Ուշադիր կարդա, պրն. Չմտավորական. եթե ուղեղիդ խորությունն էլ հավասար է նրա բարձրությանը, ուրեմն դիմիր Կարմիր Գրքի պատասխանատուներին՝ որպես բացառիկ, քառակուսի գլխով տխմար տեսակ, այնտեղ գրանցվելու համար...
Երեւի ժամանակն է վաղուց, որ ձեր ասած «ղարաբաղցոց», վերջապես տարբերեք Արցախցուց...
Երբեւէ չեմ մտածել բարձրաձայնել ու մանավանդ կիսվել իմ ապրումներով, այն էլ՝ բոլորի աչքի առաջ... Բայց էլ մի անգամ ու վերջնական պիտի ասեմ...
1994 -ի ապրիլ 27-ին ծանր վիրավոր, ինձ Հադրութից տեղափոխեցին Ստեփանակերտ: Հրամանատարությունը կորցրել էր հետքս, որովհետեւ ժամանակները խառն էին ու, բացի այդ, հրամանատարության մեջ էլ արդեն լուրջ կորուստներ կային... Ես գրեթե անգիտակից ու մահամերձ վիճակում, 12 օր պառկեցի Ստեփանակերտի հիվանդանոցում:
Ինչ որ պիտի ասեմ՝ ասում եմ առանց մեղադրելու ինչ-որ մեկին: Վիրավոր զինվորներ, բնականաբար շատ կային՝ տարբեր շրջաններից(հասկանում եք՝ ինչ եմ ասում), բայց 12 օրվա մեջ, մի հոգի ձեւի համար չբացեց դուռս, ձեւի համար՝ մի բաժակ ջուր չբերեցին ինձ տարբեր շրջաններից ժամանած զինվորների հարազատները, որ եկել էին իրենց զինվորներին տեղափոխելու Երեւան...
Ես մենակ էի, ու միայն մի Արցախցի հրամանատար, որ ինձ հետ պառկած էր՝ վիրավոր, իր անձից ավել մղկտում էր ինձ համար՝ 12 օր շարունակ, ընտանիքն էլ իր հետ հավասար...
Ես գրեթե ոչինչ չեմ հիշում այդ օրերից, բայց տարիներ հետո, երբ ես հետ գնացի Արցախ ու գտա նրանց, աննկարագրելի էր մեր հանդիպումը... Լալիս էին ընտանիքով, ասես իրենց զոհված եղբայրն էր հարություն առել... Ու պատմեցին ինձ, թե ինչպես իրենցից ու ինձանից թաքուն, հիվանդասենյակի հավաքարարը, որ իմ տարիքի իր տղային էր կորցրել պատերազմում, մայիսի 8-ին, ժամանած ուղղաթիռի օդաչուին խաբել էր, իբր ես նրա հարազատ տղան եմ, ու ինձ տեղափոխեցին Երեւան... Փաստացի՝ արցախցի այդ կնոջն էլ պարտական եմ կյանքիս համար, թեկուզ՝ նա արդեն չկար, երբ ես իմացա այս մասին...
Ավելին չեմ ասի, պարզապես, ինձ թույլ տվեցի մանրանալ, որ մեկընդմիշտ ջախջախեք ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ մեջ, ազգային խտրականության կործանարար խաղը: Մի հետավորական ինձ քիչ առաջ ասում էր, որ ղարաբաղցիք..... չշարունակեմ...
Դուշման Վարդանն ասում էր՝ «Ոչ հնչակ եմ, ոչ դաշնակ, ոչ՝ կոմունիստ... ես իմ ազգի զինվորն եմ...»:
Չճանաչեցիք արցախցուն, պարոնայք ազգադավներ... Չճանաչեցիք... Արցախցուն անուն դնողը, պարապ է անում մեր զոհերի անկաշառ եւ իրապես ազգանվեր ու հերոսական գործը...
Ես քառակուսի մետրս փոխել եմ, հուսով եմ՝ ժամանակավոր, բայց արյունս նույնն է, ինչ քսան տարի առաջ... Հայաստանն իմ տունն է, ու ես Արցախի ամեն քառակուսի սանտիմետրի համար՝ ուրախանալու եւ տխրելու եմ սեփական տանս պես...
ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ
|