Գլխավոր » 2009 Օգոստոս N9 /2
2009 Օգոստոս N9 /2
20:08
«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԲԺՇԿԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Լինում է, չի լինում, «Շտապօգնություն» ծառայության մի գլխավոր բժիշկ է լինում, անունը ասենք թե՝ Մուկուչ։ Այս Մուկուչն ավելի շատ դիսպետչերի պարտականություններ էր կատարում. մեր տեղեկություններով՝ նա կլորիկ գումարներ էր վերցնում ծանր հիվանդների հարազատներից ու «Շտապօգնության» մեքենաներով կազմակերպում ուղերթը՝ դեպ Երևան։ Հետաքրքիրն այն է, որ այդ ուղերթների մի մասը չէր գրանցում և գումարները դնում էր գրպանում։

Մի օր էլ սև ամպեր կուտակվեցին Մուկուչի գլխին. ստուգումներ կատարեցին և պարզեցին օրինախախտումները։ Երևան մեկնած հիվանդների հարազատներից ցուցմունքներ վերցրին, որ նրանք Երևան մեկնելու համար այսքան կամ այնքան գումար են տվել «Շտապօգնության» գլխավոր բժշկին...
Օրերից մի օր իմ հարազատը սկսեց բողոքել ստամոքսի շրջանի սուր ցավերից։ Կասկածեցինք, որ թունավորում է։ Զանգեցինք «Շտապօգնություն»՝ խորհուրդ հարցնելու, ասացին՝ «Բժիշկը տեղում չէ, հասցեն, հեռախոսի համարն ու հիվանդի տվյալները հայտնեք, որ բժիշկը գա, կկապվենք ձեզ հետ»։ Մի որոշ ժամանակից հետո դռան զանգը հնչեց, հայտնվեց նույն այդ Մուկուչը՝ ինչ-որ թղթապանակ կռնատակին։

Հիվանդին զննեց, զարկերակը ստուգեց, բուժքրոջը հանձնարարեց ցավազրկող սրսկել, ապա անցավ «գործի»։ Այսինքն՝ բացեց ձեռքի թղթապանակն (իր քրգործի ցուցմունքների «դոսյեն») ու հիվանդին հիշեցրեց, որ մի տարի առաջ այսպիսի ցուցմունք է տվել... Եվ կարդաց հիվանդի տված ցուցմուքը։ Հիվանդն ասաց, որ իրեն հրավիրել են ոստիկանություն և ինքը հայտնել է, որ իրոք իրեն՝ Մուկուչին 60-65 հազար դրամ է տվել։ Մուկուչն ասաց, որ 40 հազար է տվել... Հիվանդը՝ կրկին շեշտեց իր նշած թվերը...

Սակայն կարևորը 60 կամ 40 հազարը չէ, հատկապես երբ Մուկուչին մեղադրում են վերցրած գումարները չգրանցելու, սեփականելու մեջ (դա հետո պարզեցինք գործը վարող քննիչից)։ Հետաքրքիրն այն է, որ հիվանդի վիճակն ավելի վատացավ, ջերմաստիճանը 38.5-ից չէր իջնում։
Թունավորման կասկածով հիվանդին տեղափոխեցինք Հանրապետական հիվանդանոց։ Նրան զննող առաջին իսկ հերթապահ բժիշկը (Բադալյան) հայտնեց, որ կասկածում է, թե պրոբլեմը վիրաբուժական է... Ապա հրավիրեց հերթապահ վիրաբույժ Սերգեյ Մովսիսյանին։ Զննելով հիվանդին, վերջինս հայտնեց, որ կույր աղիքի սուր բորբոքում է և անհապաղ պիտի վիրահատել հիվանդին... Դա հաստատեցին նաև այլ բժիշկներ, ինչպես նաև արյան անալիզը։

Վիրահատությունն անցավ բարեհաջող։ Բայց եթե թեկուզ մեկ ժամ ուշանային, կույրաղիքի «պայթյուն» էր տեղի ունենալու, և լրջորեն վտանգվելու էր հիվանդի առողջությունը։
Հիմա նստել ու խորհում եմ։ Հարցն այն չէ, որ բժիշկ Մուկուչը մեծ գումարներ է յուրացրել։ Ինձ մտահոգում է այն, որ բժիշկ կոչվածը հիվանդի մոտ է գալիս ոչ թե բուժելու, այլ՝ «դոսյեի» թղթապանակով՝ «ռազբորկայի»։ Բայց սա էլ մի կողմ դնենք։ Խնդիրն այն է, որ նա բարոյական ոչ մի իրավունք չունի ԲԺԻՇԿ աշխատելու, որովհետև այդպես էլ չպարզեց հիվանդի իրական ցավը։ Դեռ ավելին՝ նրա պատճառով կարող էր լրջորեն վտանգվել մարդու կյանքը։
Չգիտեմ, իրականում որտե՞ղ է Մուկուչի տեղը, բայց հաստատ կարող եմ ասել, որ բժշկության, առողջապահության ոլորտը ՆՐԱ ՏԵՂԸ ՉԷ՛, մուկուչների տեղը չէ՛։
 
ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
ք. Ստեփանակերտ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Բարեբախտաբար, մուկուչներից բացի, մեր առողջապահության ոլորտում աշխատում են նաև հմուտ մասնագետներ Բենիամին Միրզոյանը, Էդուարդ Պատվականյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արարատ Օհանջանյանը, Կարեն Բազիյանը, Ղուկասյանները, Բադալյանը, Նեդա Յուզբաշյանը, Կարինե Աթայանը, Իննա Ասրյանը, մանկաբույժներ Կարինե Թարխանյանը, Լյուդա Պողոսյանը և բազում ուրիշներ։
Ասվածի վկայությունը Ստեփանակերտի բնակիչ, թոշակառու Վազգեն Զաքարյանի խմբագրություն ուղարկված նամակն է, որտեղ նա խորին շնորհակալություն է հայտնում քաղաքային պոլիկլինիկայի բժշկուհի, սրտաբան Լուսինե Դավթյանին՝ մարդկային սրտացավ վերաբերմունքի և իր խաթարված առողջությունը վերականգնելու համար...



ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՆՓՈՒՅԹ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՄԲ

«Արդեն տրամադրվել է 350 ուղեգիր». այս խորագիրն է կրում «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի սույն թվականի N 107 համարում տպագրված տեղեկատվական հոդվածը՝ նվիրված առողջարանների և հանգստյան տների ուղեգրերի բաշխման նոր կարգի և 2009 թվականի անցած ամիսներին դրա ընթացքի մասին ԼՂՀ սոցապնախարարությունում ուղեգրերով հանգստացածների ու լրագրողների հետ կայացած հանդիպման լուսաբանմանը։
Հենց սկզբից ասենք, որ հոդվածի հեղինակը, ընտրելով նման վերնագիր, տուրք է տվել նախարարության այն պնդմանը, թե իբր տարեցտարի ավելանում է հատկացվող ուղեգրերի քանակը։ Հանդիպման ժամանակ նախարարի տեղակալ Լ. Ղուլյանի տեղեկատվությամբ՝ մինչև առողջարանային շրջանի ավարտը կբաշխվի ևս 150 ուղեգիր։ Ասել է թե՝ տարեկան հաշվառքով դրանց ընդհանուր քանակը կհասնի 500-ի։

Խնդա՞լ, թե՞ տխրել՝ ակամայից ծագում է այսպիսի հարցադրում։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ արհմիությունների մարզային խորհուրդը տարեկան ստանում էր 2000-2200 ուղեգիր և այն էլ յուրաքանչյուրը ոչ թե հանգստի և բուժման 12, այլ 24 օրվա ժամկետով։
Տասներկուօրյա ժամկետը պարզապես ծաղր է հանգստացողի նկատմամբ, քանի որ, եթե նպատակադրված ես բուժելու քո այս կամ այն հիվանդությունը, ապա հաշվի առնելով, որ առողջարանում գտնվելու առաջին երկու և վերջին մեկ օրերին հիմնական բուժական պրոցեդուրաների (լոգանք, ցեխ, տորֆ, էլեկտրաբուժում և այլն) նշանակումը հակացուցված է, ստացվում է, որ 10-12-ի փոխարեն կարող ես դրանցից ընդունել 5-6-ը։
Մի կարևոր դիտարկում ևս։ Միշտ չէ, որ ուղեգրերը հատկացվում են հայտ ներկայացրածների սոցիալական վիճակի հաշվառմամբ։ Ակնհայտ են դեպքեր, երբ ուղեգրեր են ստանում նյութապես լիակատար ապահովվածները, մինչև իսկ՝ օլիգարխների ընտանիքների անդամները։
Ցավալի է, բայց փաստ, «Ազատ Արցախ»-ում հանդիպումը լուսաբանվել է անփույթ, հարցականներ հայցող ձևով։
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կենսաթոշակառու



ՆՈՐ ԳՆԵՐԸ ԵՎՍ ՄԱՏՉԵԼ ՉԵՆ

Հարգելի «Նոր էջ»։ Ձեր հունիսյան համարում ուշի-ուշով կարդացի «Գոհ են «Տելոկոմից» վերնագրով հոդվածը՝ վերատպված երևանյան «Հրապարակ» թերթից։ Նախ՝ եթե հիրավի ճշմարտություն է, շնորհակալության է արժանի ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը՝ կառավարության նիստում ճշմարտացի խոսք ասելու համար։ Մեր օրերում, երբ ծնկաչոքությունը, սեփական կարծիքի փոխարինումը պահին սազականին, դարձել է բարոյական նորմա, երբ արցախյան թերթերը վերածվել են բյուլետենների, վեր կենալ և ցույց տալ, որ «Ղարաբաղ-Տելեկոմի» նկատմամբ հասարակական դժգոհությունը միանգամայն տեղին է, և թվարկել դա հաստատող փաստեր, իրոք, տղամարդություն է։

