Գլխավոր » Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920) - Ա
Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920) - Ա
20:22

(հատված)


15. Ղարաբաղի ժողովրդական գրրորդ արտակարգ համագումարը (պատգամավորական ժողով)


Քաջությունը առանց դիպլոմատիայի կորցնում է 

իր զորության նշանավոր մասը։   

ՐԱՖՖԻ


Հայտնելով իր համաձայնությունը սպասելու ուլտիմատումի պատասխանի համար Ղարաբաղի պատգամավորական ժողովի որոշման, օսմանյան հրամանատարությունը այդպիսով կատարում էր առաջին լուրջ զիջումը ղարաբաղցիներին։ Դա ուշագրավ նահանջ էր, որ ապացուցում էր, թե թուրքերը իսկապես լրջորեն խուսափում էին Ղարաբաղի հետ զինված բախումից։


Սերգեյ Տեր-Իսլայելյանը[1] կառավարության անդամների հետ ունեցած տեսակցության ժամանակ հայտնեց, որ համաշխարհային պատերազմի ճակատներում տիրող իրադրության վերաբերյալ Միքայել Արզումանյանի հաղորդած տեղեկությունները լիովին համապատասխանում են իրականությանը։ Նա ավելացրեց, որ Թիֆլիսից գաղտնի ճանապարհով Գանձակում վերջին օրերս ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ կենտրոնական տերությունների բլոկը պատերազմի ճակատներում ամենուրեք լուրջ անհաջողություններ է կրում։ Բուլղարիայի և Թուրքիայի կապիտուլյացիան համարվում էր օրերի հարց։


Տեր-Իսրայելյանի ինֆորմացիան վերջնականապես համոզեց Ղարաբաղի ղեկավարությանը, որ Թուրքիայի պարտությունը անխուսափելի է մոտ ժամանակներում, որից հետո «երիտասարդ թուրքերի» ավանտյուրան Անդրկովկասում, անտարակույս, վերջանալու է խայտառակ կրախով։ Ժամանակը, կնշանակե, գործում էր հայ ժողովրդի օգտին։


Եվ ոգեշնչված մոտալուտ ապագայի հեռանկարով, Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը վճռեց, առանց պատերազմի ավերիչ հրդեհի մեջ նետելու երկիրը, խաղաղությամբ լուծել հարցերը օսմանցիների հետ։ Դժվար էր միայն համոզել զայրույթից և ատելությունից ինչպես փոթորկահույզ ծով ալեկոծվող պատգամավորական ժողովին, թե պատերազմը թուրքերի հետ անմտություն է, որ պատմական պահի հրամայական պահանջն է օգտվել թուրքերի թեկուզ ժամանակավոր խաղասիրական տրամադրություններից և աշխատել նվազագյուն զիջումների գնով երկիրն ազատել վերահաս աղետներից։


Թեպետև մեծ դժվարություններով, այնուամենայնիվ, Ղարաբաղի ղեկավարները կարողացան իրենց հաստատակամ, անձնվեր, եռանդուն ջանքերի շնորհիվ պատվով իրագործել ճակատագրական պահի առաջ քաշած պահանջը։


***

Պատգամավորական ժողովի բացումից առաջ գումարվեց կառավարության նիստ, որին մասնակցում էին Աղդամից վերադարձած պատվիրակության անդամները և կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ։ Որոշվեց պատգամավորական ժողովի օրակարգում մտցնել երկու հարց. տաճկական հրամանատարության ուլտիմատումի քննությունն ու պատասխանը և պաշտպանական հարցեր։ Քննվեց  և ընդունվեց միաձայն ուլտիմատումի պատասխանի նախագիծը, որ պիտի ներկայացվեր պատգամավորական ժողովի հաստատման։ Ըստ այդ նախագծի՝ մերժվում էին կտրականապես զինաթափության և Ադրբեջանի իշխանության ենթարկվելու պահանջները։ Մերժվում էր թուրքերի վերջին պահանջը ևս, Շուշի զորք մտցնելու վերաբերյալ, մոտավորապես հետևյալ պատճառաբանությամբ։ Ղարաբաղում, թե քաղաքում և թե շրջաններում, մինչև այժմ էլ հայ և մուսուլման բնակչությունն ապրում էր հաշտ ու խաղաղ և չի պատահել, որ երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները խախտվեն որևէ  դժբախտ առիթով։ Մինչդեռ այդ ժողովուրդներից որևէ մեկի համակրոն կամ ցեղակից մի երրորդ ուժի ներկայությունը կարող է լարել հարաբերությունները և տեղիք տալ բարդությունների երկու դրացի ժողովուրդների միջև։


Պիտի ասել, որ ուլտիմատումի այդ վերջին կետի շուրջը տեղի ունեցան երկարատև և տաք վիճաբանություններ։ Աղդամից վերադարձած պատվիրակության անդամների միաձայն կարիծքն այն էր, որ Շուշի զորք մտցնելու հարցում թուրքերը ոչ մի զիջում չեն անի, դրանում նրանք, ինչպես իրենք էին ասում, համոզվել էին դեռևս Աղդամում, տեսնելով զորքերի և ռազմական միջոցների կենտրոնացման լարվածությունը Աղդամում և Ասկերանի հայկական գյուղերի մատույցներում։


