Գլխավոր » 2010 Փետրվար N2(15) /1
2010 Փետրվար N2(15) /1
12:33

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 

1988-Ի ՓԵՏՐՎԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փետրվարը հայերիս համար անմոռաց իրադարձություններով հարուստ ամիս է։ Վերջին երկտասնամյակում այդ ամսում տեղի ունեցան ոչ միայն հերոսական, այլև ողբերգական դեպքեր։ Փետրվարի ամենանշանակալից հերոսական իրադարձությունն անկասկած 1988-ի փետրվարի 13-ի առաջին ցույցն էր՝ Ստեփանակերտում, երբ ղարաբաղցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ Ստեփան Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակից ցուցապաստառներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...

Փետրվարի 13-ի սովորական այդ օրը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Մնացած բոլոր իրադարձություններն այդ օրվա տրամաբանական շարունակությունն են։ Արցախում այդ շարունակությունը փետրվարի 20-ի ԼՂ մարզխորհրդի նստաշրջանն էր, որտեղ որոշում ընդունվեց՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին։

Իսկ Ադրբեջանում փետրվարի 13-ին սկիզբ առած ազգային ոգու արթնացման արձագանք-շարունակությունը սումգայիթն էր, որը կանխորոշեց իրադարձությունների հետագա ընթացքը։ Մենք հաստատ մնացինք խաղաղ ճանապարհով մեր նպատակին հասնելու մարտավարությանը՝ խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ, բաց ու փակ նամակներ՝ Ռուսաց թագավորին։ Ազերիները նույնպես հաստատ մնացին իրենց ազգային բնույթին՝ 1915 թվականի եղեռնագործ յաթաղանով և 1988-ի սումգայիթի ոճրագործ թաթերով արյան մեջ խեղդել հայերի ազատատենչ ոգին...

Վերջին 22 տարում ոչինչ չի փոխվել։ Ազերի թուրքը երազում է Արցախը հայաթափելու մասին, հայերս պատրաստ ենք հարկ եղած դեպքում կրկին արժանի հակահարված տալու թշնամուն։ Սակայն այս ամենին վերջին տասնամյակում ավելացել են միջազգային միջնորդական առաքելությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, ովքեր բոլորիս հավատացնում են, թե լծված են հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման վեհ գործին։ Հայ և ազերի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպվում, բանակցություններ տարվում...

Մյուս ճամբարում թուրքն իր բնույթին հավատարիմ, առավելագույնը կորզելու համար պահանջում է ամեն ինչ, իսկ հայկական կողմում, ահա, որոշ փոփոխություններ են կատարվել՝ պատերազմի դաշտում երկրին հաղթանակ ու ազատություն բերած հերոսական ոգին փոխարինվել է պարտվողական, գետնաքարշ ու դիլետանտ դիվանագիտությամբ, որ բանակցասեղանին աստիճանաբար տանուլ է տալիս այն ամենը, ինչ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք է բերվել։ Մի քանի տարի առաջ մեր, այսպես կոչված, խոշոր քաղաքագետ-դիվանագետներից մեկը հայտարարել է, թե մենք պիտի ընդունենք միջնորդների ներկայացրած բոլոր այն փաստաթղթերը, որն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Եվ մենք ընդունել ենք դրանք, այդ թվում՝ «մադրիդյան սկզբունքներ» կոչվածը, չհասկանալով, որ երբ վաղը Բաքուն ևս ընդունի դրանք, մենք մնալու ենք ձեռնունայն, կոտրած տաշտակի առջև...

Եվ այսօր մենք քաղում ենք հայ դիվանագիտության ցանածի դառը պտուղները։ Մի կողմում ազերի-թուրքն է, մյուս կողմում՝ հայ ողորմելի դիվանագիտությունը, մեջտեղն ԱՐՑԱԽԸ՝ մենք և մեր լեռները։
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տված ճակատին՝
Միտք է անում տխրադեմ
Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ...

Թումանյանի այս տողերն ասես արցախյան գյուղերի մասին են գրվել։
Որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը... Հայրենիքը սկսվում է մեր ծննդավայրից, այն տնից, որտեղ ծնվել ու առաջին բառերն ենք թոթովել, այն բնակավայրից, որտեղ անցել է մեր մանկությունը, պատանեկությունը...

