Գլխավոր » 2009 Սեպտեմբեր N10 /2
2009 Սեպտեմբեր N10 /2
20:19

ՆԱՄԱԿ «ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի խմբագիր, խնդրում եմ նամակս տպագրեք Ձեր՝ արդեն կարճ ժամանակում մեծ հեղինակություն վաստակած թերթում:
Մի տարուց ավելի է, ինչ արհեստական ատամներս (պրոթեզ) էլ չեն ծառայում ինձ, երեսուն տարուց հետո շարքից դուրս են եկել: Դրանք փոխելու հնարավորություն չունեմ. 10-րդ տարին է, որ լրիվ զրկված եմ տեսողությունից, ոտքերից էլ եմ դժգոհում: Ինչ կարող եմ անել. արդեն 95 տարեկան եմ: Կնոջս՝ Արմիկի խնամքի շնորհիվ եմ երկարակյաց դարձել: Այս նամակը թոռնիկս է գրում՝ իմ թելադրանքով:

Չեմ իմանում, թե ատամնաբուժական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Աիդա Երեմի Հարությունյանը որտեղից է իմացել, որ ես առանց ատամների եմ յոլա գնում: Նա մեքենա է ուղարկել, որպեսզի ինձ տանի պոլիկլինիկա: Ինձ բերել են ուղիղ գլխավոր բժշկի աշխատասենյակը, որտեղ գտնվում էին նաև ատամնաբույժ Գագիկ Հովսեփյանը, բուժքույր Արմինե Պետրոսյանը: Աչքերիցս ուրախության արցունքներ են գլորվել, երբ լսել եմ գլխավոր բժշկի խոսքերը. «Մեզ մոտ է 100-ին մոտ աշխատանքի և պատերազմի վետերան Գուրգեն Պետրոսի Հակոբյանը: Ուշադիր եղեք նրա հանդեպ, այնպես պատրաստեք ատամները, որպեսզի հետո չանհանգստացնեն նրան և նա երբեք անհարմարության զգացում չունենա»:

Այդպես էլ եղավ: Անչափ շնորհակալ եմ Աիդա Հարությունյանից, Գագիկ Հովսեփյանից, Արմինե Պետրոյանից և Լիլիա Մնացականյանից: 98 տարում ինչ արել եմ իմ հայրենի Արցախի համար, հալալ լինի նրանց: Բոլոր արցախցիներին կոչ եմ անում սիրել և աչքի լույսի պես պահել Արցախը, նրա նման հայրենիք ոչ մի տեղ չկա:
 
ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշխատանքի և պատերազմի վետերան

 

ՀԱԴՐՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐ ՀՈՒՇ՝ ԳՐԵԹԵ ՆԱՄԱԿԻ ԿԱՐԳՈՎ

Կյանքում լինում են ճամփորդություններ, որոնք անմոռաց հուշեր են փորագրում մարդու ենթագիտակցության տիրույթում՝ ստիպելով նրան բարձրաձայնել այդ մասին: Այդպիսի դիպվածի հանդիպեցի, երբ աշխատանքի բերումով առաջին անգամ հայտնվեցի Հադրութում և ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանին: Մեր կարճատև շփումները համոզեցին ինձ, որ ես հանդիպել եմ մի արժանավոր մարդու, ու ես ցանկանում եմ խոսել այդ մասին: Երբ նա իմացավ, որ ես առաջին անգամ եմ Հադրութում, կարծես իր վրա վերցրեց այդ գովաբանված երկրամասի հյուրընկալության պատվախնդրության «հաճելի» բեռը: Եվ դա այն դեպքում, երբ ես ոչ մի պաշտոնական դիրք չեմ զբաղեցնում. ընդամենը մի հասարակ դասախոս էի՝ հոգեբան: Երեք հոգով եկել էինք Հադրութի շրջանի դպրոցների դասղեկների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու:

Մարդ առաջին անգամ լինելով անծանոթ միջավայրում, սովորաբար իրեն մի տեսակ զուսպ ու քաշված է զգում: Արթուրը կարծես զգաց իմ հոգեվիճակն ու միանգամից «փշրեց» այդ զգացմունքի կապանքները, և ինձ հետ վերաբերվեց, ինչպես ասում են, որպես հարյուր տարվա մտերիմի: Երկար ժամանակ մտածում էի՝ գրե՞լ, թե չգրե՞լ այս նյութը: Բայց ներսս կուտակված տպավորությունները ինձ հանգիստ չտվին, քանի որ Արթուրի «տեսակները», ցավոք, քչանում են: Քչանալով՝ նրանք իրենց հետ մոռացության արխիվ են նետում մեր լուսահոգի պապերի պայծառ մարդասիրության որակները: Կարծում եմ, եթե չգրվի և չխոսվի մարդու այդ տեսակի մասին, նրանք մի օր կհայտնվեն «Կարմիր գրքում»:

Հենց այդ մոտիվների դրդմամբ դիմում եմ քեզ, Արթուր. այդ ի՞նչ երևույթ ես դու, որ այս նյութապաշտ, սառչող աշխարհում ջերմացնում ես մարդկանց սրտերը՝ բարձրացնելով քո հող ու ջրի տարիներով կերտված պատվասիրությունը, որ ժառանգություն ենք ստացել ձեր և մեր նախնիներից: Այս միտքը հաստատվեց նաև այն փաստով, որ մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ ձեր տոհմը սերում է պատմական Ազոխից, և այդ ավանդական սովորույթները պահպանվել և ծլարձակվել է ձեր ընտանիքում: Նկատի ունեմ քո և քո դստեր (հարևան գյուղի լեզվի դասատու) հանդիպումները, երբ մի քանի ժամվա բացակայությունից հետո աշխատանքից տուն էր վերադառնում և համբուրում քեզ... Հազվադեպ օրինակ մեր օրերում:

Այս պահին ես չեմ խոսլու, որ դուք մեր դպրոցի օրինակելի տնօրենն եք, ունեք շնորհալի մանկավարժական կոլեկտիվ, որ ձեր շրջանավարտները հաջողությամբ բուհեր են ընդունվում, հաջողությունների հասնում հանրապետական օլիմպիադաներում և մրցումներում, որ դպրոցական ձեր կոլեկտիվը ներդաշնակությամբ է աշխատում և այլն:
Այս պարագայում ինձ մոտ ծագում է մի պարադոքսալ հարց. դա այն է, որ մարդկային գործունեության գնահատականի չափորոշիչը համարում ես գերազանցապես նրանց աշխատանքային, այսպես ասած, տվյալները, որոնք շատ անգամ քողարկվում և, տոկոսակեղծ թվաբանական հաշվարկների խաղերում, անտեսում են աշխատող մարդկանց անձնական որակները, որոնց հանրագումարն է հանդիսանում «մարդ՝ մեծատառով» գնահատականը:

Ստացվում է, որ կարելի է լինել կոպիտ, չար, վարչարար, տառակեր, նեխված ու շահամոլ, բայց լավ ղեկավարի անուն «վաստակել»: Այդպիսի պաշտոնամոլ ղեկավարները իրենց աթոռի համար կարող են ամեն ինչ տալ, միայն թե մնան «գահի» վրա: Այդպիսիները սովորաբար պաշտոնի են հասնում շողոքորթելով, իսկ երբ նստում են «գահին», սկսում են բզկտել մարդկանց, ստեղծում են իրենց հավատարիմ թիմն ու նրանց հակադրում մյուս բոլորին, որի պատճառով մարդիկ բաժանվում են խմբերի. մի մասը ղեկավարի հավատարիմներն են, որոնք սովորաբար քծնում ու շողոքորթում են «անփոխարինելի» շեֆին, նրա փառքն ու չեղած արժանիքները գովազդում ամենուր, մյուս խումբը, մերժվելով ղեկավարի բարի կամեցողությունից, դառնում է ընդդիմադիր-անցանկալի:

Գաղտնիք չէ, որ մեր օրերում դեռևս կան այնպիսի ղեկավարներ, որոնք երկար տարիներ «բորբոսնում» են իրենց պաշտոնական աթոռին կառչած և քծնողների խմբի օժանդակությամբ հյուսում են իրանց անփոխարինելիության առասպելը: Այսպիսիները մեծ դժբախտություն են դառնում հասարակության համար, քանի որ նման հավերժական փթվածքից գարշահոտություն է սփռվում՝ խոչընդոտելով հասարակության զարգացումը:
Այս քնարական շեղումը նրա համար է, որպեսզի մարդիկ հասկանան՝ կարելի է մարդու անձնային հատկանիշներից գալ դեպի պաշտոնական ոլորտ: Այս իմաստով ես այն տպավորությունը ստացա, որ դուք՝ Արթուր, հենց իմ երազած անձ-ղեկավարն եք: Իմ այս կարծիքը ավելի խտացավ և հիմնավոր դարձավ մի փաստով, որի մասին ուզում եմ գրել:

Երբ վերադարձա Ստեփանակերտ, իմ մոտ ընկերներին հայտնեցի, որ Հադրութում հանդիպել եմ մի լավ մարդու, նրանցից Ռուդիկ Աղաբեկյանը, Վահրամ Հայրապետյանը, Արտո Մարտիրոսյանը միաբերան ասացին. «Քո հայտնաբերած անձը պիտի լինի Արթուր Մինասյանը»: Ես ապշահար եղա և սկսեցի խորհել լավ մարդ և լավ պաշտոնյա երևույթի շուրջը: Կարծում եմ իդեալական կարելի է համարել այն պաշտոնյային, որը ղեկավարական ոճին զուգակցում է բարձր մարդկային որակները: Բայց երբ պաշտոնամոլ է լինում ղեկավարը, ինքնասիրահարված իր չեղած որակների վրա՝ իրեն երևակայելով իբրև կուռք, սրանք ամեն կերպ կաշվից դուրս են գալիս, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացի լինելը: Լև Տոլստոյը շատ դիպուկ է բնութագրում նմաններին. «Ահավոր է այն մարդկանց տեսակը, ովքեր ցանկանում են միշտ ճիշտ դուրս գալ: Նրանք պատրաստ են դատապարտել անմեղներին, սրբերին, անգամ տեր Աստծոն, միայն թե իրենք ճիշտ դուրս գան»:

Դժբախտաբար մեր օրերում դեռևս շատ են նմանները թե՛ ղեկավարների և թե՛ մտավորականության շրջանում: Միջինից ցածր մակարդակի մեկը կա, ամեն կերպ կաշվից դուրս է գալիս՝ ապացուցելու, որ Շեքսպիրից հետո այդ միայն ինքն է: «5 հատոր շուտով լույս կտեսնի, մնաց 95-ը»,- հայտարարում է պարծենկոտը:
Ահա այս ֆոնի վրա է բարձրանում համեստագույն մարդու պայծառ դիմագիծը՝ ի դեմս Արթուր Մինասյանի: Մտավախություն ունեմ, որ խոսքերս կարող են ընկալվել իբրև սուբյեկտիվ մոտեցում: Ստիպված եմ կրկնել՝ բնավ ոչ: Ես այս խոսքի համար հիմք եմ ընդունում մի իմաստունի այն միտքը, որ «տեղին գովաբանությունը օգտակար է թեկուզ նրանով, որ գործնականորեն դրանք ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները»:
Հենց այս կարգի առաքինություններն ու որակներն են, ահա, որ ես «հայտնաբերեցի» Հադրութում՝ Արթուր Մինասյանի մեջ:
 
ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱրՊՀ դասախոս, հոգեբան
 
 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԸ՝ ՀՀ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

«Վարդաշեն»-ը ՀՀ միակ բանտն է, ուր արտասահմանյան երկրների քաղաքացի հանդիսացող կալանավորներ կան: Իմ գտնված հատվածում Ռուսաստանի, Իրանի, Ռումինիայի քաղաքացիներից բացի կան նաև ԼՂՀ-ից եկածներ, որոնք Շուշիի բանտից են այստեղ բերվել:
Ժամանակ առ ժամանակ, երբ ցանկանում ենք բարձր տրամադրությամբ կատակներ անել, իմ խցին կից արցախցիները բարձրաձայն ինձ հարցնում են, թե բանտում քանի ազգության մարդիկ կան, որին պատասխանում եմ. «Չորս ազգության՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ, սփյուռահայեր և այլ ազգի օտարահպատակներ», ու լսում արցախցի բախտակիցներիս ուրախ քրքիջը:

Ամիսներ շարունակ ինձ մշտապես միայնակ են զբոսանքի հանում, պատճառաբանելով, որ «քաղաքական բանտարկյալ» եմ, բացի այդ էլ՝ «մենախցային» կալանավոր: Մի անգամ արցախցիներից մեկն ինձ դիմելով, ասաց, որ ուզում է ինձ հետ նույն ժամին զբոսանքի դուրս գալ, բայց աշխատակազմը թույլ չի տալիս՝ իր արտասահմանցի չլինելու պատճառով: Խորհուրդ տվեցի այդ հարցով դիմել հիմնարկի ղեկավարությանը, քանզի ԼՂՀ-ն անկախ պետական միավոր է և այնտեղի քաղաքացիները, ինչպես Հնդկաստանի, Ռումինիայի ու այլ երկրներից եկածները, արտասահմանցի են:
Պետի տեղակալի հետ իմ զրույցում զարմանքով բացահայտեցի, որ Արցախի մասին գիտելիքներս շատ ավելին են, քան իր ունեցածը: Եվ որպեսզի ասածներս անհերքելիորեն հիմնավորեմ, ասացի, որ «մենք արտասահմանից Արցախ այցելելու համար Երևանում ԼՂՀ ներկայացուցչությունում մուտքի վիզա ենք վերցնում և այդ երկրի սահմանը հատելով ենք միայն Արցախ հասնում»:

