Գլխավոր » ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԵԼ...
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԵԼ...
12:50
Մեր նախորդ համարում փոքրիկ մի նյութ էինք տպագրել առ այն, որ ուսումնասիրությունների համաձայն, 25 տարուց ավելի գոյատևելու համար ազգի ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով պետք է լինի 2,11 երեխա։ Եթե դրանից ցածր է, ապա ազգը դանդաղորեն մահանում է: Պատմության ողջ ընթացքում 1,9 ծնելիության գործակից ունեցող ոչ մի ազգ չի կարողացել վերականգնվել։ Իսկ 1,3-ի դեպքում ուղղակի անհնար է, որովհետև այդ դեպքում ազգի վերականգնման համար անհրաժեշտ է 80-100 տարի։ Մինչդեռ գոյություն չունի այնպիսի մի տնտեսական մոդել, որն օգնի ազգին այդքան երկար գոյատևելու համար։
Եվրոպական երկրնեում ծնելիության գործակցը, ըստ վիճակագրական տվյալների՝ ողբերգական է: Ներկայումս Ֆրանսիայում այն 1,8 է, Անգլիայում՝ 1,6, Հունաստանում՝ 1,3, Իտալիայում՝ 1,2, Իսպանիայում՝ 1,1։ Ողջ Եվրոպական միությունում ծնելիության միջին գործակիցը մեկ ընտանիքի հաշվով 1,38 երեխա է։

Այսօր Ֆրանսիայում մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,8 երեխա, մահմեդական մեկ ընտանիքին՝ 8,1 երեխա։ 2027 թվականին Ֆրանսիայում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ մահմեդական է լինելու։ Վերջին 30 տարում Անգլիայում ասիական բնակչության թիվը 82 հազարից հասել է 2,5 միլիոն մարդու։ Հոլանդիայում նորածինների 50 տոկսը արաբ է... 
Ներկայացնում ենք Աշոտ Սարգսյանի արձագանքը, որ վերաբերում է ոչ թե Եվրոպայի, այլ մեր այդ կարգի խնդիրներին։

Իսկ ինչպիսի՞ն է ծնելիության գործակիցը Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում: Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում վերջին տասը տարվա միջին հաշվարկով 1,55 է, իսկ Արցախում՝ 2,3: Մի խոսքով՝ Հայաստանում ողբերգական, իսկ Արցախում՝ հուսադրող: Պատճառների և հետևանքների մասին այնքան շատ են գրել, որ չենք ուզում հերթական անգամ մեր իշխանավորներին յուրովի «փառավորել», բայց որպես հավելում նշենք, որ համապատասխան մասնագետները մի վտանգավոր միտում էլ են հայտնաբերել՝ ժամանակակից հայկական ընտանիքները փոխել են «բնակչության վերարտադրողական վարքագիծը». ընդունված 2-3 երեխայի մոդելից հայաստանցիներն անցում են կատարել 1-2 երեխայով ընտանիքի մոդելի: Դա ազգի գոյատևման և ազգային անվտանգության տեսակետից խիստ կործանարար է: Մոտ ապագան էլ մշուշոտ է. ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ 2050 թ. այս տեմպերով շարժվելու դեպքում, Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ 20 տոկոսով՝ կազմելով 2,3-2,5 մլն: Նույն այդ տվյալների համաձայն՝ Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունն աճելու է մոտ 35 տոկոսով:

Հիմա հիշենք, թե տարիներ առաջ ինչ է ասել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը: Նա հրապարակավ անխոհեմ է համարել պաշտոնական Բաքվի արձագանքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման պահանջին. «Մեր եղբայրների բարի վարմունքը, այն է՝ այդ պահաջը բավարարելը, հսկայական ողբերգությամբ կընդունվեր նրանց կողմից, բայց 20 տարի անց արդեն ամբողջ Հայաստանը կվերածվեր թյուրքական պետության»: Նախագահը նկատի ուներ ոչ միայն Հայաստանի ադրբեջանցի բնակչության ավելի բարձր աճը, այլև հայերի ձուլումը թուրքական միջավայրում՝ սահմանների թափանցիկության պայմաններում:

Այստեղ պատահական չեն թուրք նախկին նախագահի և Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի միանման արտահայտությունները և եզրահանգումները, հաշվի առնելով իսլամական երկրների ընդհանուր քաղաքականությունը («Ինչպես երևում է, Ալլահը Եվրոպայում մեզ հաղթանակ է նվիրելու առանց սրի, առանց զենքի և նվաճման։ Մեզ ահաբեկիչներ, մահապարտներ պետք չեն։ Ընդամենը մի քանի տասնամյակ՝ և 50 միլիոն արաբներ Եվրոպան կդարձնեն մահմեդական աշխարհամաս»)։

Բարեբախտաբար Արցախյան ազգային-ազատագրական շարժումը Հայաստանին (ՀՀ և ԼՂՀ) փրկեց մահմեդականացումից: Բայց միամտություն կլինի կարծել, թե հայ ազգի չարակամները, որոնցից ազդեցիկները քրիստոնեական երկրներից են, ձեռքները ծալած, նստած սպասում են, որ Հայսատանում հայերը ինքնաոչնչացվեն: Բնականաբար, նրանք օգտագործել և օգտագործում են ազդեցության տարբեր միջոցներ, որոնք իրագործում են հիմնականում երեք ուղղություններով՝ գաղափարաքաղաքական, կրոնադավանական և տնտեսական: Հոդվածի շրջանակում «տեղավորվելու» համար անդրադառնանք միայն կրոնադավանական ուղղությանը: Այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն հայերից մոտ 300 հազարը ոչ Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներ են, վկայում է այն մասին, որ «դրսի» ուժերը «ներսի» մարդկանց օգտագործելով՝ լավ էլ աշխատել են: Դա կարծես քիչ է, վերջերս էլ ՀՀ-ում Նիդեռլանդիայի թագավորության հյուպատոսությունը ուզում է կազմակերպել (և կկազմակերպի՛) «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» լայնամասշտաբ միջոցառումը:
Մեր ընթերցողներին ներկայացնենք «Հայտերի հրավեր»-ը ամբողջական տեսքով, որ ավելի տեսանելի լինի նախաձեռնողների և իրագործողների իրական պատկերը.

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է անհատ հետազոտողի կամ հետազոտական խմբի Հայաստանում կրոնական ընկալումների վերաբերյալ որակական հետազոտության իրականացման հայտեր ներկայացնելու համար: Հետազոտությունը կիրականացվի «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հետազոտության և մամուլում կրոնի վերաբերյալ բազմակողմանի հանրային քննարկումների միջոցով խթանել կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում և բարելավել հանրության մոտեցումները տարբեր կրոնների նկատմամբ: Ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

Հետազոտության հավանական հարցերն են (սահմանափակված չեն)
- Ի՞նչ է կրոնական հանդուրժողականությունը, սահմանումն ու ընկալումը միջազգային և տեղական պրակտիկայում (ներածություն)
- Ինչպե՞ս են կապված կրոնական հանդուրժողականությունն ու հանդուրժողականությունն ընդհանրապես միջազգային և տեղական պրակտիկայում (ներածություն)
- Որո՞նք են տարբեր կրոնական դավանանքների վերաբերյալ հայ հասարակությունում առկա ընդհանուր կարծրատիպերը և ընկալումները

- Կա՞ն արդյոք տարբերություններ ավանդական (Հայ Առաքելական Եկեղեցի, հայ կաթոլիկներ, հայ բողոքականներ) և նոր կրոնական դավանանքների վերաբերյալ ընկալումների և կարծրատիպների միջև
- Որո՞նք են այլ կրոնների վերաբերյալ կարծրատիպերը և ենթադրությունները (իսլամ, հուդայականություն և բուդդայականություն)
- Որո՞նք են աշխարհիկության հանրային ընկալումները (պետության և եկեղեցու տարանջատում)

- Որո՞նք են հանրային ընկալումները աստվածամերժության վերաբերյալ
- Որո՞նք են կրոնի և կրոնական ազատության ընկալումները մարդու իրավունքների համատեքստում
- Ինչպե՞ս/ի՞նչ ճանապարհներով են այդ կարծրատիպերը ստեղծվում և տարածվում...»։