«Ղարաբաղ-Տելեկոմ»-ն ունի իր նախապատմությունը։ Տարիներ առաջ, երբ հարց ծառացավ կապի մեր միջոցները մասնավորի հանձնելու մասին, համարյա ընդհանուր էր դիմակայությունը։ Ճիշտ էր համարվում այն, որ կապը երկրի անվտանգության ապահովման կարևոր միջոցներից է և այն պետությունից օտարելը միանգամայն սխալ քայլ է։ Հիմա արդեն իր հաստատումն է գտնում նման մոտեցումը։

Այն տպավորությունն է ստեղծվում, որ ոչ թե ընկերությունն է կախվածության մեջ մեր իշխանություններից, այլ հակառակը՝ իշխանությունն է դարձել ընկերության խամաճիկը։ Ապացույցը՝ թեկուզ այն, որ ինքն է նրանից սպասում, թե ի՞նչ սակագներ կսահմանի, ի՞նչ գումարներ կհատկացնի պետբյուջեին, ի՞նչ նվիրատվություններ կլինեն։ Կարո՞ղ էր պետությունը մնալ իր ունեցվածքի տերը, երկրի ճակատագրով մտահոգվածը։ Այո՛։ Միջոցներ գո՞ւցե չկային, այդ չդեպքում էլ ի՞նչ պետություն, երբ մինչ այդ արտադրական բնույթի լուրջ ներդրումներ կատարած չլինելով, չի կարող գլուխ բերել մի նոր հեռախոսակայանի տեղադրումը։ Կամ մի՞թե հնարավոր չէր հարկադրել մեր գործարարներին, ովքեր իրենց արած-թողածով, վարքուբարքով վաղուց հաստատել են իրենց նյութական գերազանցությունը արտերկրի մեր բարերարների նկատմամբ, մասհանումներ անել ընդհանուր գործում։ Կամ հնարավո՞ր չէր, որ մենք, լինելով դրամահավաքների ընտելացած վարպետներ, նախաձեռնեինք մի նորը, որն, անկասկած, բնակչությունը կընդուներ ընկալմամբ։

«Ղարաբաղ-Տելեկոմի» հիմնադրմանը ժամանակին անդրադարձել է «Դեմո» թերթը։ Մեր կապի համակարգը գնելու հայտ էր ներկայացրել արտերկրի երեք ընկերություն, որոնցից մեկը՝ շվեյցարական։ Սակայն նախապատվությունը տրվել էր բեյրության ընկերությանը, որի ներկայացուցիչն է Ռալֆ Եիրիկյանը։ Կառավարության որոշ անդամներ չկարողանալով կանխել գործարքը, այնուհանդերձ պահանջել են, որ պայմանագիրը կնքվի 10, առավելագույնը՝ 20 տարով։ Բայց ո՞ւմ էին դա ասում։ Վարչապետ Ա. Դանիելյանին ձեռնտու էր 30 տարվա ժամկետը։ Առայսօր ոչ ոք տեղյակ չէ, թե ինչպիսին է հենց ինքը՝ պայմանագիրը և որքա՞ն է այն շահավետ մեր երկրի համար։

Չթաքցնենք, պրն Եիրիկյանից գոհ են «Ղարաբաղ-Տելեկոմի» աշխատողները։ Քիչ բարեհոգություն չէ՝ գործազրկության ծանր պայմաններում կրճատումներ չեն եղել։ Գումարած, որ քիչ կարևոր չէ, ընկերությունը պարբերաբար ֆինանսական մասհանումներ է անում մեր պետբյուջեին։ Բայց մի՞թե նույն պայմաններով եթե «Ղարաբաղ-Տելեկոմի» տերը լիներ մեկ ուրիշը, նույնը չէր անի։ Չէ՞ որ չհաշված ծառայությունների չափազանց բարձր սակագները և այլն, «Ղարաբաղ-Տելեկոմը» մեզ մոտ աշխատում է մենաշնորհային պայմաններում։
Տարօրինակ և անհասկանալի է այն հիմնավորումը, թե իբր երկրորդ օպերատորի մուտքն ապահովելու համար իրավական հիմքեր չկան։ Հարց է ծագում՝ իսկ ովքե՞ր են ստեղծում այդ իրավական հիմքերը. մե՞նք, թե՞ ուրիշները։ Անձամբ կարող եմ վկայել, որ Ռուսաստանի Դաշնությունում հազիվ թե գտնվի բնակչությամբ Ստեփանակերտին հավասար մի քաղաք, ուր չգործեն չափազանց էժան ծառայությամբ աշխատող եթերային հեռախոսակայաններ։

Եթե հավատալու լինենք ընկերության քարոզչությանը, ապա կարելի է կարծել, թե կապային ծառայությունն իրենք են բերել Արցախ։ Պրն Եիրիկյանին հիշեցնենք, որ շատ կուզենայինք ունենալ կապային այն համակարգը, որ գործում էր տասնամյակներ առաջ։ Արցախի բոլոր բնակավայրերը, փոքր թե մեծ, միացված էին իրար հեռախոսային ցանցով։ Զանգիր ցանկացածդ բնակավայրի քո բարեկամին կամ ծանոթին և խոսիր որքան սիրտդ է կամենում՝ համոզված, որ դրա համար քեզնից ոչ մի վճար չեն պահանջելու։ Մանրադրամ կա ձեռքիդ՝ խոսիր միջքաղաքային ցանցով։ Հավելենք, նաև որ եթերայինից բացի մարզային ռադիոհաղորդուները գծային կապով լսում էին ցանկացածդ գյուղում։

