Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Մինսկի խմբի համանախագահներից երկուսին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման հարցում կոչ է անում դրսեւորել սկզբունքայնություն եւ մտահոգություն է հայտնում նրանց կողմնապահության համար:
Հայտարարության առիթն օգոստոսյան իրադարձությունների ու հայ գերի Կարեն Պետրոսյանի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հստակ դիրքորոշումներն են, որոնցում Ադրբեջանը մատնացույց է արվում որպես մեղավոր կողմ, ինչպես նաեւ ընդգծվում է հայ գերու գազանաբար սպանության հանգամանքը:
Ադրբեջանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պահվածքը համարում է «անթույլատրելի ու անբացատրելի» եւ կոչ է անում սկզբունքայնություն դրսեւորել ղարաբաղյան կարգավորման եւ մասնավորապես ՄԱԿ-ի 4 բանաձեւերն իրականացնելու հարցում:
Իսկապես, օգոստոսի սկզբի իրադարձություններից հետո «անբացատրելի» բան կատարվեց: Նախկինում նման լարումների կապակցությամբ միջազգային շահագրգիռ կողմերը տարածում էին հայտարարություններ, որոնք «կողմնապահ» չէին, եւ հավասարության նշան էր դրվում կողմերի միջեւ: Այս անգամ սակայն Մինսկի խմբի արեւմտյան անդամների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արձագանքը հստակ էր եւ մատնանշում էր մեղավոր կողմին:
Սա կապված էր այն բանի հետ, որ առկա էր Ռուսաստանի գործոնը, որն Ադրբեջանին մղելով դիվերսիաների, փորձում էր այդպիսով հող նախապատրաստել Ղարաբաղ զորք մտցնելու համար, հանդես գալով որպես Հարավային Կովկասի «փրկիչ ու միակ նայողը», ինչպես նշում էին ռուս փորձագետները: Սակայն հայկական բանակի հստակ գործողությունները տապալեցին այս ծրագիրը, որին հետեւեց երեք նախագահների Սոչիի անեկդոտային հանդիպումը, որն արդեն ոչինչ չէր նշանակում:
Հայկական բանակի այս գործողությունն, իր հերթին, նպաստեց արեւմտյան համանախագահների հստակ դիրքորոշմանը: Այսինքն, հայկական բանակը համարժեք գտնվեց իրավիճակի տրամաբանությանը, ինչն իր հերթին ունեցավ համարժեք միջազգային արձագանք:
Իր հերթին, Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահ չի արձագանքել եւ դիրքորոշում չի հայտնել, բացի ընդհանուր բնույթի ձեւակերպումներից: Եւ դա բնական է: Ռուսաստանը չէր կարող մեղադրել Ադրբեջանին, քանի որ, նախ, Բաքուն իր դաշնակիցն է, եւ երկրորդ՝ հայկական կողմը տապալել էր իր ծրագրերը: Բացի այդ, կպատռվեր նրա «փրկչական» դիմակը:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը միավորել են իրենց ջանքերը Մինսկի խումբը լուծարելու հարցում: Մինսկի խումբը ներկայիս «ստատուս-քվոյի» ձեւաչափն է, որը ձեւավորվել է պատերազմի արդյունքներով: Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը նշանակում է վերանայել պատերազմի արդյունքները, այսինքն՝ նոր պատերազմ: Դա ձեռնտու է Ադրբեջանին, որն այդպիսով հույս ունի Ռուսաստանի օգնությամբ «վերադարձնել» Ղարաբաղի տարածքները, եւ Ռուսաստանին, որն այդպիսով հույս ունի զորք մտցնել Ղարաբաղ:
Ավելորդ չէ նշել, որ պատերազմի արդյունքների վերանայումը, այսինքն ստատուս-քվոյի փոփոխությունը ձեռնտու չէ հայկական կողմին:
Ընդունված է կարծել, որ ստատուս-քվոն ցանկանում են փոխել արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք բազմիցս հայտարարել են այդ մասին: Այդ մասին հայտարարել է նաեւ Ռուսաստանը: Սակայն, եթե առաջին երկուսը մինչ այժմ բավարարվել են միայն հայտարարություններով, Ռուսաստանը նաեւ կոնկրետ քայլեր է փորձում ձեռնարկել այդ ուղղությամբ:
Բնականաբար, յուրաքանչյուրը ցանկանում է իր շահերի տեսանկյունից «փոխել» ստատուս-քվոն: Այս հանգամանքը հայկական կողմին մանեւրի լայն հնարավորություն է տալիս, որը սակայն առայժմ չի օգտագործվում կամ օգտագործվում է շատ քիչ:
Հայկական կողմը պետք է հիմքում ունենա հենց ստատուս-քվոն՝ պատերազմի արդյունքները, որն ընդունված պրակտիկա է միջազգային քաղաքականության մեջ: Այսինքն, ստատուս-քվոն պետք է լինի բանակցության բազան, որն անձեռնմխելի է: Նման դիրքորոշումը գրեթե անխոցելի կդարձնի հայկական կողմի դիրքերը բանակցային ու այլ գործընթացներում եւ կստանա միջազգային լայն աջակցություն: Դրա օրինակն արդեն կա:
Ղարաբաղի հարցը չի «լուծվելու» Մինսկի խմբի շրջանակներում, այլ՝ առավել խոշոր աշխարհքաղաքական տրանսֆորմացիաների արդյունքում: Հայկական կողմի նման դիրքորոշումը հնարավորություն կտա համարժեք լինել այդ տրանսֆորմացիաներին ու ստանձնել կարեւոր դերակատարություն, ինչն անվտանգության լավագույն ու իրական երաշխիք է:
Իսկ մինչ այդ, Ադրբեջանն ու Ռուսաստանը, եւ հատկապես Ռուսաստանն իրենց քայլերով նպաստում են, որպեսզի հայկական կողմը ձերբազատվի ավելորդ կապանքներից ու «պարտավորություններից» եւ լիովին գիտակցի այս հանգամանքը:
Lragir.am
|