Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարօրինակ հայտարարություն է արել: Թվիթերի իր էջում նա գրել է. «Անհամբեր սպասում ենք ռուսական կողմի հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հարցով: Մենք լի ենք վճռականությամբ՝ Ֆրանսիայի հետ աշխատել խաղաղ կարգավորմանն աջակցության համար»:
Ռուսական կողմի հետ ի՞նչ հանդիպման մասին է խոսում ամերիկացի համանախագահը: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը ներկա է եղել հանդիպմանը, նշանակում է համանախագահները հանդիպելու են Ռուսաստանի իշխանության հե՞տ: Սակայն, արդյոք Ռուսաստանն ունի ավելի մեծ մանդատ ղարաբաղյան կարգավորման հարցում, քան համանախագահությունը Մինսկի խմբում:
Այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը չի կարողանում պատասխանել ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հարցերին եւ նրանց խորհուրդ է տալիս դիմել Ռուսաստանին, որտեղ ներկայում արտաքին քաղաքական որոշումներ են կայացվում Հայաստանի փոխարեն: Հակառակ պարագայում ինչու պետք է ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները հանդիպեն «ռուսական կողմին»:
Հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ Ռուսաստանը ստացել է «մեծ մանդատ», այսինքն՝ Հայաստանն իր իրավասությունը փոխանցել է Ռուսաստանին:
Կա մեկ այլ տպավորություն՝ Ջեյմս Ուորլիքը կարծես փորձում է հայ հանրության ուշադրությունը բեւեռել այն բանին, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ղարաբաղի հարցով ստիպված են խոսել Ռուսաստանի հետ եւ ոչ թե Հայաստանի իշխանության: Եւ որոշումներն ընդունվում են ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/96204