Մի կարևոր դիտողություն ևս. այս տարվա մարտի 7-ից մինչև ապրիլի սկզբները, առավոտից մինչև երեկո, հեռուստատեսային տարբեր ալիքներով 15-20 րոպեն մեկ ընդհատելով հաղորդումները, տրվում էին «Ղարաբաղ-Տելեկոմի» երկարաշունչ հայտարարությունները՝ սակագների իջեցման մասին։ Դժվար էր կուլ տալ նման շոուն, մանավանդ որ ընդհատվում էին ուշագրավ հաղորդումները։ Պարզապես պրն Եիրիկյանը առաջկտրուկի դերում փորձում էր ընկերության բաժանորդներին համոզել, թե ինքը հոգում է նրանց մասին և իջեցրել է ծառայության սակագները։ Մինչդեռ գների իջեցումը նախաձեռնել և իր եզրակացություններն իրավասու կազմակերպություններին ներկայացրել է արհմիությունների հանրապետական խորհուրդը։ Մեկ տարուց ավելի հարցը տորպեդահարվել է ընկերության ղեկավարության կողմից և իր լուծումը ստացել հանրության ճնշման տակ։

Հրապարակված հոդվածում շեշտվում է, որ ընկերության նոր գները դարձյալ բարձր են։ Բոլորի մասին դատել չեմ կարող, բայց որ հեռախոսային կապը հիմա էլ անհասանելի է շատերին (չնայած «Ղարաբաղ-Տելեկոմը» իրեն ներկայացնում է՝ միշտ հասանելի), անժխտելի է։ Ո՞ր արցախցին չի կամենա արտերկրում հիմնավորված իր հարազատներին զանգել գոնե եռամսյակը մեկ անգամ։ Բայց փորձիր դա անել և՝ գրպանումդ, եթե թոշակառու ես կամ ցածր աշխատավարձ ես ստանում, ոչինչ չի մնա։ Մինչդեռ մեր բնակչության կեսը կազմում են այդպիսի քաղաքացիները։
Ընդհանուր առմամբ, հազիվ թե ծառայությունների մատչելի գների անցումը վնաս բերի ընկերությանը։ Ամենայն հավանականությամբ, դա մեծ չափով կնպաստի հեռախոսազանգերի քանակի զգալի աճին և դրան համապատասխան՝ ընկերություն մուտք գործող գումարների ավելացմանը։

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ




Ողջույններս՝ ազատազրկված տարածքներից...

Մեծ գրողներից Օսկար Ուայլդը գրել է, որ «Անհնազանդությունը մարդուն հատուկ առաքինություն է։ Առաջադիմությունն ու զարգացումը անհնազանդության և ըմբոստության շնորհիվ կիրականանա»։ Ես հավանաբար իմ ողջ գիտակից կյանքում այս նշանաբանով եմ ապրել կարծես ու հիմա էլ իմ ճակատագրի ինձ ընծայած փորձության շնորհիվ արդեն 8 ամսից ավելի բանտում եմ գտնվում։
Սորբոնի համալսարանի շրջանավարտ լինելը թերևս ոչինչ է «Վարդաշենի» համալսարանի առաջին կուրսի ուսանող լինելու իմ այժմյա վիճակի հետ համեմատած։ Պարզապես միակ ափսոսանքը վերաբերում է իմ վաղեմի արցախցի երկու ծանոթներին և Հայոց բառարանում առկա «ապերախտ-երախտամոռ» հոմանիշների հետ բանտարկվելիս ծանոթանալուն։ Մնացածը, ինչպես ասում եք դուք ձեր քաղցր բարբառով, «լյոխ լավ ա»։

Բանտում 24 ժամը լիովին ապրել ու օգտագործելու ազատությունն ունեմ և ուժերիս ներածին չափով աշխատում եմ, գրում, կարդում, էլի գրում, կարդում, և այսպես շարունակ։
Հայրս-մայրս և երկու երեխաներս չեն իմանում, որ բանտարկված եմ։ Նրանք կարծում են, թե մեր չքնաղ Արցախ աշխարհի մի հեռու անկյունում ինչ-որ շինարարությունում եմ աշխատում, որտեղ հեռախոսակապ չկա ու շաբաթվա միայն երկու օրերը իրենց հետ կապվում, խոսում եմ, առանց իմանալու, թե մինչև երբ կարելի է այս «խաղը» շարունակել։

Համաներումն, ինձ վրա տարածվելով հանդերձ, դեռ բանտում գտնվելուս համար պարտական եմ իրենց գոյությունը քարշ տվող երկու փոքրոգի ու խեղճ մարդուկների, որոնց «արխիվներում» ինձ արդեն մեկ ամսից ավելի ժամանակ «ման են գալիս» ու ոչ մի կերպ չեն գտնում... Իմ 351 էջից բաղկացած քրեական գործում առկա երկու կարևոր տվյալ կա՝ ԼՂՀ ՊԲ թիվ 49771 զորամասում ծառայությունս ու նաև ինձ ամրագրված զենքի համարն ու սերիան է նշված... Անարդարությունն ու խտրականությունն ինձ խեղդում է, ես ափսոսում եմ նման տմարդի վերաբերմունք դրսևորող մանրախնդիրներին...

