Գլխավոր » Ակնաղբյուրում բացվեցին ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը
Ակնաղբյուրում բացվեցին ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը
16:59

Մայիսի 21-ին «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը, որի քառօրյա այցը արցախյան ծրագրեր գլխավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացեց համայնքի համար կարեւորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը։ Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ։ Ծրագրերը համաֆինանսավորվել են ԼՂՀ կառավարության կողմից։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի կայքը։

Հանդիսությանը ներկա գտնվեցին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հադրութի վարչական շրջանի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։

Շնորհիվ շահագործման հանձնված ջրամատակարարման համակարգի, որը ներառում է վերանորոգված խորքային հորեր, կառուցված երկու ջրամբար եւ վերակառուցված ներքին ցանց, համայնքի 330 բնակիչներն արդեն իրենց տներում ունեն կանոնավոր ջրամատակարարում։

Նորակառույց համայնքային կենտրոնն էլ նոր շունչ կհաղորդի համայնքին։ Այս համալիր կառույցում կենտրոնացված են գյուղապետարանը, 150 հոգու համար նախատեսված միջոցառումների սրահը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակն ու խաղասրահը։ Շենքն ապահովված է էլեկտրական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով։

«Այսօր կրկնակի տոն է մեզ համար։ Գյուղում միաժամանակ երկու ենթակառուցվածք ենք բացում, որոնք էապես փոխում են բնակիչների կյանքը։ Վստահ եղեք, ձեր ապագան այս հողում է»,- բացման խոսքում ասաց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Ակնաղբյուրում բնակվող բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր անձնական գադարանից 3000 գիրք նվիրեց նորաբաց գրադարանին։

Բացման արարողություններից հետո Հիմնադրամի պատվիրակությունն այցելեց Ասկերանի շրջանի Շոշ, Մարտունու շրջանի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերում կառուցվող համայնքային կենտրոններ։ Ուշագրավ է, որ այս կենտրոնների կառուցումը եւս հովանավորում է ֆրանսիայի հայ համայնքն իր ամենամյա հեռախոսամարաթոնների արդյունքում հավաքագրած գումարներով։

«Գյուղական համայնքների տնտեսության զարգացումը, գործընկերային հարաբերությունների խթանումը տեղի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու եւ արտագաղթը կանխելու լավագույն միջոցն է»,- կարծում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը։


Մանրամասներն Այստեղ

 

 

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