Գլխավոր » Ձեր սկաուտը մեր «Զարթոնք»-ին վնաս է
Ձեր սկաուտը մեր «Զարթոնք»-ին վնաս է
20:30


«Նոր Էջ» թերթի վեբ-կայքի 2013 թ. մայիսյան համարում տպագրվել է «Մեր սկաուտը ձեր «Զարթոնքին» վնաս չէ՞» հոդվածը, որի պատճառով ԼՂՀ Ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացիական գործ էր հարուցել Աշոտ Սարգսյանի դեմ՝ հիմք ընդունելով «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության նախագահի հայցադիմումը: Հայցադիմումը բաղկացած էր վեց կետից, սակայն չգիտես ինչու 4-րդ կետը բացակայում էր՝ 3-րդ կետին հաջորդում էր 5-րդ կետը: Երեւի հայցվորը 4 թվի նկատմամբ ինչ-որ նախապաշարումներ ունի:


 Հոդվածը գրելու նպատակն էր՝ հասարակության եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2006թ. սեպտեմբերի 1-ից Արցախի հանրակրթական դպրոցներում գործող «Զարթոնք» մանկապատանեկան դպրոցական կազմակերպության փոխարեն դպրոցներն անօրեն մուտք է գործել «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը կից գործող «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը: Այդտեղից էլ՝ հոդվածի վերնագիրը: Իմ խորին համոզմամբ՝ «Սկաուտը» «Զարթոնքին» շատ վնաս է: Հիմնավորենք մեր հաստատումը:


 Հայտնի է, որ դպրոցներում իրականացվող հանրակրթությունը` անձի ուսուցման եւ դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական եւ լրացուցիչ ծրագրերով: Դաստիարակությունը պետության կրթական քաղաքականության եւ կրթության համակարգի կարեւորագույն ռազմավարական խնդիրն է, քանզի կրթության գերնպատակը անձի կայացումն է: Դաստիարակությունը պետության պարտավորությունն է իր քաղաքացիների առջեւ՝ ապահովելու անձի լիարժեք զարգացումն ու ինքնադրսեւորումը («Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենք):

 Ուստի պետությունը չի կարող նման կարեւորագույն գործառույթը փոխանցել այս կամ այն հասարակական կազմակերպությանը: Դա թույլ չեն տալիս ԼՂՀ-ում գործող «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխաների պաշտպանության մասին» օրենքները, ինչպես նաեւ՝ ԼՂՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 28-ի N575 որոշման ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը»: «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 19-րդ հոդվածում գրված է.


1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը եւ մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում եւ խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները եւ այլ անձինք:


Հոդվածը նույնությամբ գրված է ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության» մեջ:

 Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ օրենքի հիման վրա է «Հայկի սերունդ» ԵՀԿ-ին կից գործող «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը մուտք գործել Ստեփանակերտի թիվ 7 դպրոց (իրականում՝ նաեւ թիվ 3 դպրոցը):


 Հաջորդ հարցը՝ եթե «Հայկի սերունդ» ԵՀԿ-ին կարելի է դպրոցներում կազմակերպել սկաուտական դասընթացներ եւ զբաղվել մատաղ սերնդի դաստիարակությամբ, ինչո՞ւ մնացած հասարակական կազմակերպություններին չի կարելի:


 Մանկավարժությանը շատ թե քիչ ծանոթ մարդկանց հայտնի է, որ ուսուցումը եւ դաստիարակությունը ուսումնական հաստատություններում տարվում են հանրակրթական պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելով:

Չի՛ կարելի դաստիարակությունը ուսուցումից առանձնացնել եւ հանձնել այս կամ այն հասարակակակն կազմակերպությանը, անգամ եթե նրանք ունենան մանկավարժական փորձ, ինչը «Հայկի սերունդ» ԵՀԿ «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքի պարագայում խիստ բացակայում է: Դրա վառ ապացույցն է www.5achok-erit.com վեբ կայքում տեղադրված «Սկաուտական դասընթացներ Ստեփանակերտում» նյութը.