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ
«Վարդաշեն» ՔԿՀ, Հայաստան, 27 հուլիսի 2009 թ.



ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ

Օրերս ԼՂՀ ԱԺ պատգամավորների, մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների, Արցախյան պատերազմի վետերանների անունից այսպիսի նամակ է հղվել ՀՀ Արդարադատության նախարարությանը

Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման և արդեն ինն ամիս գտնվում է բանտում։ ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի օրենքը անհասկանալի պատճառներով առայսօր չի տարածվել Ս. Հացպանյանի վրա։ Այն, որ նա մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին, սկզբում անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի ջոկատներում, ապա՝ ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում (Մարտակերտի պաշտպանական շրջան), Հացպանյանին իրոք ճանաչող և իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ...

Հարցին մոտենանք, սակայն, այլ կողմից։ Ծննդով Արևմտյան Հայաստանից՝ նրա հայր Գևորգ Հացպանյանը հայ ինքնության պաշտպանությանն առնչվող հարցերի պատճառով 11 տարի անցկացրել է Թուրքիայի բանտերում։ Ֆրանսիայի քաղաքացի 84-ամյա Գևորգ Ծերունի Հացպանյանը տառապում է երիկամների քաղցկեղով և այժմ գտնվում է մահամերձ վիճակում։
Խնդրում ենք նաև մարդասիրական տեսանկյունից մոտենալ հարցին՝ ներում շնորհել Հայոց հողի կանչով ֆրանսական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու մեր մեծ Հայրենիքին նվիրված հայորդուն, մտավորականին՝ Սարգիս Հացպանյանին և հնարավորություն տալ գոնե վերջին անգամ տեսնելու իր հորն ու ստանալու նրա հայրական օրհնությունը։ Այս պահին նժարի վրա է դրված ոչ միայն մարդու կյանքը, այլև մարդկայինի ու բարոյականի հանդեպ հավատը։ Բոլորիս՝ նրա՛, մե՛ր, սերունդների° հավատը։ Ու այդ հավատը անխաթար պահելու համար պատասխանատու ենք բոլորս։

ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Արցախյան պատերազմի վետերաններ՝

Ռուդիկ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ (ԼՂՀ ԱԺ փոխնախագահ),
Արպատ ԱՎԱՆԵՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ),
Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ),
Բենիկ ԲԱԽՇԻՅԱՆ (ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ),
Գագիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ),
Օլեգ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ),
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պատգամավոր),
Արծվիկ ՍԱՐԳՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պատգամավոր),
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր),
Ռոմելա ԴԱԴԱՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պատգամավոր),
Ռուդոլֆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պատգամավոր),
Վարդգես ՕՎՅԱՆ (գրող, հրապարակախոս, «Նոր էջ» անկախ թերթի խմբագիր,
Գագիկ ԲԱՂՈՒՆՑ (Արցախի մտավորականների միության նախագահ),
Ներսես ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (ԼՂՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարման պատգամավոր),
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարման պատգամավոր),
Գալյա ԱՌՍՏԱՄՅԱՆ (ԼՂՀ զոհված ազատամարտիկների ծնողների միության նախագահ),
Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ («Հելսինկյան նախաձեռնություն 92»-ի ԼՂՀ կոմիտեի նախագահ, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ),
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ (ԼՂՀ Ժողովրդական, ՀՀ վաստակավոր դերասանուհի),
Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախյան պատերազմի վետերան),
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ (Արցախյան պատերազմի վետերան, սպա),
Ալեքսանդր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (ճարտարագետ)
Մարտակերտի շրջանից՝
Գրիգոր Միրզոյան (Արցախի Ազատամարտիկների Մարտակերտի տարածքային կազմակերպության միության նախագահ, Հացպանյանի զինակից),
Վյաչեսլավ Խոնդկարյան (Արցախի Ազատամարտիկների Մարտակերտի տարածքային կազմակերպության վարչության անդամ),
Տեր Բարսեղ Քահանա Անդրյան (Մարտակերտի և հարակից գյուղերի ծխական համայնքների հոգևոր հովիվ),
Իլյիչ Բաղրյան (նախկինում Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, Մարտակերտի տարածքային կազմակերպության վարչության անդամ),
Գառնիկ Իսրայելյան (նախկինում Մարտակերտի պաշտպանական շրջանի հրետանու պետ, Վ. Բալայանի անվան միջն. դպրոցի տնօրեն),
Մհեր Պետրոսյան (Արցախյան պատերազմի վետերան, I և II աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ),
Պավել Թադևոսյան (թիվ 32964 զ/մ օպերատիվ բաժնի սպա, Հացպանյանի զինակից),
Յուրա Խաչատրյան (թիվ 32964 զ/մ հետախուզական վաշտի դասակի հրամանատար, Հացպանյանի զինակից),
Վիգեն Ասատրյան (նախկինում Մարտակերտի պաշտպանական շրջանի կապի ծառայության պետ),
Լիդիա Պետրոսյան (Վ. Բալայանի անվան միջն. դպրոցի փոխտնօրեն),
Ռիմա Աթայան (Վ. Բալայանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհի),
Ռուզաննա Հարությունյան (Վ. Բալայանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհի),
Սարգիս Գյուրջյան (Արցախյան պատերազմի վետերան, Հացպանյանի զինակից),
Սուրեն Պետրոսյան (Արցախի սեյսմիկ ծառայության Մարտակերտի տարածքային ստորաբաժանման պետ),
Կարեն Գրիգորյան (նախկինում Մարտակերտի պաշտպանական շրջանի հրետանու շտաբի պետ, Հակահրդեհային ծառայության պետ),
Մելսիդա Քարդումյան (Արցախի Ժողովրդավարական կուսակցության շրջանային խորհրդի նախագահի տեղակալ),
Մալվինա Պետրոսյան (զոհված ազատամարտիկի մայր),
Մարիետա Գաբրիելյան (Մարտակերտի Փառքի սրահի տնօրեն, ԼՂՀ ԶԶՀՄ-ի անդամ, զոհված ազատամարտիկի այրի),
Ավետիք Բեջանյան (Մարտակերտի քաղաքային համայնքի պետի տեղակալ),
Արթուր Ասրյան (Մարտակերտի քաղաքային համայնքի քարտուղար)
(Քանի որ նամակը ստորագրել է ԼՂՀ ներկայիս խորհրդարանի 11 պատգամավոր, այսինքն՝ պատգամավորների 1/3-ը, նշանակում է, սույն փաստաթուղթը հավասարազոր է ԼՂՀ ԱԺ որոշմանը)



