Գարնանային անձրևների հետ պղտորվում են մեր գետերը։ Դա բնական է։ Անբնականն ու գարշելին այն է, որ այդ պղտոր հեղուկը, ցեխաջուրը, մատակարարվում է սպառողին, Արցախի Հանրապետության քաղաքացուն՝ որպես խմելու ջուր։ Իրեն քաղաքակիրթ համարող ցանկացած երկրի քաղաքացի հազիվ թե ցանկություն ունենա նման ցեխաջրում (տես լուսանկարը) լողանալ։ Արցախում այս ջուրն օգտագործում են ոչ միայն լողանալու, այլև խմելու, կերակուր պատրաստելու համար։ Իրեն քաղաքակիրթ համարող ցանկացած երկրում քաղաքացիներն անմիջապես դատի կտային այն հիմնարկին, որն իրենց այսպիսի «ջուր» է մատակարարում։ Արցախում ոչ միայն դատի չեն տալիս, այլև ջրի մատակարարման հարցով զբաղվող հիմնարկը, տվյալ դեպքում՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն վերջերս ուզում էր կրկնակի բարձրացնել ջրի սակագինը։ Հավելենք, որ եղած սակագինը առնվազն 3-4 անգամ բարձր է... Մեզ մոտ քաղաքացիներին հիմարի տեղ դնելու ցինիզմն էլ է շատ բարձր։ Նորմայից բազմիցս բարձր...
|