 Կարծում ենք միայն շոշափվող հարցերը բավական են ամբողջական պատկերացում կազմելու կազմակերպիչների նենգ նպատակների մասին: Հետաքրքիր է, Նիդեռլանդիայի թագավորության հյուպատոսությունը, որի երկրում նորածինների 50 տոկսը արաբ է, իսկ 15 տարի հետո բնակչության կեսը կազմելու են մահմեդականները, ի՞նչ է ուզում Հայաստանից:

 Ինչ մնում է անհանդուրժողականությանը՝ մասնավորապես կրոնական անհանդուրժողականությանը, կարծում եմ, մեզ՝ հայ քրիստոնյաներիս, դրանում մեղադրելը այնքան էլ դյուրին գործ չէ, քանի որ հյուրասիրությունը և դրան միահյուսված հանդուրժողականությունը հայկական ավանդապահության և կենցաղավարության անբաժանելի մասն են կազմում: Հետևաբար, եթե հայ քրիստոնյան ինչ-որ բան չի հանդուրժում, մանավանդ երբ գործ ունի հյուրի հետ (կապ չունի՝ անկոչ, թե՝ հրավիրված), նշանակում է՝ «դանակը հասել է ոսկորին»: Նման դեպքում մեխանիկորեն գործի են դրվում ինքնապաշտպանության և գոյապահպանության ազդակները, որոնց շնորհիվ է որ հայությունը առայսօր գոյատևում է:

Այս պահին, եթե Արցախին մի բան է պետք, ապա դա համայն հայության հոգևոր և նյութական միասնությունն է: Իսկ միասնությունը ստեղծվում է ընդհանուր գաղափարի շուրջ, որը հիմնված է լինում ճշմարիտ հավատքի վրա՝ այն է քրիստոնեությունը ի դեմս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Ներկայումս ազգը տարբեր կրոնական համայնքների բաժանելը ինքնակործանում է: Ազգի միասնությունը ապահովելու համար կարևոր է աշխարհիկ և հոգևոր իշխանությունների համատեղ, ազգանվեր աշխատանքը: Իսկ ինչպիսի՞ն է հոգևոր միաբանության վիճակը Արցախում, որից կախված է համայն հայության ճակատագիրը:

Դրսից ներմուծված կրոնական կազմակերպությունների շնորհիվ Արցախի բնակչության մի մասը՝ մոտ 4000 հավատացյալ, բողոքական է կամ կաթոլիկ, աղանդավոր է կամ այլադավան: Հոգևոր դաշտի նման խայտաբղետությունը չի կարող չազդել արցախի բնակչության ազգային և կրոնական ինքնագիտակցության վրա: Ամբողջ բարդությունը կայանում է նրանում, որ հնարավոր չէ որոշել կամ գծել այն սահմանը (կրիտիկական սահմանը), որից անդին կործանարար է ազգի համար: Պատկերավոր ասած. եթե մեր համայնքում ապրում է 1000 մարդ և այնտեղ կա մի գող (կապ չունի ձու գողացող է, թե՝ ձի), ապա հավանականությունը քիչ է, որ նա վաղը հե՛նց իմ թխսկան հավն է գողանալու, իսկ եթե կա 5 գող՝ ի՞նչ իմանաս, իսկ եթե 15 գող, ապա ոչ միայն հավերի հոգսը պիտի քաշել, այլ նաև թխսկանի տակ դրած ձվերի: Այսինքն՝ կրիտիկական սահմանը 15-ն է:

Տեղական գողերի հարցը հեշտ լուծեցինք, բայց հոգևոր հարցերը հեշտությամբ չեն լուծվում, քանի որ դրանք պլանավորում, ֆինանսավորում և իրագործում են աշխարհի «հզորները»՝ տեղի ապազգային, անհայրենասեր տարրերի միջոցով: Հզորները չակերտների մեջ ենք առել այն պարզ պատճառով, որ հայ քրիստոնյաներին հայտնի է, թե իրականում ով է ամենահզորը:
Ուստի ապավինելով մեր սեփական ուժերին, Հայոց ներուժին և ամենազոր Աստծոն, մենք պարտավոր ենք հաղթել մեզ պարտադրվող հոգևոր և աշխարհիկ պատերազմներում, եթե ուզում ենք, որ հայ էթնոսը գոյատևի և հարատևի:
   
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