Նա համոզվեց և, իմ փաստարկների դեմ ոչինչ չունենալով, թույլատրեց, որ ես ու արցախցի իմ բախտակիցը միասին մեկժամյա զբոսանքի դուրս գանք: Արցախցի ընկերս այնքան էր ուրախացել կատարված փաստից, որ հնարավոր չէ նկարագրել: Ինքն իրեն կրկնում, իր ասածների վրա զարմանում էր, որ «ուրեմն ես էլ քեզ նման արտասահմանցի եմ, հա՞»:
Արցախցի բախտակիցս զոհված ազատամարտիկի որբացած երեխա է. 8 տարեկանում՝ հորը, 11 տարեկանում էլ մորն է կորցրել, այսինքն՝ երկկողմանի ծնողազուրկ է: Իրենից շատ փոքր քույրը դեռ դպրոցական է, անչափահաս: Նա, չնայած իր փոքր տարիքին, վաղ է ամուսնացել և երկու երեխա ունի, որոնցից վերջինին առայսօր չի տեսել, քանի որ գտնվում էր բանտում:

Չցանկանալով նրան մեղսագրված քրեական հոդվածի առթիվ որևէ գնահատական տալ, հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ նույն մեղադրանքով եթե նա Ֆրանսիայում դատված լիներ, վստահ եմ, որ մինչև մեկ տարի բանտարգելման հազիվ թե արժանանար: Լինել երկկողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկի որդի, ունենալ անչափահաս դպրոցական տարիքի քույր ու իր խնամքի տակ ունենալ նաև երկու անչափահաս երեխաներ և ինչ-որ մեկին սառը զենքով (դանակով) վախեցնելով՝ սպառնալիքի մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա բանտարկության: Անհավատալի է, բայց փաստ:

Նրան համոզել են, որ իրավունք չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու, քանի որ ԼՂՀ քաղաքացի է, իսկ այն չճանաչված հանրապետություն է ու այնտեղից դիմումներ չեն ընդունվում: «Եթե չճանաչված հանրապետությունից՝ ԼՂՀ-ից ես, ապա այստեղ՝ ՄԱԿ-ի անդամ ՀՀ արդարադատության նախարարության ենթակա և ՀՀ վարչական տարածքում գտնվող «Վարդաշեն»-ում ի՞նչ գործ ունես»,- հարցրեցի նրան, որը նրան մտահոգվելու առիթ տվեց:

«Դյուզ ես ասում»,- արձագանքեց ասածներիս ու կրկին մտամոլոր շարունակեց իր քայլքը, ապա ուրախացավ իր կյանքում առաջին անգամ իրեն արտասահմանցու տեղ դրած լինելու և իմ՝ Ֆրանսիայի քաղաքացուս հետ «պրագուլկա» դուրս գալու փաստից: Չուզեցի նրան անհանգստացնել ու, նստելով մի անկյունում, սկսեցի դիտել նրա ուրախ շարժումներով թռչելուն հավասար յուրաքանչյուր քայլը: Ասես երջանկությունից երկնքում լիներ: Հետո մոտեցավ ինձ ու կամացուկ ասաց. «Բայց լավ է, չէ՞, արտասահմանցի լինելը: Տես, հիմա ինձ քեզ հետ զբոսանքի դուրս հանեցին, ու ես դրա համար շատ ուրախ եմ, հավատա»: Գիտեի, որ զարմանալու էր, բայց չկարողանալով ինձ զսպել, նրան առաջարկեցի մեր ունեցած անձնագրերը փոխել, որ ես չճանաչված հանրապետության՝ ԼՂՀ քաղաքացի դառնամ, իսկ նա իմ փոխարեն՝ Ֆրանսիայինը: Աչքերը հոնքերի վրա թռան ու ապշահար նայելով ինձ՝ «հանաք չես անում, չէ՞» հարցրեց: Հանաք չէի անում, անշուշտ, բայց տխրել էի, որ իր բնօրրանի պաշտպանության համար սեփական կյանքը զոհաբերած մի հերոս հայի որբը այսօր պատրաստ է իր հոր և մոր շիրիմները թողնելով՝ հեռանալ հայրենի եզերքից:

Հիշեցի Արցախում անցկացրած իմ լավագույն տարիները՝ թեկուզ պատերազմ էր և մեր զոհերին սգալու ժամանակն իսկ մեզ տրված չէր: Հիշեցի նաև 2008 թ. մարտի 10-ին արցախցի Ռ. Քոչարյանի ինձ ՀՀ-ից հնգօրյա ժամկետում արտաքսելու հրամանի պատճառով Արցախի նախագահից քաղաքական ապաստան խնդրելու առայսօր անպատասխան մնացած դիմումս, և տխրությունս կրկնապատկվեց: Ընկնելով հուշերիս մեջ՝ միտքս եկավ նաև վերջին երեք ամսում Արցախի ՊՆ արխիվներում «ինձ ոչ մի կերպ չհայտնաբերող» ոմանց կրած բարոյական արժեքների և իմ դավանածների միջև եղած տարբերությունը ու, ոտքի կանգնելով, արցախցի բախտակցիս ասացի. «Կարևորը ոչ թե մեր ունեցած անձնագրերն են, այլ մարդու մեր տեսակը: Ավելի լավ կանես, որ թե՛ քո և թե՛ արցախցի յուրաքանչյուր հայորդու ազատության մասին մտածես»: Ու միասնաբար քայլեցինք դեպի մեր բանտախցերը:
 
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ

 

ՄԱՐԴԻ՛Կ, ՄԻ՛ ԽԱԹԱՐԵՔ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ

Այս հոդվածը գրել եմ երկու տարի առաջ: Ցավոք, այն այսօր էլ այժմեական է: Որոշ փոփոխություններ կատարելով, տպագրում եմ այն: Գժի մեկը քար գլորեց ձորը, հարյուր իմաստուն չկարողացան հանել... ժող. ասացվածք
Տարիներ առաջ առաջին անգամ Արցախ այցելած սփյուռքահայ ծանոթիս հետ փողոցը հատելիս դեմ առանք ականջ խլացնող ազդականչերով անցնող մեքենաների շարասյան: Ծանոթս հանեց ամառային թեթև գլխարկն ու գլուխը հարգանքով խոնարհեց:

- Այդ ի՞նչ ես անում,- ասացի՝ ծիծաղս հազիվ զսպելով,- հարսանքավորներ են:
- Ինչպե՞ս թե,- զարմացած նայեց ինձ,- ասիկա հուղարկավորություն չէ՞...
- Չէ, նորապսակներին տանում են հուշահամալիր, եղբայրական գերեզմանոց՝ զոհվածների հիշատակը հարգելու...
- Մեքենաների այս խելահեղ ոռնոցով զոհվածների հիշատակ հարգելո՞ւ...

