Գլխավոր » Արա ԱԼՈՅԱՆ. ՀԱՄԱՆՎԱԳ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ. 2
Արա ԱԼՈՅԱՆ. ՀԱՄԱՆՎԱԳ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ. 2
18:17



Մեղեդի զարթոնքի


Զինվոր ծիրան-դուդուկի շուրթով

Մի կոմիտասյան երգ էր վեր հառնում,

և հորովելը երկար սքեմով

մի կախարդական էակ էր դառնում:


Եվ լսում էին տղերքն ակնապիշ,

Թպրտում էր մի վիրավոր կարոտ,

Աչքերում նրանց մռունչ կար ու վիշտ,

և ուրարտական երթ էր երկարող:


Եվ դառնում էին օրերը մոխիր.

Ձեռքից ձեռք անցնող ծխախոտ թունե,

Մխում էր սիրտը երդված ամբոխի,

Որ մահն էր արդեն հոժար ընդունել:


Ու երգը դանդաղ հագնում էր ծիրան,

Նորաթուխ հարսի հանդերձանք ու քող,

Եվ Սոնա յարն էր պարում հեզիրան,

Եվ Իգիթին էր պատում սիրո դող:


Մոռացած, որ կա աշխարհ ու կռիվ,

Գարունաերգը՝որպես թե իշխան,

Թագավորում էր՝խնդությամբ ցրիվ,

Երգը բուրում էր ծովեզերք, չիչխան:


Երգը դառնում էր մոր թխած լավաշ.

Երգը դառնում էր հաց բերող աղջիկ,

Որ դեռ չգիտե համբուրվել ու վարժ

Փախչում է միայն, հեռու չի փախչի:


Դուդուկի շուրթով կարոտն է երգում,

Տղերքը, ներսից թացվում են մի քիչ,

Հետո ձայնակցում, ահա, մեկ, երկու,

Մեկտեղ հնչում է խլացած մի ճիչ:


Թռչում են նրանք երգի ճախրանքով

Տղերքը մտքով, ախ, տուն են թռչում,

Մերթ զորավոր են՝ կռվի սխրանքով,

Մերթ վիրավոր են նրանք հանց թռչուն:


Հիմա լեռներում հողի շունչ կա տաք,

և մայրանալու տածումներ անեղծ,

Գարունն է սփռում կյանք-հրովարտակ,

Ավետում է սեր՝որպես բանաստեղծ:


Հիմա հայրենի տան մատուռ-բակում

Խաղաղություն է…աղոթում մայրը,

Տիրամոր նման աչքը չի փակում,

Հոգով այցելում մարտական վայրեր:


Աղոթում նույնիսկ թշնամու համար՝

Մայրական անբառ գթությամբ, սիրով

Որպեսզի երբեք չարությամբ համառ

Մեր տունը չգա սատանի սրով:


Մայրը դպրոցում դեռ հույս է տալիս,

Սովորեցնում է գրքերից այնկողմ՝

Աշխարհը սիրել անհավատալի

Բարությամբ՝ Տիրոջ լույս արարչանքով:


-Լավ եմ: Չնեղվեք: Կհաղթենք, շուտով,

Մա՜յր, ինձ լավ գիտես, դասդ սերտել եմ,

Մեր վերադարձը կնշենք շուքով,

Լիելով բոլոր, բոլոր, բոլոր սրտերը:


Մայրը կխնդա արցունքի միջից,

Կսեղմի կրծքին նամակը որդու.

Կփռվի հետ արահետ մի ջինջ,

Հուշի Կաթնծիր՝ խնդությամբ հորդուն:

…Հետո լռություն: Կարմիր երեկո-

Կարոտներ ու ցավ, մահաբույր ու կեզ,

Մթնող երկնի պես մռայլվեց Մգոն,

և հոգուն իջավ տառապանքի ծես:


Հիշեց ծխացող շեներն հայրենի

Մորթված մանուկին, օջախներն անծուխ,

և պատերազմի բոլոր վայրերի

ոտնահետքերը խորն ու մահացու:


Վիշտը լեռնացավ Էդվարդի սրտում,

-Դու մի վախեցիր, գալիս եմ ընկեր,

Չէ՞ որ տվել ենք սրբազան երդում՝

Հայրենյաց հողը թշնամուց փրկել:



Մեղեդի Ցավի


Երկինքներում է դեռ ուժը մնում,

Երկունքներում է դեռ մուժը մնում…


…Եվ քայլում էին մահն աչքերի մեջ,

Եվ թիկունքին՝ խաչ, մայրական աղոթք,

Եվ հոգում կռիվ, արդարության վեճ,

Քարտեզարգրված սուրբ Ղարաբաղով:


