Հարգելի «Նոր էջ», մենք կրկին դիմում ենք Ձեզ՝ մեր «բազմաչարչար» հարցով։ Մեր նախորդ երկու նամակներից ընթերցողներն արդեն ծանոթ են ВТБ-ի Ստեփանակերտի այլևս գոյություն չունեցող նախկին մասնաճյուղի աշխատողների կողմից կատարած անօրեն գործողություններին, որի արդյունքում սնանկացել ենք մենք և մեզ նման շատերը: 3-4 տարի մղվող մեր պայքարը նորից մտել է փակուղի՝ լիովին հիասթափեցնելով մեզ: Բարեկամների, ընկերների, հարևանների ու ծանոթների օգնությամբ մի կերպ հայթայթելով դրամագումարներ, պետտուրքերի վճարման և փաստաբանների կատարած աշխատանքները վարձատրելու համար, ի վերջո կարողացանք մտնել դատարան, հույս ունենալով, որ կկարողանանք հետ ստանալ մեզնից խարդախությամբ խլված, շորթած ֆինանսական կարողությունները:
Դատարանում մենք գնացինք կոմպրոմիսի՝ հրաժարվելով օրենքով մեզ հասանելիք նվազագույն տոկոսագումարներից, որպեսզի առանց խոչընդոտների հետ վերադարձնեն մեր գունարները: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումներով ներկայացանք ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն, որպեսզի վերջինիս միջոցով կարողանանք հետ ստանալ մեր կորցրածը։ Սակայն օրերս Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լ. Բալյանից ստացանք նամակներ, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալը. «Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Շարմաղ Գրիգորյանը հանդիսանում է Երևան քաղաքի Ազատության փ. 12/1 շենքի 34 բնակարանի համասեփականատեր, որի նկատմամբ կիրառվել է արգելանք: Պարտապանին պատկանող այլ գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»:
Հետո մեզ խորհուրդ են տալիս. «Համաձայն ՀՀ քա. օրենքի 200 հոդվածի առաջարկվում է Ձեզ դիմել դատարան Ելոյան Անդրանիկի բաժնեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար»: ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարները, նաև փոխգնդապետ Լ. Բալյանը արդյո՞ք գիտեն, թե ինչ անտանելի և սոսկալի վիճակում ենք գտնվում մենք:
Մենք՝ տուժածներս չունենալով համապատասխան դրամագումարներ, առողջություն, ժամանակ և հնարավորթյուն, չենք կարող մեկնել Երևան և այնտեղ նորից դիմել դատարան: Ի դեպ Արցախյան գոյամարտում ազատամարտիկ թոռ կորցրած 86-ամյա Աշխեն Սահակյանը անժամանակ մահացած որդուն մի քանի ամիս առաջ կարողացավ հուղարկավորել միմիայն բարեկամների և հարևանների աջակցության շնորհիվ... Հարց է ծագում. եթե Շարմաղ Գրիգորյանը գրանցված լիներ Վաշինգտոն քաղաքում, մի՞թե մենք պետք է այնտեղ մեկնեինք և տեղում դիմեինք դատարան: Մենք դեմ ենք նոր և ավելորդ դատավարությանը: ԼՂՀ և ՀՀ ԴԱՀԿԾ ղեկավարները պետք է իրար հետ պայմանավորվելու ճանապարհով մեզ վերադարձնեն մեզ հասանելիքը: Դա է պահանջում օրենքը, արդարությունը:
Մի խումբ տուժածների անունից՝ ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ ԱՇԽԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
|