Ընդունված է համարել, որ «սումգայիթը» Ադրբեջանի պատասխանն էր՝ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստի որոշման. դիմել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու խնդրանքով։ Իրականում, սումգայիթը խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության, անպատիժ սպանությունների, տեղահանման, էթնիկ զտումների՝ հետևողական, թեև քողարկվա՛ծ քաղաքականության բացահայտ դրսևորումն ու շարունակությունն էր...
«1987 թվականի հուլիսից դեկտեմբեր Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի Կոմկուսի Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը հայ բնակչության վտարման քաղաքականություն էր վարում Չարդախլու գյուղից՝ Խորհրդային Միության երկու մարշալների, երեք հերոսների, հինգ գեներալների հայրենիքից»։ 1987 թվականի հոկտեմբերի 17-ին Ազատություն ռադիոկայանի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը հաղորդում է, որ զորքը շրջապատել և ուղեփակել է Չարդախլու գյուղը։ Նույն Ասադովը 1988 թվականի փետրվարի 14-ին ի լուր ամենքի հայտարարեց, որ «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և սպանդ կազմակերպել»։
Փետրվարի 20-ի որոշումը Արցախի պատասխանն էր Ադրբեջանում տասնամյակներ շարունակ իրականացվող սպիտակ եղեռնին, որին Ադրբեջանն անմիջապես պատասխանեց բռնությամբ։ Հայերին պատժելու և Ղարաբաղից վտարելու կոչերով, փետրվարի 22-ին ադրբեջանական Աղդամ քաղաքի բնակիչների բազմահազար ամբոխը, ճանապարհին ջարդուխուրդ անելով ամեն ինչ, շարժվեց դեպի հայաբնակ Ասկերան, հրահրելով բախում։ Գիտակցաբար քողարկելով ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքը, այսինքն բախման ընթացքում նրանց կողմից յուրայինների սպանությունը, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևը կենտրոնական հեռուստատեսությամբ հայտարարեց Ասկերանում երկու մարդու սպանության մասին, հատուկ ընդգծելով՝ ազգությամբ ադրբեջանցի։
Փետրվարի 26-ին, թերթերում հրապարակվեց ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Հայաստանը պատասխանեց բազմահազար հանրահավաքների դադարեցմամբ։ Ադրբեջանի պատասխանը «սումգայիթն» էր։
1989 թվականին «Զնամյա» ամսագրում տպագրված հոդվածում Ջորջ Սորոսը գրում էր. «Իրականությունից այնքան էլ հեռու չեն ենթադրությունները, որ Ադրբեջանում հայերի առաջին ջարդերը սադրել է տեղի մաֆիան, որը կառավարվում էր Ադրբեջանի պետանվտանգության նախկին ղեկավար Հեյդար Ալիևի կողմից, Միխայիլ Գորբաչովի համար անշահեկան իրավիճակ ստեղծելու նպատակով։
Փետրվարի 26-ին Սումգայիթ ժամանեց Ադրբեջանի կուսակցական ղեկավարությունը՝ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովը, Կենտկոմի քարտուղար Հասանովը և Կենտկոմի վարչական մարմինների բաժնի պետի տեղակալ Ասադովը։ Նույն օրը Սումգայիթում՝ Լենինի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։ Բարձրաբեմին հայտնվեցին, այսպես կոչված, փախստականները Կապանից, որոնք նախապես պատրաստվել էին սումգայիթի դահիճներին հրահրելու համար։ Նրանք բորբոքում էին ամբոխն ակնհայտ սուտ հաղորդումներով, իբր Հայաստանում ադրբեջանցիների հանդեպ բռնություն, վտարում և սպանություններ են իրականացվել։ Հնչեց «Մահ հայերին» կոչը։
Փետրվարի 27-ին սկսվեցին իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից չկանխարգելվող ջարդերն ու սպանությունները։ Ինչպես կպարզվի հետագայում, իշխանությունները պատրաստվում էին հիմնական գործողություններին։
Փետրվարի 28-ին ջարդերն ու սպանություններն ընդունեցին զանգվածային և առանձնակի դաժան բնույթ։ Նախապես պատրաստված մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, դանակներով, հեսաններով զինված ավազակախմբերն անսխալ գտնում էին հայկական բնակարաններն ու ներխուժում։ Մարդկանց սպանում էին իրենց իսկ տներում, բայց ավելի հաճախ դուրս էին հանում փողոց նախքան սպանությունը հրապարակա՛վ նսեմացնելու համար։
Փետրվարի 29-ին քաղաք զորք մտավ՝ զինված դատարկ փամփուշտներով և չխառնվելու հրամանով։ Խորհրդային բանակի զինվորների ու սպայերի աչքի առջև տեղի են ունենում հայերի սպանություններն՝ այլասեռվածության հասնող առանձնակի դաժանությամբ։
ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, 1988, փետրվար»
|