Որոշվեց ուլտիմատումի առաջին և երկրորդ կետերի նկատմամբ չկատարել որևէ զիջում։ Իսկ երրորդ կետի վերաբերյալ ընդունվեց հետևյալը. եթե թուրքերը առանց որևէ վերապահության կհրաժարվեն զինաթափության և հպատակության պահանջներից, բայց կպնդեն Շուշի զորք մտցնելու պահանջի վրա, ապա համաձայնություն տալ դրան հետևյալ վերապահումներով. թույլատրել թուրք հրամանատարությանը մտցնել Շուշի միայն թուրքական կանոնավոր բանակի մի զորամաս, բաղկացած ոչ ավելի, քան 800-1000 զինվորներից։ Ադրբեջանական զինված ուժ, կանոնավոր կամ անկանոն, չպիտի բերվի Շուշի կամ մուտք գործի Ղարաբաղի սահմաններն ընդհանրապես։ Երբեք գյուղական շրջանները թուրքական զորք չպիտի մտցվի։ Զորքը քաղաքում պիտի տեղավորվի միայն մուսուլմանական մասում։


Այդ պայմաններով թուրքերի ժամանակավոր իշխանությունը փաստորեն պիտի տարածվեր միայն քաղաքի մուսուլմանական մասի վրա։


Կառավարությունն ընդունեց գաղտնի որոշում՝ ինչքան հնարավոր է ձգձգել ուլտիմատումի պատասխանը և ընդհանրապես բանակցությունները թուրքերի հետ,համոզված լինելով, որ համաշխարհային պատերազմի ճակատներում առաջացած վճռական բեկումը ի վնաս կենտրոնական պետությունների բլոկի՝ կարող է հանգել ամեն օր և ժամ Թուրքիայի վերջնական պարտության, որը Ղարաբաղի հայության համար կծառայեր իբրև միակ բարեպատեհ ելքը՝ հաջողությամբ դուրս գալու ստեղծված ծանր քաղաքական ճգնաժամից, առանց ենթարկելու երկիրը վտանգավոր ցնցումների, առանց արյունալի բախումների, որոնք վաղ թե ուշ պիտի դառնային անխուսափելի թուրքերի ներկայության պայմաններում։


***

Շուշու հայկական մասը ընդունել էր ռազմական ճամբարի կերպարանք։ Շրջաններից եկած պատգամավորների թիվը արդեն անցել էր 700-ից։ Եկել էին, առանց բացառության, բոլորն էլ զինված։ Այդպիսի սպառազեն բազմության ներկայությունը լարված քաղաքական իրադրության մեջ վտանգավոր էր։ Քաղաքի հայկական մասում դարձյալ գլուխ էին բարձրացրել արկածախնդիր տարրերը, որոնք աշխատում էին ամեն կերպ օգտագործել մոմենտը անկարգություններ առաջ բերելու համար։ Թե այդ և թե պաշտպանական և այլ բնույթի մի շարք ավելի կարևոր հանգամանքներ անհրաժեշտ դարձրին պատգամավորների թիվը կրճատել մոտ 3-4 հարյուր հոգով և կրճատել հատկապես այն պատգամավորներին, որոնց մշտական ներկայությունը շրջաններում այդ օրերին խիստ անհրաժեշտ էր։


Պատգամավորական ժողովին մասնակցելու համար այդպիսով մնացին քաղաքու գյուղերից եկած 300-ից ավելի քիչ մարդ։


Սեպտեմբերի 27-ի երեկոյան Շուշու ռեալական դպրոցի դահլիճում բացվեց Ղարաբաղի պատգամավորական երրորդ արտակարգ ընդլայնած ժողովը։ Բոլոր նիստերին պատգամավորները ներկայանում էին սպառազեն։ Նախագահ Հայրապետ Մուսայելյանը ժողովը բաց արեց մի ընդարձակ, խրախուսիչ, ոգևորված ճառով, որը հաճախ ընդհատվում էր դահլիճի բուռն ծափերով և «կեցցե»-ներով։ Իր խոսքի վերջում Մուսայելյանը, մեղմացնելով ճառի բարձր և ոգեշնչող տոնը, միանգամայն հանգիստ և համոզիչ արտահայտություններով հայտարարեց, որ թուրքերի ուլտիմատումը պատճառ չպիտի դառնա պատերազմի, որ պատգամավորական ժողովը հրավիրված է հաշտության որևէ եզր գտնելու թուրքերի հետ, որ Ղարաբաղի մեկուսացած և թշնամի ուժերով օղակված վիճակը, ժողովրդի ծանր տնտեսական դրությունը, գաղթականության ներկայությունը և ռազմապաշարի պակասը անհնարին և անիմաստ են դարձնում պատերազմը տաճկական կանոնավոր և մինչև ատամները սպառազեն բանակի հետ, որին պաշտպանում է կամա թե ակամա ամբողջ տեղական մուսուլմանությունը, որ պատերազմը անխուսափելիորեն արյունահեղությունների և ավերածությունների պատճառ պիտի դառնա, որոնցից մեծապես տուժողը լինելու է անկասկած մեր ժողովուրդը։


Մուսայելյանի այդ խոսքերը կարծես մի կայծ էր, որ ընկնում էր վառոդով լի մի ընդարձակ պահեստ... Դահլիճում վայրկենապես բարձրացավ ցասման մի մոլեգին ալիք, մի աննկարագրելի աղմուկ ու ժխոր, որ տասնապատկվեց և դժոխային կերպարանք ընդունեց, երբ՝ «Թուրքերի հետ հաշտվել չե՛նք  ուզում, այլ կռի՛վ, կռի՛վ...» բացականչություններին միախառնվեցին հարյուրավոր հրացանների կոթերի կատաղի զարկերը դահլիճի տախտակյա հատակին, որից ցնցվում, երերում էր դահլիճի հետ մեկտեղ դպրոցի ամբողջ ամրակառույց շենքը...


