«Վերածնունդ» թերթը հարցազրույց է վարել Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից Իգոր Մուրադյանի հետ:
- 1980-ականների վերջին նախաձեռնելով ղարաբաղյան շարժումը, արդյո՞ք կպատկերացնեիք, որ 25 տարի անց որոշ հայ մտավորականներ այլ երկրի նախագահի հրավիրելու էին տեր կանգնելու Արցախին: Ո՞րն է այսպիսի անկման պատճառը:
- Նրանք ամենևին էլ մտավորականներ չեն, այլ պարզապես ռուսական հին հորինվածք, ավելի ճիշտ՝ ագենտուրա, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ռուսական ծառայությանը: Զարմանալի ոչինչ չկա, քանզի այս նույն ագենտուրան իրեն նույն ձևով էր պահում «ամբողջ ճանապարհին»: Նրանք ուղղակի այլ կերպ չեն կարող չվարվել, բայց անգամ դրա մեջ չի կայանում նրանց վտանգավորությունը: Օգտվելով նրանից, որ ղարաբաղյան հայերի ճնշող մեծամասնությունը «հասարակ» մարդիկ են, որոնք չունեն ոչ քաղաքական, ոչ ինտելեկտուալ փորձ՝ նրանք մարդկանց ուղեղների մեջ են խցկել իրենց՝ ամբողջովին վնասակար և վտանգավոր գաղափարները, որոնք Ղարաբաղին հատկացնում են ոտքերը սրբելու փալասի դերը: Այս մարդիկ երբեք ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրել, նրանք միայն ծառայություններ են մատուցել իշխանություններին՝ ամբողջ հիերարխիայով մեկ: Ամենակարևորը նրանց համար մակերևույթին մնալն է: Եվ պետք չէ մտածել, որ մենք պատկերավոր կերպով ենք հոգնակի թվով խոսում նրանց մասին: Դա մի հոգի չէ, բայց հենց Զորի Բալայանն է մեծ դեր խաղացել վարքագծի ու մտածելակերպի այսպիսի ծառայողամիտ ոճի ձևավորման գործում:
- Սովորաբար Արցախում քաղաքականությամբ զբաղվում են ընտրությունից ընտրություն, իսկ համապետական այս միջոցառումից հետո կրկին քաղաքական պասիվություն է նկատվում: Ձեր կարծիքով, ո՞րն է նման երևույթի պատճառը:
- Շարունակաբար էպիզոդիկ քաղաքականությամբ զբաղվելը համընդհանուր երևույթ է, որի պատճառը քաղաքացիական հասարակության թուլությունը կամ բացակայությունն է: Քաղաքացիական հասարակություն, որը պետք է սոցիալապես ակտիվ լինի բոլոր փուլերում: Կարևոր է հասկանալ, որ ընտրությունները հասարակական-քաղաքական գործընթացի վերջին փուլն է, իսկ ամենակարևոր խնդիրը քաղաքացիական հասարակության կերտումն է: Իշխանություն ունեցողները զգալի ջանք և ուշադրություն են ծախսում ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ իրենց համար գլխավոր սպառնալիքի՝ քաղաքացիական հասարակության ձևավորման դեպքում: Եթե չկա քաղաքացիական հասարակություն, դա չի նշանակում, որ հասարակություն ընդհանրապես չկա. այն կլինի, բայց կլինի արդեն որպես կրիմինալ հասարակություն:
- Այսօր Արցախում նոր սերունդ է մեծանում, որը Շարժման ժամանակ շատ փոքր է եղել և ընդհանուր առմամբ հետխորհրդային սերունդ է: Ինչպե՞ս եք գնահատում սերունդների գործոնը Արցախում փոփոխությունների գործում:
- Սերնդափոխությունն ամբողջովին հասկանալի և բնական է: Եթե նախորդ սերունդը ազգային ազատության նվաճման խնդիրն է լուծել, ապա այսօրվա սերունդը այլ խնդիր պետք է լուծի՝ հասնել սոցիալական ազատության: Որպես կանոն, երկրորդ խնդիրը պակաս դժվար չի լինում առաջինից: Ինձ վիճակվել է շփվել ղարաբաղյան նոր սերնդի ներկայացուցիչների հետ, նրանք խելացի և վճռական մարդիկ են: Նրանց կվախեցնեն հին տեխնոլոգիաներով, կվախեցնեն պատերազմով, հայրենիքի անվտանգության համար «համալիր մեղքով», գործի կդրվեն անձնական և հասարակական վախերը. մեր սերունդն այդ ամենը տեսել է: Չվախենա՛ք ոչ ոքից, թո՛ղ ձեզանից վախենան: Ղարաբաղյան շարժման հաջողության նախապայմաններից մեկն էլ միգուցե եղել է այն, որ այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձվել այն ժամանակներին ձևավորված հասարակությանը: Ամեն ինչ իր ժամանակն ունի, այժմ եկել է ձեր ժամանակը, այն իրականում ձերն է, չկասկածե́՛ք դրանում: Ձեզ դժվար ժառանգություն է բաժին ընկել, բայց ամենակարևորն այն է, որ դուք ունեք ազատ Հայրենիք, և մի́ թողեք, որ ձեր Հայրենիքը շպրտեն թշնամու և «դաշնակիցների» սապոգի տակ:
- «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իրեն համարում է նոր սերնդի կուսակցություն, ընդդիմադիր է արցախյան ներկայիս իշխանություններին և Արցախում կիրառվող կառավարման տրամաբանությանն ընդհանրապես: Ի՞նչ խորհուրդներ կտայիք նորաստեղծ քաղաքական ուժին:
- Պետք չէ շտապել ընտրություններին մասնակցությամբ, ավելի լավ կլիներ սկզբից հստակորեն վերլուծել նախապատվությունները և կարողանալ անկախ մտածել: Սխալ կլիներ չափից շատ կիրառել ձեր նախորդների փորձը. այդ փորձը մեծամասամբ բացասական է: Փորձեք սկսել նոր էջից: Ինչպես ամբողջ հայության, այնպես էլ ղարաբաղցիների գլուխը թափ են տվել ու լցրել զգալի հոռետեսությամբ և դատապարտվածության զգացողությամբ: Իհարկե, պետք չէ ստեղծել «օազիս» անտարբերության, նյութապաշտության և հիմարության անապատում: Բայց փորձեք առաջ շարժվել՝ չշրջվելով աջուձախ. չափից շատ վնասակար մարդիկ կան, որոնք չեն լինի ձեր թշնամիները, անգամ միգուցե նաև կսիրեն ձեզ, բայց դուք ձեր գործունեությամբ նրանց հիշեցնելու եք, որ իրենց ժամանակն անցել է: Դա ձեզ չեն ների: Կան շատ այլ մարդիկ, և նրանք ձեզ կօգնեն, անպայման կօգնեն:
«Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթ #3 http://avk.am/
|