Նրանց աչքերը ալեկոծ գիհոն,

Ավերակ, կործան շեներ ու մատուռ,

Անմահ հոգիներ, մարմիններ՝ ի հող,

Արդարի պայքար, հերոսապատում:


Ընկնում է մեկը, երկրորդը, հերթով,

Հասկ են, գետին են փռվում մանգաղից,

Որ հիշողության թոնրի մեջ հետո

Դառնան սուրբ նշխար, կամ լավաշ ծաղիկ:


Զինվորի նման, կռվող զինվորի,

Ընկնում է, ահա, Գետաշենն ավեր,

Եվ Շահումյանն էլ ընկնում է նորից,

Խուլ հառաչանք է: Հոգին՝ կարեվեր:


Ձյունն՝ իբրև պատանք հերոսահանդերձ,

Մահը ձյունի պես սառն, անկարեկից,

Եվ նոսրանում են շարքերը այն մեծ,

Ահագնանում է ցասումը նորից:


Սև ճակատագիր ու ճերմակ լեռներ,

Ռազմավայրն ասես խաղադաշտ հսկա,

Կռիվն՝ անավարտ պարտիա: Չմեռնել:

Շարժվել առաջ՝ ցեղի ուժն զգալ:


Մի՞թե շախմատ չէ երկրագունդն այս հեգ,

Եվ մենք խաղաքար, և մենք խամաճիկ,

Առաջին քայլից ձգտում ենք վազել,

Հարվածել, կուլ տալ քայլից առաջին:


Եթե սպիտակ ենք՝ սևն է եղկելի,

Թե սև ենք՝ ներում սպիտակին չկա,

Զինվորից մինչև արքա՝ մեղքերի

Մեջ ենք ինքնակամ, թե վաղնջական:


Ախ, ինչ իմանաս շախմատ է, ՄԱՏ է,

Իմաստուն խաղ է՝ անիմաստ կռվով,

Սև ու սպիտակը խաբկանք է արդեն,

Եվ հաղթանակը՝ արյունագրվող:


-Երկինքներում է դեռ ուժը մնում,

երկունքներում է դեռ հուշը մնում:


…Եվ հիշեց Մգոն ծերունուն լքյալ,

Խոշտանգված որդու դիակի առջև,

-Գիտեմ, դարձել ես արդեն առաքյալ,

Ուրեմն տար ինձ…անհույս էր կառչել:


Մինչ այդ խնդրեցին զոհվածի այրուն,

Դառը սուրճ դնել, հենց էնպես, մռայլ,

Ուշացավ աղջիկն ու գտան…այգում…

Կախված պարանից, աչքը՝ վեր հառած:


Կինն առաքյալի՝ նոր էր ավարտել

Դպրոցն ու նոր էր հարս եկել այս տուն:

…Զոհվածին՝ վերում պիտի ավետեն,

Կինդ է գալու, երջանիկ ես դու…


Այդպես է, գուցե, լինելու հավետ,

Մեկտեղ երջանիկ չեն լինի ցածում,

Եվ նույնիսկ՝ դժբախտ: Ո՞վ է հնարել

բաժանումները, մահեր ու արցունք:


***

Մեր դավթացասում մահապարտների

Ջոկատը նետվեց մարտի մեջ ահեղ,

Կամքով աներեր ու անհատնելի,

Մտքում՝ապրելու երազ, ոչ՝ մահեր:


-Հատուցման պահն էր՝ Ավարայր դարձած,

Դաշտերը պատանք, դաշտերը՝ արձակ:


Մեր բախտը մեզնից էլի խռով էր,

Մեր վերքը էլի Քիրս ու Մռով էր,

Խինդը թե մի ծեղ, ցավը բռով էր…

Մեր մահը հեշտ էր, կյանքը զոռով էր:


-Մռավի վրա շամանդաղ իջավ,

Ամպի հետ սահուն, շատ դանդաղ իջավ,

Էդվարդը տեսավ, թե ինչպես կողքին

Ընկերը նորից երգ էր վերհիշել.

Երգը հայերի բարձր ծիծաղն է ու լացն է բարձր-

Ծիծաղը՝ հայի լացն է իր բախտի, իր վրա, կյանքի

-Թռչեի մտքով տուն…կարոտի հուզում, խոհերի գիշեր…


Երգում էր տղան , որ չվախենա,

Երգում էր՝ մահվան պաղ հայացքի դեմ,

Բայց ընկավ զարկից կույր ու անխնա,

Դեմքին դրոշմած երգող ժպիտը:


Չլացեց Մգոն. էլ արցունք չկար.