Մեր շատ գյուղեր այսօր, ցավոք, կործանման եզրին են։ Չկարողանալով դիմանալ սոցիալական ու բազում այլ խնդիրների ծանրությանը, շատ երիտասարդներ բռնում են մայրաքաղաքի ճանապարհը՝ աշխատանք ու ապրուստի միջոցներ գտնելու հույսով։ Իսկ ոմանք այստեղ ևս չգտնելով փնտրածը, մեկնում են օտար ափեր՝ ռուսաստաններ և այլուր...
Ղարաբաղյան խնդիր, այսպես կոչված՝ բանակցություններ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, միջնորդ կոչված պարոններ, որ տուրիստների պես ֆռֆռում են մեր շուրջ, փորձում ինչ-որ սկզբունքներ համաձայնեցնել, պարապ հայտարարություններ անում հակամարտության լուծման ժամկետների մասին։ Իսկ մենք հանգիստ սպասում ենք, թե հետո ինչ է լինելու։
 
Հետո եթե դիտորդների պես պարապ նստենք ու սպասենք, մեզ համար ոչ մի լավ բան էլ չի լինելու։ Ուզում ես տերը լինել քո տան, քո հողի և քո երկրի՝ շենացրո՛ւ, հզորացրո՛ւ երկիրդ, վերաբնակեցրո՛ւ լքված ու անտերության մատնված հողերդ։ Դա է միայն հարցի լուծումը։ Իսկ հակառակորդը, թշնամին թող ոռնա, որքան ուզում է։ Եթե հասկանա, որ ուժեղ ես և քո տանն ապրում ես տանտիրոջ հաստատակամությամբ, մի օր կհոգնի և վերջ կտա հոխորտանքին։

Մերազգի ղեկավարը միջնորդ կոչեցյալներին տարել, ցույց է տվել ազատագրված անտեր տարածքներն ու հպարտորեն հայտնել, թե՝ հակառակորդը ստում է, այդ հողերը մենք չենք վերաբնակեցնում... Մինչդեռ նա պիտի ամաչեր դրանից, որովհետև դա անգործության, անհեռատեսության արդյունք է։ Իսկ մեր թշնամին մի քանի ամսում անմիջապես կվերաբնակեցներ անգամ զավթած յուրաքանչյուր հողակտոր։
Տարածաշրջանում, մեր հայրենիքում խաղաղության պահպանման միակ իրական գրավականը մեր ՈՒԺՆ է։ Միայն ու միայն մեր ուժը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր, բոլո՛ր ոլորտներում։

 

Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Կիևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Ի թիվս այլ հրավիրյալների, Ահմեդ Դավութօղլուն նույնպես մասնակցել է Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել է ՀՀ նախագահին և կարծիքներ փոխանակել նրա հետ:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և Հայաստանը համարում է, որ առկա գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենկարճ ժամանակահատվածում, այլապես ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից: ՀՀ նախագահը կրկնել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում՝ Թուրքիայի ներգրավածությունը անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին և մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը, պետք է առաջինը քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն և տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրութունները, ապա որևէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջև»,- իր զրուցակցին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Կիև էր մեկնել մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը:
news.am


ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը, որով սահմանվում է մինչև ուժի մեջ մտնելը ստորագրված պայմանագրերի դադարեցման ընթացակարգը, և որը, մասնավորապես, առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցման հնարավորությանը։
Կառավարության ներկայացրած օրինագծին դեմ քվեարկեց միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը։ Մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց. «Մենք գտնում ենք, որ օրենքը ունի բազմաթիվ լրամշակումների կարիք, և քանի որ սա ընդամենը կիսաքայլ է, իսկ մենք կողմ ենք իսկապես համարձակ, խիզախ և ազգային շահերից բխող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության, և չենք ընդունում կիսաքայլերը»։

Կառավարությունը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անցյալ տարվա դեկտեմբերին արձագանքելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու՝ Թուրքիայի փորձերին, հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է վավերացման գործընթացը, սակայն նախապատրաստվում է նաև արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանը։