Ծանոթս իրավունք ուներ զարմանալու: Դեռ անցյալ դարի սկզբներից մեքենաների ազդականչերը, գործարանների շչակների ձայնը դժբախտ պատահարի նշան են: Ազդականչերով ավտովարորդները սովորաբար վերջին հրաժեշտն են տալիս վախճանված իրենց ընկերոջը:
Դժվար է ասել, թե ով է այն «խելոքը», որ ավտոմեքենայով նորապսակներին ուղեկցելիս առաջին անգամ միացրել է իր ավտոյի «սիրենան», որին հետևել է մի ուրիշը և... այս տխմարությունը մեզ մոտ դարձել է «ավանդույթ»: Դեռ ավելին՝ նորապսակներին իր ավտոմեքենայում նստեցրած մի այլ պակասամիտի գլխի փչել է պտույտներ գործել Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ստ. Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակի շուրջ, ու դարձյալ բազմաթիվ հարսանքավորներ յուրացրել են նաև այս հիմարությունը: Եվ մեկը չի հարցնում նրանց՝ ինչո՞ւ եք պտույտներ գործում, պուրակը սրբավա՞յր է, մատաղացո՞ւ եք տանում...

Հարսանքավոր ավտոմեքենաների այս ողջ շքախումբն ի վերջո պարտադիր անցնում է Արթուր Մկրտչյան և Բաղրամյան փողոցներով, ուղևորվում դեպի Հուշահամալիր: Եվ այս թաղամասում ապրող հազարավոր մարդիկ ստիպված են լինում պարբերաբար լսել զանազան մեքենաների ազդականչերի խլացուցիչ ձայնը, որ մերթ հիշեցնում է շների «հա՛վ-հա՛վ», մերթ մլավոց կամ ժանգոտ երկաթի ձայն:
Ի դեպ, վաղուց հայտնի է, որ այդ կարգի «սիրենաները» հատուկ արտադրում են հետամնաց տարածաշրջանների երկրների համար, այդ թվում՝ կովկասյան պետությունների... Արևմուտքում ամենահիմար ավտովարորդն անգամ հազիվ, թե ցանկանա որպես իր ավտմեքենայի ազդականչ օգտագործել «հա՛վ-հա՛վը», դռան խուլ ճռռոցը կամ խոզի ճղավոցը... Իսկ մեզ մոտ զզվելի այսպիսի վայնասունով հարսանքավորները գնում են պատերազմի նահատակների «հիշատակ հարգելու»:

Վերջերս ընկեր-բարեկամներից մեկի տանը, սգո սեղանի շուրջ նստած, հարգում էինք վաղաժամ կյանքից հեռացած ընկերոջ հիշատակը: Այդ պահին փողոցից լսվեց ավտոմեքենաների ոռնոցը: Ընկերների, ծանոթ-բարեկամների հետ զրույցից գիտեմ, որ շատ-շատերը բացասաբար են վերաբերվում հայկական ավանդական հարսանքի հետ կապ չունեցող այդ գռեհկությանը: Բայց որ կարեղ եմ լսել հայհոյանքներ նրանց հասցեին, չէի սպասում: Լսածս ամենամեղմ խոսքերը «զահուրմարն» ու «շան որդիներն» էին:
Երբ մի օր փողոցով անցնելիս առաջին հարկի պատշգամբից լսեցի տարիքով մի կնոջ անեծքը, հարցրի՝ ինչո՞ւ եք այդպես ասում: «Բա ի՞նչ անեմ, թոռանս մի կերպ քնեցնում ենք, այս անիծվածներն իրենց զռռոցներով գալիս արթնացնում են երեխային»,- պատասխանեց նա:

Մի օր երբ թոշակառու և միջին տարիքի մի խումբ տղամարդիկ շենքերից մեկի մոտ խաղողենու շվաքի տակ շախմատ էին խաղում, ավտոմեքենաների ամենախայտաբղետ շչակների զիլ աղմուկով դարձյալ հարսանքավորների շարասյուն անցավ: Թաղամասի հարգված մարդկանցից մեկին՝ Յաշա Ղազարյանին հարցրի.
- Ի՞նչ կարծիքի եք այս «ավանդույթի» մասին:
- Շատ վատ: Նախ՝ դա պետք է խստորեն արգելվի պետավտոտեսչության կողմից, քանի որ երթևեկության կանոնների կոպիտ խախտում է, հետո էլ՝ մի՞թե կարելի է մեքենաների այդպիսի ոռնոցով խուժել հուշահամալիր, իբր թե՝ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին,- ասաց նա:- Հարգանքը պետք է սրտից ու հոգուց բխի: Հարյուրավոր երիտասարդներ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր հողի ազատության, անգամ չէին հասցրել ամուսնանալ: Իսկ սրանք այսօր վայրենի աղմուկով խանգարում են զոհված մեր քաջորդիների հանգիստը: Այդտեղ հարգանքի նշույլ չկա: Նրանք հուշահամալիր են գնում լուսանկարվելու և վիդեոներով «հավերժանալու» համար… Եթե սիրտները լուսանկարվել է ուզում, ավելի լավ է հանգիստ թողնեն նահատակված մեր տղաներին ու գնան քաղաքի որևէ տեսարժան վայրում նկարվեն: Ավտոմեքենաների ոռնոցով զոհերի հիշատակ չեն հարգում: Դա անբարոյականություն է և կապ չունի հայկական ամուսնության գեղեցիկ ավանդույթների հետ…

Հետաքրքիրն այն է, որ ավտոմեքենաների այդ աղմուկ-աղաղակը գրեթե ամեն օր և մի քանի անգամ լսվում է կառավարական շենքերի մոտ: Ավտոմեքենաները ազդականչերի վայրենի աղմուկով, ասես, դիտմամբ, ձեռ առնելով, պտույտներ են գործում Կառավարության քթի տակ գտնվող կլոր պուրակի շուրջ: Ու հասարակական կարգի և երթևեկության կանոնների խախտման համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկում օրինախախտներին:
Բայց, գրողը տանի, եթե մենք իսկապես պետություն ենք և մեզանում հարգի է Օրենքը, այլանդակ այս խեղկատակությունը պետք է վերացվի: Հատկապես երբ այդ անօրինությամբ խախտում են ոչ միայն հազարավոր քաղաքացիների, այլև զոհված մեր քաջորդիների հանգիստը, պղծելով նրանց հիշատակը: Գերեզմանոցը հայերենում անվանում են նաև հանգստարան: Այսինքն՝ վայր, ուր կյանքից հեռացած մեր հայրենակիցներն իրենց հավերժական հանգիստն են անցկացնում:

Ոչ ոք իրավունք չունի ոռնոց-աղմուկով խաթարելու նահատակված մեր հայրենակիցների հանգիստը: Ավտոմեքենաների ոռնոցով նահատակների հիշատակ չեն հարգում: Քաղաքակիրթ երկրներում քաղաքակիրթ մարդիկ զոհերի հիշատակը հարգում են ոչ թե ցուցադրական ոռնոց-աղմուկով, այլ ԼՌՈՒԹՅԱՄԲ (թեկուզ՝ մեկ րոպե լռությամբ): Նորապսակներ, թույլ մի՛ տվեք, որ ձեր մեծ ուրախությունն ուղեկցվի հայհոյանքներով, ծաղրանքով ու անեծքով: Մարդիկ, մա՛րդ եղեք…
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Ազգի ինքնությունը հաստատող գործոններն են՝ լեզուն, հավատը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները, աշխարհիկ և հոգևոր ծեսերը, տոն և հիշատակի օրերը... Այս շարքի՝ աշխարհիկ և հոգևոր ծեսերի մեջ պսակը կամ հարսանիքը կարևորվում է նրանով, որ նորաստեղծ ընտանիքի սկիզբն է հանդիսանում:
Արցախյան պատերազմի հաղթանակից հետո (հաղթանակ, որը ձեռք է բերվել հազարավոր հայորդիների արյան գնով) հույժ կարևոր խնդիր է առաջացել համայն հայության համար՝ վերականգնել հայ էթնոսի արցախյան հատվածի գենոֆոնդը: Թե ինչքանով է դա հաջողվում, դժվար է մխիթարող բառեր գտնելը, բայց, այնուամենայնիվ, բռնագաղթածները, բռնատեղահանվածներն ու ինքնակամ հեռացածները վերադառնում են իրենց բնօրրանները, բազմազավակ ընտանիքների թիվը, թեկուզ շատ դանդաղ, բայց ավելանում է, հարսանիքներն էլ չեն պակասում: Իսկ ինչպե՞ս է կատարվում ժամանակակից հայի հարսանիքը: Սովետական ժամանակաշրջանում, ինչպես հայտնի է, ձևափոխվել են ազգային ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը: Այն իր խորը կնիքն է թողել նաև հայկական հարսանիքի վրա:

Մի կողմից՝ վաղ անցյալի ժառանգությունը, մյուս կողմից՝ հոգևորի զարթոնքը առաջացրել է երկընտրանք՝ պսա՞կ (հոգևոր իմաստով և ավանդական ձևով), թե՞ հարսանիք (աշխարհիկ իմաստով ու խառն ձևով): Վերջերս էլ ինքնաբերաբար՝ առանց որևէ հիմնավորման, ձևավորվում է պսակի և հարսանիքի միախառնման տարբերակը:
Քրիստոնեական եկեղեցում պսակի խորհրդի ժամանակ այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են և ստանում Սուրբ Հոգու շնորհը որով այդ միությունը որպես անխախտ դաշինք, ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար. ունենալու զավակներ և նրանց դաստիարակելու քրիստոնեական ոգով:

Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնության թեկնածու տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված և դրոշմված: Եկեղեցին արգելում է որևէ քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ, բացառությամբ, եթե վերջինս ընդունի քրիստոնեություն:
Փոխադարձ սիրո հիմքը միահավատությունն է, որովհետև հավատքով է աճում մարդկանց հոգևոր կյանքը: Տղամարդը տան գլուխն է, կինը՝ սիրտը, ուստի գլուխն ու սիրտը փոխադարձ համաձայնությամբ, սիրով ու նվիրումով պետք է կապվեն միմյանց հետ:

Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից՝ խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ: Գաղտնի կատարված պսակն անվավեր է: Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է: Եկեղեցին երկու անգամ թույլ է տալիս կատարել Պսակի խորհուրդը. «Կանոն կույսի պսակի» և «Կանոն երկրորդ պսակի»: Երրորդ պսակն անթույլատրելի է:
Պսակի խորհուրդը եկեղեցում կատարելուց հետո հայ քրիստոնյաները, ընդունված ծիսակարգի համաձայն, հավաքվելով հարսանեկան ճոխ սեղանի շուրջ, խնջույք են կազմակերպում և շնորհավորում պսակը:

Պատմական Հայաստանի տարբեր աշխարհներում հարսանյաց ծեսը տարբեր ձևերով է կատարվել: Մեր պարագայում, ժամանակակից արցախցու սուրբ պարտականությունն է՝ պահպանել Արցախ աշխարհում դարերով ձևավորված և հաստատված հարսանյաց ծիսակարգը, այլ ոչ թե տրվելով նորաձևությանը, այն համապատասխանեցնել «եվրոպական չափանիշներին» կամ լատինամերիկյան ոճին: Ի դեպ, եվրոպական ցանկացած քաղաքակիրթ ազգ ունի հստակ արմատավորված պսակի կամ հարսանիքի ծիսակարգ, և դժվար թե իտալացու հարսանիքը շփոթեցվի հարևան հունացու կամ ֆրանսիացու հարսանիքների հետ:

Իսկ մեզ՝ հայերիս մոտ... Արցախում կատարվող հարսանիքների բացարձակ մեծամասնությունը ո՛չ հայկական է, ո՛չ եվրոպական և ո՛չ էլ՝ ասիական: Հայկական կոչվող հարսանիքի տարբեր հատվածներում կարելի է ականատես լինել տարբեր ազգերի ու ցեղերի ու ցեղախմբերի հարսանիքների տարրերի՝ սկսած արաբականից և պապուասականից, վերջացրած վրացականով:
Պատկերացնո՞ւմ եք՝ վրացական հարսանիքում հայկական երգ կամ պարեղանակ հնչի... Խոսքն այն մասին չէ, թե մեր հարևան վրացին մեզ սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում, այլ այն մասին, որ ավանդապահ վրացին հարգում է իր հարսանեկան ծիսակարգը և այն ոչ մի հանգամանքում չի խախտի:

Ի՞նչ անուն տանք այն երևույթին, որ մեր հայկական հարսանիքների ժամանակ կատարվող երգերի գերակշիռ մասը «ռաբիս» կամ ռուսական են, անպակաս չեն նաև «ԺՏսя ՉՏՐՏՉրՍՈя»-ն և նմանատիպ «գողական» երգերը: Չմոռանանք՝ «Հաբիբին»: Իսկ հարսանիքներում հանդիպվող անհեթեթություններով՝ սկսած սեղանապետի՝ «ներս ենք հրավիրում հարսնաքույրին, հարսի ծնողներին, փեսայի ծնողներին, քավորին-քավորակնոջը», վերջացրած խորովածի և հարսանյաց տորթի կենացները հատուկ խմելը, բա «հարս ու փեսայի առաջին տանգոն», կարող է անգամ այլմոլորակայինի երևակայությունը խաթարել: Իսկ ուրախությունից հասարակական կարգը խախտող, մանկահասակների ու մեծահասակների հանգիստը փչացնող, հիվանդների, տառապյալների ու սգավորների հոգեվիճակն արհամարհող հարսանեկան ավտոշարասյան շչակների արձակած անտանելի աղմուկի էլ չեմ խոսում՝ հարսանիք է, չէ՞, մարդիկ ուրախանում են...

