Գլխավոր » Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920) - Բ
Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920) - Բ
20:20


17. Օսմանցիների քսաներկուօրյա օկուպացիան և զորապարպը Շուշուց 


Թուրքերը Ղարաբաղ մտան Նուրի փաշայի ուլտիմատումից միայն տասնչորս օր անցնելուց հետո:


Ղարաբաղի կառավարության շահած այդ տասնչորս օրերը կրճատեցին ավելի քան մեկ երրորդով թուրքերի օկուպացիայի ժամանակամիջոցը Շուշում: Իսկ այդ, ինչպես շուտով կտեսնենք, խորտակեց թշնամու բացահայտ կամ քողարկված գազանամիտ դիտավորությունները Ղարաբաղի հայության նկատմամբ:


***

Երբ թուրքական ուժերը, մինչև քաղաք մտնելը, Սանգյարում և Շուշու բերդի հաստաբեստ պարիսպների տակ վաշտ առ վաշտ հավաքվում, համախմբվում էին ըստ առանձին մասերի և ստորաբաժանումների, քաղաքի մուսուլմանական մասի կոմենդանտ Հասան-Բասրի-բեյը Ջամիլ-Ջայիդ-բեյի հրամանով քաղաքի հայկական մասից պահանջեց հանձնել զենքերը: Կառավարությունը նախորդ օրը արդեն գաղտնի կարգադրություն էր արել քաղաքի հայ բնակչությանը` թաքցնել զենքերը, իսկ թուրք հրամանատարության պահանջը բավարարելու համար կարգադրվեց պահեստում եղած հին «բերդան» սիստեմի հրացանները տանել, հանձնել կոմենդանտին: Հրացանները, սակայն, սայլին բարձելու ժամանակ քաղաքի հայ երիտասարդների մի խումբ հանկարծակի հարձակվեց սայլի վրա, գրավեց ամբողջ զենքը և անհետացրեց: Այդ դեպքին տեղեկանալուց հետո թուրքերն այլևս անօգուտ համարեցին զենք պահանջել քաղաքի հայերից: Նրանք բավականացան հայտարարելով, որ զենք պահողները խստիվ կպատժվեն:


Մուսուլմանական մասում հարմար շենքեր չգտնելով զորքերի տեղավորման համար[1], թուրք հրամանատարությունը կարգադրեց գրավել հայկական մասի հարմարավետ շենքերը` ռեալական դպրոցի նոր շենքը, հայկական միջնակարգ Օրիորդաց դպրոցը, Ամբրումյանների տունը և նախկին ռուսական զորանոցը, տեղավորելով այդ շենքերում սպայական կազմը և 1500-ի չափ ասկերների, որոնց թիվը հետագա մի քանի օրերում հասցվեց 2000-ի: Զորանոցի վերածված բոլոր շենքերը կապվեցին իրար հետ դաշտային հեռախոսային ցանցով[2]:


Երբ թուրքական զորքը պատրաստվում էր մտնել հայկական քաղաքամասը, Ղազանչեցոց եկեղեցի եկավ հրամանատար Ջամիլ-Ջայիդ-բեյը և ընդունելով քահանաների մատուցած «աղուհացը», ասաց. «Մենք չենք մտել այս քաղաքը իբրև հայերի թշնամիներ, մենք խաղաղ բնակիչներին բերել ենք խաղաղություն, իսկ ապստամբներին` մահ»:


Այդ խոսքերից ընդամենը մի 24-25 օր առաջ Բաքվի 30 հազարից ավելի խաղաղ հայ բնակիչներին խողխողող և Արևմտյան Հայաստանը ավերակների վերածող արյունարբու ելուզակների այդ ներկայացուցչի կեղծավոր խոսքերը ներկաների կողմից ընդունվեցին հեգնանքի և կատաղի ատելության հազիվ զսպված արտահայտություններով:


Ասկերներին հայկական մասում տեղավորելուց հետո թուրքերը չուզեցին գործ ունենալ Ղարաբաղի կառավարության հետ: Նրանք առաջարկեցին քաղաքի հայ բնակչությանն ընտրել վեց հոգուց բաղկացած մի ներկայացուցչական մարմին թուրք հրամանատարության հետ կապ պահպանելու համար: Ընտրությանն, իհարկե, ժողովուրդը չմասնակցեց, այն կատարեցին քաղաքի մի խումբ «տուզերը»: Ընտրվածներն ամենքը պահպանողական և չափավոր տարրերից էին, այն հոսանքներին պատկանողներից, որոնք սովորություն ունեին թուրքական բարբարոսությունները հայության նկատմամբ թեթևամտորեն վերագրելու հայ հեղափոխական կազմակերպությունների գործունեությանը:


Անդրանիկի ներկայությունը Զանգեզուրում շարունակում էր անհանգստություն պատճառել թուրք հրամանատարությանը: Քանի դեռ Անդրանիկը նստած էր Գորիսում իր հատուկ զորամասով, Սյունիքը պիտի մնար անմատչելի օսմանցիների համար, այդպես էր տրամաբանում թուրք հրամանատարությունը: Այդ պատճառով, քաղաքի հայկական մասում ամրանալուց հետո թուրքերի առաջին գործն եղավ պահանջել հայերի ներկայացուցչական մարմնից շտապ պատվիրակություն ուղարկել Գորիս և թուրք հրամանատարության անունից առաջարկել Անդրանիկին` հեռանալ Զանգեզուրից, ուր կամենում է` խոստանալով արգելքներ չհարուցել նրա առաջ:


Անդրանիկը թուրքական  հրամանատարության այդ անպատկառ պահանջին պատասխանեց նրանով, որ անմիջապես զորահավաքի կոչ ուղղեց Զանգեզուրի հայությանը, և մի քանի օրից ժողովելով իր շուրջը մի քանի հազար լավ մարզված և կռիվներում կոփված մարտիկներ` իրենց զենքերով: Հրավիրեց գյուղացիական համագումար, որն ընդունեց Անդրանիկի առաջարկությունը` թուրքերի հարձակման դեպքում անցնել ակտիվ պաշտպանության, իսկ մինչ այդ կռվողներին պարենավորելու պատրաստություններ տեսնել և շտապ միջոցներ ձեռք առնել ամրացնելու հայկական շրջանների սահմանները բոլոր ուղղություններով` կազմակերպելով աչալուրջ հսկողություն և հետախուզություն:


Օսմանցիները և նրանց գործակից Ադրբեջանի մուսավաթականները այնպես էին կարծում, թե թուրքական զինված ուժերի մուտքը Շուշի Սյունիքի հայության մեջ առաջ կբերի խուճապ, որի հետևանքով Անդրանիկը կարող է զրկվել բնակչության պաշտպանությունից և ստիպված լինել հեռանալ Սյունիքի սահմաններից, որից հետո, կարծում էին, կհեշտանար թուրքերի համար Սյունիքի զավթումը: Բայց նրանք չարաչար սխալվում էին իրենց հաշիվների մեջ: Ոչ միայն Սյունիքը, այլև Ղարաբաղի գյուղացիությունը չենթարկվեց խուճապի, երբ թուրքերը Շուշի մտան: Հայկական զինված ջոկատները հետախուզության համար երբեմն հասնում էին մինչև քաղաքի պարիսպների տակ, խուճապ առաջ բերելով հենց իրենց` թուրքերի մեջ: Այդ ուժերը, եթե պետք լիներ, ամեն վայրկյան կարող էին ոչնչացնել Խանքենդ ավանի զորանոցներում տեղավորված թուրքական զորամասը ու ճանապարհներին հսկող պահակախմբերը, և կրկին գրավելով Ասկերանը, կրակի օղակի մեջ առնել թուրքերին Շուշում[3]:


Գավառը երբեք անձնատուր չեղավ թուրքերին և չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը: Դա դեռևս 1918 թվին էր, երբ թուրքական վտանգը դամոկլյան սրի պես շարունակվում էր կախված մնալ հայության գլխին:


***

Թուրք հրամանատարությունը հենց առաջին օրվանից քաղաքը հայտարարեց պատերազմական դրության մեջ: Երեկոյան ժամը 8-ից հետո փողոց դուրս գալը արգելված էր: Զենք պահելու համար սահմանվեց մահվան պատիժ: Հայկական մասում թուրքերը խախեցին Սավադ անունով մի մանրավաճառ հայ երիտասարդի` խանութում հրացան պահելու համար:  Դրանից առաջ մուսուլմանական մասում նրանք կախել էին մեկ, թե երկու տեղացի մուսուլմանների «անկարգության համար»:


Ամբողջ օր ու գիշեր հայկական և մուսուլմանական մասում շրջում էին թուրքական պարեկները, հայկական մասում` ավելի ուժեղացրած կազմով:


Պիտի խոստովանել, որ թուրք սպաների և ասկերների վերաբերմունքը հայ բնակչության և առանձնապես կանանց նկատմամբ զուսպ էր և նույնիսկ քաղաքավարի: Թուրքերը քաղաք էին բերել իրենց զորքերի համեմատաբար կարգապահ և կիրթ ստորաբաժանումներից: Նրանք քաղաք չմտցրին ադրբեջանական զինվորների, որովհետև նրանց վրա նայում էին արհամարհանքով:


Քաղաքի հայ բնակչության շրջանում շարունակում էր իշխել վհատ տրամադրությունը, որը սաստկանում էր պարենավորման ճգնաժամի սրվելով: Օսմանցիք քաղաք մտնելուց հետո հայ գյուղացիները դադարեցին հացահատիկ բերել քաղաք վաճառելու: Հացի գները արագ կերպով բարձրացան` 90 կոպեկից մինևչ 1,5-2 ռուբլի մեկ ֆունտ (մոտավորապես 400 գրամ) հացի համար:


Դրամանիշների սովը ավելի էր ծանրացնում կացությունը: Թուրքերը սկզբում հայտարարեցին, որ երկրի կարիքների համար շուտով քաղաքը կստանա 8-10 միլիոն ռուբլի, բայց ոչինչ չստացվեց:


Քաղաքի չքավորության վիճակը անսահմանորեն դառնացավ:


Թուրքերը պահանջեցին հայերից մարդ ուղարկել գավառ համոզելու գյուղացիությանը ճանաչելու Ադրբեջանի իշխանությունը: Բայց այդ նպատակով գավառ ուղարկված քահանաները հազիվ էին կարողացել գլուխներն ազատել վրդովված գյուղացիների ձեռքից:


Գավառի դրությունը սկսեց ավելի և ավելի անհանգստացնել ու երկյուղ ներշնչել թուրքերին: Այդ պատճառով նրանք ստիպված եղան իրենց ուժերի որոշ մասը Շուշուց տեղափոխել Խանքենդ, քաղաքում թողնելով միայն հազար ասկերներից քիչ ավելի: Խանքենդ ուղարկված ուժերը տեղում եղածների հետ պիտի ծառայեին իբրև առաջակալ քաղաքը և Աղդամի հետ քաղաքը կապող խճուղին Խաչենի և Ջրաբերդի զինված ուժերից պաշտպանելու համար, որոնց հետախուզական արշավները դեպի քաղաքի մոտակայքը և Ասկերան-Շուշի խճուղին սկսել էին ավելի աշխուժանալ:


Հոկտեմբերի 16-ին Շուշի եկավ Նուրի փաշան: Քաղաքի հայկական մասում սկսեցին լուրեր տարածվել, որ օսմանցիները ինչ-որ նենգ ծրագրեր են որոճում քաղաքի հայերի դեմ, գավառի անհնազանդությունը վերագրելով շուշեցի հայերի սադրանքներին: Այդ լուրերը դրդեցին կառավարության նախագահ Իշխանյանին` գաղտնի նամակով շտապ քաղաք կանչել զինվորական գործերի կառավարչին: Նամակում իմիջիայլոց մատնանշվում էր հայկական քաղաքամասի այն զարտուղի մուտքերը, որոնք ազատ էին թուրքերի հսկողությունից:


Հոկտեմբերի 19-ին, գիշերվա մոտ, ծպտյալ քաղաք մտան զինվորական գործերի կառավարիչը և ներքին գործերի կառավարիչ Լևոն Վարդապետյանը: Վերջինս, հակառակ զինվորական գործերի կառավարչի նախազգուշացման, գնաց իր տունը, իսկ զինվորական գործերի կառավարիչը` հայկական մասի խուլ անկյուններից մեկում ապրող բարեկամներից մեկի մոտ:


Հենց այդ գիշերը, լուսաբացին, քաղաքում սկսվեցին հայերի ձերբակալությունները: Բռնեցին կառավարության անդամներին և հայերից աչքի ընկնող մարդկանց, թվով մոտ 70 անձ: Ձերբակալվեց նաև ներքին գործերի կառավարիչ Լևոն Վարդապետյանը: Զինվորական գործերի կառավարչին տանը չգտնելով, բանտ տարան նրա ծնողներին` Բահար և Գրիգոր Թումանյաններին[4]: Ձերբակալությունների սկզբում հայկական քաղաքամասի կոմիսարը անձամբ տեղեկացրեց զինվորական գործերի կառավարչին սկսված ձերբակալությունների մասին և առաջարկեց շտապ տեղափոխվել մի ուրիշ, ավելի անվտանգ տեղ: Կառավարիչը ռեալական դպրոցի աշխակերտի գլխարկ ծածկելով,  շտապ դուրս եկավ փողոց` մտադրվելով թաքնվել իր մի այլ բարեկամի մոտ: Նա պիտի գնար մի կարճ և նեղ փողոցով ու ապա անցներ նրա հանդիպակաց մի ուրիշ նույնանման փողոց` կտրելով այդ երկու սակավամարդ փողոցները տրամախաչող լայն ճանապարհը: Կառավարչին առաջնորդող պատանին, որ գնում էր նրանից մի 15-20 քայլ առաջ, պիտի ազդանշաներ, եթե նկատեր մոտեցող թուրքական պարեկ կամ որևէ կասկածելի մեկին: Պատանին հենց ոտ է դնում խաչմերուկում, նրա առաջ է դուրս գալիս աջ թևի ուղղությամբ դանդաղ առաջացող թուրքական շրջիկ պարեկը: Տղան կորցնում է իրեն, և առանց ազդանշելու, արագ կտրում, անցնում է մյուս փողոցը: Ասկերների մոտիկությունը հնարավորություն չի տալիս թաքնվելու զինվորական գործերի կառավարչին, որին հավանորեն նկատել էին թուրքերը: Կասկածի տեղիք չտալու համար, կառավաիչը հանգիստ քայլերով մոտենում է պարեկին և անխռով կանգ առնում խաչմերուկի մայթի վրա, սպասելով մինչև որ պարեկի 5-ական ասկերներից բաղկացած վեց շարքերը անցնեն: Պարեկի պետը երևի կարծելով, որ ոսկեփայլ կոկարդով երիտասարդը[5] ինչ-որ տեղական նշանավոր պաշտոնյա է կամ գուցե զինվորական, հրամայում է ասկերների վերջին երկու շարքերին կանգ առնել և նրան ճանապարհ տալ անցնելու փողոցի հակառակ կողմը: Կառավարիչը ձեռքով «շնորհակալության» նշան է անում թուրք սպային և անվրդով անցնելով ասկերների շարքերի միջով, քայլերն ուղղում է դեպի դիմացի նեղ փողոցը, ուր իրեն առաջնորդող պատանին, փողոցի մի անկյունում կծկված, գունաթափ, դիտում էր գաղտուկ, թե ինչով կվերջանա կառավարչի ակամա հանդիպումը օսմանցի ասկերների հետ ... Եվ ինչքան մեծ եղավ պատանու զարմանքը և ուրախությունը, երբ զինվորական գործերի կառավարիչը բռնեց նրա թևից և ասաց. «Գնանք, քանի ուշ չէ ...»:


Անտարակույս, եթե Նուրի փաշան տեղեկանար, թե ում է անզգուշաբար բաց թողել ձեռքից թուրքական պահակախումբը, նա երևի խստորեն կպատժեր նրա պետին անփութության և անշրջահայացության համար:


Թուրքերը բոլոր ձերբակալվածներին փակեցին նախկին ռուսական բանտի նեղ, մութ ու կեղտոտ կամերաներում: Սկզբի օրերին թույլ չէր տրվում որևէ հարաբերություն հարազատների հետ: Նրանց կերակրում էին վատ, զբոսանքի դուրս չէին բերում, կամերաներում օդափոխություն չէր կատարվում: Բանտում պաշտոնավարող մի թուրք սպա բանտարկված հայերից մեկին ասել էր. «Ձեզ շուտով կտանեն հարցաքննության: Եթե դուք ճիշտ ցուցմունքներ չտաք հայերի ունեցած զենքի քանակի մասին և չմատնանշեք, թե ովքեր են դրդում գյուղացիներին չճանաչելու Ադրբեջանի իշխանությունը, այն ժամանակ դուք ձեզ մեղադրեցեք...»:


Օսմանցիների վաղեմի սիրած մեթոդն էր նվաճված ժողովուրդների ընդվզումները ճնշել նախապես նրաց առաջնորդներին դավով ձերբակալելուց կամ ոչնչացնելուց հետո: Այդ մեթոդով օսմանցիք փորձեցին գործել նաև Ղարաբաղում, բայց  հանդիպեցին անհաջողության: Ինչո՞ւ: Որովհետև ամենից առաջ ժամանակը գործում էր ի վնաս թուրքերի անդրկովկասյան ավանտյուրայի: Ապա չի կարելի չնշել նաև, որ Ղարաբաղի հայությունը օսմանյան ճնշումներին երբեք չէր ենթարկվել և թուրքերից չէր վախենում: Քաղաքի հայրենասեր մտավորականությանը բռնելով և բանտ նետելով, գավառը դրանով անգլուխ չէր մնում. յուրաքանչյուր շրջան ուներ ժողովրդից ընտրված իր քաղաքացիական և զինվորական մարմինները: Շրջանների զինվորական ղեկավարները կապ էին պահում իրար հետ և խորհրդակցում թուրքերի հավանական ագրեսիային միացյալ ուժերով դիմադրելու համար:


Թուրքերը շուտով համոզվեցին, որ գավառը գործում է ինքնուրույն և այն հնազանդեցնելու համար անօգուտ է քաղաքի հայ մտավորականներին ճնշումների ենթարկել:


***

Քաղաքի ձերբակալություններից մի քանի օր հետո,  հոկտեմբերի 23-ին, Կարյագինոյի փաշան («կոմենդանտը») Շուշու թուրք հրամանատարության կարգադրությամբ պահանջեց Դիզակի շրջանից` ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Թուրքերը, այդպիսով, գավառը իրենց ենթարկելու փորձը սկսում էին Դիզակից, անտարակույս, նկատի ունենալով ամենից առաջ Դիզակի ռազմագիտական դիրքը: Եթե նրանք փորձեին, ինչպես մտադիր էին, հարձակվել Զանգեզուր վրա, այդ դեպքում Դիզակի զինված ուժերը, օգտվելով սեփական շրջանի նպաստավոր տեղադրությունից, Վարանդայից եկած ուժերի հետ համատեղ, կարող էին իրենց դիվերսիոն գործողություններով սպառնալ ոչ միայն օսմանյան զորքերի կոմունիկացիաներին, այլև թիկունքին:


Դիզակն ուներ մի խիզախ, եռանդուն և փորձված հրամանատար` Լալայանը, որը միաժամանակ վարում էր Վարանդայի զինված ուժերի հրամանատարությունը: Նա մասնակցել էր նաեւ կամավորական շարժմանը, Անդրանիկի և Քեռու հետ:


Լալայանը պատասխանեց փաշային, որ Դիզակը երբեք գլուխ չի խոնարհել թշնամու առաջ, իսկ եթե փաշան վստահ է իր ուժերի վրա, թող փորձի զենքի ուժով նվաճել Դիզակը: Այդ պատասխանից մի քանի օր հետո Լալայանին տեղեկացրին Վարանդայից, որ օսմանցիները Շուշուց Վարանդայի վրայով դեպի Կարիագինո են շարժում մի զորամաս, բաղկացած 400 ասկերներից, «շնայդեր» սիստեմի մեկ թնդանոթով և մի քանի ձեռքի գնդացիրներով: Զորամասին առաջնորդում են իբրև ուղեցույցներ ռուսական նախկին գավառապետ Խոսրով-բեկ Ֆոլատովը (ադրբեջանցի) և ղարաբաղի ճանապարհներին քաջածանոթ նախկին ցարական մի ծառայող: Զորամասը գործելու էր Կարիագինոյի փաշայի հրամանատարության տակ և տեղական ուժերի հետ փորձելու էր մտնել Դիզակ ու, հաջողության, դեպքում, տեղավորվելու նրա կենտրոնի` Հադրութի զորանոցներում:


Լալայանը վճռում է թուրքական այդ զորամասը ոչնչացնել Վարանդայում, նախքան նրա Կարիագինո հասնելը: Զորամասը ինքնին մեծ ուժ չէր ներկայացնում, բայց Կարիագինո հասնելով, նրա ուժը պիտի տասնապատկվեր և դառնար չափազանց վտանգավոր ոչ միայն Դիզակի, այլև Վարանդայի համար: Լալայանը իր զինակիցներից մեկին` Դիզակի Կարմրակուճ գյուղացի Ասլանիկին, մի խիզախ և փորձված երիտասարդի, կարգադրում է Դիզակի և Վարանդայի զինված ուժերով ջարդել թուրքական ջոկատը:


Ասլանիկը երկու հարյուրից ավելի մարտիկներով մոտենում է Վարանդայի հայկական Մսմնա գյուղին, որտեղ հանգստանում էին ասկերները: Տեղեկանալով, թե որ ճանապարհով մտադիր է շարժվել զորամասը, Ասլանիկն իր մարտիկներով աննկատելիորեն բռնում է գյուղի հարավ-արևելյան կողմում գտնվող ձորի երկու կողմերի բարձունքերը: Երբ ասկերների զորամասը մտնում է ձորով անցնող ճանապարհը, հանկարծ նրա վրա սկսում է կարկուտի պես գնդակներ տեղալ: Չնայած թուրքերի համար ստեղծված խիստ աննպաստ մարտական իրադրության, այնուամենայնիվ, նրանք ցույց են տալիս համառ դիմադրություն: Կռիվը տևում է մինչև մութն ընկնելը: Ասլանիկը նոր օգնական ուժեր ստանալուց հետո միայն հաջողում է ջարդել զորամասը: Ասկերներից ազատվում են քչերը, որոնք Ֆոլատովի առաջնորդությամբ, օգտվելով մութից և ձորը նոր կոխած մառախուղից, կարողանում են մի կերպ գլուխներն ազատել: Դրանց հաջողվում է իրենց հետ տանել գնդացիրները, իսկ թնդանոթն ընկնում է հայերի ձեռքը[6]:


Թուրքական հրամանատարությունը հայերին պատժելու համար մի գումարտակի չափ զորք ուղարկեց դեպի Վարանդա, բայց զորամասը Տրնավազ գյուղի մոտից վերադարձավ քաղաք, հայտնելով, որ հայերը տասնապատիկ ավելի մեծ ուժեր են կուտակել իրենց դեմ, բռնելով շրջանի ռազմագիտական բոլոր կարևոր կետերը: Թուրքերը պատրաստվում էին Աղդամից և Գանձակից զորքեր դուրս բերել Վարանդայի վրա հարձակվելու համար, բայց այդ, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց: Օսմանցիները Վարանդայում կրած ամոթալի պարտությունը ստիպված եղան կուլ տալ, որովհետև  նրանք Շուշում երկար չմնացին: Ջամիլ-Ջայիդ-բեյը հոկտեմբերի 29-ին պահանջեց քաղաքի հայերից մարդ ուղարկել Վարանդա և համոզել վերադարձնելու թնդանոթը: Այդ միսիայով ուղարկված Տեր Կարապետ Վարդապետյանը, Գրիգոր Ղարագյոզյանը և Անուշավան Տեր-Միքայելյանը վերադարձան ձեռնունայն, հայտնելով, որ գյուղացիները ոչ միայն մերժել են վերադարձնել թնդանոթը, այլև իրենցից պահանջել են հայտնել թուրքերին, որ նրանք ինչքան շատ զորք և շատ թնդանոթներ ուղարկեն գավառ, դարձյալ հայ մարտիկները պատրաստ են առաջվա պես « դիմավորելու» նրանց ուրախությամբ:


***

Հոկտեմբերի 26-ից թուրքերը սկսել էին բոլոր ձերբակալվածների հարցաքննությունը: Նրանք յուրաքանչյուրից պահանջում էին հայտնել հայերի մոտ եղած զենքի քանակը, այլև այն մարդկանց անունները, որոնք հորդորում են գավառին չհնազանդվել Ադրբեջանին: Ոչ ոք, բնականաբար, չէր կարող թե մեկ և թե մյուս հարցին բավարար պատասխան տալ: Երբ ձերբակալված զինվորականներին սկսեցին շատ նեղել զենքի քանակության վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանք կամ ուռճացած թվեր էին ասում թուրքերին երկյուղ  ներշնչելու նպատակով և կամ հայտնում էին, որ այդ թվերին տեղյակ է միայն զինվորական գործերի կառավաիչը, խրախուսվելով այն բանից, որ զինվորական գործերի կառավաիչը թուրքերի ձեռքը չէր ընկել:


Հարցաքննության ժամանակ թուրքերը խոշտանգել էին երկու հոգու` կառավարության նախագահ Իշխանյանին և իրվաբան Ստեփան Մանդինյանին, անկասկած, տեղական բեկերի թելադրանքով:


Հոկտեմբերի 28-ին թույլատրվեց հարազատներին տեսակցել բանտարկյալների հետ, իսկ հաջորդ օրը, անսպասելի կերպով, բանտից ազատ արձակվեցին բոլոր բանտարկյալները: Այդ օրը թուրքերը պահանջեցին հայերից 100 հազար ռուբլի: Շուշեցի հայ ունևորները ստիպված եղան այդ գումարը իրենց մեջ հավաքել և հանձնել: Օսմանցիները, սակայն, դրանով չբավականացան: Նրանք յուրաքնաչյուր հայ ընտանիքից պահանջեցին նաև մի-մի ձեռք սպիտակեղեն և մեկական դույլ: Այդ էլ հավաքեցին ու հանձնեցին:


Չպիտի կարծել, որ թուրքերը այդ պահանջներով կամեցան հայերից մի տեսակ փոխհատուցում կորզել գավառում կորցրած իրենց 350-ից ավելի ասկերների արյան և կորցրած զենքի համար: Ոչ: Օսմանցի փաշան առհասարակ սովորություն ունի ամեն պատեհ առիթից օգտվելով` կողոպտել, կողոպտել անգամ սեփական ժողովրդին:


Թուրքերը իրենց հետ Շուշի էին բերել Խոսրով-բեկ Սուլթանովին և նշանակել նրան Ղարաբաղի գավառապետ, տալով մի հայ օգնական: Բայց որովհետև գավառը երբեք չենթարկվեց ոչ օսմանցիներին և ոչ էլ Ադրբեջանին, իսկ Շուշում իշխանությունը անբաժան կերպով իր ձեռքում էր պահում թուրքական հրամանատարությունը, այդ պատճառով Սուլթանովի գավառապետական իրավունքները վեր էին ածվել ֆիկցիայի: Նա Շուշում անելիք չուներ, իսկ գավառ դուրս գալ չէր համարձակվում, որովհետև հայ գյուղացիները նրան իսկույն կհոշոտեին: Սուլթանովը միայն 1919 թվին անգլիացիների հովանավորությամբ և նրանց ակտիվ աջակցությամբ դարձավ այս անգամ Ղարաբաղի նահանգապետ, թեպետև ոչ քաղաքի հայկական մասը, ոչ էլ գավառը դարձյալ չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը և Սուլթանովին իբրև նահանգապետ: Դա տևեց մինչև Ղարաբաղի հայության 7-րդ համագումարը: Այդ ծանր և երկարատև պայքարի մասին մենք հանգամանորեն խոսելու ենք այս աշխատության երկրոդ մասում:


***

Օսմանյան կառավարության Անդրկովկասյան դիվանագիտական ներկայացու­ցիչ Աբդուլ-Քերիմ-փաշան դեռևս 1918 թ. հոկտեմբերի 12-ին, թե 13-ին Պոլսից հեռագիր էր ստացել` Անդրկովկասում գտնված թուրքական զինված ուժերը ետ քաշելու դեպի Բրեստի պայմանագրով որոշված սահմանագիծը: Դա բացատրվում էր` մի կողմից Թուրքիայի դաշնակից Գերմանիայի ժխտական դիրքով օսմանցիների Անդրկովկասյան ավանտյուրիայի նկատմամբ, ապա` այն ծանր պարտություններով, որ կրում էր Թուրքիան համաշխարհային պատերազմի ճակատներում:


Սակայն, Նուրի փաշան այդքան շուտ չենթարկվեց Կ. Պոլսի կարգադրությանը: Թուրքական զինված ուժերը թե Բաքվում և թե Շուշում դեռ շարունակում էին մնալ իրենց տեղերում: Թուրքական հրամանատարությունը չէր կամենում Ադրբեջանը ձգել բախտի քմահաճույքին: Օսմանցիները տարված էին Ադրբեջանի սահմանների ընդարձակման և ապահովության հարցերը արագորեն լուծելու մտահոգությամբ և ապա միայն քաշվելու արևլյան Անդրկովկասից: Այդ սահմանային հարցերի մեջ առաջնակարգ տեղ էր գրավում Լեռնային Ղարաբաղի և  Զանգեզուրի հայաբնակ գավառները Ադրբեջանին կցելու հարցը: Բայց օսմանցիներին այդ չհաջողվեց:


***

Թուրքերը սկսեցին իրենց ուժերը մաս-մաս դուրս բերել Շուշուց և Խանքենդի ավանից, աշխատելով, որ զորքերի այդ տեղաշարժը հայերը չնկատեն: Հոկտեմբերի 29-ին նրանք ունեին Շուշում ընդամենը  ոչ ավելի, քան 200 ասկերներ, որոնք, պարեկային խմբերի բաժանված, շարունակում էին զորապարպի քողարկման համար շրջել հայկական քաղաքամասի գլխավոր փողոցներով: Իսկ Խանքենդի ավանում տեղավորված զորքերը, գիշերները, հայերից աննկատելիորեն, արդեն տեղափոխվել էին Աղդամ:


Ադրբեջանում գտնված թուրքական զորքերին փոխարինելու համար օսմանյան հրամանատարությունը հայտարարեց զորահավաք տեղական  մահմեդական բնակչության շրջանում: Զինվորական ծառայության անսովոր լինելով, մուսուլման բնակչությունը մեծ անբավականությամբ ընդունեց զորա­հա­վաքի կոչը: Օսմանցի սպաները և ասկերների ավագները սկսեցին մեծ եռանդով վարժեցնել «ղարափափախավորներին» ռազմական գործին: Վարժեցման մեթոդները, սակայն, այնքան դաժան էին, որ ադրբեջանցի զինվորներից շատերը չդիմանալով` փախչում և թաքնվում էին իշխանություններից:


Հոկտեմբերի 29-ին Շուշու մուսուլման ինտելիգենցիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանկետ «ի պատիվ Ղարաբաղի հայ գործիչների»: Ներկա էին բանտից նոր ազատվածներից շատերը: Բանկետում առաջինը խոսեց Հասան-Բասրի-բեյը` Շուշու թուրքական մասի կոմենդատը: Նա երկար ու բարակ գովեց «հայ ժողովրդի բարեմասնությունները», նրա «ազնվությունը, քաջությունն ու հայրենասիրությունը», համարեց «թյուրիմացության արդյունք» հայ գործիչների բանտարկությունը և ոմանց վրա կատարված բռնություններն ու ցանկություն հայտնեց, որ այնուհետև ևս շարունակվեն բարի հարևանական հարաբերությունները հայերի և տեղական մուսուլմանների միջև: Երկու ժողովուրդների համերաշխության նշանակության վերաբերյալ «տաք» ճառեր ասացեին նաև քաղաքի մուսավաթականների ներկայացուցիչները:


Բանտի դաժան ռեժիմից նույն օրն ազատված Շուշու հայ մտավորականների առաջ կատարվող թուրք-ադրբեջանական այդ կեղծ ռեվերանսների պատճառը, մի երկու օր առաջ նրանց ծաղրուծանակի և խոշտանգումների ենթարկող մարդկանց կողմից, միանգամայն հասկանալի էր:


***

1918 թ. սեպտեմբերին անձնատուր էր եղել դաշնակիցներին Բուլգարիան: Իսկ հոկտեմբերի երկրոդ կեսում թուրքական բանակը մի շարք ջախջախիչ հարվածներ կրելուց հետո, վճռական պարտության էր մատնվել անգլո-ֆրանսիական միացյալ բանակների կողմից Միջագետքում, Սիրիայի և Պաղեստինի ճակատներում, Դարդանելում և Մակեդոնական ճակատում:


Հոկտեմբերի 30-ին, Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, անգլիական «Ագամեմնոն» հածանավի վրա, Անտանտի զորքերի հրամանատարության և սուլթանական կառավարության միջև կնքվեց զինադադար, որի 11-րդ հոդվածը պարտավորեցնում է Թուրքիային դուրս բերելու իր զորքերն անմիջապես օսմանյան կայսրության արաբական մարզերից և Անդրկովկասի գրաված մասերից: Դաշնակից զորքերը իրավունք ունեին օկուպացիայի ենթարկելու թուրքական զորքերից 1918 թվին գրավված Բաթումը և Բաքուն, այլև հայկական վեց վիլայեթները, միայն «այն դեպքում, եթե նրանցից որևէ մեկում անկարգություններ ծագեն»[7]: (Ընդգծումները մերն են - Հ. Թ.):


1918 թ. հոկտեմբերի 31-ից սկսվեց թուրքական զորքերի պարպումը Անդրկովկասից: Միայն 1919 թ. ապրիլին թուրքերը վերջնականապես մաքրեցին նաև Ղարսի շրջանը` մինչև 1914 թ. սահմանը:


Զինադադարով պահանջվում էր զորացրել թուրքական բանակը[8]: Օգտվելով դրանից` Ադրբեջանում մնացին և շարունակեցին նրա բանակը կազմակերպել և գլխավորել շատ թուրքական սպաներ և ավագ զինվորներ` Նուրի, Քյազիմ և Խալիլ փաշաների գլխավորությամբ:


Թուրքերի հեռանալուց հետո Անդրկովկաս մտան անգլիացիները, ծպտված հայության բարեկամի դիմակի տակ:


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Արխիվ