Գլխավոր » ԱՍՏԵՂԱՅԻՆ ՔԱՈՍ
ԱՍՏԵՂԱՅԻՆ ՔԱՈՍ
10:55
Բյուրականն ամբողջովին շողում էր կապտավուն լույսի մեջ: Նա վեր հառնեց ձյունապատ եղևնուտի խորքից՝ խորհրդավոր իր հմայքով: Եղևնուտի, որը հավանաբար ուներ հիշողություն, որի ստվերում գուցե խմբված քննարկումներ էին արել մեծ աստղագետներ, որի արահետներով քայլել էր Վիկտոր Համբարձումյանը՝ մտքում՝ անծայրածիր-անսահման հեռաստաններում լույսի մասնիկների՝ քվանտների հավերժական ճամփորդությունը՝ սկսած արարման պահից՝ մեծ պայթյունից, աստղասփյուռների անդիմադրելիորեն ձգող խնդիրը, գալակտիկաների կենտրոնների ակտիվության և անկայուն օբյեկտների հանելուկը, տիեզերական այլ առեղծվածներ… Այնքա՜ն գաղտնիքներ ունեն այդ եղևնիներն ու կաղնիները, որոնք ձյան բեռից խոնարհված, համեստորեն մեզ ուղեկցեցին դեպի աստղադիտարանի շենքը: Բարձրացանք աստիճաններով՝ խորին ակնածանքով՝ մտածելով, որ դրանցով երբևէ բարձրացել են Համբարձումյանը, Գուրզադյանը, Մարգարյանը, Ղազարյանը, Միրզոյանը, շատ այլ հայտնի գիտնականներ, Նոբելյան շատ մրցանակակիրներ, էլի ու էլի մեծություններ: Ամեն ինչ հրաշալի էր ու հեքիաթային. շնորհանդես՝ նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում վերջերս գրանցված՝ Բենիամին Մարգարյանի շրջահայությանը, լրագրողական մրցույթի ամփոփում, մրցանակների ու խրախուսագրերի հանձնում, Մարգարյանի աշխատանքների դիտում, այնուհետև՝ հյուրասիրություն…

Որտեղ էլ ահա փշրվեց հեքիաթն, ու մեր դեմ կանգնեց տխուր իրականությունը. արտաքին այդ ողջ հմայքի ու ներդաշնակության խորքում տիրում էր ներքին անհաշտ լարվածություն, որը ոչ միայն չէր թաքցվում, այլև խոսվում էր հատուկ լրագրողների ականջի տակ ու նրանց համար: Խումբ-խումբ հավաքված աշխատողները բարձրաձայն ու կիսաձայն դժգոհում էին: Սկզբում թվաց, թե այն կապված է խղճուկ ֆինանսավորման հետ, ինչն արդարացի կլիներ, կամ պայմանների՝ հին շինության, որը վաղուց արդեն լուրջ գումարների ներդրման, վերանորոգման ու նաև ջերմություն ապահովելու կարիք ուներ, կամ է՛լ ավելի կարևոր խնդրի՝ հնացած սարքավորումների, որոնցով այսօր այլևս դժվար է գիտական լուրջ արդյունք տալ՝ նույնիսկ համախմբված ու ողջ ներուժով աշխատելու պայմաններում: Բայց պարզվեց՝ բողոքներն այլ բնույթ ունեին: Դրանցում առանձնացող հիմնականն այն էր, որ կոլեկտիվի աշխատանքի լուրջ արդյունքները ամբողջովին վերագրվում են անդամներից մեկ-երկուսին՝ չհիշատակելով անգամ մյուսների անունները: Գիտաշխատողներից մեկը, որն առավել ակտիվ էր, և որի դիտարկումները գլխով հավանության էին արժանացնում մյուս հավաքվածները, ասաց, որ անգամ Մարգարյանի շրջահայությունը, որն այդքան գովազդվում է, ինքը մենակ չի արել. դա կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է, գումարած այն, որ դրա մեջ
լուրջ ներդրում ունի, օրինակ, Էդուարդ Խաչիկյանը… Էդուարդ Խաչիկյա՜ն. սա թեմա՛ է:

… Ուրեմն՝ Բյուրականում խառը վիճակ է… ուրեմն՝ եղևնուտն ավելի շատ գաղտնիքներ ուներ, քան ենթադրվում էր հեքիաթային օրվա սկզբում, և ցավոք, նրանք բոլորը չէին, որ գեղեցիկ էին ու վայել աստղերին մոտ կանգնած մարդկանց: Ահա թե ինչից էր գալիս եղևնուտի սրբազան տխրությունը: Նրա արահետներով քայլել էր Վիկտոր Համբարձումյանը՝ մտքում՝ թե ով է արժանի՝ գործուղվելու արտասահման՝ զբաղվելու Մարգարյանի շրջահայությունով, կամ՝ ավելի ուշ՝ ով է արդյոք արժանի՝ իրենից հետո զբաղեցնելու տնօրենի պաշտոնը… ու, ցավոք, շա՜տ նեղ ու ճղճիմ գաղտնիքներ կային, որոնց վշտից էլ ահա խոնարհվել էին եղևնիները… այդ մեկը պարզից էլ պարզ էր:

Բավական է հարցնել՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում Բյուրականում, և բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել կամ ունեն Բյուրականի հետ, կասեն՝ աղետալի՛, վթարայի՛ն վիճակ, կոլեկտիվում մասնատվածություն է, բոլորն իրար դեմ են … և այլն:

Ե՞րբ սկսվեց քաոսը… Երբ Մարկոս աղա Ալիմյանը ավանդեց հոգին, իր ծանր ձեռքով ու փողի քսակով հաստատած՝ արտաքուստ կայուն թվացող խաբուսիկ կարգուկանոնն արագ վերածվեց քաոսի. բոլորն սկսեցին դրսևորել իրենց իսկական կերպարները, այնինչ ընտանիքի ղեկավարի կենդանության ժամանակ ամեն ինչ ու ամեն ոք իր տեղում ու դերում էր թվում… Քաոս:

Համբարձումյանից հետո Բյուրականում եկավ տիրելու նորին մեծություն Քաոսը:

Կա՞ Համբարձումյանի մեղքը այսօրվա ստեղծված վիճակի հարցում, դժվարանում են ասել Բյուրականի բյուր խնդիրներին քաջատեղյակ գիտնականները, բայց նրանք համակարծիք են մեկ բանում՝ ամեն ինչ սկսվեց 1988-ին, երբ, ըստ նոր ընդունված օրենքի, նա այլևս չէր կարող միաժամանակ լինել և՛ Բյուրականի տնօրեն, և՛ Ակադեմիայի նախագահ: Ու, թողնելով տնօրինությունը, նշանակեց մեկին, ով իր արժանիքներով չէր համապատասխանում այդ պաշտոնին: Սա է այն, ինչ պնդում են շատերը: 1991-ին առաջին անգամ Բյուրականի կոլեկտիվը տնօրենի դեմ բողոքով դիմեց ԳԱԱ նախագահ Վ. Համբարձումյանին: Այդ առաջին անգամվա բողոքը, ցավոք, դարձավ շարունակական, դարձավ ավանդույթ, դարձավ այդ կոլեկտիվի հիմնական ու բնորոշող գիծը:

Ուրեմն՝ Բյուրականում վերջերս տեղի ունեցած շնորհանդեսին, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում վերջերս գրանցված՝ Բենիամին Մարգարյանի շրջահայությանը, ներկա չէր պարոն Խաչիկյանը, որի մասին պնդում էին, թե այդ աշխատանքի մեջ մեծ ներդրում ունի: Իսկ Համբարձումյանն իր հուշերում ասում է. «Բյուրականի մետրանոց Շմիդտը լավ օգտագործվեց Բ. Մարգարյանի և Մ. Ղազարյանի կողմից կապույտ գալակտիկաները

փնտրելու գործում: Երբ հայտնաբերվեցին առաջին կապույտ գալակտիկաները, մենք Խաչիկյանին գործուղեցինք Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղի աստղադիտակների վրա այդ գալակտիկաների սպեկտրներն ստանա ավելի մեծ դիսպերսիայով: Մեր առաջնությունը պահպանելու համար ես հրահանգեցի Խաչիկյանին, որպեսզի Բյուրականում հայտնաբերված կապույտ գալակտիկաների դասը անվանի «Մարգարյանի գալակտիկաներ»: Խաչիկյանը կատարեց այդ հանձնարարությունը: Առաջին իսկ սպեկտրները, որ Խաչիկյանը ստացավ Միացյալ Նահանգներում Վիդմանի հետ, ցույց տվեցին պայծառ գծերի առկայություն: Ապացուցվեց նաև, որ Մարգարյանի գալակտիկաների զգալի տոկոսը բնույթով Սեյֆերտյան են: Հենց իրենց առաջին հոդվածում այդ մասին, ինչպես նաև հոդվածի վերնագրում, այդ գալակտիկաները կոչվեցին «Մարգարյանի գալակտիկաներ»: Այդ գալակտիկաներն ընդհանուր հետաքրքրություն առաջացրին, իսկ անվանումն ընդունվեց բոլոր աստղագետների կողմից»:

Ուրեմն՝ Մարգարյանի շրջաՀայության ու Խաչիկյանի շրջաԳայության արդյունքում աշխարհն ունեցավ մի կարևոր ձեռքբերում՝ «Մարգարյանի գալակտիկաները»: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այն ժամանակ ոչ ոք Համբարձումյանին չասաց, որ դա չպիտի կոչվի «Մարգարյանի գալակտիկաներ», այլ՝ «Մարգարյանի-Խաչիկյանի-Վիդմանի ու կոլեկտիվի գալակտիկաներ»: Ուրեմն՝ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ բան ընդունվել է միաձայն՝ բոլոր աստղագետների կողմից: Ահա թե ինչ թանկ բան է կորցրել Բյուրականը՝ միաձայնություն ու համախմբվածություն և, ավա՜ղ, ի՞նչ ունի այսօր… պառակտում, կարծիքների իրարամերժ բազմազանություն, անհանդուրժողականություն ու փոխադարձ թշնամանք:

…Գիշերային երկնքում աստղերը միմյանց նկատմամբ չեն շարժվում, շարժվում են մոլորակները: Բայց ասում են, որ տիեզերքում մի թափառիկ աստղ կա: Ասում են՝ գիշերները նրանից լույս է կաթում Բյուրականի վշտաբեկ եղևնուտի վրա:

Սև քաղաքում ճակատագրական հրդեհից հետո էր, որ հաստատվեց փոխադարձ հանդուրժողականություն ու սկիզբ առած առողջ միջավայրը փոխարինեց քաոսին…

Բյուրականյան քաոսի խնդիրը գլուխկոտրուկ է դարձել, դարձել է գերհարց, որ ամեն գիշեր լույս-հարցականի տեսքով կախվում է եղևնուտի գլխին: Ի՞նչը կամ ո՞վ, ո՞ր տիեզերական պայթյունն ու ակադեմիական հեղափոխությունը կկարողանան կարգավորել այն…

Իսկ եղևնուտում շշուկներ կան, թե այն թափառիկ աստղը մինչ այդ խաղաղություն չի գտնելու… ու որ նա Մեծ Համբարձումյանի խռովահույզ հոգին է:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևան

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