Ապարդյուն անցան ժողովի նախագահի, նիստին գտնվող կառավարության անդամների և քաղաքի միլիցիական վարչության ներկայացուցիչների կողմից դահլիճը որևէ կերպ հանգստացնելու բոլոր ջանքերը։ Նախագահը ստիպված եղավ փակել ժողովը։ Երկրորդ նիստը նշանակվեց հաջորդ օրվա երեկոյան։


Այդ գիշեր քաղաքի հայկական մասում հայտարարվեց արտակարգ զինվորական դրություն։ Արգելվեց զինված շրջագայությունը քաղաքում։


Սեպտեմբերի 28-ի ցերեկվա գրեթե բոլոր ժամերը կլանեց ինտելիգենցիայի ներկայացուցիչների խորհրդակցությունը։ Որոշվեց ամեն կերպ աջակցել կառավարությանը՝ պայքարելու անիշխանության դեմ և հանդես գալ պատգամավորական ժողովում պաշտպանելու կառավարության մշակած ուլտիմատումի պատասխան-նախագիծը։


Պատգամավորական ժողովի երկրորդ նիստում կառավարության նախագահ Իշխանյանը զեկուցեց նախագծի մասին։ Ժողովը միահամուռ փոթորկալի ծափահարություններով ընդունեց զինաթափության և Ադրբեջանի իշխանության ենթարկվելու պահանջների կատեգորիկ մերժումը։ Բայց երբ Իշխանյանը ընդարձակ բացատրական խոսքից հետո կարդաց այն մասը, որ վերաբերմու էր Շուշին զորք մտցնելու թուրքական պահանջի նկատմամբ զիջումներ կատարելու առաջարկության, դահլիճը կրկին վայրկենապես փոթորկվեց... դարձյալ խլացուցիչ ռազմաշունչ բացականչություններ, դարձյալ դժգոհության և ցասումի աղմկալից գոչումներ և հրացանների կոթերի երկարատև զարկերի դժոխային ժխոր...


Պատգամավորների մեծ մասը թողնում է վերջապես դահլիճը և խռնվում միջացքներում։ Նիստը կրկին հետաձգվում է հաջորդ օրվան։


Օսմանցիները, անշուշտ, անտեղյակ չէին հայկական քաղաքամասում և պատգամավորական ժողովում տեղի ունեցող անցուդարձին։ Նրանք առերևույթ համբերատարությամբ սպասում էին, թե իբր վերջապես պատգամավորական ժողովը պիտի բարեհաճի պատասխան տալ իրենց ուլտիմատումին։


Թուրքերը այդ «համբերատարությունը» սակայն, պիտի շուտով տեղի տար սուր ճոճեցնելու թուրքական սովորական քաղաքականությանը։ Հակառակորդը, բնական է, չէր կարող հանդուրժել օսմանցու այդչափ նվաստացում, թեկուզ Ղարաբաղի հայության առաջ։ Եվ թուրքերը մտածում էին ճնշում գործադրել պատգամավորական ժողովի վրա՝ ստիպելու արագացնել ուլտիմատումի պատասխանը։ Չմոռանանք նաև, որ օսմանցիներին շարունակ ագրեսիայի էին մղում Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կառավարությունը և Աղդամում կուտակված բեկական-խանական հայակեր տարրերը։


Մտավորականության լավագույն մասի ճիգերը՝ անձնական տեսակցությունների միջոցով համոզելու պատգամավորներից ամենաազդեցիկներին ընդունելու կառավարության կազմած պատասխանի նախագիծը, անցան անհետևանք։ Պատգամավորները լսել անգամ չէին ուզում թուրքերի հետ հաշտությամբ հարցերը լուծելու անհրաժեշտության մասին։ Ամենահավասարակշռված և լրջախոհ պատգամավորներն անգամ պահանջում էին թուրքերի ուլտիմատումին պատասխանել ընդհանուր հարձակմամբ, առանց լուրջ հաշիվ տալու իրենց ընդհարման անխուսափելի հետևանքների մասին։


Սեպտեմբերի 29-ի առավոտյան և երեկոյան նիստերը դարձյալ անցան անհետևանք։ Նախագիծը քննության դնել չհաջողվեց։ Ժողովի նախագահ Մուսայելյանի, քաղաքից ընտրված պատգամավորներից շատերի և մտավորականության ներկայացուցիչների ելույթները՝ համոզելու պատգամավորական ժողովի մեծամասնությանը` ընդունելու պատասխանի նախագիծը, դրական արդյունք չտվեցին։ Երեկոյան նիստի ժամանակ պաշտոնական տեղեկություն ստացվեց, որ թուրքական հրամանատարությունը այլևս սպասել չի կարող և պահանջում է 24 ժամվա ընթացքում պատասխանել ուլտիմատումին։ Նուրի փաշան պահանջում էր նաև ետ ուղարկել Աղդամ Գանձակից եկած հայ պատվիրակներին՝ Տեր-Իսրայելյանին և Լևոն վարդապետին։


Երեկոյան նիստը վերջացավ նրանով, որ պատգամավորները միաձայն ցանկություն հայտնեցին լսելու զինվորական գործերի կառավարչի զեկուցումը, որն այդ ժամանակ գտնվում էր Խաչենում։