Իրանը իր տեսակետն ունի ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, ուստի մենք, վստահաբար, մեր նկատառումներն ու տեսակետն ունենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ»,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիանը։
Դեսպանը չհստակեցրեց, թե խաղաղապահ ուժերում հատկապես որ երկրի մասնակցությունն է Իրանի համար անընդունելի։ Նա նաև չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ասելով, քանի որ, ինչպես հայտնի է, Իրանը սահմանակցում է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղի տարածքին, այլ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջեբրայիլի, Ֆիզուլու և Զանգելանի շրջաններին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս ընթացքին, դեսպանը նշեց, թե Իրանը կարևորում է տարածաշրջանում առկա լարվածության բոլոր օջախներում իրավիճակի մեղմացումն ու խնդիրների կարգավորումը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ Իրանցի դիվանագետի խոսքերով, Իրանը դեռևս ղարաբաղյան հակամարտության սկզբից է ջանքեր ներդրել խաղաղություն հաստատելու համար։
«Ղարաբաղյան պատերազմում առաջին երկու հրադադարները հաստատվել են նաև Իրանի շնորհիվ, երբ մեր երկրի նախագահն էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, իսկ Հայաստանի նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց դեսպան Սաղիղիանը։

Դեսպանը նշեց նաև, որ Իրանը ողջունում է այս խնդրի կարգավորմանը միտված ցանկացած միջազգային նախաձեռնություն, այդ թվում՝ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Թեհրանն ամբողջությամբ կողմ է երկու երկրների միջև սահմանի բացմանը։
Անդրադառնալով իրանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ դեսպան Սաղիղիանը դրանք որակեց իբրև Արևմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահագների և Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված սադրանքի հետևանք։



ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նոր նշանակում է ստացել: Այսուհետև նա չի ներկայացնելու Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում: Երեկ այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նեստերենոկն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է ոչ թե այդ խմբում ներկայացուցչի կողմից, այլ Ռուսաստանի նախագահի:

«Ազգը» տեղեկացրել էր այն լուրերի մասին, թե ռուսաստանցի համանախագահի պաշտոնում նոր դիվանագետ է նշանակվելու: Որ Յուրի Մերզլյակովը դադարելու է Ռուսաստանը ներկայացանելուց Մինսկի խմբում, հայտարարել էր հենց ինքը՝ համանախագահը: Այդուհանդերձ, փաստացի իրականություն չի կարող լինել այն տեղեկությունը, թե նոր համանախագահը կնշանակվի ամռանը: Սակայն նախապես նշվող թեկնածությունը՝ ի դեմս Մոզամբիկում Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովի, դեռևս չի հաստատվում, ինչպես նաև չի տեղեկացվում, թե հատկապես ինչ նշանակում է ստացել Յուրի Մերզլյակովը: «Ազգ»


Հայաստանում գազի սակագինը ապրիլի մեկից կթանկանա:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 26-ին քննարկման էր դրել գազի սակագնի բարձրացման «Հայռուսգազարդ»-ի հայտը: Ընկերությունն առաջարկում էր ապրիլի 1-ից 1 խմ գազի դիմաց սահմանել 136 դրամ սակագին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ ներկայիս 96-ի փոխարեն, իսկ խոշոր սպառողները 1000 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 243 դոլար՝ 215-ի փոխարեն։ Նրանց համար գազի սակագինը թանկացել է ընդամենը 13 տոկոսով:

«...Մեր իշխանությունը գնաց համարձակ քայլի՝ միանգամից 37.5 տոկոսով բարձրացրեց գազի սակագինը: Այս օրերին, երբ Հանրապետության հրապարակը չի դատարկվում, երբ մարդկանց դժգոհ բազմությունները հերթագայում են իրար, առնվազն պետք է քեզ Սասունցի Դավիթ զգաս, որ ժողովրդական դժգոհության նոր օջախ ստեղծես ու չվախենաս դրա հետևանքներից: Իսկ առջևում մարտի 1-ն է՝ օր, որի մասին հիշողությունը հասարակության մեջ չի մարել, և ընդդիմությունը չի էլ թողնելու, որ մարի: Թանկացումներ, մարտիմեկյան անմեղ զոհեր, հարկային սխալ քաղաքականություն, քաղբանտարկյալներ՝ վտանգավոր շարք է, որը կարող է երկրում հեղափոխական իրավիճակի ստեղծման հիմք հանդիսանալ: Պատրա՞ստ է, արդյոք, իշխանությունը նման զարգացման, և ի՞նչ քայլեր է նախատեսել: Մի՞թե կարծում են, որ վախի և հարկադրանքի միջոցները հավերժ գործող են, և հնարավո՞ր է դրանցով զսպել մարդկանց դժգհությունը»:
 «Հրապարակ»


Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանյան ժողովրդավարական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդներից Գարի Կասպարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասում ժողովրդավարության իրավիճակի, և, մասնավորապես, Հայաստանի մասին։
«Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը ազդում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի քաղաքական մթնոլորտի վրա»,- նշել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը՝ հավելելով. «Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անվերջ շահարկել այդ թեման, որպեսզի պահպանեն իրենց իշխանության լեգիտիմության մակարդակը նույնիսկ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները երկրում վերացնելու պայմաններում»։

Անդրադառնալով Հայաստանին, Կասպարովը նշել է. «Հայաստանում իշխանությունը դե ֆակտո պատկանում է նրանց, ովքեր հենվում էին Ղարաբաղում ռազմական ուժի վրա։ Դա ռազմականացված դիկտատուրայի մի այնպիսի տեսակ է, որը օգտագործում է ինչ-ինչ ժողովրդավարական ընթացակարգեր։ Ընդ որում, նաև ակնհայտ է, որ քանի դեռ իշխանական այս կլանը, որը ձևավորվել է ղարաբաղյան այս պատմության արդյունքում, պատրաստ չլինի հեռանալ, իրական փոփոխություններ տեղի չեն ունենա»։
«Վրաստանում իրավիճակը մեծապես պայմանավորված է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներով,- կովկասյան երրորդ պետության մասին իր կարծիքն է հայտնել ռուսաստանյան ընդդիմադիր գործիչը։- Թեև հարկ է արժանին մատուցել Միխեիլ Սահակաշվիլիի իրականացրած բարեփոխումներին, որոնց արդյունքում վրացական պետության կոռումպացվածության և ավտորիտարիզմի մակարդակը կտրուկ կերպով նվազեց, այդուհանդերձ, նման պայմաններում իշխանությունը պետք է ամուր երևա»։

Կասպարովի կարծիքով, ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, որ հարավկովկասյան երկրներում հնարավոր է ներքաղաքական իրավիճակի փոփոխություն, քանի դեռ տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը խոչընդոտող խնդիրները [հակամարտությունները] լուծում չեն ստացել։
 «Ազատություն»



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑ.
ՊԵՏՔ ՉԷ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ ՔՈՂԱՐԿԵԼ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել կապված Սումգայիթի եղեռնագործության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Այսօր, Հայաստանի ավանդական և ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991 թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաև սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում:
Վե՛րջ տվեք լալկանությանը՝ հայ փախստականների կրած վնասների փոխհատուցումն ու նրանց իրավունքների և շահերի գործուն պաշտպանությունն է միակ պատասխանը հակահայկական գործողություններին ու քարոզչությանը: Ուզում ենք հիշեցնել մեր հայրենասեր, հայրենաբաղձ քաղաքական ուժերին ու գործիչներին, պետական այրերին, որ Արցախն անկախության ճանապարհն է ընտրել իր ժողովրդի որոշմամբ, և այդ որոշումը մենք կարողացանք պաշտպանել մեր ողջ ազգի հավաքական ջանքերով: Պետք չէ անգործությունը քարոզչությամբ քողարկել, պետք չէ զոհերի անունը հիշատակելով արցունք թափել, միաժամանակ, հալածելով և ոտնահարելով, անտեսելով և արհամարհելով ողջ մնացած ու փախստական դարձած ադրբեջանահայերի իրավունքներն ու արժանապատվությունը: Բավական է:

Ադրբեջանահայությունը սպասում է կոնկրետ գործողությունների՝ դատարկ խոսքերը հավատ չեն ներշնչում և ձանձրացրել են բոլորին: Ի գործ»: news.am
 
