Գլխավոր » ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ | 22:38 |
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը Բեյրութում ՀՀ դեսպանատանը տված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև ազատագրված տարածքների բնակեցման, Արցախի տնտեսության զարգացմանը միտված ծրագրերի մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը հայտնել է, որ Արցախի համար վերաբնակեցումը և հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են: «Մեր այն հայրենակիցները, ովքեր կցանկանան վերաբնակվել ազատագրված տարածքներում, կառավարությունից կստանան հողային հատկացում և վարկային աջակցություն»,- ասել է վարչապետը: Նրա խոսքերով՝ Արցախի համար կարևոր են հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների վերաբնակեցումը, որովհետև այդ տարածքներն ունեն ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն:
Ապա նա ավելացրել է, որ եթե Արցախի կառավարության հնարավորությունները բավարարեին, ապա վերաբնակեցման լայն ծրագրեր կիրագործվեին նաև ազատագրված մյուս շրջաններում:
ԼՂՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, վարչապետը վերջում հայտարարել է, որ Արցախի հարցի լուծումը կախված է Արցախի ժողովրդի և ամբողջ հայության կամքից. «Ինչ կարգի բանակցություններ էլ որ ընթանան, վերջին խոսքը ոչ միայն Արցախինն է, այլև՝ ամբողջ հայությանը»,- շեշտել է նա։
|
|