ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՆ...
Հիմա չգիտեմ որտեղ է այն նստարանը, որտեղ մի օր ես եմ նստել։ Չգիտեմ որտեղ է այն թխահեր աղջիկը, որ ամեն առավոտ, դասարան մտնելիս, նայում էր ինձ ու ժպտում։ Որտեղ է իմ ուսուցիչը, որ հոր նման խիստ էր, հոր նման բարի։ Ես նայում եմ իմ նախկին ջահել ուսուցչուհուն, որ տատիկ է դարձել արդեն, և նա հասկանում է ինձ։ - Դու էլ ես ճերմակել, սիրելիս,- ասում է։ Ես ուզում եմ վազել ծանոթ միջանցքով, բացել դասարանի դուռը... Մի գանգրահեր պատանի մոտենում է ինձ ու հարցնում. - Ո՞ւմ եք որոնում, քեռի։ Ո՞ւմ եմ որոնում։ Ախր, ինչպե՞ս ասեմ, որ հասկանաս ինձ։ Ես իմ նստարանն եմ որոնում։ Որոնում եմ իմ թխահեր դասընկերուհուն, իմ վաղամեռ ուսուցչին եմ որոնում և իմ ջահել ուսուցչուհուն։ Ես իմ վիշտն ու ուրախությունն եմ որոնում, իմ ոտնահետքերն եմ որոնում այս սանդուղքներին։ Ես, իմ պատանի բարեկամ, քո մեջ ինձ եմ որոնում։
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
|