ցամաքել էին ակնաբյուրները,

Սիրտն էր կարծրացել՝ կորստից այդքան,

Ներսի արցունքը՝ տեսնում էր Վերը:


Գրպանում հետո մի նամակ գտան,

Որ ինքն էր գրել, բայց դեռ չէր ճամփել.

-Չեմ գալու, մինչև իմ պարտքը չտամ…

Հերոսի ԿՅԱՆՔԸ՝ մահով չչափել:


Էդվարդի հոգում եռաց վրեժը,

Նա առաջ մղվեց մահ-աղջամուղջին,

Արթնացավ նորից ցավի հրեշը,

Որ կործանում է հոգու մեջ ողջին,


Փամփուշտների հետ ցասումը պարպեց,

Չսարսեց ընդդեմ թուրքագունդ որջի:


Որքան զարկում էր, վերջ չկար սակայն-

Շատանում էին՝հանց Լույսի վրա գրոհող զեռուն,

Երկնում հնչում էր երգն հերոսական,

Երկինքն զգում էր հերոսի հեռուն:


-Դու ետ քաշվեցեք, պահեցեք գոտին,

Ես ինքս այստեղ, առջևում լինեմ…

…Խոսում էր բոլոր մայրերի որդին,

Երկնքում արդեն նոր կյանքի հիմն էր:


-Վիրավորներին ետ տարեք, արագ,

Եվ դիրքավորվեք, սպասեք մերոնց…

Հետո մահացու, վերջին համազարկ,

Ձյան վրա ընկած մարմին, չէ՜, մեռոն…


Արյունը ծորած, լուծվեց թանաքին՝

Մոր ճամփած վերջին, վերջին նամակի…


……………………………………………


Տղերքը հետո, մի քանի օր անց,

Գտան Էդվարդի պաղած մարմինը,

Նրանցից մեկը լալագին գոռաց,

Իսկ մեկն էլ ծխեց, զի ցավը հին էր:


…Ւսկ հայրենական տանը հերոսի,

Ամանորն էին թախծալի նշում,

Հայրը՝ ինչպես միշտ խոսում է հազիվ,

Կենացը՝ նույնն է, ոչ ոք չի հուշում:


Հարևանուհին սուրճի բաժակում

Կանխատեսում է որդու վերադարձ,

Մայրը ժպտում է՝ աչքերի խորքում

Պահելով դարձի հույսն արցունքաթաց:


-Կգա, կգրկեմ, իմ փրկիչ տղուն,

Թող երկար խոսի, սիրտը դատարկի,

Վերջերս լուռ է, և քիչ է գրում,

Կարոտ եմ նույնիսկ գրած նամակին:


Կսպասի մայրը՝անքուն բիբերում՝

վառելով կյանքի հաղթության հույսը:

-Մգոն չի գալու, ՆՐԱՆ են բերում…

Մոր աչքերի մեջ առաջին անգամ չի կարող նայել նույնիսկ Հիսուսը…



Մեղեդի Հավատի ու Հերոսապատումի


Գրկեց… բայց, ավա՜ղ, անամոք ցավից,

Երկարեց դատարկ մի տարածություն,

Հոգու մեջ նրա, աչքերում ծավի

Եղև անծաղկուն թառամածություն:

Վերհիշեց հետո, կարծես, երեկ էր՝

որդու պապաշն էր տաքացնում ձեռքում,

այս ե՞րբ մեծացան, դարձան զինվորի

սապոգներ՝ համար քառասուներկու:

-Մեզ ու՞ր ես թողնում, իմ Հիսուս որդի,

Դու իմ աշակերտ, Ուսուցիչ սակայն

Անխառն սիրո, կամքի, հավատի,

Բոլորանվեր ու հերոսական:

Ախր, ձեռքերս պարել են ուզում,

Քեզնից ծնվողին պահել են ուզում-

…Աշխարհում անթիվ հարցումներ ու կանչ,

Բայց արդարությունն անվերջ խուլականջ:

Ձգվեց, երկարեց թափորը մահվան,

Լացերով բարձր, ներսի, հարաճուն,

Ցավ կար՝ անփարատ, ողբագին ավարտ,

Ծիրան-դուդուկն էր անվերջ հառաչում:

Գերեզմանատան տարածքի վրա

մի անկուշտ, դատարկ հող է սպասում,

Իսկ հետո շիրմին՝ հերթապահ ֆրազ,

Կյանք ու մահ սեպած՝ տող է սպասում:

Մի բաժակ օղով՝ մխիթարություն,

հիշողություններ մի բաժակ օղով,

և չմոռացվող, անբառ տխրություն,

Հոգեմաշ ցավի տևական բողոք:

Իջնող երեկո, թանձրացող տանջում,

Լռության կնունք, արդար հոգեհաց,

Արդեն ներսում են Մգոյին կանչում,

արդեն իրենցն է ՆԱ անվերադարձ:

Արդեն նկար է ու հերոսագիրք,

Արդեն սրբագիր ու անգիրված է,

Բարության քարոզ՝ անգամ հրոսակին,

Դաս է հաղթության, ուրեմն՝ անանց է:

-Այդ ո՞վ է ասում ապրողն է հիշվում,

Ոչ ոք չի հիշում էլ ընկածներին,

այդպես ցորենի հատիկն է ընկնում՝

աշխարհ բերելով հացը սեղանի,

այդպես, արևը, ախ, մայր է մտնում,

առավոտ փրկած մութի զնդանից:


-Այդ ո՞վ է ասում, որ գնացողը

ու մնացողը հենց մենք չենք, որ կանք,

Զի նույն են տրված Երկինքն ու հողը,

Եվ միևնույն են մահ, խնդում, զրկանք:


***

Իրավունք չունեմ աչքս փակելու

Քո փակված աչքի բաց երազի դեմ,

Ես պիտի հավերժ քեզ հետ երազեմ,

Որ հողը նախնյաց էլ չեն լլկելու:

Այս դպրոցական աղմուկի մեջ խոլ

Ես խոնարհվում եմ դիմաքանդակիդ

Ու Անձիդ առջև՝լուռ հավատամքով,

Որ Դասը սերտեմ Քո ժամանակի,

Որ մերն է նաև, ոգեղեն թանկ է:

զի Դու ես հավերժ մեր ժամանակը:


-Դու՝ մեր նորօրյա Դավիթ ու Վարդան,

Դու արդարության զոհը անարդար:

Մենք, որ խորշում ենք դավադիր վատից.

-Մեր Լավը Դու ես:

Մենք, որ դրոշ ենք ձևում Հավատից.

-Մեր ցավը Դու ես:


Թե լի ենք եղել մենք սխրանքներով.

-Քեզմով՝ առավել:

Մեր երգ ու հնչյուն, մեղեդի գերող.

-Հո, հո, Հորովել:


Սարդարապատից պոկված զանգ ես Դու.

-Եղիցի անցյալ:

Տասնհինգ թվի հայ գանգ ես Դու.

-Եղիցի Բարձրյալ…


Դու չես մահացել, հավերժ կյանք ես Դու.

-Եղիցի, դարձյալ:

Եվ Զվարթնոցից մնացած փերթն ես.

-Բարձունքը Դու ես:


Մեր բազմադարյա ու ցաված երթն ես.

-Արցունքը Դու ես:

Արարատ լեռան հյուլենն ու շերտն ես.

-Մասունքը Դու ես:


Եվ, ահա, այդպես, խոնարվում եմ արդ

Քո առջև, Էդվարդ, իջնում եմ ծունկի,

Ինչպես խաչքարի առջև ու հպարտ,

առանց ողբալու, առանց արցունքի:


Թեպետ քեզ կյանքում չտեսա կարգին,

Եղածն էլ՝ հուշի ու վշտի խառնուրդ,

Որքան էլ ցավդ մեր ներսը խարկի,

Դու ամեն օր ես մեզ համար հառնում:


Այն ինչ գրվել է՝ որպես նվիրում,

Որպես խնկարկում անհեռու եղբոր,

Կիսատ է գիտեմ, և չունի լրում,

Ցավը չես լացի և ոչ մի ողբով:


Բայց, ինչ էլ լինի, քեզ չեն մոռանա,

Լույսի զինվոր ես՝ Բարձյալի կողքին,

Չենք դրժի երդումն ու չենք հեռանա

Մեր այս վիրավոր ու սուրբ եզերքից:


Հավատդ, Մգո, լեռները շարժեց,

Հավատդ, Մգո, մեր հավատամքն է,

Հավատդ մեր սին կյանքը հավերժեց.

ուրեմն մերն է քո մահն ու կյանքն էլ:


Մենք էլ ենք մի օր հողի փոխվելու,

Մենք էլ ենք մի օր շողի փոխվելու,


Եվ այդժամ, գուցե, հանդիպենք Երկնում.

-Եղիցի Հավատ:

Մարդն իր գործով է նոր հավատ ծնում,

-Եվ եղիցի՝ Մարդ…


Արա ԱԼՈՅԱՆ

1996 թ.

Վարդենիս


Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