«Մայիսի 25-30-ը «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ քաղաքամայր Ստեփանակերտի թիվ 7 եւ թիվ 3 դպրոցների բարձր դասարանների աշակերտների, ԱրՊՀ հոգեբանություն եւ մանկավարժություն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել են սկաուտական մասնագիտական դասընթացներ, նպատակ ունենալով նախապատրաստել սկաուտական գիտելիքներով եւ մանկավարժական ունակություններով օժտված մասնագետ-թրեներներ, որոնք հետագայում նոր ուսումնական տարում վերոհիշյալ դպրոցներում հիմք կդնեն սկաուտական նոր խմբերի: Սեմինարին ընդհանուր առմամբ մասնակցել է 50 հոգի: 6 օրվա ընթացքում ոչ ֆորմալ կրթական եղանակով, մասնակիցները իրազեկվել են սկաուտական շարժման ձեւավորման, գործունեության, դասընթացների կազմակերպման անհրաժեշտ ձեւերին եւ մեթոդներին: Դասընթացները վարել է Իրանից հրավիրված խմբապետի աստիճան ունեցող փորձառու սկաուտ, իրանահայ համայնքի հայտնի հասարակական գործիչ Ռուբիկ Սարդարյանը: Մասնագիտական դասընթացների փուլն անցնելուց հետո, բոլոր մասնակիցները ամռան երեք ամիսների ընթացքում կհաճախեն «Հայկի սերունդ» ԵՀԿ գրասենյակում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող սկաուտական դասընթացներին, իսկ օգոստոսի սկզբին` «Հայորդիներ» համահայկական սկաուտական 4-րդ բանակումին»:


 Այդ նյութից պարզվում է, որ 50 երեխաներ երեք ամսվա ընթացքում դառնալու են սկաուտական գիտելիքներով եւ մանկավարժական ունակություններով օժտված մասնագետ-թրեներներ եւ իրենց ուսերին են վերցնելու 3-րդ եւ 7-րդ դպրոցների երեխաների արտաժամյա դաստիարակության սուրբ գործը: Սա առողջ բանականության մեջ չտեղավորվող աբսուրդ է:


 ԼՂՀ Ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Վիտալի Հայրապետյան) վճիռ կայացնելիս հիմնականում հիմք է ընդունել հոդվածի հետեւյալ արտահայտությունների ապացուցված չլինելը. «…Բացի դրանից Արցախում գործում են մի շարք օրենքներ, որոնք արգելում են այս կամ այն կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ: Դա ինքնին պարզ է ու հասկանալի, բայց արի ու տես, որ «Հայորդիներ» Արցախի սկաուտական շարժման առաջնորդները, չհասկանալուն տալով, մուտք են գործել Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը, հավաքագրել 6-րդ դասարանի աշակերտներին, նրանց տեղափոխել իրենց գրասենյակը եւ «ենթարկել մշակման»: Եւ այդքանը կատարվել է խաբեությամբ, երեխաներին հայտարարել են, թե կիրակնօրյա միջոցառում է կազմակերպվում դպրոցում: Արդյունքում… Իրավապահ մարմինները դեռ լռում են»:


 Նախնական դատավարության ժամանակ ես դատարանում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ դպրոցականներին եւ նրանց ծնողներին որպես վկաներ դատարան հրավիրելուց, քանի որ մասնագիտությամբ լինելով մանկավարժ, գիտակցում եմ դեռահասության տարիքի երեխաների բարոյա-հոգեբանական վիճակը դատավարությունից հետո…


 Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում: 2013թ. մայիսի 25-ին, երեկոյան, 7-րդ դպրոցի 7-րդ դասարան փոխադրված մի աշակերտուհի զանգահարել է համադասարանցիներին եւ ասել, որ դպրոցի ուսմասվար ընկեր Դանիելյանի նախաձեռնությամբ վաղը, ժամը 1100-ին տեղի է ունելալու դպրոցական միջոցառում:


 Մայիսի 26-ին, ժամը 11-ին տարբեր դասարանի աշակերտներ հավաքվել են 7-րդ դպրոցում եւ այնտեղից ուղեւորվել «Հայկի սերունդ» ԵՀԿ գրասենյակ: Այնտեղ երեխաներից վերցրել են բջջային հեռախոսները, անջատել դրանք ու սկսել «պարապմունքները»՝ քայլք, աջ եւ ձախ դարձումներ, տարբեր ֆիզիկակական վարժություններ: Այնուհետեւ երեխաներին բացատրել են, թե ինչ է սկաուտը եւ ինչ առաքելություններ ունի: Երկու ուսանող աղջիկներ, համատեղ հանդես են եկել «դասախոսությամբ»՝ «Խանդը» թեմայով: 

Երեխաներից մեկը, որ ավելի շրջահայաց է եղել, հայտարարել է, թե սովածությունից կարող է ուշքից գնալ: Նրան վաղաժամկետ ազատել են պարապմունքից: Աշակերտներից մեկն էլ հայտարարել է, որ չի ցանկանում մինչեւ վերջ մնալ, անգամ եթե մնա, միեւնույն է, չի ուզում սկաուտ դառնալ: Նրան մի երիտասարդ սկաուտ հանդիմանել է ու ասել, որ եթե պետք լինի, ինքը գնալու է այդ տղայի տուն, նրա ծնողների հետ թեյ է խմելու ու համոզելու է, իզուր տեղ թող անհանգստություն չպատճառի իրենց:


 Երեխաներին պահել են մինչեւ ժամը 1345-ը: Արձակելուց առաջ բաժանել են վարդագույն սկաուտական թռուցիկներ եւ հայտարարել, որ մեկ շաբաթ երեխաները պետք է պարտադիր ներկայանան դասընթացներին:

 Զրուցելով չորս երեխաների եւ նրանց ծնողների հետ, պարզել եմ, որ ծնողները տեղյակ չեն եղել, թե իրականում ինչ միջոցառում է եղել մայիսի 26-ին եւ իրենց երեխաներին որտեղ են տարել: Նրանք կարծել են, թե դպրոցական միջոցառում է, հակառակ դեպքում թույլ չէին տա, որ իրենց երեխաները մասնակցեն սկաուտական պարապմունքների: Իսկ ի՞նչ գիտեն Արցախի Հանրապետության բնակիչները սկաուտականության մասին: Նախ պարզենք, թե՞ ովքեր են Արցախի սկաուտները:


 Հայցվոր Ա. Պետրոսյանը հայցադիմումում գրել է, որ «Հայկի սերունդ» ԵՀԿ «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը ո՛չ ՀԱՍԿ-ի (Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպության), ո՛չ էլ առավել եւս որեւէ միջազգային կազմակերպության անդամ չի հանդիսանամ եւ իր գործունեությունն իրականացնում է ստանալով բացառապես ԼՂՀ կառավարության ֆինանսական աջակցությունը: Հայցվորի ներկայացուցիչն էլ հայտարարել է, թե իրենք կապ չունեն սկաուտների հետ:


 Պարզ է՝ «Հայկի սերունդ» ԵՀԿ «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը, բնականաբար, չի կարող լինել միջազգային կազմակերպություն անդամ, մասնավորապես՝ Սկաուտական Շարժման Միջազգային կազմակերպության, այն պատճառով, որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, բայց իր էությամբ նույն սկաուտներն են, հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի «սկաուտ» կոչվելը եւ սկաուտական հագ ու կապով, խորհրդանիշներով գործելը:


 Բացի դրանից, ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի հոդված 10-ի 5-րդ մասի.

 - Կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) եւ խորհրդանիշները, այդ թվում՝ կազմակերպության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշը, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ընդունելի լինեն հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվեն այլ կազմակերպության, ինչպես նաեւ որեւէ պետության, միջազգային եւ օտարերկրյա հանրահայտ կազմակերպությունների ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից (անվանման հապավումներից), խորհրդանիշներից եւ շփոթության աստիճանի նման չլինեն դրանց:


 Փաստորեն ստացվում է, որ Արցախի սկաուտները, պատկերավոր ասած, օգտագործում են «սկաուտ» բրենդը, բայց ոչ մի կապ չունեն սկաուտների հետ: Դա զավեշտ է:


 Ծանոթ լինելով ՀԱՍԿ գործունեությանը Հայաստանում, Հայ Մարմնակրթական ընդհանուր Միությունը Սփյուռքում եւ ընդհանրապես միջազգային սկաուտական շարժմանը, որեւէ խնդիր չունենք այդ միջազգային կազմակերպության հետ (նման այլ կազմակերպություններ գործում են Արցախում ), որն ըստ իր գաղափարախոսության գործունեություն է ծավալում աշխարհով մեկ եւ իրագործում իր առանձնահատուկ նպատակները:


 Հոդվածում գրել եմ. «Ի դեպ, սկաուտ նշանակում է հետախույզ, բայց պարզ չէ թե Արցախում ո՞ւմ են հետախուզելու եւ ո՞ւմ համար: Ավելորդ չէ նշելը, որ հայրենասիրության ոգով դաստիարակված եւ ոչ մի սկաուտ պատերազմի ժամանակ այդպես էլ չեկան Արցախ պաշտպանելու մեր հայրենիքը, դրժեցին իրենց տրված երդումը՝ պաշտպանել արդարներին եւ անօգնականներին: Պարզապես, նրանք պետք է հրաման ստանային կենտրոնից, չստացան, ստացան միայն պատերազմի հաղթական ավարտից հետո եւ եկան ջլատելու մեր միատար ազգը»: Դա իմ համոզմունքն է:

 Համաշխարհային սկաուտական շարժում կազմակերպության կայքէջից տեղեկանում ենք, որ աշխարհի 217 երկրներում եւ տարածքներում կան սկաուտական կազմակերկություններ, իսկ անդամների թիվը կազմում է 38 միլիոն մարդ: Հետաքրքիրն այն է, որ ոչ մի երկրի դպրոցներում՝ անգամ սկաուտիզմի հիմնադիր երկիր Անգլիայում, սկաուտական դասընթացներ չեն կազմակերպում: Եւ դա բնական է, քանի որ սկաուտիզմը կենսակերպ է, ապրելակերպ է եւ վերջին հաշվով՝ գաղափարախոսություն: Իսկ, հա՛յ երեխան պետք է կրթվի ու դաստիարակվի Հայ Ազգային Գաղափարախոսության համապատասխան:


 Այսքան երկար պարզաբանումից հետո, համաձայն չլինելով ԼՂՀ Ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վիտալի Հայրապետյան) կայացրած վճռի հետ, այն հարգում եւ ընդունում եմ, ներեղություն եմ խնդրում «Հայկի սերունդ» ԵՀ կազմակերպության անդամներից:


ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




Դատավճռի եզրափակիչ մասը.


Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ եւ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-123-րդ հոդվածներով՝ Դատարանը

    ՎՃՌԵՑ

1. Հայցը բավարարել մասնակի:

2. Աշոտ Սարգսյանի կողմից 2013թ. հունիսի 1-ին «Նոր էջ» թերթի վեբ-կայքում http://nor-ej.do.am/ տպագրած ՄԵՐ ՍԿԱՈՒՏԸ ՁԵՐ «ԶԱՐԹՈՆՔԻՆ» ՎՆԱՍ ՉԷ՞ վերնագրով հոդվածում «Հայկի սերունդ» ԵՀ կազմակերպության հասցեին տարածած տեղեկատվությունը որակել որպես զրպարտություն եւ Աշոտ Սարգսյանին պարտավորեցնել նույն վեբ-կայքի միջոցով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից 10/տաս/ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել «Հայկի սերունդ» ԵՀ կազմակերպության գործարար համբավն արատավորելու համար:

3. Աշոտ Սարգսյանին պարտավորեցնել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից 10/ տաս/ աշխատանքային օրվա ընթացքում Նոր Էջե թերթի վեբ-կայքում (հttp://nor-ej.dօ.am) հրապարակել դատական ակտի եզրափակիչ մասը:

 4. «Հայկի սերունդ» ԵՀ կազմակերպության հայցը՝ խախտված իրավունքների վեբականգման համար կատարված ծախսերը գանձելու պահանջի մասով՝ մերժել:

5. Աշոտ Սարգսյանից հոգուտ «Հայկի սերունդ» ԵՀԿ գանձել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

 6. Վճիռն օրինական ուժի մեջ Է մտնում այն հբապարակելու պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ԼՂՀ Վերաքննիչ դատարան՝ նշված ժամկետի ընթացքում:


Ծանոթություն. վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կարգով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:      

 ԴԱՏԱՎՈՐ  Վ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Նախ՝ «Նոր էջ» թերթը 2009 թվականից ի վեր տպագրվում է ամսաթերթի կարգավիճակով, այսինքն՝ ամիսը մեկ։ Նույն կերպ այդ թվականից ամիսը մեկ թարմացվում էր «Նոր էջ» վեբ-կայքը, ապա՝ էլեկտրոնային թերթը։ «2013 թ. հունիսի 1-ի համար» գոյություն չունի։ Աշոտ Սարգսյանի վերոհիշյալ հոդվածը տպագրվել էր մեր թերթի 2013 թ. մայիսյան համարում։


Երկրորդ. մեր թերթը, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրների ԶԼՄ-ները, պատասխանատվություն չի կրում տպագրած նյութերի համար։ Արտահայտած մտքերի, կարծիքների, տեսակետների, մեջբերած փաստերի համար պատասխանատուն տվյալ հրապարակումների հեղինակներն են։ Սակայն, դա ամենևին չի խանգարում, որ ցանկացած լրատվամիջոց, այդ թվում՝ «Նոր էջ»-ը, ցանկացած հարցում ունենա իր սեփական տեսակետը։ Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ մենք լիովին կիսում ենք Աշոտ Սարգսյանի մտքերը, տեսակետը՝ կապված, այսպես կոչված, «սկաուտականության» հետ։


Երրորդ, ինչպես տարիներ շարունակ մեր թերթի բոլոր համարները, նույն կերպ նաև մեր կայքը վերջնական տեսքով ընթերցողներին ներկայանում է յուրաքանչյուր ամսվա վերջին։ Դա է պահանջում ամսաթերթի կարգավիճակը։ Այս անգամ խախտել ենք մեզ համար օրենքի ուժ ունեցող «ավանդույթը», և մարտյան համարը լույս ենք ընծայում նույն ամսի կեսին։ Սակայն ոչ այն պատճառով, որ դատավճռի եզրափակիչ մասի 3-րդ կետում այդ ժամկետն է նշված (կրկնում ենք, «Նոր էջ»-ը ամսաթերթ է, այլ ոչ թե օրաթերթ), այլ այս քայլով մեր համերաշխությունն ենք հայտնում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ խորհրդարանի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր, Արցախյան շարժման ակտիվիստ, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից Աշոտ Սարգսյանին։


Ի դեպ, «Հայկի սերունդ» անվանման մեջ «սերունդ»-ը գրվում է փոքրատառով։ Անկախ նրանից, թե որևէ կազմակերպություն ինչ ուղղագրությամբ է գրանցվում, «Նոր էջ»-ն առաջնորդվում է հայոց լեզվի ուղղագրական կանոններով, որը պետք է պարտադիր ընդունելի լինի և հարգվի բոլորիս կողմից։


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