ամայի մի ջահանդամում կոկորդ պատռի: Թե չէ՝ ցցվել է մեր քաղաքի մարդաշատ այս թաղամասում և անտանելի իր հաչոցներով զահլա է տանում: Այդ ցնդածը չի՞ հասկանում, որ սա հասարակական վայր է, այլ ոչ թե ինչ-որ ջունգլիներ կամ նիստերի դահլիճ, որ ով ինչ ուզենա՝ անի... Գոնե ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա հաչի, գոնե լուսնի կամ, ասենք, աստղերի վրա կաղկանձի, այլ ոչ թե հենց այնպես՝ աննպատակ, անիմաստ ու անսկզբունք: Գրողը տանի, սա շո՞ւն է, թե՞ խոզի պես հարբած անցորդի մեկը:

Այլևս չկարողացա ինձ զսպել և, դուրս գալով պատշգամբ, գոռացի նրա վրա. - Վերջապես ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ ոչ, ապուշի մեկը...
Նա նույնիսկ չնայեց իմ կողմը: Պոչով արհամարհանքի մի օղակ գծեց օդում ու շարունակեց հաչել:

- Էհե՜յ, ավանա՛կ, ձայնդ կտրի՛ր,- գոչեցի ես:
Նա դարձյալ ուշադրության չարժանացրեց ինձ:
- Թո՛ւրք,- համբերությունս կորցրած, բղավեցի ես:
- Ինչո՞ւ եք ինձ վիրավորում,- վերջապես արձագանքեց նա:
- Կորի՛ր այստեղից, ապաշնորհ շան որդի,- ավելի բորբոքվեցի ես,- գոնե մարդավարի հաչել իմանայիր...
- Իսկ ես չեմ հաչում,- հանգիստ ասաց նա,- ես արտասանում եմ...
- Գրողի ծոցը չքվիր քո այդ արտասանությամբ, տխմար անասո՛ւն,- համբերությունս կորցրած, գոչեցի ես:
- Մենք դեռ կհանդիպենք,- արհամարհանքով ասաց շունն ու, գռմռալով, հեռացավ:

Հաջորդ օրը նա այլևս չերևաց մեր կողմերում: Անցավ մի օր, երկու օր, և նա դարձյալ չերևաց իր ապուշ հաչոցներով:
Արդեն ես մոռացել էի անիծյալ այդ չորքոտանուն, բայց մի օր, երբ միացրի հեռուստացույցը, զարմանքից քար կտրեցի. էկրանին ինձ ծանոթ շունն էր: Այս անգամ նրա վզին գեղեցիկ մի «թիթեռնիկ» կար: Նա դարձյալ հաչում էր: Իսկ դահլիճում նստածները ծափահարում էին:
 
* * *
Այս պատմությունը պատմեցի մի քանի ծանոթ-բարեկամների, հետո տպագրեցի դրանք:
Հաջորդ օրը, գիշերվա կեսին, հեռախոսազանգ հնչեց: Հեռախոսագծի մյուս ծայրից ինչ-որ մեկն ասաց.

- Պատիվ եմ պահանջում,- և լսափողը ցած դրեց:
Մի քանի րոպե հետո հեռախոսը նորից զնգաց: Այս անգամ խոսողը մի շուն էր:
- Պատիվ եմ պահանջում,- ասաց նա ու սկսեց կատաղորեն հաչել:
Երբ երրորդ անգամ հեռախոսազանգ հնչեց, ես, կիսաքուն-կիսարթուն, վերցրի հեռախոսն ու պատուհանից դուրս նետեցի:
 
 ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


ԶՎԱՐՃԱՍՐԱՀ

Դասախոսը՝ ուսանողին.
- Ո՞վ է գրել Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:
Հասկանալով, որ իրեն ձեռ են առնում, ուսանողը խորամանկում է. - Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գրել է Հովհաննես Թումանյանը...

* * *
Դասախոսն իր միամյա որդուն դնում է արկղի մեջ, որպեսզի փոքրիկը չարություններ չանի: Քիչ հետո, երբ փոքրիկը մի քիչ ուրախ բլբլացնում էր, նրա չորսամյա եղբարյն ուրախ բացականչեց.
- Հայրի՛կ, նայի՛ր, Արմենը դասախոսում է ամբիոնից...

* * *
Երիտասարդ ուսուցիչը երկրորդ դասարանում պատմում է «Շունն ու կատուն»: Վերջացնում ու նայում է ժամացույցին, բայց դասավարտի զանգին դեռ ահագին ժամանակ կար, և նա ասում է.
- Երեխաներ, իսկ այժմ եկեք դերերով կարդանք «Շունն ու կատուն»: Ես կլինեմ...
- Շունը,- միանգամայն անմեղ բացականչեցին փոքրիկները:
- Ոչ: Երեխաներ, ես կլինեմ հեղինակը:
- Չէ, հեղինակը Հովհաննես Թումանյանն է,- համերաշխ ձայնեցին փոքրիկները:

* * *
- Եթե մի տասը տարով երիտասարդ լինեիր, ես կհամաձայնեի քո կինը լինել,- ասաց աղջիկն իրենից քսան տարով մեծ տղամարդուն:
- Հիմարիկ, եթե տասը տարով երիտասարդ լինեի, քո ձեռքը չէի խնդրի,- պատասխանեց տղամարդը:

* * *
Գյումրեցին հոխորտում է հոր մոտ.
- Տասը տարի սովորել եմ միջնակարգում, հինգ տարի՝ ինստիտուտում, չորս տարի՝ համալսարանում, երկու տարի՝ ասպիրանտուրայում...
- Ծո, հըբը ե՞րբ պիտի մարդ դառնաս,- զարմացած հարցնում է հայրը:



Համարի ասույթը

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան… Չէ, դա հին բարի ժամանակներում էր: Այս անգամ պատյան դրեցինք մեր խիղճը, առողջ դատողությունը, արժանապատվությունը, հավատն ու երազանքները: Իսկ սուրը կախեցինք մեր գլխավերևից՝ ի հիշատակ Դամոկլի…

Ամսվա ասույթը

Հաճախ է պատահում, որ ստիպված ես լինում ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև: Սակայն սարսափելին այն է, որ լինում են դեպքեր, երբ չես կարողանում որոշել, թե որն է վատը, որը՝ վատթարագույնը:

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