Վերջին էջ

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Երբ տպագրվեց իմ «Երկնային կատակերգություն» գրվածքը, որտեղ պատմում էի, թե ինչպես տերԱստված երկնքից իջել, կառավարական շենքի ամենավերին հարկում ընդունելություն կազմակերպել ևմասնագիտություններ ու աշխատանքներ էր բաժանում, ընկերներս, բարեկամներս և ծանոթներս դժգոհեցին. «Էդ ինչո՞ւ բոլորի մասին՝ անասնաբույժի, քարտուղարուհու, դիվանագետի, մանկավարժի, զրպարտչի ևգիտնական-միտնականի մասին գրել ես, բայց բանաստեղծի մասին չես գրել»:

Սկսեցի երկար-բարակ բացատրել, որ բանաստեղծը դեռևս մինչ այդ էր հանդիպել Երկնայինին և, ընդհանրապես, ես շատ մեծ հարգանք եմ տածում ժամանակակից ոտանավորչիների հանդեպ ու չէի կարողնրանց մասին չգրել: Սակայն ընկերներս, բարեկամներս ու ծանոթներս ինձ չհավատացին: Եվ ահա, իմարխիվից հանելով այդ հանդիպման սղագրությունը, ներկայացնում եմ ընթերցողներին:
Մի օր, արևը դեռ նոր-նոր ծագած, երբ տեր Աստված առավոտյան մարզանքներից հետո ձվածեղ էրկերել ու վրան բրազիլական թունդ սուրճ էր խմում, քիթ ու բերանի մերձակայքում հանկարծ խուտուտ զգաց։Որոտաձայն փռշտաց, և այդ պահին նրա բերանից թե քթից դուրս թռավ ու առջևը ցցվեց թղթապանակըկռնատակին անորոշ տարիքի մի տիպ:

- Յա՜, դու որտեղի՞ց հայտնվեցիր,- զարմացած հարցրեց Երկնայինը:
- Դժվարին, բայց պատվավոր ճանապարհ եմ անցել տեր իմ... Իսկ իմ հիմար կոլեգաները դեռ կեսճանապարհին են, փորձում են ծխնելույզից մտնել,- հարգալից գլուխ տալով, ասաց մարդը:
- Հա՜, ուրեմն հրշեջ ծառայությունից ես...
- Չէ, բանաստեղծ եմ, տեր իմ, դիֆիրամբներ ու ձոներ եմ երկնում:
- Այսինքն:
- Այսինքն՝ միշտ գովերգում եմ բոլոր նրանց, ովքեր իշխանություն ունեն: Երբ գահընկեց են լինում, առաջինը ես եմ քարով տալիս:

- Լավ: Հիմա ի՞նչ ես ուզում, որդյակ,- հարցրեց Աստված:
- Հոտառությո՛ւն, տեր իմ,- կրկին գլուխ տալով, ասաց պոետը:
- Ի՞նչ... Հոտառությունն ինչի՞դ է պետք, դու շո՞ւն ես, թե՞ մարդ:
- Սուր հոտառություն եմ ուզում, երկնային, որպեսզի ժամանակից շուտ կարողանամ կողմնորոշվել: Այսինքն՝ ավելի շուտ իմանամ և սկսեմ շողոքորթել ապագա իշխանավորներին: Թե չէ, մեզ մոտ մի քանիսըկան, միշտ ինձնից առաջ են ընկնում: Ես դռնով եմ մտնում, նրանք պատուհաններից են ներս խուժում, եսպատուհաններից եմ մտնում, նրանք կոյուղու խողովակներով են սուրում ղեկավարների ընդունարանները...