 
1988 թ-ի Սումգայիթյան ջարդերից հետո ավելի քան կես մլն տեղահանված հայերից 360 հազարն ապաստանել է Հայաստանում: Սակայն 22 տարի անց 1200 կարիքավոր փախստական ընտանիքներ, որից 900-ը Երևանում, դեռ սպասում են իրենց բնակարանների վկայագրերին: Նրանց բնակարաններով ապահովելու համար անհրաժեշտ է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ եթե մինչ 2009 թ-ը պետական միջոցներ էին տրամադրվում նրանց բնակարաններով ապահովելու համար, ապա 2010 թ-ի բյուջեից գումար չի հատկացվել (մինչդեռ 2009 թ-ին 815 մլն դրամ էր նախատեսվել, նույնչափ էլ 2008-ին)։
Hetq. am


ՓԱԼՈՈՒՆԸ ԽՈՍԵԼ Է ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվարի 26-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ով Կոնգրեսի հայկական խմբի համանախագահն է, ելույթ է ունեցել Սումգայիթի ջարդերի 18-ամյա տարելիցի կապակցությամբ:
«Այս շաբաթ նշվում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թ. տեղի ունեցած Ադրբեջանի հայազգի քաղաքացիների ջարդերի տարելիցը: Ադրբեջանի քաղաքացիների իրականացրած երեքօրյա բռնություններին զոհ գնացին տասնյակ հայեր, մեծամանությունը կենդանի հրկիզվեցին ծեծի և կտտանքների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր անմեղ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան և հաշմանդամ դարձան: Բռնաբարվեցին կանայք, այդ թվում մանկահասակ աղջիկներ: Ավելի քան 200 բնակարան թալանվեց, տասնյակ մեքենաներ ջարդուխուրդ արվեցին և այրվեցին, տասնյակ արվեստանոցներ և արհեստանոցներ, խանութներ և կրպակներ գետնին հավասարվեցին, և հազարավոր մարդիկ փախստական դարձան»,- ասել է Ֆրենկ Փալոունը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը երբևէ այս հանցագործությունները պատշաճ կերպով չի հետաքննել, իսկ կազմակերպիչներից և իրականացնողներից շատերը պարզապես բաց են թողնվել, որոնցից ոմանք այսօր Ադրբեջանի պառլամենտի անդամ են: Չնայած այս հանցագործությունները կոծկելու Ադրբեջանի կառավարության ջանքերին, այնուամենայնիվ, գտնվեցին համարձակ վկաներ, ովքեր ներկայացրեցին այս հանցանքների ճշգրիտ պատկերը:
«Սումգայիթի ջարդերը պարզապես մի դրվագ է հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի երկար շարանում: Սումգայիթյան իրադարձություններին հետևեց հակահայկակական միջոցառումների ալիք, որոնք ցնցեցին քաղաքը 1988 թ. փետրվարին: Քաղաքի ողջ տարածքը ասպարեզ դարձավ դրա հայազգի բնակչության դեմ զանգվածային բռնությունների համար»,- արձանագրել է ԱՄՆ կոնգրեսականը:

Հարձակումները դարձան հայերի էթնիկ զտումների ավելի մեծ արշավի սկիզբը, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծած պատերազմը: Պատերազմը շուրջ 30 հազար կյանք խլեց, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական դարձավ: Ադրբեջանում շարունակված թշնամական գործողությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ 1992-1994 թթ. տևած ռազմական ագրեսիայի արդյունքում ընդամենը մի քանի տարում վերացավ Ադրբեջանի թվով 450 հազար հայ համայնքը: Ինչպես այս տարվա ապրիլին նշվելու է հայերի ցեղապանության 95-ամյակը, մենք մի պահ կանգ ենք առնում, որպեսզի հիշենք Սումգայիթի հանցագործությունները և ջարդերը, որ իրականացվեցին Ադրբեջանի հայազգի բնակիչների դեմ, ասել է կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոունը նշել է, որ այս տարելիցը մեզ կրկին անգամ հիշեցնում է հայ ժողովրդի կրած պատմական անարդարությունը իրենց ողջ պատմության ընթացքում: Շարունակելով իր խոսքը, նա կոչ է արել Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ իրենց ագրեսիվ դիրքորոշումից, և աշխատել երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն անի ամեն հնարավորը և օգտագործի իր գեոքաղաքական ազդեցությունն ու ուղերձ հղի, հայտարարելով, որ էթնիկ ցեղասպանությունները, ինքնիշխան երկրների անօրինական շրջափակումները և հայ ժողովրդի դեմ անդադար բռնությունները չեն հանդուրժելու:
Lragir.am

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