Պատգամավորական շրջանում տարածվել էր այն կարծիքը, որ իբր զինվորական գործերի կառավարիչը համաձայն չէ կառավարության մշակած նախագծին և առաջարկել է մերժել ուլտիմատումը ամբողջովին։ Այդպես տարածել էին քաղաքի ագրեսիվ տրամադրված տարրերը, օգտվելով զինվորական գործերի կառավարչի բացակայությունից։ Վերջինս սեպտեմբերի 30-ին վերադարձավ շրջանից և անմիջապես մեկնեց պատգամավորական ժողովի նիստին։ Միջանցքում, դահլիճի մուտքի մոտ, նա հանդիպեց Ալեքսանդր Ռուբենուն, և նրանց միջև տեղի ունեցավ այսպիսի խոսակցություն։ Զինվորական գործերի կառավարիչը զարմանք հայտնեց, որ պատմական այդպիսի պատասխանատու և ճակատագրական պահի, երբ հաննիբալը կանգնած է Ղարաբաղի դռների առաջ, ինքը Ռուբենին և Սաքո Համբարձումյանը, միանգամայն անտարբեր դիտողներ են Ղարաբաղում տեղի ունեցող լուրջ իրադարձությունների, ոչնչով չեն օժանդակում կառավարությանը՝ դուրս բերելու երկիրը ծանր քաղաքական ճգնաժամից, չեն մասնակցում պատգամավորական ժողովի նիստերին և չեն օգնում համոզելու գավառի պատգամավորներին՝ ընդունելու թուրքերի հետ բանակցություններ վարելու և խաղաղությամբ հարցերը լուծելու անհրաժեշտությունը։


Ռուբենին այդ խոսքերին պատասխանեց կարճ՝ «Թող երկիրը դուրս բերեն ճգնաժամից այն մարդիկ, որոնք 25 տարի շարունակ տնօրինել և տնօրինում են հայ ժողովրդի ճակատագիրը»։


Հասկանալի էր, իհարկե, թե որ քաղաքական հոսանքի կտուրին էր քար նետում Ռուբենին։ Նրա այդ խուսափողական, երկչոտ պատասխանը, նրա անտեղի ակնարկը չզարմացրեց զինվորական գործերի կառավարչին։ Վերջինս այդ խոսքերին պատասխանեց միայն մի դառն և հեգնական ժպիտով ու մտավ հուզմունքից և զայրույթից եռացող դահլիճը։


Հանդես գալով պատգամավորական ժողովի առաջ, զինգործերի կառավարիչը սկզբից հայտարարեց, որ ինքը լիովին համաձայն է կառավարության առաջարկություններին և  մշակած պատասխանի նախագծին։ «Ժողովրդի ապահովության, նրա անվտանգության շահերը,- ասաց նա,- պահանջում են ընդունել այդ նախագիծը։ Պատերազմը թուրքերի հետ կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ շրջապատման մեջ գտնվող մեր երկրի համար։ Երեկ երեկոյան դեմ թուրքական մեծաթիվ ուժեր գրոհել են Նախիջևանիկ, Փիրջամալ և Վարազաբույն գյուղերի ուղղությամբ մեր սահմանապահ մարտիկների դիրքերի վրա, բայց մի երկու ժամվա լարված մարտերից հետո հետ են մղվել։ Իսկ այսօր, վաղ առավոտյան, եկել էին այդ դիրքերից և ... փամփուշտ էին պահանջում։ - Ռազմապաշարի տեսակետից մեր վիճակը կարծում եմ ձեզ ամենքիդ լավ հայտնի է։ Եթե Զանգեզուրը տմարդի չվարվեր և մեր 300 սայլերը վերադառնային բարձած զինամթերքով, այժմ դուք լիակատար իրավունքով կարող էին պահանջել մեզնից թուրքերի ուլտիմատումին այլ պատասխան տալ։ Թուրքերը կուտակել են մեր դեմ լավ մարզված և մարտերում կոփված զորամասեր, որոնք ապահովված են անսպառ զինամթերքով։ Նրանց օգնում են Ադրբեջանի բեկերն ու խաները պարենով և լավ զինված բազմաթիվ հրոսակներով։ Այն մարդիկ, որոնք տարածում են, թե իբր սուտ է Բաքվի անկումը, դրանք ժողովրդին դնում են վտանգավոր մոլորության մեջ։ Մեզ, այնուամենայնիվ, չի կարող հուսալքել ստեղծված ծանր իրադրությունը։ Ժամանակը, բարեբախտաբար, գործում է մեր օգտին (այստեղ զինվորական գործերի կառավարիչը հրապարակում է Միքայել Արզումանյանից ստացված սեպտեմբերի 11 թվակիր նամակը)։ Այս նամակից և Գանձակից նոր եկած մարդկանց հաղորդած ավելի թարմ տեղեկություններից կարելի է անվիճելիորեն եզրակացնել, որ թուրքերի և նրանց դաշնակիցների պարտությունը օրերի հարց է։ Իսկ պարտությունից հետո թուրքերը այլևս Անդրկովկասում մնալ չեն կարող։ Մեզ, ուրեմն, անհրաժեշտ է այժմ, այս անցողիկ ժամանակաշրջանում, որ կարող է անսպասելի կերպով կարճ տևել, ամեն կերպ խուսափել արյունահեղությունից։ Իսկ եթե թուրքերը մեր խաղաղասիրական տրամադրությունները և առաջարկները ընդունելով թուլության նշան, փորձ կանեն զենքի միջոցով ստիպել ընդունելու իրենց բոլոր պահանջները, այդ դեպքում մեզ կմնա դիմել ակտիվ պաշտպանության, այդ դեպքում մենք, բնականաբար, խուսափել արյունահեղությունից չենք կարող։


Արդ, քանի որ թուրքերը իրենք ևս կարծես խուսափում են պատերազմից և հակամետ են բանակցությունների միջոցով խաղաղությամբ լուծելու հարցերը, անհրաժեշտ է, որ պատգամավորական այս արտակարգ ժողովը իր աշխատանքն ավարտելուց առաջ լիակատար վստահություն հայտնի կառավարությանը, ընդունի նրա ներկայացրած պատասխան-նախագիծը և լիազորի նրան վարելու իր անունից բանակցություններ թուրքերի հետ, սկսելով այդ բանակցությունները որքան հնարավոր է արագ, առանց ավելորդ ժամանակ վատնելու»։