- Ահա թե ինչ,- Աստված ճերմակափառ բեղի տակ ժպտաց,- բայց հետաքրքիր շան որդի ես, որդյակ... Լավ, գնա՛: Վաղվանից ականջներդ մի քիչ երկարացված կլինեն, որպեսզի կարողանաս ամեն ձայն որսալ...
- Հա, ինչպես մեծ բանաստեղծ Չարենցը կասեր, որպեսզի կարողանամ ժամանակի շունչը դառնալ...
- Ի՞նչ շուն... Ո՞ւմ շուն դառնաս։
- Ժամանակի շունչը: Այսինքն՝ մեր թաղամասում, մեր քաղաքում կամ մեր երկրում ինչ կատարվի, դրա մասին բանաստեղծություն պիտի գրեմ: Մի նոր խանութ կամ ֆերմա որ բացվի, ձոներգ պիտի ձոնեմ, մեր թագավորի կամ նախագահի կինը եթե զավակ պարգևի երկրին, պատմական այդ պահը պիտի գրավորանմահացնեմ...

- Հա՜, դա ուրիշ բան է... Լավ, քեզ սուր հոտառություն կտամ, այնպիսի հոտառություն, որ շներն անգամքեզ նախանձելու են... Դու միշտ լավ ես ապրելու, որդյակ: Ժամանակները փոխվելու են, մի որոշ ժամանակսոցիալիստներն են գալու իշխանության գլուխ, մի օր ֆաշիստները կամ կոմունիստները, բուրժուա-կապիտալիստները կամ անարխիստները, բայց դու, բոլորին քծնելով ու շողոքորթելով, շարունակ փափուկպաշտոններ ու մրցանակներ ես ստանալու, որդյակ: Երբեմն երեսիդ թքելու են, հետույքիդ քացի են տալու, սակայն, պալատական կոշիկներ ու գլխարկներ երկրպագելով, դու վաստակելու ես հացդ հանապազօրյա...

- Մերսի, տեր իմ, խիստ զգացված եմ: Հերթական հանճարեղ գիրքս նվիրելու եմ ձեզ, իսկ կազմի վրապոեմ եմ տպագրելու ձեր մասին,- բանաստեղծը կրկին երկտակվեց, հետո, գրպանից թղթի մի կտոր հանելով, պաթոսով սկսեց կարդալ. «Օ՜, Աստվա՜ծ, Աստվա՜ծ, լուսատու տիեզերաց...»:
- Ա՛յ տղա, սպասի՛ր, հերի՛ք է: Ականջներս արդեն հոգնել են նման զիբիլներից... Վե՛րջ, գնա՛, գլուխս մի՛հարդուկիր: Գնա ժամանակիդ... Ինչպե՞ս է էն զահուրմարի անունը: Հա՛, գնա ժամանակիդ շունչը դարձիր...
Երբ պոետը դուրս եկավ Երկնայինի առանձնասենյակից, վերջինս լայնորեն հորանջեց ու ասաց.
- Բայց սրիկա շան որդին առաջ է գնալու:
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




Զվարճալի լրախաղ

Տեղական

ՀՀ բարձրաստիճան ղեկավարները հանդես են եկել աննախադեպ հայտարարությամբ: Ըստ որի, նրանք բոլորը հրաժարվում են իրենց ծառայողական «Մերսեդեսներից» ու «Ջիպերից», և աճուրդում դրանց վաճառքից գոյացած գումարով ուզում են մանկապարտեզներ կառուցել հայ երեխաների համար: «Երբ մեր շարքային քաղաքացիներն ապրում են աղքատության ու թշվառության մեջ, երբ մեծացել է մուրացկանների բանակը, մենք չենք կարող մեզ թույլ տալ երթևեկելու շքեղ ավտոմեքենաններով: Այսուհետ մենք ևս աշխատանքի ենք մեկնելու ոտքով կամ երթուղային տաքսիներով»,- ասված է նրանց հայտարարության մեջ:

* * *
Լուրեր են պտտվում, որ օրերս Վ. Փափազյանի անվան դրամթատրոնի դերասանական կոլեկտիվը հույժ կարևոր խորհրդակցություն է գումարել, որտեղ միահամառ որոշում է կայացվել առ այն, որ արցախցի հանդիսատեսներին կրկին թատրոն բերելու միակ ճանապարհն այն է, որ բոլոր դերասանները հերթով մեկական պիես բեմադրեն։ Բեմադրվելիք ներկայացումների հերոսների դերերում հանդես կգան Հայաստանից հրավիրված նշանավոր ու հայտնի ռեժիսորները։ Սակայն այլ լուրեր էլ են պտտվում, որոնք հերքում են վերոհիշյալ լուրն ու տեղեկացնում, թե նշված խորհրդակցությունում որոշվել է դրամթատրոնը լուծարել և փոխարենը ստեղծել տիկնիկային թատրոն, քանզի նոր ժամանակներում կադրերն ու տիկնիկներն արդեն հոմանիշ են դարձել։

* * *
Նորաձևության արցախցի վարպետները վերջերս հնարել են նոր տիպի անդրավարտիքներ: Դրանց յուրահատկությունն այն է, որ հագնում են ոչ թե ներքևից՝ ոտքերից, այլ՝ գլխից: Մեր մոդելյերները դա բացատրում են նրանով, որ անցման շրջանի երկրներում ամեն ինչ շրջվել է գլխիվայր...