Նորից անդրադառնանք թամադային, ավելի ճիշտ հարսանյաց հանդեսը վարողին՝ այն մարդկանց, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչև հարսանիքը սկսելը անգամ ծանոթ չեն հարս ու փեսայի հարազատներին («շպարգալկային» նայելով են նրանց անունները «հիշում») ու, նախօրոք մշակված սցենարի համաձայն, աղավաղում հայկական հարսանիքը: Հերի՛ք է, պարոնայք:
Ինչպես բանաստեղծն է ասել. «Խմենք, թամադա՛, ես բան չե՜մ ասում, ե՛ս էլ եմ լավը, դո՛ւ էլ ես լավը, նա էլ է լավը...»: Եկեք մենք էլ խմենք, բայց և պահպանենք մեր ազգային ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը:
 
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



ՀԱՌՆԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՍՐԲԱՎԱՅՐ

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն գյուղի մերձակա բարձունքին արդեն երեք հարյուր տարուց ավելի իշխում է գողտրիկ մի սրբավայր՝ Պարին պիժը: Խորհրդային տարիներին անգամ այն ուխտատեղի էր ոչ միայն տեղացիների, այլև այլաբնակ հայերի համար: Մեծշենցիները լեգենդներ են պատմում նրա աստվածային զորության մասին: Նրանք լավ են հիշում նաև 1989-ի սեպտեմբերի 1-ը, այն օրը, երբ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի վերաբացված թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ուղղաթիռով վայրէջք կատարեց սրբավայրի բարձունքում, իսկ շրջափակված և արդեն պատերազմի բովով անցնող բերդաձորցիները ուխտագնացների հավատով շարք բռնեցին սարն ի վեր՝ դեպի Պարին Պիժ, որտեղ նրանք՝ նորածնից մինչև ծերունի, մկրտվեցին՝ օծվելով որպես քրիստոնյա:

Քսան տարի անց՝ 2009 թվականի օգոստոսի 20-ին, կրկին մարդաշատ էր Պարին պիժի բարձունքը: Մոսկվաբնակ մեծշենցի եղբայրներ Յուրա, Ժորա և Սերո Հովհաննիսյանների նախաձեռնությամբ ու հովանավորությամբ վերականգնվել էր բերդաձորցիների ամենազոր սրբավայրը:
Իր ամենատես բարձունքից Մեծ շենին հսկող Պարին պիժ եկեղեցին կառուցվել է 1658 թվականին: Եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Մկրտչյանը պատմում է, որ սրբավայրը կրում է հեթանոս հոր և քրիստոնյա մոր զավակ սուրբ Պանդալեոնի անունը, որը բժշկում էր մարդկանց, ողորմում աղքատներին և դարձի բերում մեղավորներին: Նրա համբավը շարժեց երկրի մյուս բժիշկների նախանձը, որոնք չարախոսեցին կայսեր մոտ: Եվ կայսրը հրամայեց գլխատել բժշկին...

Ըստ ավանդության, հավատացյալները նահատակված սրբի մասունքները տարածել են աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ և եկեղեցիներ են հիմնվել: Այդ մասունքներից մեկն էլ Մեծ շենի նորօծյալ եկեղեցու հիմքում է գտնվում, ինչի պատճառով էլ ուխտագնացները սրբավայր էին գալիս՝ հիվանդների համար առողջություն խնդրելու: Ականատեսները վկայում են, որ սուրբը միշտ էլ ունկնդիր է եղել իրենց աղոթքներին և դրա համար եկեղեցին կոչել են Բարի բժիշկ: Սերնդեսերունդ անցնելով, բերնեբերան փոխանցվելով՝ հարյուրամյակների ընթացքում Բարի բժիշկ անվանումը ենթարկվել է հնչյունափոխության՝ դառնալով հարազատ անուն ժողովրդի համար՝ Պարին պիժ:

Սուրբ Պանդալեոնի եկեղեցին հարազատ վայր է նաև 2000 թվականից Մոսկվայում բնակվող մեծշենցի Հովհաննիսյան եղբայրների համար: Նրանք լավ են հիշում ծնողների հետ այստեղ արված զոհաբերությունները, ուխտագնացությունները, նրանց ցավ էր պատճառում սրբավայրի ավերված տեսքը, որի հեղինակը ոչ միայն ժամանակն էր, այլև թուրքի քանդող ձեռքը: Նույն այդ ձեռքը 1991-ին ավերեց հայաթափված Մեծ շենի Շշադաղ կոչվող եկեղեցին, հանեց Պարին պիժ եկեղեցու անկյունաքարերը, որպես այն գետնին հավասարեցնելու առաջին քայլ: Սակայն սրբավայրը փրկվեց հիմնահատակ ավերվելուց, երբ 1992-ի մայիսին ազատագրվեց Բերդաձորը: Մեծշենցիները, Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցումից հետո, հաճախակի էին քննարկում սրբավայրի վերականգնման հարցը՝ չգտնելով լուծման ուղիներ:

- Եկեղեցին մեզ համար մեծ իմաստ է ներկայացնում: Թե՛ գյուղում, թե՛ Մոսկվայում ապրելու տարիներին մեզ մշտապես մտահոգում էր Պարին Պիժի փլուզումը: Միջոցներ չձեռնարկելու դեպքում այն տասը տարի հազիվ գոյատևեր,- պատմում է բարերար Սերո Հովհաննիսյանը:- Ի վերջո, մեր ընտանեկան խորհուրդը որոշեց նախաձեռնել և ավարտին հասցնել սրբավայրի վերականգնումը:
Հովհաննիսյան եղբայրները վերականգնողական աշխատանքները սկսել են 2007 թվականին: Եկեղեցին վերանորոգվել է հիմնովին՝ դրսից և ներսից, բարեկարգվել է տարածքը: Նվիրաբերված գումարի մասին եղբայրները համեստությամբ լռեցին: Նրանք նորաբաց եկեղեցուն նվիրեցին նաև սրբապատկերներ և քրիստոնեության խորհրդանիշը՝ մեծ խաչը՝ խաչյալ աստվածորդու պատկերով: Հովհաննիսյանները մտածում են սրբատեղի բերող ճանապարհը վերանորոգելու մասին, բայց անհարթ ռելիեֆն ու տեղումները մշտական ուշադրություն և աշխատանք են պահանջում:

ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը մայրական արմատներ ունի Մեծ շենում և շնորհակալ է բարերաներին այդպիսի մեծ գործ ձեռնարկելու համար: Նա համարում է, որ պետք է մշտապես գնահատել ժողովրդի իրական արժեքները, ինչպես արել են Հովհաննիսյան եղբայրները: «Մեր ժողովրդի մի մասնիկը Աստծո ճանապարհն է բռնում, վերադառնում ենք մեր ակունքներին, որը կնպաստի չարից ու բացասականից հեռու մնալ»,- ասում է նա: Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը կարևորեց այն հանգամանքը, որ նման ծավալի գործը կատարվել է առանց պետական միջամտության՝ բարերարությամբ. «Ժողովուրդը ևս մեկ անգամ ականատեսը եղավ բարերարության մեծ նշանակությանը: Տարածքում գործող եկեղեցու առկայությունը, կարծում եմ, կխթանի նաև գյուղերի վերաբնակեցմանը»,- հույս հայտնեց ղեկավարը:

Այդ օրը եկեղեցում իշխողը բուրվառի զնգոցն էր, խնկաբույրը, անհաշիվ մոմերի բեկբեկուն կրակները և աղոթքն առ Աստված, որը հղում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հավատո առաջնորդը սրբալույս մեռոնով օծեց եկեղեցու բոլոր անկյունները, ապա մատուցվեց առաջին պատարագը, որին հաջորդեց բարերար եղբայրներից Յուրա Հովհաննիսյանի, նրա երկու քույրերի և ազգակցի մկրտության արարողությունը:
Սրբազանի՝ խորանի բարձրահարթակից հնչող խոսքը սրտառուչ էր՝ որպես «հավիտյանս հավիտենից»-ով հաստատվող աղոթքի շարունակություն. «Այսօր տոն է Արցախ աշխարհում. Հովհաննիսյան եղբայրների նախաձեռնությամբ և միջոցներով վերակենդանացվել է հավատի մի տաճար՝ սուրբ Պանդալեոնի անվան եկեղեցին: Ուրախ եմ, որ արցախցին վերանորոգում է ոչ միայն իր տունը, գյուղը, քաղաքը, այլև սրբավայրը, որը դառնում է միջնորդ մեր և Աստծո միջև»:

Արածի կարևորությունը գիտակցող մարդկանց համեստությամբ քչախոսում են Հովհաննիսյան եղբայրները, սակայն նրանց աչքերում առկայծող գոհունակության շողերն անթաքույց էին: «Հոգու թեթևություն եմ զգում»,- հուզմունքով խոստովանում է Սերո Հովհաննիսյանը:
…Իսկ հոգու թեթևություն զգում է նաև ութսունամյա մեծշենցի Եփրեմ պապիկը. «Տեր Աստված, գոհ եմ քեզնից, որ տեսա այս օրը»,- առ երկինք հղեց նա:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ հոբելյանական տարեդարձի նախաշեմին, Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղում վերաբացվեց Սուրբ Պանդալեոնի եկեղեցին կամ Պարին պիժը՝ դառնալով Արցախի 41-րդ օծյալ սրբավայրը: Իր աստվածամերձ դիրքից նա կշարունակի ունկնդրել ուխտագնացների աղոթքները ևս դարեր, առմիշտ, հավիտյանս հավիտենից:
 
ԱՐՄԻԴԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1. ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ

Դպրոցական առաջին զանգը հնչեց նաև Ասկերանի շրջանի Դաշուշեն (Քարաշեն) գյուղի Վազգեն Օվյանի անվան դպրոցում:
Նոր ուսումնական տարվա առթիվ կազմակերպված միջոցառմանը ուսուցչական կոլեկտիվից ու սովորողներից բացի ներկա էին աշակերտների ծնողները, Արցախի բանակի հակաօդային պաշտպանության և սակրավորական զորամասերի սպաներ ու զինվորներ, հյուրեր՝ մայրաքաղաք Ստեփանակերտից:

Միջոցառումը բացեց և նոր ուսումնական տարվա ու գիտելիքների օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը: Շնորհավորանքի խոսք ասացին գյուղապետ Ռուդիկ Ասլանյանը, Պաշտպանության բանակից հրավիրված սպաներն ու զինվորները:

Ընդհանուր առմամբ այն միտքը հնչեց, որ դպրոցական նման գեղեցիկ շենք, ցավոք, Արցախի շատ քիչ գյուղերում կան: Փոքրիկ գյուղի համեստ այդ կրթօջախն ու բոլոր կողմերից բնակավայրը շրջապատող անկրկնելի բնությունը պատանի դաշուշենցիներին պարտավորեցնում են լավ սովորել և արժանի զավակը լինել հայրենի գյուղի:

Դպրոցի տնօրենը կոլեկտիվի և սովորողների անունից խորին շնորհակալություն հայտնեց արցախյան բանակի վերոհիշյալ զորամասերի սպաներին ու զինծառայողներին՝ դպրոցական շենքի վերանորոգման աշխատանքում և, ընդհանրապես, ցանկացած հարցում դպրոցին աջակցելու համար:
 



Վերջին էջ

ԱՐՁԱՆԸ

Երբ նա պաշտոն ստացավ, նրա բոլոր ծանոթներն, ընկերներն ու բարեկամներն ուրախացան: Նրանք բոլորը մտածեցին, որ վերջապես բախտը ժպտաց, իրենք էլ թիկունք կունենան: Իսկ ամենից շատ ուրախացավ նա. վերջապես բոլորը կիմանան, թե ով է ինքը: Աշխարհում ամենաշատը ինքն էր իրեն տեսնում, և առաջինը հենց նա հասկացավ, թե ով է ինքը: Եվ իր մեծության գիտակցությունից ու իր անգերազանցելիության բարձունքից նա կամաց-կամաց սկսեց ամաչել իր մեծությանն անհամապատասխան ընկեր-բարեկամների համար:

Գրողը տանի, մի՞թե սրանց հետ էի նստում-վերկենում,- մտածեց նա: Հետո սկսեց ամաչել իր հարազատների՝ ծնողների ու քույր-եղբայրների համար և ամեն կերպ ձգտում էր խուսափել նրանց հանդիպելուց: Եվ հարազատներին փոխարինեցին իր ստորադրյալները, իսկ ընտանիքը փոխարինվեց աշխատավայրով:
Սկզբում նա ամեն օր տեսնում էր իր աշխատակիցներին, բայց երբ սկսեց ամաչել նաև իր ստորադրյալների համար, նրա «բարի լույսի» և «բարի գիշերի» միակ արձագանքողը դարձավ քարտուղարուհին, որ ժամանակին թեյ ու սուրճ, շոկալադ ու թխվածք էր մատակարարում իրեն, պատասխանում հեռախոսազանգերին:

