Գլխավոր » 25 նոյեմբերի 2010 թ. N 11 (24)
25 նոյեմբերի 2010 թ. N 11 (24) | 17:35 |
«Երգող շատրվանի» երգը...
Դեռ երեկ ինչպիսի՜ շուքով ու հանդիսավորությամբ նշեցին «երգող շատրվանով» այս պուրակի բացումը։ Ասես առնվազն համազգային իրադարձություն է այն... Այժմ այդ ամենը մնացել է ետևում՝ դառնալով անցյալի հուշ։ Մի քանի շաբաթ է, ինչ «երգող շատրվանն» այլևս չի երգում։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ հիվանդացել է կամ ձայնը խզվել է։ Չէ, պատճառն այլ է՝ ջուր չկա։ Նորակառույց ջրավազանն այսօր շատ ավելի խեղճ ու ողորմելի տեսք ունի, քան հանգուցյալ իր նախորդը։ Անցորդներին են նայում դատարկ ջրավազանի հատակից ցցված մետաղե խողովակներն ու անկենդան լուսարձակները, որ շաբաթներ առաջ պուրակում զբոսնող մեծ ու փոքրերին զմայլում էին իրենց գույներով ու շատրվանող ջրի պարով։
Ի՞նչ է պատահել,- հարցնում են անցորդները,- ինչո՞ւ այսպես եղավ։ Եվ իրենք էլ հաճախ պատասխանում են այդ հարցին՝ «Զարմանալի ոչինչ չկա։ Շոուն ավարտվել է, ամենքն անցել են իրենց բան ու գործին, ինչպես ընտրություններից հետո են ժողովրդին թողնում իր հոգս ու ցավերի հետ և գնում իրենց գործին»։ Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ քարուքանդ արին ու ավերեցին նախկին «Պյատաչոկը»՝ ստեփանակերտցիների սիրելի պուրակն և սարքեցին անճաշակության ու ճարտարապետական անգրագիտության ցայտուն օրինակ հանդիսացող այս ամենը՝ ծայրեծայր սալահատակելով այն։ Պատասխանները բազմազան են ու ոչ միանշանակ, և այդ մասին ավելի լավ է չխոսենք։
|
|