Զինվորական գործերի կառավարչի ելույթից հետո նախագահ Մուսայելյանը, օգտվելով պատգամավորենրի մեծամասնության տրամադրության մեջ առաջ եկած սուր բեկումից, որ պիտի վերագրել գլխավորապես Արզումանյանի նամակի խրախուսիչ ազդեցության և կառավարչի հաղորդած մի քանի այլ տեղեկությունների առաջ բերած տպավորության, առաջարկեց Իշխանյանին կարդալ կետ առ կետ ուլտիմատումի պատասխանի նախագիծը, որն ընդունվեց ժողովի կողմից աննշան փոփոխություններով։


Պաշտպանական միջոցառումների վերաբերյալ ժողովը ընդունեց զինգործկառավարչի առաջարկությունը՝ օգնել շրջանների հրամանատարներին ժողովարարությունների միջոցով ստեղծելու փամփուշտի որոշ պաշարներ։ Պարզվեց, որ շրջաններում հանդիպում են մարդիկ, որոնք աշխատում են խանգարել տեղերում ձիաների հավաքագրման և պաշտպանական այլ միջոցառումներին։ Ժողովը որոշեց շտապ միջոցներ ձեռք առնել վերացնելու բոլոր դժվարությունները և արգելքները, որոնք խանգարում են երկրի պաշտպանության համար ձեռնարկվող աշխատանքներին։ Այնուհետև ժողովն ընդունեց միաձայն հետևյալ բանաձևը[2]։


«Ղարաբաղի պատգամավորության արտակարգ ժողովը «Երրորդ համագումարը»), լսելով կառավարության նախագահ Իշխանյանի զեկուցումը թուրքական հրամանատարության ուլտիմատումի մասին, ընդունում է միաձայն այդ առթիվ ներկայացրած պատասխանի նախագիծը։ Ժողովը միաժամանակ վստահություն է հայտնում կառավարության և լիազորում նրան Ղարաբաղի պատգամավորական երրորդ արտակարգ ժողովի անունից վարելու բանակցություններ թուրքական հրամանատարության հետ, նպատակադրելով խաղաղությամբ և փոխադարձ համաձայնությամբ լուծելու երկու կողմերին շահագրգռող հարցերը»:


Բանաձևը քվեարկելուց և միաձայն ընդունվելուց հետո պատգամավորական ժողովի աշխատանքները հայտարարվոմ են վերջացած։



16. Թուրքերի մուտքը Շուշի


Սեպտեմբերի 30-ին թուրքերը հարձակման ձեռնարկեցին նաև Ջրաբերդի շրջանում։


Մուսուլմանական Թարթար ավանում և նրա մոտակա գյուղերում կենտրոնացած թուրք-ադրբեջանական ուժերը, թվով մի քանի հազար, անցան ծավալուն հարձակման Մարգուշևանի ուղղությամբ, 5-6 կիլոմետր ճակատով։ Սկզբում նրանց հաջողվեց գրավել Մարգուշևանը։ Բայց ջրաբերդցիները արագորեն վերախմբավորելով իրենց ուժերը, անցան հակահարձակման և շեշտակի գրոհներով կարողացան ոչ միայն կագնեցնել հակառակորդի առաջխաղացումը, այլև թիկնանցելով` ջարդ տալ թշնամուն և ստիպել նրան նահանջելու։ Այդ կարճատև և մասնակի բախումները համոզեցին օսմանյան հրամանատարությանը, որ ճակատ առ ճակատ կռիվը ղարաբաղցիների հետ վտանգավոր է և կապված է մեծ կորուստների հետ։ Ուստի հայերի վրա ճնշում գործելու նպատակով թուրքերը դիմեցին ավելի գործուն միջոցի, օգտագործելով իրենց ռազմական տեխնիկայի գերակշռությունը։


 Վեց օր անընդհատ չստանալով Շուշուց ուլտիմատումի պատասխանը, նրանք որոշեցին գործողության մեջ դնել այս անգամ իրենց հրետանային հզոր մարտկոցները։ Հոկտեմբերի 1-ի առավոտյան օսմանցիք սկսեցին ռմբակոծել դաշտային ծանր և հեռաձիգ հրանոթներից Ասկերանի մոտակա հայկական գյուղերը, բարբարոսական ավերածություններ առաջ բերելով այնտեղ։ Առանձնապես մեծ վնասներ կրեցին Նախիջևանիկ և Վարազաբույն գյուղերը, որտեղ ռմբակոծությունից հիմնովին ավերվեցին կամ հրդեհվեցին շատ բարեկարգ և գեղեցկաշեն տներ, որոնք կառուցվել էին երկար տարիների ընթացքում Բաքվում աշխատող նույն գյուղացի բանվորների դառն քրտինքով վաստակած կոպեկներով։ Մարդկային զոհեր չեղան, որովհետև բնակչությունը սահմանամերձ գյուղերից նախօրոք էվակուացված և տեղափոխված էր թիկունք։ Զինված ուժերը հակառակորդի հրետանային ռմբակոծության կարողացան պատասխանել միայն հրացանային ապարդյուն կրակով։


Հայկական գյուղերի ավերիչ ռմբակոծությունը կարգադրվեց դադարեցնել միայն այն ժամանակ, երբ թուրք հրամանատարությանը հայտնի դարձավ, որ բանակցելու համար Շուշուց Աղդամ է ժամանել հայերի պատվիրակությունը, որը բաղկացած էր այս անգամ երեք հոգուց՝ Հայրապետ Մուսայելյան, Դանիել Առաքելյան և Աշոտ Մելիք-Հովսեփյան։