Նա սկսեց ավելի ու ավելի հազվադեպ տուն գնալ: Աշխատավայրում սենյակներից մեկը դարձրեց ննջարան, և շենքից դուրս էր գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ տոն օրերին, որպեսզի մարդիկ տեսնեն իրեն: Իսկ օրվա, շաբաթվա, ամիսների ու տարիների մյուս բոլոր ժամերին քարտուղարուհին աստիճանաբար սակավացող հեռախոսազանգերին պատասխանում էր. «Նա խիստ զբաղված է...»:
Նա ոչ մեկին այլևս չէր սիրում, չէր սիրում ընկերներին ու բարեկամներին, անգամ հարազատ երեխաներին ու կնոջը: Աշխարհում նա սիրում էր միայն մեկին՝ իրեն, նա հարգում էր միայն մի մեծություն. այդ մեծությունն ինքն էր:
Կամաց-կամաց նա մոռացավ բոլորին, ու բոլորն էլ աստիճանաբար մոռացան նրան:

Առավոտից երեկո նա անշարժ նստում էր իր աշխատասենյակում՝ գրասեղանի հետևում, թեյ ու սուրճ խմում, հեռուստացույց դիտում և պարտականություններն անբավարար կատարելու համար կոպտում քարտուղարուհուն:
Անցան տարիներ: Մի օր ինչ-որ մեկը հանկարծ հիշեց նրան և այդ մասին պատմեց իր ընկերոջը: Վերջինս էլ մի ուրիշին պատմեց, սրանք էլ՝ այլոց, ու մարդիկ հիշեցին նրան:
Մարդկանց ամբոխը պաշարեց այն շենքը, որի ամենավերին՝ իններորդ հարկում գտնվում էր նրա աշխատասենյակը: Երբ մարդիկ խուժեցին նրա աշխատասենյակը, զարմանքից սառեցին. գրասեղանի հետևում նստած էր մի քարե արձան: Փոքրիկ մի աղջիկ մոտեցավ և ծաղիկներ դրեց արձանի դիմաց: Հետո երկու հաղթանդամ տղամարդ արձանն աթոռով բարձրացրին և դրեցին սեղանի վրա, որ այդ պահին քարացավ և դարձավ պատվանդան:
Հաջորդ օրը հուշարձանը տեղադրվեց քաղաքի տեսարժան վայրերից մեկում: Իսկ պատվանդանի վրա ընդամենը մի բառ էր գրված՝ «Պաշտոնյան»:

* * *
Անցավ մի տարի: Մարդիկ մոռացան նաև արձանին: Անցնում էին մոտով՝ առանց նվազագույն ուշադրության արժանացնելու: Ասես այն արձան էլ չէր, այլ չորացած ու անպետք մի կոճղ կամ քարե տձև մի անհեթեթություն:
Սակայն մի օր այնպիսի բաներ սկսեցին կատարվել, որ մարդիկ երազում անգամ չէին կարող պատկերացնել:
...Արձանը սկսեց խոսել: Սկզբում կողքով անցնող թափառական շների ու փոքրիկների վրա էր մատ ճոճում և լեզու ցույց տալիս, հետո սկսեց նկատողություն անել ու բղավել մեծահասակների վրա: Այնուհետև նա հանկարծ իջավ իր աթոռից, այն գլխիվայր շուռ տվեց ու դարձրեց ամբիոն և սկսեց ճառել: Խոսում էր իր մասին, հետո անցավ քաղաքականությանը, սակայն դարձյալ խոսում էր իր մասին:

Մարդիկ սկզբում բան չհասկացան, բայց հետո կամաց-կամաց սկսեցին ըմբռնել, որ մարդ-արձանը հերոս է, իսկ իրենք տարիներ շարունակ գլխի չեն ընկել այդ հասարակ ճշմարտությունը:
Մի քանի հոգի մոտեցան ու ծաղիկներ դրեցին Արձանի պատվանդանին: Վերջինս արհամարհանքով նայեց ծաղիկներին ու ասաց, որ աշխարհում բոլորը՝ մարդիկ, ծաղիկները, ինչպես նաև աստղերն ու լուսինը իրեն են պարտական իրենց գոյությամբ:
Եվ մարդիկ բաժանվեցին մի քանի խմբերի. մարդիկ, ովքեր կարծում էին, թե բան են հասկանում Արձանի ասածներից, մարդիկ, ովքեր ոչինչ չէին հասկանում այդ ամենից և մարդիկ, ովքեր ընդհանրապես թքած ունեին Արձանի և ամեն ինչի վրա:
Ժողովուրդն աստիճանաբար մոռացավ իր հոգսերը, մոռացավ, որ թշվառ ու աղքատ է, դաժանաբար խաբված ու անարգված, և քաղաքականությունը կամաց-կամաց խուժեց մարդկանց խոսքուզրույցի մեջ, բաց ու փակ դռներից, պատուհաններից և անգամ երդիկներից ու ծխնելույզներից քաղաքականությունը մտավ մարդկանց տները...

Երկիրը հեղեղվեց կուսակցություններով ու միություններով, խմբակներով ու խմբավորումներով: Կուսակցություններ ու ընկերություններ սկսեցին ստեղծվել նաև մարդկանց բնակարաններում: Քաղաքական տարբեր բևեռներում հայտնվեցին կին ու ամուսին, մայր ու որդի, քույր ու եղբայր, պապ ու թոռ, մանուկներն անգամ մանկապարտեզներում սկսեցին «քաղաքականություն» խաղալ և բողոքի ցույցեր ու հանրահավաքներ էին կազմակերպում դաստիարակների տիրապետության դեմ, ահաբեկչական գործողություններ ու հեղաշրջման փորձեր անում...

Երկիրն, ի վերջո, բաժանվեց երկու մասի՝ քաղաքացիներ, որ սատարում են Արձանին և մարդիկ, ովքեր Արձանի մասին այնքան են մտածում, որքան, ասենք, մայթերի եզրերին շարված «բորդյուրների» մասին:
...Ու մի օր, երբ քաղաքականության բացիլներով վարակված երկրի վրա սկսեցին գորշ ամպեր կուտակվել, ոչ ոք այդպես էլ չնկատեց, որ այդ ամենի պատճառը՝ Արձանը, գիշերն իջել է իր պատվանդանից ու փախել երկրից...
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Համարի ասույթը

Ղեկավարների մեծ մասը, նստելով բարձր աթոռի, այնպես է սոսնձվում նրան, որ հաճախ հնարավոր չի լինում մարդն ու աթոռն իրարից պոկել: Նրանք այնպես են կպչում աթոռին, ինչպես ժանգը՝ երկաթին:


Ամսվա ասույթը

Ցավալի ու սարսափելի է, երբ ինչ-որ բան փլուզվում է, բայց դու ոչինչ չես կարող անել՝ փրկելու համար: Իսկ առավել ողբալին ու սարսափելին այն է, երբ փլուզվողը սեփական երկիրդ է, քո տունը, քո Հայրենիքը:

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