Միջազգային

Բելառուսի մշտական նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ Բելառուսը ոչ միայն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, այլև պատրաստ է մոտ ժամանակներս ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բելառուսի նախագահը մի այլ սենսացիոն հայտարարում էլ է արել. խոստովանել է, որ ինքը ղարաբաղյան արմատներ ունի հայրական ապուպապի կողմից, որի գրոց ազգանունը եղել է Լուկաշյան (Ղուկասյան):

* * *
ԼՂՀ անկախությունը ճանաչելու հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանը՝ «Եթե մոտ կես միլիոն ազերիներ վերադառնան Ղարաբաղ, իսկ Ղարաբաղի հայերն էլ մեկնեն Ամերիկա կամ Ավստրալիա, ապա մենք պատրաստ ենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարել է Իլհամ Ալիևի ավտովարորդի կրտսեր եղբոր զոքանչը: «Առծախինֆո»



ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՆ ԽԺՌՈՒՄ Է ԼԵԶՈՒՆԵՐԸ

21-րդ դարի վերջում տիրապետող լեզուները դուրս կմղեն գոյություն ունեցող լեզուների 90 տոկոսը։ ՍաՅունեսկոյի՝ լեզվական քարտեզ կազմող փորձագետների կանխատեսումն է։ Համաձայն Յունեսկոյի նորքարտեզի՝ աշխարհում գոյություն ունեցող 6000 լեզուներից 2500-ը անհետացման եզրին են կամ արդենվերացել են։ Մոտ 3000 լեզու տարեցտարի անվերադարձ կորցնում է կրողներին։ Իսկ մոլորակի բնակչությանտոկոսը լեզուների ընդամենը 4 տոկոսի կրող է։ 97
Ամենամեծ թվով (196) անհետացող լեզուներ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Հնդկաստանը, այնուհետև՝ ԱՄՆ-ն (191), Ինդոնեզիան (147), Չինաստանը (144), Ռուսաստանը (136), Ավստրալիան (108), Կանադան (80)...

Որոշ փոքր ժողովուրդների՝ անգամ պետական կարգավիճակ ունեցող լեզուներ, որոնցով խոսում ենհարյուր հազարավոր մարդիկ, հայտնվել են անհետացողների ցանկում (օրինակ՝ Ռուսաստանումադիգերենը, բաշկիրերենը, ինգուշերենը, չեչեներենը, չուվաշերենը, օսերենը, յակուտերենը և այլն), երևի այնպատճառով, որ Յունեսկոն ենթադրում է, թե ընթացիկ քաղաքական ու մշակութային իրավիճակում տվյալլեզուն կիրառողների թիվը չի աճելու։

Յունեսկոյի այս ընդհանուր ուրվագծից էլ կարելի է նկատել, որ մենք մտահոգվելու առիթ ունենք։ Նախ՝հայերենի պետական կարգավիճակը, ինչից գոհ են շատերը, թերի է։ Հայերենն ունի երկու ճյուղ, և, ըստէության, պետական է հռչակված միայն արևելահայերենը։ Իսկ երբ հրապարակվի լեզուների մասինՅունեսկոյի առավել մանրամասն քարտեզը, հանկարծ կարող է պարզվել, որ արևմտահայերենի մասինավելի շատ մտահոգված է Յունեսկոն, քան մեր հայրենասերները։
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը վկայում է այնպիսի քաղաքականության մասին, որսփյուռքյան ողջ բազմազանությունը, կոնկրետ՝ գրական արևմտահայերենն ու բազմաթիվ բարբառները, ձուլելու է մեկ միասնական արևելահայերենի մեջ։ «Անկախ», Երևան Տպագրվում է կրճատումներով



Համարի ասույթը

Ղեկավարների մեծ մասը, նստելով բարձր աթոռի, այնպես է սոսնձվում նրան, որ հաճախ հնարավոր չի լինում մարդն ու աթոռն իրարից պոկել: Նրանք այնպես են կպչում աթոռին, ինչպես ժանգը՝ երկաթին:

Ամսվա ասույթը

Հեքիաթում ամենածիծաղելի բանը մերկ թագավորն է, սակայն իրական կյանքում չկա ավելի մեծ չարիք, քան մերկ թագավորը: Հեքիաթում ծիծաղում են քաջնազարների վրա, կյանքում դառնորեն ողբում իրենց ծիծաղի համար:

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