Պատվիրակությանը գլխավորում էր դարձյալ Հայրապետ Մուսայելյանը:


Աղդամ հասնելուց անմիջապես հետո` Նուրի փաշան ընդունեց պատվիրակությանը և լսեց պատգամավորական ժողովի պատասխանը իր ուլտիմատումին: Մերժվում էին բոլոր պահանջները: Նուրի փաշան կատաղեց, սպառնաց, բայց ի վերջո ստիպված եղավ տեղի տալ: Նա հրաժարվեց ժողովրդի ընդհանուր զինաթափման պահանջից, համաձայնվեց նաև չդնել Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու կատեգորիկ պահանջ, բայց ոչ մի կերպ չուզեց հրաժարվել Շուշի զորք մտցնելու մտադրությունից, թեպետև Մուսայելյանը ամեն կերպ աշխատեց համոզել թուրք հրամանատարին, որ այդ ակցիան կարող է ունենալ աննպաստ հետևանքներ հայ-մուսուլմանական հարաբերությունների համար: Պատվիրակության առաջարկությունը` ճանաչել Շուշու հայկական կառավարությունը իբրև Ղարաբաղի փաստական իշխանություն, մերժվեց այն արդեն հայտնի պատճառաբանությամբ, թե Թուրքիան ճանաչում է հայերի միայն մի կառավարություն, և դա Հայաստանի Հանրապետական կառավարությունն է: Նուրի փաշան այնուամենայնիվ, համաձայնվեց չխախտել Ղարաբաղում Status quo-ն, մինչև այսպես կոչված Կ. Պոլսի կոնֆերանսի որոշումը Անդրկովկասի հանրապետությունների վերջնական սահմանների վերաբերյալ: Բայց այդ ամենը թուրքերին հատուկ ստոր խաբեություն էր: Հակառակ պատվիրակության պահանջի` թուրքերը հրաժարվեցին երկու կողմերիմիջև կայացած համաձայնությունը գրավոր ձևակերպելուց, առաջարկելով բավականանալ «ջենտլմենտական խոսքով»: Եվ նրանք պատրաստ էին «ջենտլմենտական խոսքով» ամեն տեսակի պարտավորություններ հանձն առնել և խոստումներ տալ, միայն թե բաց տեսնեին իրենց առաջ Ասկերանը և դեպի Շուշի տանող խճուղին:


Նուրի փաշան համաձայնվեց նույնպես «ղարափափախավորների» (ադրբեջանցիների) զինված ույժ չմտցնել Շուշի, բացի թուրքական կանոնավոր զորամասից: Նա այդ կատարեց: Սակայն պատվիրակների պահանջին` երկու հրաձիգ գումարտակից կամ 1000 զինվորից ավելի թուրքական զորք չմտցնել Շուշի` պատասխանեց կատեգորիկ մերժումով, առարկելով, որ այդչափ զինվոր կպահանջվի միայն Աղդամ-Շուշի ճանապարհի ապահովության համար: Նա ասաց, որ Ղարաբաղ մուտք գործող զորքը 2-3 հազար զինվորից պակաս լինել չի կարող: Պատվիրակությունը պահանջեց, որ բացի քաղաքից, գյուղական շրջանները զորք չմտցվի: Նորի փաշան դրան չառարկեց: Նա խոստացավ քաղաքի ադրբեջանական մասում հարմարություններ լինելու դեպքում ասկերներին տեղավորել այնտեղ, հակառակ դեպքում նա օգտագործելու էր հայկական մասի հարմար շենքերը և նախկին ռուսական զորանոցը: Մնացած հարցերի շուրջը Նուրի փաշան առաջարկեց համաձայնության գալ Ջամիլ-Ջայիդ-բեյի հետ, որը ներկա էր Նուրի փաշայի հետ վարվող բանակցություններին: Հայ ներկայացուցիչները խնդրեցին բանակցությունների շարունակությունը հետաձգել հաջորդ օրվան, հոգնածությունը պատճառ բերելով: Նրանց տեղ տվին գիշերելու շտաբին կից հարմարավետ սենյակում, և կարգադրվեց ճաշ տալ հրամանատարության խոհանոցից:


Հաջորդ օրը, հոկտեմբերի 3-ին, բանակցությունները շարունակվեցին Ջամիլ-Ջայիդ-բեյի հետ, որը Շուշի գնացող զորքերի հրամանատար էր նշանակված: Նա պահանջեց Ասկերանի և դեպի Շուշի տանող խճուղու երկու կողմերում գտնված հայկական գյուղերի զինաթափում, որպեսզի, ինչպես նա էր պատճառաբանում, տաճկական ուժերը կարողանան վստահորեն և ապահով դեպի Շուշի շարժվել: Մուսայելյանը պատասխանեց, որ այդ գյուղերի բնակչությունը վերջին օրերի կռիվների ժամանակ քաշվել է դեպի թիկունք, և գյուղերում մնացել են միայն ծերունիները: Թիկունք են քաշվել նաև գյուղերի զինված ուժերը: Ուստի հիմքեր չկան կասկածելու, որ թուրքական զորքերի վրա կարող են հարձակումներ տեղի ունենալ ճանապարհի ուղղությամբ: Թուրք սպան, սակայն, շարունակում էր համառել իր պահանջի վրա: Նրան հիշեցրին, որ ընդհանուր զինաթափության պահանջը վճռականորեն մերժված է պատգամավորական ժողովի կողմից, և գլխավոր հրամանատարը համաձայնվեց դրան: Ինչ վերաբերում է «մասնակի» զինաթափման, որ դնում է բեյը, այդ իբրև նոր առաջադրվող պահանջ, Մուսայելյանը գտավ անհրաժեշտ վերադառնալ Շուշի և այդ մասին զեկուցել կառավարությանը: Ջամիլ-Ջայիդ-բեյը, սակայն, գտավ ավելորդ այդ հարցի լուծումը փոխադրել Շուշի և խոստացավ բավարարվել միայն Ասկերանի մոտակա Խնաբադ, Խրամորթ և Քյաթուկ գյուղերի զինաթափությամբ: Պատվիրակները պատասխանեցին դարձյալ մերժումով: Այդ ժամանակ Ջամիլ-Ջայիդ-բեյը սպառնաց վերսկսել սահմանային գյուղերի ռմբակոծությունը հեռաձիգ հրանոթներից և «հողին հավասարեցնել» հիշյալ երեք գյուղերը: Հայ ներկայացուցիչները խնդրեցին վերջնական պատասխանի համար ժամանակ տալ խորհրդակցելու: Մի քանի ժամից հետո Մուսայելյանը պատասխանեց, որ իրենք չեն առարկում բեյի պահանջին և խնդրեց հնարավորություն տալ ուղարկելու պատվիրակներից մեկին վերոհիշյալ գյուղերը, թուրքական հրամանատարության պահանջի մասին տեղեկացնելու: Ուղարկվեց Դանիել Առաքելյանը, որը նախ պիտի գնար Խնաբադ և Խրամորթ գյուղերը, որոնք ավելի մոտ էին Աղդամին և ապա անցներ Քյաթուկ գյուղը:


Մի քանի օր շարունակ Առաքելյանից ոչ մի լուր չստացվեց: Միայն հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան տասներեք հայ ծերուկ գյուղացիներ, յուրաքանչյուրը մի-մի բարձած էշ առաջն առած, եկան ժողովվեցին ամբողջ քարավանով Աղդամ, թուրքական շտաբի առաջ:


Ջամիլ-Ջայիդ-բեյին հայտնեցին, որ Խնաբադ, Խրամորթ և Քյաթուկ գյուղերի հայերը բերել են հանձնելու զենքերը: Բեյը, ուրախացած, աշխույժով դուրս եկավ շտաբից մի քանի սպաների ուղեկցությամբ և մոտեցավ հայ գեղջուկների քարավանին: Իջեցնում են զենքերի առաջին բեռները և բացում կարկատաններով ծածկված հնամաշ վերմակների, քայքայված ջվալների և այլևայլ լաթերի մեջ խնամքով փաթաթված հրացաններ ... Ջամիլ-Ջայիդ-բեյը և նրան շրջապատող թուրք սպաները նայում են ապշած մեկ ծերունիներին և մեկ գետին թափված զենքներին և, կարծես, չեն ուզում հավատալ իրենց աչքերին: Դրանք ժամանակակից հրացաններ չէին, այլ ամբողջովին ժանգով ծածկված, գրեթե առանց բացառության հին կայծքարի հրացաններ, որոնք գործածական են եղել Ղարաբաղում միայն 17 և 18-րդ դարերում: Երբ ծերունիները փորձում են իջեցնել մնացած բեռները, բեյը զայրացած արգելում է, իսկ արդեն գետին թափված հրացանները մեկ-մեկ վերցնելով, Ջամիլ-Ջայիդ-բեյը խոթում է ծերունիներից յուրաքանչյուրի գիրկը մի-մի հատ, և երբ գետնի վրա այլևս հրացան չի մնում, դիմում է զայրույթով հայ գեղջուկներին և գոչում. «Քոպակնե´ր, ո՞ւմ եք կամենում խաբել ... Հա´յ դա, կորեք աչքիցս ձեր բերած զենքերով ...»: Եվ ծերունիները բռնեցին վերադարձի ճամփան Աղդամ տարած «զենքի» բեռներով: Նրանք ամբողջ ճանապարհին աշխույժ զվարճախոսում և բարձրաձայն խնդում էին ու հեգնանքով ակնարկում, թե ինչպես կարողացան «էշացնել օսմալուի թուրքերին» ... Իսկ թուրքական հրամանատարությունը վերջնականապես համոզվեց, որ անկարելի է Ղարաբաղում թեկուզ մեկ գյուղ զինաթափել: Նպատակահարմար համարվեց խաղաղ միջոցներով իրագործել Շուշի մտցնելու ծրագիրը` ամեն կերպ խուսափելով գրգռիչ պահանջներից և բռնի գործողություններից: Դա թուրքերի սիրած գործելակերպն էր, երբ համարվում էր վտանգավոր դիմելու ուժի քաղաքականության:


***

Հոկտեմբերի 7-ին Նորի փաշան կարգադրեց թույլատրել վերադառնալու Շուշի հայ պատվիրակության անդամներին` Հայրապետ Մուսայելյանին և Աշոտ Մելիք Հովսեփյանին[3]: Վերջիններս պարտավորվեցին զգուշացնել Ասկերանից մինչև Շուշի ճանապարհի աջ և ձախ կողմերի լեռնային մատույցներում ամրացած հայկական զինված ուժերին` ետ քաշվելու ճանապարհի զոնայից 2-3 կիլոմետր, որպեսզի դեպի Շուշի շարժվող թուրքական ուժերի հետ բախումների տեղի չունենան:


Պատվիրակները Աղդամում ականատես էին եղել, թե ինչպես հոկտեմբերի 6-ից սկսած տեղի էին ունենում թուրքական ուժերի արագ վերախմբավորումներ, որ նշան էր, թե նրանք պատրաստվում են լուրջ արշավի դեպի Շուշի:


Եվ, հիրավի, հոկտեմբերի 8-ի վաղ լուսաբացին թուրքական զորամասերը, բաժանված երեք զորասյուների, սկսեցին շարժվել Ասկերանի վրա: Աջ և ձախ թևերի զորասյուների ջոկատները, որոնք ունեին իրենց հետ մեծ թվով թեթև գնդացիրներ, շղթաների բաժանված, Շելլու և Խինդիրլու գյուղերի ուղղությամբ մագլցելով լեռների լանջերով և ժայռոտ ոստերով, հասան արագորեն բարձունքները և, առանց դիմադրության հանդիպելու, շարժվեցին դեպի Ասկերան: Կենտրոնի զորասյունը հետևում էր նրանց խճուղով: Կարճ ժամանակամիջոցում աջ և ձախ թևերում արշավող զորասյուների շղթաները ալիք առ ալիք հասան և բռնեցին Ասկերանի երկու կողմերի բարձունքները, իսկ ձախ թևում առաջապահ շղթաները մտան Քյաթուկ գյուղը: Դրանից հետո կենտրոնի զորասյան ջոկատներն անցան Ասկերանը հատող խճուղով և արագացրած մարշով շարւնակվեցին արշավել առաջ:


Հայերի զինված ուժերը, որոնք արդեն քաշվել էին ճանապարհամերձ գոտուց և ամրացել պաշտպանության երկրորդ գծի մատույցներում, հեռադիտակներով և հետախույզների միջոցով հետևում էին թուրքական ուժերի առաջխաղացմանը: Կեսօրին թուրքերը գտնվում էին քաղաքից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա, իսկ առաջապահը արդեն հասել էր քաղաքի պարիսպներին: Մի երկու ժամից հետո երեք զորասյուների հիմնական ուժերը կենտրոնացան «Սանգյար» կոչված ընդարձակ սարավանդի վրա, որ գտնվում էր Շուշուց դեպի արևմուտք, մոտ մեկ և կես կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այդ, «Խանի բաղ» կոչված վայրում, թուրքական աջ թևի զորասյունից բաժանվելով մի ուժեղ ջոկատ, բաղկացած 2-3 հարյուր ասկերներից, մտել էր արդեն Խանքենդի ավանը և տեղավորվել նրա զորանոցներում: Դա թուրքերի հետ Աղդամում կնքված «ջենտլմենական» համաձայնության առաջին խախտումն էր` զինված ուժ չմտցնել գյուղական շրջանները (թեպետև Խանքենդին գտնվում էր ճանապարհի գոտում): «Սանգյարի» վրա թուրքական զորամասերին դիմավորեցին ողջույնի բարձրագոչ աղաղակներով քաղաքի մուսուլմանական բնակչության բազմաթիվ ներկայացուցիչներ, տաճկական դրոշակներ պարզած: Նրանք եկել էին առաջնորդելու թուրքական զորամասերին քաղաք:


Մուսուլմանական թաղի այն փողոցները, որոնցով պիտի անցնեին ասկերների ջոկատները, ծածկված էին թանկարժեք գորգերով, իսկ տների պատշգամբները և պատուհանները զարդարված էին թուրքական դրոշակներով, ամեն տեսակի և գույնի մեծարժեք կտորներով և այլևայլ գորգերով ու կարպետներով:


Մուսուլմանական մասի նեղ փողոցների երկու կողմերում, տների կտուրների և պատշգամբների վրա, հավաքվել էին քաղաքի հարյուրավոր մուսուլման բնակիչներ: Երբ երևացին ասկերների առաջին շարքերը, մուսուլման ամբոխը ալեկոծվեց և ծայրից ծայր բռնկվեց մի աննկարագրելի էնտուզիազմով ... նա իր հավատակիցներին և ցեղակիցներին դիմավորում էր գրկաբաց, ներքին բավականությունից հուրհրատող աչքերով և անվերջանալի ուրախ բացականչություններվ և «յաշասուններով»... Միանգամայն սառը և զուսպ վերաբերմունքի հանդիպեցին թուրքերը միայն հայերի կողմից: Եվ դա բնական էր...


***

Հոկտեմբերի 7-ի գիշերը Աղդամից նոր վերադարձած Մուսայելյանի և Աշոտ Մելիք Հովսեփյանի մասնակցությամբ կայացած կառավարության վերջին նիստում ընդունված որոշումների համաձայն, կարգադրվեց բոլոր շրջանների հրամանատարներին թուրքերը քաղաք մտնելուց հետո  է´լ ավելի ուժեղացնել և ամրացնել սահմանների պահպանությունը և զինված ուժերը միշտ պահել մարտական պատրաստ վիճակում: Խաչենի և Վարանդայի հրամանատարներին առաջարկվեց Շուշի-Ասկերան գծի վրա մշտական գաղտնի հսկողություն սահմանել և հետախուզությունների միջոցով իրազեկ լինել այդ գծի վրա տեղի ունեցող թուրքական զինված ուժերի շարժումներին:


Կառավարությունը պիտի մնար Շուշում: Միայն զինվորական և ներքին գործերի կառավարիչները հոկտեմբերի 8-ի առավոտյան մի խումբ հեծյալ մարտիկների հետ անցան գավառ: Քաղաքի զինված ուժերը պիտի մնային տեղում, պահելով զենքերը թաքստոցներում հավանական խուզարկություններից ապահովելու համար:


Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920) - Բ - 28 Февраля 2014 - Նոր-Էջ



Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Արխիվ